Պետրոս առաքյալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս առաքյալ
Պետրոս առաքյալ, հեղինակ՝ Պիտեր Պաուել Ռուբենս
Ծնունդ 1 թ., Բեթսայիդա
Վախճան 67 թ., Հռոմ
Եկեղեցի(ներ) Ողջ Քրիստոնեություն
Հիշատակության օր Ավագ տոներ (ՀԱԵ)
Հույն Եկեղեցի՝ հունիսի 29-ին
Կաթոլիկ Եկեղեցի՝ Աթոռակալությունը Հռոմում հունվարի 18-ին, Այցելությունը Անտիոք փետրվարի 22-ին, Ձերբակալումը՝ օգոստոսի 1-ին:
Commons-logo.svg Վիքիպահեստում

Պետրոս առաքյալ (Սուրբ Պետրոս, հունարեն՝ Απόστολος Πέτρος, Պետրոս - արամեերեն Կեփաս՝ «վեմ», անհայտ, Բեթսաիդա - 64 կամ 67, Հռոմ), ծնված՝ Սիմոն (արամ.՝ «ունկնդրում»), եբր.՝ שמעון‎), Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներից (առաքյալներից) մեկը: Ծննդյան թվականն անհայտ է, բայց Կաթոլիկ եկեղեցին Սբ. Պետրոսին ավանդաբար համարում է Քրիստոսի հասակակից (ծ. 1): Ըստ Ավետարանի, ծնվել է Պաղեստինի Բեթսայիդա քաղաքում, եղբայրն էր Անդրեաս առաքյալի և որդին Հովնանի (հմմտ. Մատթ.4: 18, Հովհ. 1:42, 44): Ապրել է նաև Կափառնայումում, որտեղ հավանաբար ամուսնացել է (հմմտ. Մատթ. 8: 14): Հիշյալ 2 քաղաքներն էլ գտնվում էին Տիբերական լճի ափին, ինչն էլ հիմնավորում է Պետրոսի՝ ձկնորս լինելու հանգամանքը (հմմտ. Մատթ. 4:18): Առաքյալների շարքում ամենից շատ տեղեկությունները հենց Պետրոսի մասին են. նա գործող դեմք է թե Ավետարանում և թե Գործք առաքելոցում:

Քրիստոս կանչում է Պետրոսին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննու Ավետարանը բացահայտում է, որ Պետրոս առաքյալը, հավանաբար ազդված է եղել Հովհաննես Մկրտչի քարոզչությունից, քանի որ եղբայրը՝ Անդրեասը, Մկրտչի աշակերտներից էր: Անդրեասի շնորհիվ Պետրոսը եղավ Քրիստոսի կողմից կանչված առաջին առաքյալներից մեկը. «Սիմոն Պետրոսի եղբայր Անդրեասը մեկն էր այն երկուսից, որոնք լսեցին Հովհաննեսի ասածը և գնացին Հիսուսի հետևից: Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում է. «Գտանք Մեսիային (որ թարգմանվում է՝ Քրիստոս): Սա նրան տարավ Հիսուսի մոտ: Նայելով նրան՝ Հիսուս ասաց. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչվես Կեփաս» (որ թարգմանվում է՝ Պետրոս)» (Հովհ. 1:40-42), «Մինչ Հիսուս Գալիլիայի ծովեզերքով քայլում էր, տեսավ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս էր կոչվում, և նրա եղբայր Անդրեասին. ծովի մեջ ուռկան էին գցում, քանի որ ձկնորսներ էին: Եվ նրանց ասաց. «Իմ հետևի՛ց եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ»: Եվ նրանք իսկույն թողնելով ուռկանները՝ գնացին նրա հետևից:» (Մատթ.4:18): Ահա այս և մի քանի այլ պատճառներով Պետրոսը 12 առաքյալների շարքում միշտ հիշատակվում է առաջինը (հմմտ. Մատթ. 10:2, Մարկ. 3:16, Ղուկ. 6:14): Առաջինը հիշատակվելը, այն, որ Քրիստոս միշտ առանձնության մեջ գերադասում էր իր հետ վերցնել Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին (հմմտ. Մատթ. 17:1, 26:37, Մարկ. 5:37, 9:1, 14:33), ինչպես նաև Քրիստոսի խոսքը, թե «Եվ ես քեզ ասում եմ, որ դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն: Եվ քեզ պիտի տամ երկնքի արքայության բանալիները, և ինչ որ մի անգամ կապես երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում: Եվ ինչ որ արձակես երկրի վրա, արձակված պիտի լինի երկնքում» (Մատթ. 16: 17-18), տարածված կարծիք են ստեղծել, թե Պետրոսը առաքյալների դասի մեջ հեղինակությամբ առաջինն է («primus inter pares»՝ առաջինը հավասարների մեջ): Այս կարծիքը հատկապես չարաշահվում է Կաթոլիկ եկեղեցու կողմից, որն ավանդաբար Պետրոսին է վերագրում Հռոմի եկեղեցու հիմնումը՝ համարելով Պետրոս առաքյալին Հռոմի առաջին պապը: Իրականում դեռևս 3-րդ դարում Որոգինեսը այս հարցի վերաբերյալ նշում է, որ «վեմը» Պետրոսի հավատքն է (հմմտ. Ես. 51: 1, Եփես. 2: 20) և ոչ թե Պետրոսի անձը և խոսելով Պետրոսի հետ՝ Քրիստոս նկատի ուներ բոլոր առաքյալներին:

Պետրոս առաքյալի կերպարը Ավետարանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առհասարակ Պետրոսի կերպարը Ավետարանում ամենացայտուններից է, ինչն էլ ընդգծված է պատկերում նրա խառնվածքի որոշ գծեր: Այսպես՝ առավել ցայտուն նրա կերպարն արտահայտվում է հետևյալ դրվագներում՝

  • Գենեսարեթի ծովակում՝ նավակի մեջ քարոզելուց հետո Քրիստոս ուռկանները պատռվելու չափ շատ որս է պարգևում ձկնորսներն. «Երբ Սիմոն Պետրոսն այս տեսավ, Հիսուսի ծնկներին ընկավ և ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տե՛ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ» (Ղուկ. 5:1-8):
  • Պետրոսը տեսնում է ջրերի վրայով քայլող Հիսուսին. «Պետրոսը նրան պատասխանեց ու ասաց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»: Եվ Նա ասաց՝ արի՛: Եվ Պետրոսը նավակից իջնելով՝ քայլեց ջրի վրայով ու եկավ Հիսուսի մոտ: Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցավ: Եվ երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»: Եվ իսկույն Հիսուս երկարեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր» (Մատթ. 14:25-31):
Քրիստոս փրկում է խորտակվող Պետրոսին
  • Այլակերպության դրվագում «Պետրոսը և նրա հետ գտնվողները քնի ծանրության տակ՝ արթնացան ու տեսան նրա փառքը և երկու մարդկանց, որոնք նրա մոտ կանգնած էին: Եվ երբ դրանք նրանից հեռանում էին, Պետրոսը Յիսուսին ասաց. «Վարդապե՛տ, լաւ է, որ մենք այստեղ ենք. երեք տաղավար շինենք, մեկը՝ քեզ, մեկը՝ Մովսեսի և մեկը՝ Եղիայի համար»: Եվ չէր իմանում, թե ինչ էր խոսում» (Ղուկ. 9:32-33):
  • Քրիստոսի՝ հարուստների փրկության մասին խոսելուց հետո «Պետրոսը պատասխան տվեց ու ասաց նրան. «Ահա՛վասիկ, մենք թողեցինք ամեն բան և եկանք քո հետևից. արդ, մենք ի՞նչ կունենանք»» (Մատթ. 19:27):
  • Հիսուսի հարցին, թե ինչ են կարծում աշակարտները իր մասին «Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»» (Մատթ. 16:15): «Այն ժամանակ խստիվ պատվիրեց աշակերտներին, որ ոչ ոքի չասեն, թե ինքն է Քրիստոսը: Դրանից հետո Հիսուս սկսեց hստակորեն հայտնել աշակերտներին, թե պետք է, որ ինքը Երուսաղեմ գնա, բազում չարչարանքներ կրի և անարգվի քահանայապետներից, օրենսգետներից, ժողովրդի ծերերից, սպանվի և երրորդ օրը հարություն առնի: Եվ Պետրոսը նրան մի կողմ տանելով՝ սկսեց վիճել նրա հետ ու ասել. «Քա՛վ լիցի քեզ, Տե՛ր, այդ քեզ չի պատահի»: Եվ նա դառնալով Պետրոսին՝ ասաց. «Ետև՛ս գնա, սատանա՛, դու գայթակղություն ես ինձ համար. որովհետև քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը» (Մատթ. 16:19-22):
  • Համաձայն Հովհաննեսի Ավետարանի՝ Վերջին ընթրիքից առաջ Քրիստոս նախ լվանում է առաքյալների ոտքերը.
    Քրիստոս լվանում է Պետրոս առաքյալի ոտքերը
    «Մոտեցավ Սիմոն Պետրոսին, և սա ասաց նրան. «Տե՛ր, դո՞ւ ես իմ ոտքերը լվանում»: Հիսուս պատասխանեց նրան ու ասաց. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց հետո կիմանաս»: Պետրոսը նրան ասաց. «Իմ ոտքերը հավիտյան չես լվանա»: Հիսուս պատասխանեց. «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ մաս չունես»: Սիմոն Պետրոսն ասաց նրան. «Տե՛ր, ոչ թե միայն իմ ոտքերը, այլև իմ ձեռքերն ու գլուխն էլ լվա՛»: Հիսուս նրան ասաց. «Լվացվածին ուրիշ բան պետք չէ, բայց միայն ոտքերը լվանալ, քանի որ ամբողջությամբ մաքուր է. և դուք մաքուր էք, բայց ոչ բոլորդ» (Հովհ. 13: 6: 10):
  • Վերջին ընթրիքի ժամանակ Քրիստոսի խոսքին, թե առաքյալները իր պատճառով գայթակղվելու են, Պետրոսը իրեն բնորոշ համարձակությամբ ասում է. «Թեպետ և ամենքը քո պատճառով գայթակղվեն, սակայն ես չեմ գայթակղվի»: Հիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ ինձ պիտի ուրանաս»: Պետրոսը նրան ասաց. «Թե քեզ հետ մեռնել իսկ ինձ հասնի, քեզ չեմ ուրանա»» (Մատթ. 26:33-35): «...Պետրոսը հիշեց Տիրոջ խոսքը, որ ասել էր իրեն. «Դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ պիտի ուրանաս, թե ինձ չես ճանաչում»: Եվ Պետրոսը դուրս ելնելով՝ դառնորեն լաց եղավ» (Ղուկ. 22: 61-62):
  • Հիսուսի մատնության դրվագում Պետրոսը ցույց է տալիս նաև իր բնավորության համարձակ գծերը. «Իսկ Սիմոն Պետրոսը, որովհետև սուր ուներ, քաշեց այն և զարկեց քահանայապետի ծառային ու նրա աջ ականջը կտրեց: Եվ այն ծառայի անունը Մաղքոս էր» (Հովհ. 18: 10):
  • Լսելով Քրիստոսի Հարության լուրը, Պետրոսն առաջինն է նետվում դեպի գերեզման. «Պետրոսը և մյուս աշակերտը ելան և գերեզման էին գալիս: Երկուսով միասին վազում էին, բայց մյուս աշակերտը առաջ անցավ Պետրոսից և ավելի շուտ վազեց ու առաջինը գերեզման եկավ: Եվ կռանալով՝ տեսավ, որ կտավները այնտեղ էին, բայց ներս չմտավ: Եկավ նաև Սիմոն Պետրոսը, որ նրա հետևից էր գալիս. մտավ գերեզմանը և տեսավ, որ կտավները այնտեղ էին, եվ վարշամակը, որ նրա գլխին էր, մյուս կտավների հետ չէր, այլ առանձին ծալված՝ մի կողմ էր: Այն ժամանակ մտավ և մյուս աշակերտը, որ ավելի առաջ էր եկել գերեզման. տեսավ ու հավատաց. քանի որ դեռ չէին հասկացել գրվածքը, թե՝ մեռելներից պետք է հարություն առնի» (Հովհ. 20: 3-9):
  • Քրիստոսի Հարությունից հետո, երբ աշակերտները Տիբերիայի ծովում ձուկ էին որսում, Պետրոսը տեսնում է Քրիստոսին. «Երբ Սիմոն Պետրոսը լսեց, թե Տերն է, հագուստը վրան գցեց, քանի որ մերկ էր, և իրեն նետեց ծովի մեջ»: Սրանից քիչ հետո Քրիստոս երիցս հարց է ուղղում. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»: Պետրոսը երեք անգամ էլ պատասխանում է, որ սիրում է, ինչի համար Քրիստոս պատվիրում է նրան հովվել Իր հոտին (Հովհ. 21: 16-18): Համաձայն մեկնությունների՝ Քրիստոսի՝ երեք անգամ տված միևնույն հարցը նպատակ ուներ շտկելու Պետրոսի գործած սխալմունքը՝ երեքանգամյա ուրացումները, որոնց համար առաքյալը զղջաել էր արցունքներով:

Պետրոս առաքյալի կերպարը Գործք առաքելոցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործք առաքելոցի առաջին գլուխներում էլ՝ մինչև Ստեփանոս նախասարկավագի նահատակությունը, Պետրոս առաքյալը հանդես է գալիս որպես գլխավոր գործիչներից մեկը, ապա աստիճանաբար նրա ընդգծված կերպարը այլևս չի երևում ասպարեզում:

  • Պետրոսն առաջինն է հանդես գալիս քարոզով և առաջարկում նոր առաքյալի ընտրությունը, ինչի արդյունքում Հուդա Իսկարիովտացուն առաքելական պաշտոնում փոխարինում է Մատաթիան (Գործք. 1: 15: 25):
  • Նույնպես Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգու գալստյամբ առաքյալների լեզվախոսությունը ծաղրողներին քարոզ է խոսում դարձյալ Պետրոսը (Գործք. 2: 14-36), այնպես, որ «Այս լսելով՝ ներկաները զղջացին իրենց սրտերում և ասացին Պետրոսին և մյուս առաքյալներին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»: Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարեցե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար, և պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգևը. որովհետև խոստումը ձեզ համար է, ձեր որդիների և բոլոր հեռավորների համար, որոնց կկանչի մեր Տեր Աստվածը»: Եվ Պետրոսը ուրիշ շատ խոսքերով վկայություն էր բերում, մխիթարում նրանց ու ասում. «Ազատեցե՛ք ձեր անձերը այս խոտորյալ սերնդից»: Ոմանք հոժարությամբ ընդունելով նրա խոսքը՝ մկրտվեցին. և այն օրը նրանք մոտ երեք հազար հոգով ավելացան» (Գործք. 2: 37-41):
  • Պետրոսը Քրիստոսի անվամբ և Սուրբ Հոգու շնորհով բժշկումներ է անում (Գործք. 3, 9: 30-33). «հիվանդներին հանում էին հրապարակները և դնում պատգարակներով ու իրենց մահիճներով, որպեսզի Պետրոսի անցնելու ժամանակ գոնե նրա ստվերը հասնի նրանցից մեկին» (Գործք. 5: 15):
  • Ամենուր վկայում է Քրիստոսին՝ արժանանալով հալածանքների հրեա կրոնական առաջնորդներից (Գործք. 4:1-23, 5:17-42, 12:1-9):
  • Հրաշքներ է գործում՝ անարժաններին պատժի ենթարկելով, ինչպես Անանիային և Սափիրային (Գործք. 5: 1-11), և արժանավորներին հարություն տալով, ինչպես Այծեմնիկին (Գործք. 9: 35-41):
  • Գործք առաքելոցը Պետրոսին ներկայացնւմ է նաև որպես Սամարիայի քարոզիչ և առհասարակ նրա հետ է կապում հեթանոսների մեջ քրիստոնեական քարոզչության սկզբնավորումը (հմմտ. 8: 14-17, 11: 1): Սրա վառ ապացույցներից է նաև հեթանոս հարյուրապետ Կոռնելիոսի դարձը (Գործք. 10: 1-7, 25-48), որին նպաստող հանգամանք եղավ Պետրոսի տեսիլքը պիղծ կերակուրների մասին (Գործք. 10: 9-20): Այդ տեսիլքը խորհրդանշում էր հեթանոսների՝ Աստծո Արքայության մեջ տեղ ունենալը: Պետրոս առաքյալի այսօրինակ դրական մոտեցումը հեթանոսներին բողոքի ալիք է ստեղծում քրիստոնեացած հրաների շրջանում, ինչի արդյունքում նա հրաժարվում է հեթանոսների հետ սեղան նստելուց: Այս վերջին հանգամանքը շատ անհանգստացնում է Պողոս առաքյալին, ով իր հերթին չի հապաղում Պետրոսին հիշեցնել ճիշտ և աստվածահաճո ճանապարհը (հմմտ. Գաղ. 2: 11-14), ուստի և Պողոս առաքյալը Պետրոսին անվանում է հրեաների առաքյալ՝ հեթանոսների առաքյալ տիտղոսը վերապահելով իրեն (հմմտ. Գաղ. 2: 7-8):
  • Ստեփանոս սարկավագի նահատակությունից հետո դժվար է հետևել Պետրոսի քարոզչական ճամփորդությանը. Հոպպեում, Կեսարիայում նրա գտնվելը վկայում է, որ նա Պաղեստինի առաքյալն է: հայտնի է, որ եղել է Անտիոքում, հնարավոր է եղած լինի նաև Կորնթոսում և Փոքր Ասիայի հյուսիսում: Բավական վիճահարույց է Պետրոս առաքյալի՝ Հռոմում գտնվելու հանգամանքը (սա պնդում է հատկապես Կաթոլիկ Եկեղեցին՝ Պետրոսին համարելով Հռոմեակաթոլիկ Եկեղեցու հիմնադիրը և առաջին պապը): Սրա օգտին է խոսում միայն Պետրոս առաքյալի ընդհանրական առաջին նամակը, որտեղ ակնարկներ կան Ներոնի հալածանքների վերավերյալ:

Պետրոս առաքյալը Ավանդության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն եկեղեցական Ավանդության (այն մեզ է փոխանցում Կղեմես Հռոմեացին) Պետրոս և Պողոս առաքյալներն էլ նահատակվել են Հռոմում՝ Ներոնի հալածանքների ժամանակ: Եվսեբիոս Կեսարացին էլ է նշում Պետրոսի՝ Հռոմում լինելը՝ նրան անվանելով Հռոմի աթոռի հիմնադիր: Առաքելական հայրերից Պապիսն էլ իր հերթին փաստում է, որ Պետրոս առաքյալը շատերի կարծիքով քարոզել է Պոնտոսում, Գաղատիայում, Բյութանիայում, Կապադովկիայում, Ասիայում և ապա Հռոմում, ուր և նահատակվել է: Այս վկայությունները, սակայն, քիչ վավերական են համարվում արդի ուսումնասիրողների կողմից, քանի որ Պողոս առաքյալը Հռոմում ապրած տարիներին գրված նամակներում հիշատակում ու ողջույններ է ոըղարկում հռոմեաբնակ շատ աշակերտների ու քրիստոնյաների անունից, սակայն Պետրոսին այդպես էլ չի հիշատակում: Հռոմում քարոզելու վերաբերյալ չի հիշատակում նաև Գործք առաքելոցը: Ավելին, Պողոսը Գաղատացիներին ուղղված նամակի մեջ գրում է, որ հեթանոսների քարոզչությունը վստահվեց իրեն, իսկ հրեաներինը՝ Պետրոսի առաքյալին (հմմտ. 2: 7-15):

Պետրոս առաքյալի մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս առաքյալի խաչելությունը
Պետրոսի տաճարը Հռոմում

Պետրոս առաքյալի մահվան մասին Աստվածաշնչում հանդիպում ենք միայն Հովհաննու Ավետարանում. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ մինչ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գոտիդ կապում և գնում էիր՝ ուր և կամենում էիր. սակայն երբ ծերանաս, ձեռքերդ վեր կբարձրացնես, և ուրիշները քեզ գոտի կկապեն ու կտանեն՝ ուր չես կամենա»: Այս ասաց, նշելով, թե ինչ մահով նա պիտի փառավորի Աստծուն» (Հովհ. 21: 19-20): «Գործք Պետրոսի» պարականոն գրվածքը (Պետրոս առաքյալի անվամբ հայտնի է կանոնական 2 ընդհանրական նամակ) հայտնում է, թե Պետրոսը, անարժան համարելով իրեն խաչվել այնպես ինչպես Տերը, ցանկություն հայտնեց խաչվել գլխիվայր: Նահատակության թվականը համարվում է 64 թ.: Ըստ ավանդության նրա գերեզմանի վրա կառուցվել է Հռոմի Սուրբ Պետրոս տաճարը՝ խոշորագույն տաճարն աշխարհում:

Հիշատակության օրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Պետրոս առաքյալը Ընդհանրական Եկեղեցու սուրբ է: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է նրա տոնը 12 առաքյալների հետ և տարեվերջին՝ Սուրբ Ծննդյանը նախորդող Ավագ Տոների շարքում՝ Պողոս առաքյալի հետ միասին նույն օրը: Հույն Եկեղեցին տոնում է հունիսի 29-ին, իսկ Լատին Եկեղեցին ունի առաքյալին նվիրված երեք տոն՝ Աթոռակալությունը Հռոմում հունվարի 18-ին, Այցելությունը Անտիոք փետրվարի 22-ին, Ձերբակալումը՝ օգոստոսի 1-ին:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004:
  2. Մաղաքիա արք. Օրմանյան, Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997:
  3. Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997:
  4. Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010:
  5. Բ.Եղիայեան, Քննական պատմութիւն սուրբգրական ժամանակներու, Դ գիրք, Ներածութիւն Նոր Կտակարանի, Անթիլիաս-Լիբանան, 1974:
  6. Новый библейский словапь, часть 1, Санкт-Петербург, 1999г.
  7. Роналд Браунригг, Кто есть кто в Новом Завете, Словарь, Москва, 1998.
  8. Архиепископ Аверкий, Четвероевангелие, Москва, 1999.
  9. Иисус и Евангелия, Словарь, Москва, 2003.
  10. Евсевий Памфил. Церковная история.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այցելեք նաև[խմբագրել | խմբագրել կոդը]