Հիլարիոս (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հիլարիոս
լատ.՝ Hilarius PP.
Nuremberg chronicles - Hilarius, Pope (CXXXVIv).jpg
46-րդ Հռոմի պապ
նոյեմբերի 19 461 — փետրվարի 29 468
Եկեղեցի՝ Կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝ Լևոն I
Հաջորդող Սիմպլիկիոս
 
Մասնագիտություն քաղաքական գործիչ, հոգևորական և կաթոլիկ քահանա
Ծնունդ մոտ. 415
Սարդինիա, Իտալիա
Մահ փետրվարի 29, 468
Հռոմ, Իտալիա
Թաղված է Սուրբ Լորենցոյի բազիլիկ

Հիլարիոս (լատ.՝ Hilarius PP., մոտ. 415, Սարդինիա, Հռոմեական կայսրություն - փետրվարի 29, 468, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի Պապ 461 թվականի նոյեմբերի 19-ից մինչև 468 թվականի փետրվարի 29-ը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումով Սարդինիա կղզուց էր, եղել է Լևոն Մեծի աշակերտը: Որպես Պապ Լևոնի ավագ սարկավագ՝ նա վճռականորեն պայքարել է Հռոմի աթոռի իրավունքի համար և վճռականորեն հանդես է եկել Ֆլավիանոս Կոստանդնուպոլսեցու դատապարտման դեմ հերետիկոս Եվտիքեսի հարցի կապակցությամբ 449 թվականի Եփեսոսի Երկրորդ տիեզերաժողովում: Լևոն I-ի նամակների մեջ հայտնաբերված՝ Պուլխերիա կայսրուհուն ուղղված նամակի համաձայն՝ Հիլարիոսը ներողություն է խնդրել, որ սինոդից հետո վերջինիս չեն ուղարկել Պապի ուղերձը: Դիոսկոր Ալեքսանդրիացին փորձել է խանգարել նրա՝ Հռոմ կամ Կոստանդնուպոլիս մեկնելուն, սակայն Հիլարիոսը, այնուամենայնիվ, մեծ դժվարությամբ կարողացել է պոնտիֆիկին հասցնել խորհրդի արդյունքների մասին լուրը:

Որպես Հռոմի Պապ՝ նա շարունակել է իր նախորդի՝ Լևոնի քաղաքականությունը, ով Առլի եպիսկոպոսի հետ վեճում Վալենտինիանոս III-ից ստացել է 445 թվականի հայտնի ռեսկրիպտ, որը հաստատում էր Հռոմի եպիսկոպոսի գերակայությունը: Հիլարիոսը շարունակեց ամրապնդել պապական վերահսկողությունը եպիսկոպոսական կարգապահությունը նկատմամբ: Նարբոնում նախկին ավագ սարկավագ Հերմեսը իր նախորդի՝ Ռուստիկի կողմից առաջադրվեց որպես նոր եպիսկոպոս, բայց առանց Լևոն Պապի հատուկ թույլտվության. Հիլարիոսը 462 թվականին սինոդ հրավիրեց, որը Հերմեսին հաստատեց պաշտոնում։ Սինոդի արդյունքում Պապը էնցիկլիկա (պապական կոնդակ) հրապարակեց, որի համաձայն բոլոր կարևոր հարցերը պետք է ներկայացվեին Պապական Աթոռի հավանությանը: Ոչ մի եպիսկոպոս չէր կարող թողնել իր թեմը առանց իր մետրոպոլիտի գրավոր թույլտվության, իսկ եկեղեցական գույքը չէր կարող օտարվել, մինչև Սինոդը քններ վաճառքի պատճառը։

Շուտով, այս ամենից հետո Պապը ներգրավվեց մեկ այլ թեմական վեճի մեջ: 463 թվականին Վիենից Մամերտիոսը օծվեց Դիի եպիսկոպոս, չնայած այս նշանակումը, ըստ Լևոն I-ի հրամանի, պատկանում էր Առլի մայրաքաղաքային թեմին: Երբ Հիլարիոսը իմացավ այդ մասին, Առլի Լեոնտիին հրաման տվեց հրավիրել եպիսկոպոսների մեծ Սինոդ՝ այդ գործը լուծելու համար: Սինոդը կայացավ, և Անտոնիոս եպիսկոպոսի զեկույցի հիման վրա Պապը հրաման արձակեց (թվագրված 464 թվականի փետրվարի 25-ին), որով եպիսկոպոս Վերանիոսին հանձնարավում էր զգուշացնել Մամերտիոսին առ այն, որ եթե հետագայում նա զերծ չմնա սխալ ձեռնադրումից, նրա ամբիոնները կվերացվեն: Այսպիսով, Առլի եպիսկոպոսի արտոնությունները մնացին ուժի մեջ:

Հիլարիոսի ջանքերը ապարդյուն չեղան. բազմաթիվ եպիսկոպոսներ դիմում էին Պապին առանցքային հարցերի շուրջ թույլտվություն ստանալու համար: Այսպես, Կալաոռայի եպիսկոպոս Սիլուանը խախտել էր եկեղեցական օրենքները և ներողություն խնդրեց Հռոմի Պապից, իսկ Բարսելոնայի եպիսկոպոս Նունդինարիոսը մահից առաջ Հռոմի պապին ցանկություն է հայտնել, որպեսզի Իրինիոսն ընտրվի՝ հաջորդելով իրեն: Այս խնդրանքը բավարարվել է, և Տառագոնայի Սինոդը հաստատել է Իրինիոսի նշանակումը:

Հռոմում Հիլարիոսը ջանասիրաբար աշխատում էր դիմակայել Պրոկոպիոս Անտեմիուս կայսեր 467 թվականի՝ աղանդավորական սեկտաների նկատմամբ հանդուրժողականության մասին հրամանագրին, ինչը նախաձեռնել էր կայսեր՝ Ֆիլոֆեյ անունով ֆավորիտը, ով մակեդոնական աղանդավոր էր: Կայսեր՝ Սուրբ Պետրոսի տաճար կատարած այցելություններից մեկի ժամանակ Պապը նրան բացեիբաց կոչ արեց պատասխան տալ իր սիրեցյալի պահվածքի համար՝ Սուրբ Պետրոսի գերեզմանի մոտ նրան հորդորելով և պահանջելով խոստանալ, որ թույլ չի տա ոչ մի պառակտիչ աղանդի հաստատում Հռոմում:

Հիլարիոսը մասնակցել է Չորրորդ Տիրեզերական Ժողովին: Պահպանվել է Հիլարիոսի պաշտոնական նամակագրությունը:

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլարիոսը հսկայական գումարներ է ծախսել եկեղեցիների զարդարման համար։ Լաթերանյան տաճարի, Սբ. Պետրոս, Սբ. Պողոս և Սբ. Լորենցո բազիլիկների համար նա ամենարժեքավոր պարագաներն է ձեռք բերել: Կառուցել է Սուրբ Խաչ մատուռը, բացել է մի քանի վանքեր, երկու հասարակական բաղնիքներ և գրադարաններ Սան Լորենցո-ֆուորի-Լե-Մուրի բազիլիկին կից, որտեղ էլ նա թաղվել է:

Պաշտամունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլարիոսի պատվին տոնը նշվում է նոյեմբերի 17-ին կամ փետրվարի 28-ին:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]