Սիմմաքոս (Հռոմի պապ)
Սիմմաքոս լատ.՝ Symmachus PP. | ||
![]() | ||
| ||
---|---|---|
498 թվականի նոյեմբերի 22 — 514 թվականի հուլիսի 19 | ||
Եկեղեցի՝ | Կաթոլիկ եկեղեցի | |
Նախորդող՝ | Անաստաս II(Հռոմի Պապ) | |
Հաջորդող | Որմիզդես | |
Մասնագիտություն | հոգևորական, կաթոլիկ քահանա և հեղինակ | |
Ծնունդ | մոտ. 460[1] Սարդինիա | |
Մահ | հուլիսի 19, 514[2] Հռոմ, Օստգոթների թագավորություն[1] | |
Թաղված է | Հռոմի Սուրբ Պետրոս տաճար |
Սիմմաքոս (լատ.՝ Symmachus PP.; մոտ. 460[1], Սարդինիա, Իտալիա[1] - հուլիսի 19, 514[2], Հռոմ, Օստգոթների թագավորություն[1], Հռոմի պապ 498 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 514 թվականի հուլիսի 19-ը:
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիմմաքոսը ծնվել է Սարդինիայում (այդ ժամանակ՝ Վանդալների թագավորության մի մասն էր), նրա հորը կոչում էին Ֆորտունատ: Պատմաբան Ջեֆրի Ռիչարդսը նշում է, որ նա ի ծնե հեթանոս է եղել, և, հնարավոր է, բոլոր օստգոթական պապերից, որոնց մեծ մասը ազնվական ընտանիքների անդամներ էին, ամենացածր ծագումովը[3]: Սիմմաքոսը մկրտվել է Հռոմում, որտեղ Անաստաս II պապի օրոք դարձել է եկեղեցու եպիսկոպոս:
Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիմմաքոսը Հռոմի պապ է ընտրվել 498 թվականի նոյեմբերի 22-ին Կոնստանտինոսի բազիլիկում: Սանտա Պրեսսեդեի ավագերեց Լավրենտիոսին նույն օրը Սուրբ Մարիամի եկեղեցում բյուզանդացիների հետ հաշտության կողմնակիցների (նրանց աջակցում էր կայսր Անաստասիոս Ա-ն) խմբակցության խորհրդի ժամանակ ընտրվեց Հռոմի պապ: Երկու կողմերը համաձայնեցին կոչ անել օստգոթերի Թեոդորիկ թագավորին արբիտրաժի համար: Վերջինս հայտարարեց, որ նա պետք է դառնա Պապ, ով ընտրվել է առաջինը և ում կողմնակիցները առավել բազմաթիվ են: Արդյունքում թագավորը ավելի իրավասու ճանաչեց Սիմմաքոսին[4]: Սակայն «Լավրենտևյան հատված» կոչվող փաստաթուղթը պնդում է, որ Սիմմաքոսը իր ուզածին հասել է ընտրակաշառքի միջոցով[5], իսկ սարկավագ Մագն Ֆելիքս Էնոդի Միլանսկին ավելի ուշ գրել է, որ 400 սոլիդները բաշխվել են ազդեցիկ անհատների միջև՝ նրանց բարեհաճությունը նվաճելու համար[6]:
Ընտրություններից հետո Հռոմում քաղաքացիական պատերազմ բռնկվեց: Թեոդորիկը Ռավեննա՝ դատավարության կանչեց երկու կուսակցությունների (գոթական և բյուզանդական) առաջնորդներին: Պապ ճանաչվեց ավելի վաղ և մեծամասնության կողմից ընդունելի Սիմմաքոսը: 6 ամիս անց երկպառակությունը շարունակվեց: Սիմմաքոսը առաջարկեց Սինոդ հրավիրել, որը տեղի ունեցավ 499 թվականի մարտի 1-ին, դրանում մասնակցություն ունեցան 72 եպիսկոպոսներ և հռոմեական ողջ հոգևորականությունը: Լավրենտիոսը այցելեց Սինոդ: Դրանից հետո նա նշանակվեց Կամպանիայում Նուկերիայի դիոցեզի ղեկավար: Ըստ Liber Pontificalis -ի տվյալների՝ Սիմմաքոսը Լավրենտիոսին նվիրաբերեց այդ պաշտոնը՝ «առաջնորդվելով համակրանքով», բայց «Լավրենտևյան հատված»-ը պնդում է, որ «Լավրենտիոսը լուրջ սպառնալիք էր և այդ պատճառով հարկադրաբար ուղարկվեց Նուկերիա»[7]: Թեոդորիկ թագավորին նոր բողոք ներկայացվեց արդեն Լավրենտիոսի կողմից, և պատերազմը Հռոմում վերսկսվեց: Շատ հոգևորականներ, Սիմմաքոսի կողմնակիցներ սպանվեցին:
501 թվականին սենատոր Ռուֆ Պոստումիյ Ֆեստը՝ Լավրենտինոսի կողմնակիցը, Սիմմաքոսին մեղադրեց տարբեր հանցագործություններ կատարելու մեջ: Մասնավորապես, նա պնդում էր, որ Սիմմաքոսը Զատիկը սխալ օր է տոնել: Թեոդորիկ թագավորը նրան կանչեց Արիմինում՝ պատասխանելու մեղադրանքներին: Պապը ժամանեց և իր հասցեին լսեց նոր մեղադրանքներ, այժմ արդեն պոռնկության և եկեղեցու սեփականության չարաշահման մեջ[8]: Սիմմաքոսը խուճապի մատնվեց և գիշերվա կեսին Արիմինումից փախավ միայն մեկ ուղեկցողի հետ: Նրա փախուստը գնահատվեց որպես մեղքի ընդունում։ Լավրենտինոսը տեղափոխվեց Հռոմ իր կողմնակիցների կողմից, սակայն հոգևորականների մի զգալի խումբ, այդ թվում՝ ավագ հոգևորականների մեծ մասը, հրաժարվեցին նրա հետ շփումից: Թեոդորիկը Զատկի տոնակատարության ժամանակ եպիսկոպոս Պետրոս Ալթինսկուն նշանակեց Հռոմի պապի պաշտոնակատար, իսկ Սիմմաքոսի և Լավրենտինոսի ճակատագրերը պետք է որոշեր Սինոդը՝ հոգևորականների ընդհանուր ժողովը, 502 թվականին[9]:
Խռովությունների կրկնությունը կանխելու նպատակով Թեոդորիկը «ընտրությունների» մասին դեկրետ պատրաստեց, որում ասվում էր, որ պապի կենդանության օրոք արգելվում էր նախընտրական ցանկացած քարոզչություն։ Եվ այդ նույն փաստաթղթում ասվում էր, որ պապին է պատկանում իր իրավահաջորդին մատնանշելու իրավունքը։ Իսկ եթե այդ առաքելությունը չի կատարվում պապի անսպասելի մահվան պատճառով, ապա նոր պապն ընտրվում է հոգևորական դասի կողմից:
Սինոդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինոդը բացվեց իտալական միտրոպոլիտների՝ Ռավեննայից Պետրոս II-ի, Միլանից Լավրենտիոսի և Ակվիլեիայից Մարցելլիանի նախագահությամբ: Նիստը բուռն ընթացք ունեցավ. պապի ընտրության կարգի քննարկումը բուռն հակասություններ առաջացրեց: Հավաքվածների մեծ մասը չկարողացան լուծել Սիմմաքոսի և Լավրենտիոսի վեճը, սակայն համաձայնեցին, որ Սիմմաքոսի նշանակումը չի կարող հետ կանչվել առանց Թեոդորիկի համաձայնության: Այդ ընթացքում Հռոմում անկարգությունները լայն թափ ստացան, ինչի արդյունքում մի շարք եպիսկոպոսներ փախան Հռոմից, իսկ մյուսները թագավորին խնդրեցին Սինոդը տեղափոխել Ռավեննա։ Թեոդորիկը մերժեց՝ ցուցում տալով սեպտեմբերի 1-ին կրկին Սինոդ հրավիրել։ Նոր նիստում վեճերը ոչ պակաս կատաղի էին: Այդ ժամանակ հայտնի է դարձավ Սիմմաքոսի մի քանի կողմնակիցների սպանության մասին, և նա նահանջեց Սուրբ Պետրոսի տաճար՝ հրաժարվելով դուրս գալ, չնայած Սինոդի անդամների կոչերին[10]:
Այդ ժամանակ Սինոդը կրկին դիմեց Թեոդորիկին՝ խնդրելով ցրել ժողովն ու վերադառնալ տուն։ Թեոդորիկը հոկտեմբերի 1-ի նամակում պատասխանեց, որ նրանք պետք է լուծեն իրենց վեճերը և միայն դրանից հետո ցրվեն: Այսպես, եպիսկոպոսները կրկին հավաքվեցին 502 թվականի հոկտեմբերի 23-ին: Ժողովի ժամանակ որոշվեց, որ, քանի որ պապը Սուրբ Պետրոսի իրավահաջորդն էր, իրանք չեն կարող դատել Սիմմաքոսին և Աստծուն թողեցին որոշում կայացնելու իրավունքը: Բոլոր նրանց, ովքեր հրաժարվել էին շփվել Սիմմաքոսի հետ, խստորեն խորհուրդ էր տրվում հաշտվել նրա հետ, և որ ցանկացած քահանա, ով պետք է պատարագ մատուցեր Հռոմում առանց պապի համաձայնության՝ կպատժվեր որպես պառակտիչ: Բանաձևը ստորագրեցին 76 եպիսկոպոսներ՝ Միլանից Լավրենտիոսի և Ռավեննայից Պետրոսի գլխավորությամբ[11]:
Չնայած սինոդի ելքին, Լավրենտինոսը վերադարձավ Հռոմ և հաջորդ չորս տարիների ընթացքում, «Լավրենտևյան հատված»-ի համաձայն, որպես պապ ղեկավարեց իր տաճարները՝ սենատոր Ֆեստի աջակցությամբ[8]: Միայն 506 թվականին Սիմմաքոսի կողմնակիցներին հաջողվեց համոզել Թեոդորիկին՝ հարկադրեուլ Լավրենտինոսին իր տաճարները հանձնել պաշտոնական պապին[12]: Քաղաքացիական պատերազմն ավարտվեց միայն 514 թվականին:
502 թվականի նոյեմբերի 6-ին Սիմմաքոսը ժողով հրավիրեց Սբ. Պետրոսի տաճարում: Ժողովը դեկրետ ընդունեց, որով, ի թիվս այլ բաների, առաջարկվում էր Պապի ընտրություններն անցկացնել միայն թագավորական լիազորների ներկայությամբ: «Հոգևոր դասով և խաղաղությամբ» ընտրության նախկին ձևը չեղարկվեց։
Սիմմաքոսը փող և հագուստ է տրամադրել Աֆրիկայի և Սարդինիայի կաթոլիկ եպիսկոպոսներին, որոնք արտաքսվել էին վանդալների տիրակալների կողմից: Նա նաև փրկագնել է վերին Իտալիայից բանտարկյալներին և օգնություն է ցուցաբերել նրանց[13]:
Սիմմաքոսը մեծ ուշադրություն է դարձրել Սբ. Պետրոսի տաճարի զարդարանքին. Ժողովրդի համար տաճարի առջև կառուցել է Վատիկանում առաջին շատրվանը։ Սբ. Պետրոս, Սբ. Պողոս ու Սբ. Լորենցո տաճարներին կից հիվանդանոցներ է բացել:
Սիմմաքոսը առաջին հռոմեական եպիսկոպոսն էր, որին սկսեցին անվանել Պապ։
Կաթոլիկ եկեղեցու սուրբ է. հիշատակի օրը՝ հուլիսի 19:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 AA.VV. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1960.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.newadvent.org/cathen/14377a.htm
- ↑ Richards J. The Popes and the Papacy in the Early Middle Ages (London: Routledge and Kegan Paul, 1979), p. 243.
- ↑ The Book of Pontiffs (Liber Pontificalis), translated with introduction by Raymond Davies (Liverpool: University Press, 1989), pp. 43f
- ↑ Davies (trans.), Book of Pontiffs, p. 97
- ↑ Richards, Popes and the papacy, pp. 70f
- ↑ Davies (trans.), Book of Pontiffs, pp. 44, 97
- ↑ 8,0 8,1 Davies (trans.), Book of Pontiffs, p. 98
- ↑ Richards, Popes and the papacy, p. 71
- ↑ Richards, Popes and the papacy, p. 72
- ↑ Richards, Popes and the papacy, p. 73
- ↑ Richards, Popes and the papacy, p. 76
- ↑ Davies (trans.), Book of Pontiffs, p. 46