Սանտա Պրեսսեդե բազիլիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտա Պրեսսեդե բազիլիկ
Basilica di Santa Prassede all’Esquillino
Հիմնական տվյալներ
Տեսակփոքր բազիլիկ, արվեստի գործ և եկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունԻտալիա Իտալիա, Հռոմ
Հասցեvia di Santa Prassede, 9/A - Roma[2]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Հիմնական ամսաթվերը9-րդ դար և 780[1]
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[2]
ՆվիրվածPraxedes?
ԱնվանվածPraxedes?
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճվաղքրիստոնեական ճարտարապետություն
Հիմնադրված9-րդ դար և 780[1]
30 մետր
Երկարություն45 մետր
Լայնություն30 մետր
Շինանյութաղյուս, բետոն
Քարտեզ
Քարտեզ
 Basilica of Saint Praxedes (Rome) Վիքիպահեստում
stpudenziana.org

Սանտա Պրեսսեդե (իտալ.՝ Santa Prassede), Սուրբ Պրակսեդայի անունը կրող տիտղոսակիր եկեղեցի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Գտնվում է Էսկվիլին բլրի վրա, Սանտա Մարիա Մաջորե բազիլիկի կողքին։ Խուսափելով բյուզանդական պատկերապարտությունից՝ հույն վանականները Հռոմում ապաստան են գտնում Պասքալիս I Պապի մոտ, և հետագայում բազիլիկում ստեղծում են խճանկարների շարք, ինչպես նաև Սուրբ Զենոնի կապելլան։ Վերջինս իր բացառիկ գեղեցկության պատճառով ստացել է «դրախտային այգի» անվանումը։ Այս կապելլայում պահվում է «Քրիստոսի չարչարանքների» ատրիբուտներից սյունը, որի վրա կապված է եղել Քրիստոսը խարազանման ժամանակ։

Ճարտարապետության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պասքալիս Առաջինի բազիլիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթակամարը և Ավագ խորանը

Ըստ լեգենդի առաջին մկրտարանը այս վայրում կառուցվել է Սուրբ Պրակսեդայի կողմից իր կալվածքում, որը ժառանգել էր հոր (սենատոր Պուդա), քրոջ (սուրբ Պուդենցիանա) և եղբոր (Նովատա) մահից հետո։ Այստեղ Պրակսեդան Անտոնինոս Պիոսի հետապնդումներից թաքցրել է քրիստոնյաներին, ինչպես նաև հավաքել է նահատակների մարմինները և հուղարկավորել Պրիսցիլլայի կատակոմբներում։ Առաջին գրավոր հիշատակությունը titulus Praxedis եկեղեցու մասին թվագրվում է 491 թվականին, ապա «Liber Pontificalis» գրքում պատմվում է Ադրիանոս I և Լևոն III պապերի մասին, որոնք ձևավորել են եկեղեցին։ Այնուամենայնիվ, հնագիտական պեղումներ, որոնք կհաստատեն այն, որ բազիլիկը գոյություն է ունեցել 9-րդ դարի սկզբին, դեռևս չեն հայտնաբերվել։

Ներկայիս բազիլիկը կառուցվել է Պասքալիս I պապի կողմից 817 թվականին և, ընդհանուր առմամբ, այն պահպանել է իր սկզբնական ձևը։ Եռանավ բազիլիկը աբսիդով դեռ այն ժամանակ գտնվում էր թաղամասի խորքում, փողոցների լաբիրինթոսում, արհեստական հողահարթակի վրա, և դրա հետ կապված կառույցի մուտքին նախորդում է աստիճան և ընդարձակ սյունաշարված քառակուսի ատրիում։ Սուրբ Պետրոսի սկզբնական տաճարը հադիսացել է օրինակ շինությունը կառուցելու համար։ Պասքալիս I Պապը հռոմեական կատակոմբներից նորակառույց եկեղեցի տեղափոխեց 2300 նահատակների մասունքները, այդ թվում նաև տիտղոսակիր սրբեր Պրակսեդայինն ու Պուդենցիանայինը։

Պապը դեպի Հռոմ ուղղորդեց նաև շատ հույն վանականների՝ պատկերապարտների, որոնք փախչում էին Բյուզանդիայից։ Դրա շնորհիվ շատ հռոմեական բազիլիկներ զարդարվեցին հարուստ խճանկարներով, իսկ պապին հավերժացրել են միանգամից երեք տաճարներում՝ Սանտա Պրեսսեդե, Սանտա Չեչիլիա ին Տրաստևերե և Սանտա Մարիա ին Դոմնիկա։ Սակայն ամենալավ արդյունքին բյուզանդական վարպետները հասել են հատկապես Սանտա Պրեսսեդե բազիլիկում, որտեղ նրանք խճանկարներ են արել աբսիդում և պրեսբիտերիումում, ինչպես նաև Սուրբ Զենոնի կապելլայում, որը հատկացված էր Պապի մոր՝ Ֆեոդորայի հուղարկավորության համար։ Այդ կապելլան բացառիկ գեղեցկության համար ժամանակակիցների կողմից ստացել է «դրախտային այգի» անվանումը։

Բազիլիկում, գլխավոր նավի պատերին ի սկզբանե ներկառուցված էին 24 մեծ լուսամուտներ։ Դրա շնորհիվ բարձր գլխավոր նավը և աբսիդը լավ լուսավորված էին, իսկ ցածր կողային նավերը մթության մեջ էին, ինչը կրկնապատկում է խճանկարներից ստացած տպավորությունը։

Այլ շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչելության մատուռ

1223 թվականին բազիլիկում հայտնվում է «Խարազանման սյունը»։ Սյուն, որին ինչպես հաստատվում է, գամված է եղել Քրիստոսը խարազանման ժամանակ։ Նման կարևոր սրբության առկայությունը բազիլիկում մեծ նշանակություն ունեցավ։ Այնտեղ պապերը Մեծ Պահքի չորրորդ կիրակի օրը անցկացնում էին պատարագ։

9-րդ դարից հետո Սանտա Պրեսսեդեն բազմիցս վերանորոգվել է, կառուցվել և վերակառուցվել է պետական «քմահաճույքներին» համապատասխան։ 8-րդ դարի երկրորդ կեսին բազիլիկն ունեցավ զանգակատուն, ըստ այդմ տեղի անբավարարության պատճառով զանգակատունը պարզապես ներկառուցեցին տրանսեպտի ձախ թևում՝ ծածկելով այն հավելյալ պատով։ Որպեսզի արդյունքում ստացված անհամաչափությունը թաքցվեր, տրասպեկտի աջ թևը անմիջապես դրանից հետո վերափոխվեց կապելլայի։

Մինչև 15-րդ դարի վերջը պրեսբիտերիումը կամարներով և սյուներով միացվեց զանգակատանը (ձախից) և Խաչելության մատուռին (աջից)։ 1489-1504 թվականների միջև ընկած ժամանակահատվածում տիտղոսակիր կարդինալ Անտոնիո Պալլավիչինին փակեց սյուները դատարկ պատերով։

Սուրբ Կառլո Բորրոմեոն, որը 1564-1584 թվականներին տիտղոսակիր կարդինալ էր, դարձավ բազիլիկի արմատական վերակառուցման նախաձեռնողը։ Նրա պատվերով պրեսբիտերիումը գլխավոր նավի հաշվին բավականին ընդլայնվեց և շքեղորեն զարդարվեց։ Հաղթակամարի ստորին հատվածիի խճանկարները մասամբ վերացվեցին, իսկ նրանց տեղում խորանի երկու կողմերում ներկառուցվեցին փոքր պատշգամբներ (poggioli), որտեղից աղոթյալներին կցուցադրվեին բազմաթիվ մասունքներ։ Տրանսպեկտի ձախ թևին կից կառուցվեց ավանդատուն, իսկ գլխավոր նավում սկզբնական պատուհանները փոխարինվեցին ավելի փոքր ութ պատուհաններով։ Զգալիորեն փոխվեց մուտքը դեպի բազիլիկ։

"Խարազանման սյունը"

1594-1600 թվականներին տիտղոսակիր կարդինալ Ալեսսանդրո Մեդիչիի պատվերով սյուների միջև ընկած պատերը, որոնք նավն առանձնացնում էին ենթակողմերից, զարդարվեցին «Քրիստոսի չարչարանքները» թեմաներով ութ ֆրեսկոներով։ 1725 թվականին հռոմեական տաճարում, անհրաժեշտ էր ունենալ ընդծված Ավագ խորան, ինչպես նաև ուխտավորներին հնարավորություն ընձեռնել մասունքներին հասանելի լինել։ Այդ որոշմանը հետամուտ լինելով՝ կարդինալ Լյուդովիկո Պիկո դելա Միրանդոլան հանձնարարում է բարձրացնել նկուղային հարկը և դրա հաշվին բարձրացնել պերսբիտերիումը՝ գլխավոր նավին համապատասխան։

20-րդ դարում իրականացված վերանորոգման նպատակն էր բազիլիկը վերակառուցել այնպիսի տեսքով, ինչպիսին բնօրինակն էր։ Արդյունքում գլխավոր նավում բարոկկո ոճով արված բազմաթիվ շերտադարսվածքներ հեռացվեցին, հատակը պատվեց մարմարե սալիկներով, որը նման էր «կոսմատեսկո» ոճին, իսկ ճակատամասը պատվեց աղյուսե շարվածքով (1937 թվ.):

Տիտղոսակիր եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

1153-1154 թվականներին Սանտա Պրեսսեդե բազիլիկն ու նրան կից վանքը Անաստաս IV Պապը հանձնեց Սանտա Մարիա դել Ռենոյի կանոնիկոսներին։ Կելեստինոս III Պապը հետաձգեց Անաստաս IV-ի որոշումը, իսկ Իննոկենտիոս II Պապը հանձնարարեց եկեղեցու կառավարումը բալլոմբրոզյան վանականներին։ Սանտա Պրեսսեդե բազիլիկը մինչև օրս նրանց ձեռքում է։

Սանտա Պրեսսեդեն իր լեգենդար հիմնադրումից հետո կրում է տիտղոսակիր անունը, և հետագա տարիներին ևս այն պահպանել է տիտղոսակիր բազիլիկի կարգավիճակը։ 1073 թվականից սկսած հայտնի է բոլոր կարդինալների ցանկը։ Նրանց մեջ եղել են հինգ պապեր ( Ոնորիոս II, Ղուկիոս III, Հուլիոս III, Լևոն XI, Ալեքսանդր VIII ) և Հակառեֆորմացիայի հանրահայտ գործիչ Կառլո Բորրոմեոն։ 1996 թվականից մինչ օրս եկեղեցու կարդինալ քահանան Պոլ Պուպարն է։

Բազիլիկի ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտա Պրեսսեդե բազիլիկի ինտերիերը

Սանտա Պրեսսեդեն պահպանել է դասական եռանավ բազիլիկի ամբողջական տեսքը։ Գլխավոր նավը առանձնացված է կողային նավերից սյունաշարով։ Սկզբում յուրաքանչյուր կողմում կար 12 սյուն։ 13-րդ դարում կառույցին ամրություն տալու համար գլխավոր նավը ամրացվում է հզոր մույթերի վրա հենված 3 կամարներով։ Այդ կերպ այժմ յուրաքանչյուր շարքում կա 9 սյուն և 3 մույթ։ Գլխավոր նավը ավելի լայն և բարձր է, քան կողայինները։ Սյունաշարերի վերին հատվածում կա 8 պատուհան (նախորդ 24-ի փոխարեն), որոնք ներկառուցվել են Կառլո Բորրոմինիի օրոք։ Կողային նավերին տարբեր ժամանակներում կցվել են 8 կապելլաներ, որոնցից ամենահայտնին Սուրբ Զենոնի կապելլան է։

Սյունաշարերի ստորին հատվածում տիտղոսակիր կարդինալ Ալեսսանդրո Մեդիչին զարդարել է «Քրիստոսի չարչարանքները» թեմաներով ֆրեսկոներով։ Յուրաքանչյուր ֆրեսկոյում պատկերված են զույգ հրեշտակներ, որոնք պահում են ֆրեսկոյի թեմային համապատասխան «չարչարանքների» ատրիբուտներից։

Բացի դրանցից, գլխավոր նավի պատերի վրա Ջովաննի Բալդուչչին միագույն աշխատանքների շարք է ստեղծել, որոնք նվիրված են Հիսուսի և Մովսեսի կյանքին։ Մուտքի դուռը շրջանակված է «նկարված» մարմարով։

Բազիլիկի հատակը վերստին սալիկապատվել է 1916 թվականին։ Հատակի վրա մեծ շրջանով կարմիր ծիրանաքարով նշված է ջրհորի (վերակառուցման ժամանակ վերացրել են) տեղը, որում, ըստ լեգենդի, Սուրբ Պրակսեդան թաղել է նահատակների մարմինները։

Բազիլիկի կեսոնապատ առաստաղը վերակառուցվել է 1868 թվականին։ Շինանյութը բերվել է Վալլոմբրոզա վանքից, որը հանդիսանում է վալլոմբրոզաների օրրանը։ Հիմնական նախշերը պսակներ և արմավենիներ են, որոնք համարվում են «չարչարանքների» խորհրդանիշներ։

Աբսիդը և պրեսբիտերիումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազիլիկի նկուղը

Պրեսբիտերիումի ներկայիս տեսքը ձևավորվել է Ֆրանչեսկո Ֆերրայի նախագծով, 1728-1734 թվականների վերակառուցումից հետո, որը պատվիրել էր կարդինալ Լյուդովիկո Պիկո դելա Միրանդոլան։ Պրեսբիտերիումը պարսպված է աբսիդով, հաղթակամարով և երկու ենթակողմերով։ Ենթակողմերը զարդարված են վեց սյուներով, որոնք շրջափակում են մարմարե դռները։

Պասքալիս I բազիլիկի աբսիդը լուսավորվում էր 5 պատուհանով, սակայն նրանք բոլորը տեղադրվել են վերջին վերակառուցումների ժամանակ։ Նրանցից մեկի տեղում Դոմենիկո Մուրատորիի աշխատանքն է՝ Սուրբ Պրակսեդայի կերպարանքը։

Սանտա Պրեսսեդեի Ավագ խորանը լիովին փոփոխվել է 1728-1734 թվականներին։ Այս ժամանակ նաև արհեստականորեն բարձրացվել է պրեսբիտերիումը (գլխավոր նավից 6 աստիճան բարձ)։ Այս վերակառուցման շնորհիվ խորանը դարձավ բազիլիկի կարևոր և նշանակալի կենտրոնը՝ իր վրա հրավիրելով աղոթողների ուշադրությունը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Paola Gallio. The Basilica of Saint Praxedes. — Roma: Edizione d'Arte Marconi, 2009. — 64 с.

Բիբլիոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • B. M. Apollonj Ghetti, Santa Prassede (Roma: Edizioni Roma, 1961).
  • Gillian Vallance Mackie, The Iconographic Programme of the Zeno Chapel at Santa Prassede, Rome [M.A. University of Victoria (B.C., Canada) 1985].
  • Marchita B. Mauck, “The Mosaic of the Triumphal Arch of Santa Prassede: A Liturgical Interpretation.” Speculum 62-64 (1987), 813-828.
  • Rotraut Wisskirchen, Mosaikprogramm von Santa Prassede in Rom (Münster: Aschendorff, 1990).
  • Anna Maria Affanni, La chiesa di Santa Prassede: la storia, il rilievo, il restauro (Viterbo : BetaGamma, [2006]) [Testimonianze di restauri, 5].
  • Mary M. Schaefer, Women in Pastoral Office: The Story of Santa Prassede, Rome (New York, NY: Oxford University Press, 2013).
  • Maurizio Caperna, La basilica di Santa Prassede: il significato della vicenda architettonica (Roma: Edizioni Quasar, 2013).
  • Benedictine Monks of Vallombroso, The Basilica of Saint Praxedes, in memory of their eighth century of presence at Saint Praxedes: 1198-1998 (Genova, Italia: B.N. Marconi, Fourth Edition, January 2014).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Պրեսսեդե բազիլիկ» հոդվածին։