Եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Եկեղեցի (այլ կիրառումներ)

Եկեղեցի (հունարեն Εκκλησια բառից), ժողով, ժողովարան, հավաքատեղի, Քրիստոնեական իմաստով՝ քրիստոնյաների համախմբում, ժողովում, քրիստոնեական համայնք։ Գյուղում գործել է նաև կաթոլիկ եկեղեցի։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցի բառը մի քանի նրբիմաստներ ունի։ Նոր Կտակարանը երկու իմաստով է գործածում եկեղեցի բառը.

  • Տեղական եկեղեցի - Քրիստոնեական առանձին համայնքներ՝ հավատացյալների տեղական, տեսանելի հավաքույթները բնորոշելու համար (Կորնթոս, Փիլիպպե)։
  • Տիեզերական - Կիրառվում է ավելի լայն իմաստով՝ մատնանշելու համար բոլոր քրիստոնյաների ամբողջությունը։
  • Քրիստոնյաների հավաքատեղին ՝ շինությունը, նույնպես անվանում ենք եկեղեցի։

Եղիշե վարդապետը եկեղեցի բառը մեկնում է իբրև ցրվածներին մի տեղում ժողովել, կանչել իմաստով։ Հայ մատենագրության մեջ հանդիպում է նաև կոչարան բառը եկեղեցու շինություն իմաստով։

Եկեղեցու սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Շնորհք Պատրիարք Գալուստյանի՝ «Եկեղեցին Ժողով է հավատացյալների, որոնք մեկ հավատքով և մեկ մկրտությամբ կապված են Քրիստոսին՝ իբրև իրենց Տիրոջը և Փրկչին, պաշտում են Մեկ ճշմարիտ Աստծուն՝ Ամենասուրբ Երրորդությանը, մեկ հաստատուն հույսով ակնկալում են փրկություն և Աստվածային երանական տեսություն, և մեկ անկեղծ սիրով միացած են իրար Սուրբ Հոգով, նույն խորհուրդների հաղորդության մեջ են և կառավարվում են նույն նվիրապետական իշխանությամբ։»

Եկեղեցու հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Նիկիական հավատամքի, որն ընդունվում է քրիստոնեական բոլոր եկեղեցիների կողմից, եկեղեցին բնորոշվում է հետևյալ կերպ. «Հավատում ենք Մեկ, Ընդհանրական և Առաքելական, Սուրբ Եկեղեցուն։»

Եկեղեցին մեկ է, քանի որ այն Հիսուս Քրիստոսի մարմինն է, այդ մարմնի գլուխն էլ Քրիստոս է։ Եկեղեցին մեկ է իր հավատքով, մկրտությամբ, նվիրապետությամբ և միավորիչ Սուրբ Հոգով։ Ըստ Իգնատիոս Անտիոքացու՝ «որտեղ Քրիստոսն է, այնտեղ է նաև Եկեղեցին» (Ubi Cristus, ibi ecclesia)։ Աստծո կողմից տրված եկեղեցին ունի այդ միությունը, որն արտահայտվում է տարբեր համայնքներում, մշակույթներում և իրավիճակներով։ Ըստ Նիկոլաս ֆօն Ցինզենդորֆի՝ Եկեղեցու պատմական էվոլյուցիան նման է ծառի ճյուղերի աճմանը, և հակառակ եղած տարբերությունների, բոլոր ավանդական եկեղեցիները օրգանական միության մեջ են։

Եկեղեցին ընդհանրական է կամ կաթողիկե։ Այս բառը հաճախ շփոթում են Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հետ։ Այն նշանակում է ընդհանրական կամ տիեզերեական։ Ընդհանրական է կոչվում բոլոր եկեղեցիների ամբողջությունը։

Եկեղեցին առաքելական է, քանի որ Քրիստոս առաքյալների միջոցով հաստատեց Եկեղեցին։ Այն առաքելական է ըստ ծագման, ըստ վարդապետության, որովհետև առաքյալների փոխանցած հավատքն է պահում, և ըստ հաջորդականության, քանի որ առաքյալներից սկսած իր իշխանությունը, նվիրապետությունը հաջորդաբար շարունակում է։

Եկեղեցին Սուրբ է, իր գլխով՝ Հիսուս Քրիստոսով, որով սրբված է, իր մեջ ունի Սուրբ Հոգու ներկայությունը և զորությունը, իր մեջ է Մկրտության ավազանը, որից ծնվում են քրիստոնյաները մեղքերից մաքրված։ Ըստ Օգոստինոսի՝ Եկեղեցու սրբությունը վերաբերում է ոչ թե իր անդամներին, այլ Քրիստոսին։ Այս աշխարհում եկեղեցին չի կարող սրբերի համայնք լինել, այստեղ նրա անդամներն ապականված են նախնական մեղքով։ Այնուամենայնիվ եկեղեցին նվիրագործված և սրբված է Քրիստոսի կողմից։

Այլ հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցաբանության մեջ եկեղեցուն տրվող հատկանիշներից են նաև անսխալականությունը և անպակասելիությունը։ Եկեղեցին անսխալական է վարդապետական և հավատքային հարցերում, քանի որ դրանք հիմնված են Սուրբ Գրքի և Սրբազան Ավանդության վրա և հաստատվել են Սուրբ Հայրապետների կողմից գումարված տիեզերական ժողովներում։

Ըստ Պողոս առաքյալի՝ Սուրբ Հոգին է առաջնորդում եկեղեցուն, որպեսզի այն չսխալվի։ Եկեղեցին, որ մարդկանց առաջնորդում է դեպի փրկություն, անպակասելի է այս երկրի վրա մինչև աշխարհի վախճանը, որից հետո դառնում է հավիտենական երկնքում։ Ըստ Հովհան Ոսկեբերանի՝ «Ավելի հեշտ է, որ արեգակը հանգչի, քան եկեղեցին խավարի»։

Եկեղեցու մասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայ եկեղեցու եկեղեցաբանության՝ բոլոր սրբերը և երկնային էակները՝ հրեշտակները մաս են կազմում Հաղթանակած եկեղեցու, քանի որ նրանք այլևս այս աշխարհում չեն և չեն պայքարում չարի դեմ։ Իսկ այս երկրի բնակիչները, որ զինված Աստծու խոսքով, պայքարի են ելել չարի դեմ, մաս են կազմում Զինվորյալ եկեղեցու։ Սա իր հերթին բաժանվում է երկու մասի՝ Ուսուցանողների և ուսանողների։ Ուսուցանողները հովիվների ամբողջությունն է, եկեղեցու նվիրապետությունը, իսկ ուսանողները՝ աշխարհական հավատացյալները։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եզնիկ քհն. Պետրոսյան, «Հայ Եկեղեցու պատմություն», 1990։
  • Շնորհք եպս. Գալուստյան, «Տեղիք աստվածաբանության», Երուսաղեմ, 1993։
  • Հակոբ Քյոսեյան, «Եկեղեցու հայրեր, վարդպետներ», Երևան, 2007։
  • Ալիստեր Ե. Մակ-Գրեթ, «Աստվածաբանության հիմունքներ», թարգմ. Գևորգ աբղ. Սարոյան, Էջմիածին, 2009։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «եկեղեցի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։