Սուրբ Հոգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով Սուրբ Պետրոսի տաճար

Սուրբ Հոգի (լատ.՝ Spiritus Sanctus), (եբր.՝ רוח הקדש‎), (արաբ․՝ روح القدس‎‎), (հուն.՝ Άγιο Πνεύμα), Աստված, անվանվում է Աստծո Հոգի, քրիստոնեական ավանդույթի մեջ՝ Հոգի Հոր (Մատթ. 10.20[1]), Հոգի Քրիստոսի՝ Որդու Հոգին (Գաղ. 4.6, Փիլիպ. 1.19, Ա Պետ. 1.11[2]) և Մխիթարիչ, Ճշմարտության Հոգի (Հովհ. 14.16, 17, 26, 15.26, Գործք 2.[3]), Սուրբ Երրորդության երեք Անձերից մեկը:

Զրադաշտականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավեստայում «Սուրբ Հոգին» (spəništa-mainyu) դա Ահուրա Մազդայի անուններից մեկն է: «Սուրբ Հոգին» մշտական պայքարի մեջ է «Չար Հոգու»՝ Ահրիմանի հետ:

Հուդայականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Կտակարանում «Սուրբ Հոգի» արտահայտությունը հաճախակի չի գործածվում, օրինակ՝ երկու անգամ Սաղմոսարան 50:12—13 և երեք անգամ Եսայի 63:10—14: Հուդայականությունում Աստվածը մեկն է, Սուրբ Երրորդությունը կամ Սուրբ Երկրորդությունը անընդունելի են: Հրեաների մոտ «Սուրբ Հոգին» «պատկանում» է Աստծուն նրա մի «մասն» է[4]:

Հոգին նույնականացվում է «շունչ» բառի հետ և նույն իմաստն ունի ինչ քամին կամ անտեսանելի շարժողական ուժը[5][6]:

Քրիստոնեություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Հիսուս Քրիստոսը Քրիստոնեության կարևորագույն դեմքերից է

 
Հիսուս Քրիստոսը
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը Քրիստոնեությունում
Հիմնադրումը
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ
Աստվածաշունչ
Հին կտակարան · Նոր Կտակարան ·
Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ
Աստվածաբանություն
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի ·
Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն
Պատմություն և Ավանդույթները
Ժամանակագրություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս ·
Գրիգոր Լուսավորիչ · Վաղ Քրիստոնեություն · Տրդատ Գ ·
Տիեզերական ժողով · Վարդանանք ·
Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն ·
Խաչակրաց արշավանքներ
Ուղղություններ և աղանդներ
Հայ Առաքելական Եկեղեցի ·
Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն ·
Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ ·
Պավլիկյաններ · Եհովայի վկաներ ·
Խաչակրաց արշավանքներ
Ընդհանուր թեմաներ
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս
P christianity.svg Պորտալ Քրիստոնեություն

Ի մի բերելով արևելաքրիստոնեական ավանդույթը՝ Վարդան Արևելցին Ծննդոց գրքի մեկնության մեջ [7] Սուրբ Հոգին համարել է խորհրդապատկերը Մկրտության սուրբ ավազանի՝ «Նրանց համար, ովքեր ծնվում են ջրից և հոգուց՝ որդեգրվելով երկնավոր Հորը, հրավիրված լինելով երկնքի արքայութան մեջ» [8]: Սուրբ Հոգու անմիջական թելադրանքով, նրա վերբանական և գերբնական ներկայությամբ է շարադրված Աստվածաշունչը, որի անվան ստուգաբանությունն իսկ (Աստծոշնչով, Հոգով գրված) ինքնին մատնանշում է նրա աստվածային հեղինակին՝ Սուրբ Հոգուն:

Րաբբիական միտքը, Սուրբ Հոգու գործունեության տարածքը սահմանափակել, զետեղել է հրեական անցյալի սրբազան պատմության մեջ, որտեղ Սուրբ Հոգին կրելու մենաշնորհը բացառապես տրված էր առանձին անհատների (մարգարեներ, նահապետներ): Հետագայում հրեական աստվածաբանությունը Սուրբ Հոգու ներգործման հնարավորությունը գլխավորաբար կապել է Մեսիայի ակնկալվող գալստյան հետ: Սուրբ Հոգու ներգործման այդ հնարավորությունն առարկայական իրականություն է դարձել Մեսիայի՝ Հիսուս Քրիստոսի գալըստյամբ [9] և տնօրինական գործունեությամբ: Վաղ քրիստոնեական միտքը հստակորեն գիտակցել է, թե՝ «Այս Հիսուսին է, որ Աստված հարություն տվեց, որին մենք ամենքս վկա ենք. Աստծո աջ ձեռքով բարձրանալով, Սուրբ Հոգու խոստումը ընդունելով Հորից՝ սփռեց այս, որ դուք այժմ տեսնում եք ու լսում» [10]:

Համաձայն քրիստոնեական աստվածաբանության (ի տարբերություն րաբբիականի), Սուրբ Հոգին առանց խտրության հանգչում է բոլոր նրանց վրա, ովքեր Աստծո նկատմամբ տածում են աներկբա հավատ և սեր, ովքեր իրապես ապրում և վերապրում են Քրիստոսի տնօրինական սխրանքը (Խաչվելը և Հարությունը), որի միջոցով Սուրբ Հոգին կենսագործում է աստվածային ծրագիրը մարդկային հոգիների մեջ:

Սակայն ովքեր հայհոյում են կամ փորձում են խաբել Սուրբ Հոգուն, նրանք չարաչար պատժվում են ինչպես այս կյանքում, այնպես էլ՝ հանդերձյալում [11]: Սուրբ Հոգին իբրև Մխիթարիչ ուղարկված է Քրիստոսի կողմից և վկայում է Քրիստոսի մասին[12]: Տիրոջ Մկրտության ժամանակ աղավնակերպ Սուրբ Հոգու ներկայությունն [13] ինքնին հաստատում է Հիսուս Քրիստոսի Աստվածությունն ու Քահանայական, Արքայական, Մարգարեական պաշտոնը և վկայում նրա համաբնույթ լինելը Սուրբ Երրորդության մյուս Անձերի հետ:

Սուրբ Հոգու գործունեությունը նոր մակարդակով է ի հայտ գալիս Հոգեգալստյան պահին, երբ նա «հողմից եկած ձայնի նման» կրակե լեզուների կերպարանքով իջնում է Վերնատան մեջ նստած առաքյալների վրա, որոնք այդ պահին սկսում են խոսել տարբեր լեզուներով [14]: Հոգեգալստյան պահին հողմի ձայնը գալիս էր ոչ թե անորոշ կողմից, այլ՝ երկնքից, քանզի այնտեղ էր գնացել Տերը, և այնտեղից էլ պետք է «իջներ Հոգին, որ Աստված է»:

Սուրբ Հոգու իջնելով՝ հիմքն է դրվում քրիստոնեական սուրբ Եկեղեցու, որտեղ Սուրբ Հոգին. հանդես է գալիս առավել կատարյալ կերպով՝ իր պաշտոնի լիալիր գործադրմամբ:

Ըստ Աստվածաշնչի[15]՝ քրիստոնեական աստվածաբանությունը տակավին իր զարգացման արշալույսին (III–IV դդ.) հիմնակարգում է երրորդաբանական այն գլխավոր տեսակետը, ըստ որի Սուրբ Երրորդության երեք Անձերը՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին իրենց գործունեության առանձնահատկությամբ տարբեր են, սակայն բնույթով նույնն են իբրև մեկ Աստվածություն: Անձերի նույնաբնույթ (կամ՝ համաբնույթ) լինելն ինքնին ցույց է տալիս նրանց հավասարապատիվ և փառավորակից լինելը:

Այստեղից էլ բխում է Սուրբ Հոգու՝ Հոր և Որդու նկատմամբ ունեցած այն հարաբերությունը, որ հայտնի է «համագոյություն» անունով: Իբրև երրորդաբանական հայտնություն այն որդեգրվել է Նիկիայի Ա տիեզերական ժողովի (325) կողմից և ունեցել հույժ կարևոր դեր Սուրբ Հոգու աստվածաբանության հաստատագրման ընթացքում: Շնորհիվ այս վարդապետության եկեղեցին հակահարված է հասցրել աստիճանակարգային (սուբորդինացիոն) այն գաղափարներին, որոնց հետամուտ էր հունական իմաստասիրության քննաբանական (ռացիոնալիստական) մտածողությունը տակավին չթոթափած եկեղեցականների մի ստվար մասը: Սրանց պարագլուխ Արիոսը Որդուն և Սուրբ Հոգուն համարել է արարածներ (որոնք, անշուշտ, բարձր էին կանգնած ստորին կարգի եղական էակներից): Սուրբ Հոգուն Աստվածության նկատմամբ ստորադաս էակ է համարել Մակեդոնը (Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողով 381):

Աստվածաբանական միտքը Նիկիայի և Կոստանդնուպոլսի տիեզերաժողովների միջոցով, հանձին Աթանաս Ալեքսանդրացու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու, Գրիգոր Նյուսացու և եկեղեցու այլ հայրերի, պայքար է ծավալել հերձվածների դեմ՝ հաստատելով Սուրբ Հոգու Աստվածությունն ու, իբրև համաբնույթ իրողություն, նրա՝ Հորից բխած լինելը[16]:

Հայտնությամբ (Աստվածաշունչ) և ավանդությամբ (երեք տիեզերաժողովների որոշումներ) առաջնորդվող Հայ եկեղեցու աստվածաբանության համաձայն, Սուրբ Հոգու Հայր Աստծո կամքի իրագործողն է և Որդի Աստծո գործունեության ներքին կազմակերպողը: Նա Սուրբ Երրորդության իրավահավասար անդամներից մեկն է, Հոր և Որդու նման Անձնավորություն: Լինելով Աստվածության Անձերից մեկը՝ Աստծո Հոգին պատշաճորեն «Սուրբ» ստորոգելին է կրում, որով նա տարբերվում է ադամորդիների հոգիներից: Սուրբ Հոգու գործունեության նպատակն Աստծո արքայության ստեղծումն է յուրաքանչյուր անհատի մեջ և սրա շնորհիվ նրա վերածումն Աստծո տաճարի: Սուրբ Հոգու անձնավորական գործունեության տարածքն անհատ եկեղեցին (հավատացյալը) և հավաքական եկեղեցին (հավատացյալների խումբ) է: Ինչպես Սուրբ Հոգին, այնպես էլ Որդին Մխիթարիչ է, սակայն Սուրբ Հոգին ուղարկված է հանուն Որդու, նրա զոհագործության միջոցով, որպեսզի վկայի նրա մասին: Ավետարանում Որդին և Հոգին ներկայանում են որպես աշխարհ ուղարկված երկու աստվածային դեմքեր: Նրանցից առաջինը ուղարկված է, որպեսզի միավորվի մարդկային բնությանը և առողջացնի այն, իսկ երկրորդը՝ որպեսզի վերակենդանացնի մարդու անձն. ազատությունը: Այս իրողությամբ հանդերձ Որդին և Սուրբ Հոգին (համաբնույթ լինելով Հորը) անդրանցական հարաբերության մեջ են աշխարհի նկատմամբ:

Հայ, և ոչ միայն հայ, վաղմիջնադարյան աստվածաբանության մեջ կարգորոշված է Սուրբ Հոգու 7 և 9 շնորհ: Սուրբ Հոգու 7 շնորհներն են՝ իմաստությունը, բանականությունը, խորհրդազգացությունը, հզորությունը, գիտությունը, բարեպաշտությունը, աստվածավախությունը: Հայ աստվածաբանները, ըստ հոգու երեք կարողության՝ մտքի, կամքի և զգայության, հայտանշում են Սուրբ Հոգու 9 շնորհներ. ա. վարդապետական, որ ներառում է իմաստությունը, ճանաչողությունը և հոգիների ընտրությունը, բ. ավետարանչական, որի մեջ մտնում են հավատքը, բժշկությունը, հրաշագործությունը, գ. հոգեկրական, որն ընդգրկում է մարգարեությունը, լեզվախոսությունը, թարգմանությունը[17]: Սուրբ Հոգու շնորհները բազմաբնույթ ու բազմաբովանդակ են, սակայն նրանց նպատակը մեկն է՝ մարդու եկեղեցագործումն ու փրկությունը:

Մովսես Խորենացին, Ներսես Շնորհալին, Գրիգոր Է Անավարզեցին և ուր. հորինել են Հոգեգալստյանը նվիրված շարականներ: Ներսես Լամբրոնացին գրել է «Ներբող ի Գալուստ ամենասուրբ Հոգւոյն Աստուծոյ» երկը, որտեղ ոչ միայն տարփողվում, այլև աստվածաբանորեն արժեքավորվում են Սուրբ Հոգու շնորհները: Սուրբ Հոգին պանծացվում է Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Հովհաննես Երզնկացու, Ստեփանոս Թոխաթեցու և այլոց տաղերում ու գանձերում: Հայ միջնադարյան մանրանկարչության մեջ Սուրբ Հոգին պատկերվում է գլխավորաբար «Մկրտության» հորինվածքում[18]՝ համաձայն եկեղեցու հայրերի սահմանած կանոնական միօրինակության: Այստեղ Սուրբ Հոգին սովորաբար պատկերվում է աղավնու կերպարանքով, հաճախ էլ ներկայացվում Աստծո օրհնող Աջի տեսքով: Անանիա Սանահնեցին, Վանական Վարդապետը, Գրիգոր Տաթևացին և ուր. իրենց դավանաբանական աշխատություններում, հենվելով Աստվածաշնչի վրա[19], արձանագրում են, որ այստեղ հիշատակված «Աստծո մատը» ակնարկում է Սուրբ Հոգուն:

Իսլամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղուրանում «Սուրբ Հոգին» (արաբ․՝ روح القدس‎‎) հիշատակվում է չորս անգամ[20]:

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.biblegateway.com/passage/?search=Matthew+10%3A20&version=NRT
  2. https://www.biblegateway.com/passage/?search=Filip+1.19&version=NRT
  3. https://www.biblegateway.com/passage/?search=IOan.+14.16%2C+17%2C+26%2C+15.26&version=NRT
  4. Joseph Abelson,The Immanence of God in Rabbinical Literature (London:Macmillan and Co., 1912).
  5. Article Jacobs J. Jewish Encyclopedia: Holy Spirit 1911
  6. «Дух Святой»
  7. (մեկնաբանելով «եվ Աստծու Հոգին շրջում էր ջրերի վրա» խոսքը, 1.2)
  8. (Մատենադարան, ձեռ. դ 1267, թերթ 8ա)
  9. (Մարիամ Աստվածածինը նրան հղացավ Սուրբ Հոգով (Մատթ. 1.20))
  10. (Գործք 2.32–33)
  11. (Մատթ. 12.31–32, Մարկ. 3.28–29, Գործք 5.1–10)
  12. (Հովհ. 15.26, 14.16, 26)
  13. (Մատթ. 3.16)
  14. (Գործք 2.3–4)
  15. (Մատթ.28.19, Ա Կորնթ. 2.10–11, 12.8, Բ Կորնթ. 3.17, Ա Հովհ. 3.24)
  16. (Հովհ. 15.26)
  17. Ա Կորնթ. 12.1–11
  18. (Մատթ. 3.16, Մարկ. 1.10, Ղուկ. 3.22)
  19. (Ղուկ. 11.20)
  20. Qur'an search: روح القدس. searchtruth.com.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png