Գրիգոր Լուսավորիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գրիգոր Լուսավորիչ (այլ կիրառումներ)
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գրիգոր Ա (այլ կիրառումներ)
Գրիգոր Լուսավորիչ
Գրիգոր Լուսավորիչ
Կառավարում
Տիտղոս Եպիսկոպոսապետ (1-ին)
Ժամանակամիջոց 302-325 թթ.
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Կրթություն Կեսարիա
Ծնվել է Մոտ 257 թ.
Հայր Անակ
Ձեռնադրում 302 թ.
Commons-logo.svg Վիքիպահեստում
← Չկա    Armenian Apostolic Church logo.png    Արիստակես Ա

Գրիգոր Լուսավորիչ (մոտ 257 - 331), եկեղեցա–քաղաքական գործիչ, Հայոց եպիսկոպոսապետ՝ 302 թվականից, Հայոց արքա Խոսրով Ա-ին սպանած ազգությամբ պարթև Անակի որդի։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորին Արշակունիների վրեժխնդրությունից հեռացնելու նպատակով ստնտու Սոփրիան և ոմն Եվթաղ նրան փախցրին Կապադովկիայի Կեսարիա քաղաքը։ Այստեղ նա մկրտվեց որպես քրիստոնյա, կրթվեց և դաստիարակվեց Փիրմիլիանոս եպիսկոպոսի մոտ։ Չափահաս տարիքում ամուսնացավ Դավիթ անունով իշխանի դստեր՝ Մարիամի հետ, ումից ունեցավ երկու զավակ։ Շուտով Մարիամը կրտսեր որդու՝ Արիստակեսի հետ մտավ կուսանոց, իսկ Գրիգոր Լուսավորիչը, ավագ որդի Վրթանեսին տալով խնամատուն, 287 թ․-ին քարոզչական առաքելությամբ վերադարձավ Մեծ Հայք։ Գրիգոր Լուսավորիչը կարողացավ Տրդատ Գ թագավորի արքունիքում դառնալ պալատական պաշտոնյա և քրիստոնեական ուսմունքի համար հող նախապատրաստել Վաղարշապատ մայրաքաղաքում։

Քրիստոնեության ընդունումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի Դիոկղետիանոս կայսեր օգնությամբ 287 թ-ին Մեծ Հայքի թագավորության գահը բարձրացած Տրդատ Գ, իր հովանավորի օրինակով, սկզբում հալածեց քրիստոնյաններին՝ իբրև քաղաքական վտանգավոր ուժի, իսկ նրանց պարագլուխ Գրիգոր Լուսավորիչին նետեց Արտաշատ քաղաքի Խոր Վիրապ կոչվող հանցագործների համար նախատեսված բանտը։ Սակայն շուտով համոզվելով, որ Հայաստանի նկատմամբ Հռոմը վարում է խարդախ ու զավթողական քաղաքականություն, Տրդատը հիասթափվեց նրա «դաշնակցությունից» և դադարեցրեց նաև քրիստոնիանների հալածանքները։ Քրիստոնեությունը, որը I-III դարերին Ասորիքից ու Փոքր Ասիայից ներթափանցել և տարածվել էր Հայաստանում, 3-րդ դարի վերջին արդեն դադարել էր սոսկ ճնշվածների կրոն լինելուց։ 301-ին քրիստոնեությունը Հայաստանում ճանաչվեց պետական կրոն։ Նոր կրոնը բռնությամբ տարածվեց ժողովրդի մեջ։

Տրդատ Մեծի թագադրում

Գրիգորի առաջարկությամբ թագավորն ու իշխանները խորհուրդ են անում իսպառ վերացնելու հեթանոսությունը, կործանելու հին կրոնի կրոնական կենտրոնները։ Տրդատը հրաման է տալիս այդ գործի իրականացումը հանձնարարել Գրիգորին։ Թագավորն ինքն անձամբ ամբողջ զորքով Գրիգորի հետ միասին, Վաղարշապատից շարժվում, գնում է Արտաշատ։ Նրանք նախ Արտաշատի ճանապարհին՝ Երազամույն կոչված տեղում, ուր բարձրանում էր Որմիզդի գրչի Դիվան անունով Տիր աստծո մեհյանը, ավերում և կործանում են։ Տեղի քրմերը իրենց պահապան գնդերով չկարողանալով դիմադրել արքունի զորքին, նահանջում են Արտաշատում գտնվող Անահիտ դիցուհու մեհյանը։ Երբ Տրդատը զորքով մտնում է Արտաշատ և շրջապատում մեհյանը, նրանք ուժեղ դիմադրություն են ցույց տալիս, պարիսպների վրայից հարձակվողների վրա նետերի ու քարերի տարափ են տեղում, որոշ չափով կասեցնում հարձակումը։

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Լուսավորիչը հաստատեց իր տոհմի հոգևոր միապետության ժառանգական իշխանությունը, ստեղծեց եկեղեցական ֆեոդալական ամուր կազմակերպություն, որը ապահովված էր ոչ միայն սեփական կալվածքներով, այլև հարկեր էր գանձում ողջ երկրի աշխատավորությունից։ Գրիգոր Լուսավորիչը հիմնեց նոր դպրոցներ, որոնցում ուսուցումը տարվում էր նոր կրոնի պաշտոնական լեզուներով՝ հունարենով և ասորերենով։ Կյանքի վերջին տարիներին Գրիգոր Լուսավորիչը իր պաշտոնը հանձնելով Արիստակեսին՝ գնաց ճգնարան, ուր և վախճանվեց։ Մի քանի տարի անց նրա աճյունը տեղափոխվեց և ամփոփվեց Թորդան գյուղում։ Հայոց եկեղեցին նրան դասեց ավագ սրբերի կարգը, նրա պատվին սահմանեց հիշատակի օրեր։ Գրիգոր Լուսավորիչի անունով Հայ Առաքելական եկեղեցին կոչվում է նաև Գրիգոր-լուսավորչական‌[փա՞ստ]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Հաջորդ
պաշտոնը հիմնադրվել է
պաշտոնը հիմնադրվել է
Գրիգոր Լուսավորիչ
(301–325)
Արիստակես Ա
(325333)