Կաթողիկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաթողիկոս (հուն․՝ καθολικοςընդհանրական, համընդհանուր), քահանայապետ, հայրապետ, եպիսկոպոսապետ, Արևելյան մի շարք եկեղեցիների (Հայ, Վրաց, Ասորաց, Մալաբարի (Հնդկաստան), նեստորական ասորիների) գերագույն հոգևոր պետի տիտղոսը։

Որոշ դեպքերում Կաթողիկոս բառը հոմանիշ է պատրիարք տիտղոսին։ Սակայն քանի որ Հայ Եկեղեցում գոյություն ունեն երկու պատրիարքություններ, Կաթողիկոսն անվանվում է նաև Ծայրագույն Պատրիարք, որով ցույց է տրվում Նվիրապետության մեջ Կաթողիկոսի առավել բարձր լինելը (հայ եկեղեցում Ծայրագույն Պատրիարք է միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իսկ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նախաթոռ Պատրիարք է, ընդունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որպես նախամեծար եւ գլուխ) ։

Կաթողիկոսի զգեստը հիմնականում համապատասխանում է եպիսկոպոսական զգեստին, այն տարբերությամբ, որ Կաթողիկոսը՝ իբրև գերագույն իշխանության մարմնավորում, իրավունք ունի կրելու նաև հայրապետական ասա և կոնքեռ։

Ամենայն Հայոց Կաթողիկոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ իրականության մեջ Կաթողիկոսը համարվում է Թադեոս, Բարդուղիմեոս առաքյալների և Գրիգոր Ա Լուսավորչի իրավահաջորդը և նրանց իշխանության ժառանգորդը։ Նա տնօրինում է եկեղեցու վարչատնտեսական, հոգևոր-բարոյական, ծիսական, դավանական բոլոր հիմնական հարցերը։

Կաթողիկոսի առանձնաշնորհյալ իրավասություններն են եպիսկոպոս ձեռնադրելը և Մյուռոն օրհնելը։

Կաթողիկոսի պաշտոնը ցմահ է։ Ազգային-եկեղեցական ժողովը կարող է գահընկեց անել Կաթողիկոսին բացառապես դավանական շեղումների դեպքում։

Ընտրվելու իրավունքով կաթողիկոսական ընտրություններին կարող են մասնակցել բոլոր եպիսկոպոսները։

Կաթողիկոս կարող են ձեռնադրել տասներկու կամ նվազագույնը՝ երեք եպիսկոպոսներ։ Ձեռնադրությունից հետո կատարվում է Կաթողիկոսի օծում սրբալույս Մյուռոնով՝ ավագագույն արքեպիսկոպոսի և ներկա եպիսկոպոսների ձեռքով։ Վախճանվելու դեպքում Կաթողիկոսի իրավասությունները, որոշ սահմանափակումներով, ստանձնում է Եպիսկոպոսաց ժողովի ընտրած կաթողիկոսական տեղապահը։

Էջմիածնի ընդհանրական կաթողիկոսը կոչվում է Ամենայն հայոց (այդ տիտղոսը սկսել է գործածվել X դարից, տարածում ստացել՝ XV դարից, պաշտոնապես կիրառվել՝ XIX դարից, Ներսես Ե Աշտարակեցու օրոք)։

1999-ից Ամենայն Հայոց Հայրապետը Գարեգին Բ Ներսիսյանն է։

1995-ից Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն է Արամ Ա Քեշիշյանը։

Ըստ Հայ Առաքելական եկեղեցու, կաթողիկոսին անմիջապես դիմելու հարգելի ձևը «Վեհափառ Տեր» կամ «Վեհափառ» մակդիրն է։ Ողջունելիս՝ «Աստված օգնական, Վեհափա’ռ Տեր»։

Նստավայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական անբարենպաստ պայմանների թելադրանքով հայոց ընդհանրական Կաթողիկոսի նստավայրը բազմիցս փոխվել է։

1441-ից ի վեր կաթողիկոսի նստավայրը գտնվում է Էջմիածնում։ Կաթողիկոսի նստավայրն անվանվում է Վեհարան։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանյան, Ազգապատում, Ա,
  • Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Էջմիածին, 2001
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 164