Գրիգոր Նարեկացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Նարեկացի
Grigor Narekatsi 1.jpg
Ծնվել է 951[1][2][3][4][5]
Ծննդավայր Վասպուրական
Վախճանվել է 1003
Վախճանի վայր Նարեկ
Մասնագիտություն բանաստեղծ, աստվածաբան, գրող և փիլիսոփա
Լեզու գրաբար հայերեն
Ազգություն հայ
Գրիգոր Նարեկացի Վիքիքաղվածքում
Գրիգոր Նարեկացի Վիքիդարանում
Grigor Narekatsi Վիքիպահեստում

Գրիգոր Նարեկացի (մոտ 951-1003), հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասվել է։

Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում «Մատյան ողբերգության» («Մատեան ողբերգութեան», ժողովրդի մեջ տարածում է ստացել երկի՝ «Նարեկ» անվանումը) չափածո աղոթքների ժողովածուն։ 2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է Կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի ստեղծագործություններում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։

Հայտնի է, որ Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառում, Վանա լճի հարավային ափերին գտնվող Նարեկ գյուղում 951 թվականին։ Նարեկացին Անձևացյաց գավառի Խոսրով Անձևացի եպիսկոպոսի որդին էր։

Մանուկ հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որտեղ էլ եղբոր հետ կրթվում և դաստիարակվում է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի՝ Անանիա Նարեկացու մոտ, որը նաև Գրիգորի մոր հորեղբայրն էր։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնափիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։

Ուսումը ստանալուց հետո Գրիգորը նույն Նարեկա վանքում դարձել է վանական, ստացել վարդապետի աստիճան և զբաղվել մանկավարժությամբ ու գրական աշխատանքներով: Այդ ժամանակ էլ ստանում է Նարեկացի անունը։ Իր հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։

Հայտնի է նաև, որ մեծ հռչակ վայելող Նարեկացին ունեցել է նաև թշնամիներ՝ հոգևոր դասի բարձր շրջաններից։ Նա ինչ–ինչ պատճառներով մեղադրվել և անգամ հոգևոր դատարան է կանչվել։ Ենթադրվում է, որ Նարեկացին հալածվել է թոնդրակյանների աղանդին պատկանելու կամ հարելու համար, և գրել է մի թուղթ, որտեղ դատապարտում է թոնդրակեցիներին։

Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականին և թաղվել է Նարեկա վանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ եղել է սրբազան ուխտատեղի` շրջակա հայ բնակչության համար։

Ըստ ավանդության՝ Նարեկացին ճգնել է ներկայումս իր անունը կրող քարայրում։

Նարեկացու ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով գործեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» պոեմը։

Մատյան ողբերգության[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Մատյան ողբերգության

Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության կարևորագույն ստեղծագործությունը «Մատյան ողբերգության» պոեմն է։ «Մատյան ողբերգության» պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է, պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը ամփոփում է այն լավագույնը, ինչ ստեղծել է հայ քերթողական միտքը հնագույն ժամանակներից մինչև 10–րդ դարը։ Պոեմը բաղկացած է 95 գլխից։ Ժանրային առումով այն քնարական–հոգևոր է։ Հայտնի չէ, թե քանի տարի է գրվել պոեմը, սակայն Գրիգոր Նարեկացին այն ավարտին է հասցրել մահվանից մեկ տարի առաջ՝ 1002 թվականին։

Պոեմը գրաբարից աշխարհաբարի է վերածել Մկրտիչ Խերանյանը։ Հայ գրականության մեջ բազմաթիվ են աշխարհաբար թարգմանությունները։ Վազգեն Գևորգյանը թարգմանել է պոեմի ծաղկաքաղը։

Գրականության պատմության մեջ Նարեկացին թերևս առաջինն է, որ լայնորեն օգտագործել է բաղաձայնույթը (ալիտերացիա) ոտանավորի երաժշտության համար։

Պոեմը հայտնի է «Նարեկ» անունով։ Տարբերվելով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին զարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ Աստծուն։ Նա տարակուսում է, որ կարող է հասնել իր իդեալին՝ Աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ Աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։

Նա գտնում է, որ մարդկային ծնունդներից ոչ ոք իր չափ մեղավոր չի եղել, որովհետև չի կարողացել մտքի երիվարը բանականության սանձով կանգնեցնել և, «... մութ խորհոլրդների միջից սլանալով», մարդկանց գործած բոլոր հին չարիքներին նորերն է ավելացրել։ Նույնիսկ արարչի դեմ նենգավոր է գտնվել, ըմբոստացել, աստվածամարտ մտածումներ է ունեցել ու չի վախեցել նրա սպառնալիքներից։ «Մատեան ողբերգութեան» մեջ նա ասում է.

Նարեկացու պատկերը Վատիկանում
Aquote1.png Սպառնացար, և ոչ զաոհուրեցայ,

Արգահատեցեր՝ և ոչ երբեք լուայ, Որ է ապստամբութեան յայտնի նշանակ։

Aquote2.png


Կործանվելու սարսափներին հաճախ հաջորդում է փրկվելու հույսը՝ կապված մեղքերի խոստովանության հետ։ Պոեմի արտակարգ հուզիչ, դրամատիկ դրություններով հարուստ ընթացքն ավարտվում է լավատեսության հաղթանակով, Փրկության ե աստվածային էության հետ միանալու՝ աստվածանալու հավատով։

Ինչպես որոշ միստիկներ, այնպես էլ միստիկ Գրիգոր Նարեկացին ստեղծել է կատարելության ձգտող մարդու իդեալը՝ առաջ քաշելով կատարյալ էակի՝ աստծո պաշտամունքը։ Նա պանթեիստորեն առաջադրում և յուրովի լուծում է մարդ և աստված, բնություն և աստված հարաբերությունը։ Աստված ամենուրեք է և ամեն ինչում.

Aquote1.png Զի դու միայն ես երկնքում անճառ

և երկրում՝ անզնին, Գոյության տարրերի մեջ և աշխարհի բոլոր ծագերում, Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեջ՝ ամբողջ լրումով։

Aquote2.png


Պոեմի բովանդակության զարգացման ինքնատիպությունը, հույզերի, տրամադրությունների արտահայտումն ու պատկերումը պահանջում էին պոետիկական նորանոր հնարքներ ու միջոցներ։ Բանաստեղծը խորապես գիտակցել է իր ստեղծագործության էության առանձնահատկությունները և, դրանց համապատասխան, արտահայտչական ձևեր ստեղծելու անհրաժեշտությունը։ Թե՛ մարդկային կյանքի իրադրությունները, թե՛ բնության երևույթներն օգտագործված են բանաստեղծի կողմից իբրև համեմատություններ ու փոխաբերություններ՝ ապրումների ու հոգեվիճակների գեղարվեստական մարմնավորման համար։

Նարեկացու փոխաբերությունները, համեմատությունները, էպիտետները, որոնք պոեմում հորդում են հեղեղի նման, միշտ ինքնատիպ են, համարձակ և գեղագիտական բարձր ճաշակի ու զգացողության արտահայտություն։

Ժամանակի գրական լեզուն՝ գրաբարը, ինչ հարստության որ հասել էր պատմիչների, եկեղեցական գրողների ու բանաստեղծների գործերում, չէր կարող Նարեկացու ստեղծագործական երևակայության անսահման թռիչքը, իրարամերժ խոհերի ու զգացմունքների բոլոր նրբերանգներն արտահայտել։ Նրանից առաջ բուն բանաստեղծության լեզուն շատ ավելի աղքատ ու միակերպ էր, քան մեր պատմիչների լեզուն։ Եկեղեցական դոգմաներին հետևելը խանգարում էր հոգևոր երգերի (շարականների) հեղինակներին լեզվական նորամուծություններ կատարել ե՝ այն աստիճան, որ նրանց լեզվական անհատականությունը գրեթե կորչում էր։ «Մատեան ողբերգութեան» պոեմի հավերժ մնայուն գեղարվեստական արժեքը, բովանդակության խորության ու մեծության հետ, պայմանավորված է նրա պոետիկական արվեստի անսահման հարստությամբ։ Նարեկացու բանաստեղծական արտահայտչական միջոցներն ու ձևերը անսպառ են, բազմազան ու գունագեղ, իսկ բառարանը՝ հայ գրականության մեջ ամենահարուստը։

Գրիգոր Նարեկացին գրականության մեջ մնաց անգերազանցելի՝ բովանդակության համապատասխան ոտանավորի տարբեր չափեր ստեղծելու և օգտագործելու, ռիթմի ու երաժշտականության անկրկնելի արդյունքների հասնելու հարցում։ Մ. Մեծարենցը ճիշտ է նկատել, թե Նարեկացին «գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը»։

Նարեկացին, որպես երաժիշտ, նոր շունչ ու կյանք է հաղորդել հայ միջնադարյան մասնագիտացված երգարվեստին։ հատկապես իր տաղերի երաժշտական բաղադրիչներում հաղթահարված են շարականների հին, ութ-ձայնի դրությանը կապված եղանակների կազմության՝ տվյալ պատմաշրջանի համար արդեն քարացած ձևերը։ Ընդհանրապես նախատեսված չլինելով պարտադիր-կիրառական նպատակների համար՝ տաղերն ազատ են մնացել եկեղեցական կանոնական մտածողությունից ու ավելի անկաշկանդ (քան, օրինակ, շարականները) հարստացել ժող-գուսանական արվեստից եկող կենսունակ տարրերով։ «Մատեան ոդբերգութեան» պոեմի գեղարվեստական անընդգրկելի մեծության ամենացայտուն ապացույցներից է մեր գրականության վրա թողած նրա հսկայական ազդեցությունը։ Նրանից սովորել և ներշնչվել են ոչ միայն միջնադարի, այլն նոր ժամանակների հայ պոեզիայի նշանավոր դեմքերը։

«Մատյան ողբերգության» պոեմը, ամբողջական կամ մասնակի, թարգմանվել է աշխարհի շուրջ 30 լեզուներով։

Գանձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարեկացու պատկերը Մոսկվայի Սուրբ Խաչ մայր տաճարի պատին

Նարեկացու ստեղծագործությունների մեջ առանձին տեղ են զբաղեցնում գանձերը՝ գրված որոշակի տոնին երգվելու նպատակով։ Պահպանվել են շուրջ տաս գանձեր, որտեղ գովաբանվում է տոնի խորհուրդը։ Գանձերը սերում են ավանդական քարոզից և ունեն քարոզին բնորոշ ձևական հատկանիշներ։ Գանձերի առաջին կիրառողը եղել է Գրիգոր Նարեկացին։ Գանձ ժանրանունը ծագում է հենց Նարեկացու ստեղծագործություններից, որոնք սկսվում են «Գանձ» բառով՝ դրանով ապահովելով հեղինակի անվան սկզբնադիրը և ամբողջության մեջ դուրս բերելով «Գրիգորի երգ» ծայրակապը։ Նարեկացու գանձերին բնորոշ են հետևյալ հատկանիշները.

  • գանձերի առաջին տներում ներբողվում է տվյալ տոնը կամ սրբի հիշատակը,
  • յուրաքանչյուր տուն ավարտվում է կրկնակով կամ դարձով,
  • վերջին հատվածներում առկա են ննջեցյալներին ողորմության արժանացնելու և աղաչողին սեր և բարի գործեր պարգևելու մասին խնդրանքներ,
  • գանձերն ավարտվում են հին քարոզներից վերցված տողերով։

Տաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարեկացուց պահպանվել են նաև շուրջ երկու տասնյակ տաղեր, որոնք իրենց բովանդակությամբ կապվում են գանձերի հետ, քանի որ նվիրված են եկեղեցական որոշ տոների։ Նարեկացին տաղերում արտահայտել է կրոնական տրամադրություններ և գաղափարներ՝ իրականությունից առնված պատկերներով։ Այս ձևով նա բանաստեղծությունից օտարել է ավանդական որոշակի ձևեր և պոեզիայի մեջ ներդրել սեփական ընկալումների շնորհիվ ինքնուրույն պատկերներ գործածելու սկզբունքը։ Տաղերի մեծ մասն իրենց գաղափարական բովանդակությամբ և արտահայտչական ձևերով արտացոլում են X դարի հասարակական կյանքի տեղաշարժերը։ Ճիշտ է, տաղերում մարդու ներաշխարհի, նրա խոհերի ու ապրումների պատկերները դեռ այնքան խորը չեն, բայց «Մատեան ողբերգութեան» մեջ դրանք հասնում են գերօրինակ ուժի ու բարձրության։ Գեղեցկության իդեալը սովորաբար մարմնավորում է տիրամայրը։ Դրա ամենավառ արտահայտություններից է «Տաղ Վարդաւառի»-ն, որը հեղինակի լավագույն ստեղծագործություններից է։ Վարդի և շուշանի գունզգույն ծաղիկների պատկերներով հեղինակը նկարագրում է Քրիստոսի Պայծառակերպության ավետարանական դրվագը։ Իր չափազանց հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։

«Տաղ Ծննդյան»-ում հեղինակը ներկայացնում է Աստվածածնին իր ողջ գեղեցկության մեջ՝ նկարագրելով անգամ Աստվածածնի հանդերձանքը։ Եթե մինչ այդ Աստվածածինը ներկայացվում էր շարականներում իբրև կանանց մեջ ամենագովելին և բարեխոս իր Որդու առջև, ապա Նարեկացու մոտ ավանդական այս մոտեցումը առաջինը լինելով փոխված է։ Նարեկացու արժեքավոր ստեղծագործություններից է նաև «Հարության տաղը»։ Այստեղ ներկայացվում է, թե ինչպես Մասիսի լանջով իջնում է սայլը, որը քաշող սայլապանը նման է Խորենացու նկարագրած Հայկ նահապետին։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարեկացու առաջին խոշոր աշխատանքը «Երգ երգոցի» մեկնությունն է՝ գրված 977 թ, Վասպուրականի Անձևացյաց գավառի Գուրգեն-Խաչիկ իշխանի պատվերով։ Նարեկացին այստեղ զարգացնում է այն միտքը, թե մարմնավորի, առարկայականի, տեսանելիի միջոցով Սողոմոնն արտահայտել է աստվածայինը, որովհետև աշխարհն էլ Աստծո արարչագործության արդյունք է, և աստվածայինը դրսևորվել է առարկայական աշխարհի մեջ. «Ի ձեռս մարմնաւորաց տեսցուք զհոգեւորս»։

Ըստ Նարեկացու՝ տղամարդու և կնոջ սերը, որ հարսի և փեսայի սեր է, երբ օրհնվում է Սուրբ Պսակով, զուրկ չէ Հոգու շնորհից։ Այսինքն սուրբ ընտանիքի գաղափարը Նարեկացուն հիմք է տալիս արդարացնելու տղամարդու և կնոջ սերը։

Նարեկացու գրչին է պատկանում նաև «Ապարանից խաչի պատմություն» վերնագրով մի երգ, որը հեղինակը գրել է Մոկաց աշխարհի Ապարանք գյուղում վանական համալիր կառուցելու առիթով։

Գեղարվեստական արժեք են ներկայացնում նաև Նարեկացու «Ճառ ներբողի» և «Գովեստ երգաբանութեան Տիրուհւոյն» ներբողյանները՝ նվիրված Սուրբ Աստվածածնին։

Մեծերը Գրիգոր Նարեկացու մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարեկացին կարապետն ու մարգարեն էր աստվածային ողորմության։ Դժվար է գտնել որևէ մեկին, որ հավասարվի նրան մարդկային սրտում թևավորված անդնդային թշվառությունները քննելու առումով։ Սակայն նա վերածում է դրանց աստվածային սիրո անդադրուն, արտասվալի եւ վստահ պաղատանքի՝ հաստատելով որ Աստված «պարգևների բաշխողն է, բնությամբ բարի Նարեկացին ոչ միայն վարդապետ է ուսուցման, այլ հատկապես կյանքի, որովհետև սովորեցնում է, թե ինչքան կարևոր է ճանաչել ինքներս մեզ: Այս սուրբ վկան մարգարեաբար ներկայացնում է ձեր ժողովրդին: Նա, սակայն, ընդհանրական եկեղեցու վարդապետ է արդեն:

Aquote1.png «Վշտակոծ հոգու իսկական տարեգիր, ով հանճարի իր մատները դնում է մարդու և մարդկության վերքին»։
- Լև Օզերով
Aquote2.png
Aquote1.png «Գրիգոր Նարեկացին համաշխարհային մշակույթի տաճարի գանձարանի բանաստեղծ է»։
- Միխայիլ Դուդին
Aquote2.png
Aquote1.png «Նարեկացու համար գրելը աստվածապաշտությանը համազոր սրբազան գործողություն է եղել, հավատի ու համոզմունքի գրավոր դրսևորում»։
- Պողոս Խաչատրյան
Aquote2.png


Աշխատությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիրք աղօթից, Կ. Պոլիս, 1702, 697 էջ:
  • Գիրք աղօթից, Կ. Պոլիս, 1726, 432 էջ:
  • Գիրք աղօթից, Կ. Պոլիս, 1736, 568 էջ:
  • Գիրք աղօթից, Կ. Պոլիս, 1755, 576 էջ:
  • Գիրք աղօթից, Կ. Պոլիս, 1763, 640 էջ:
  • Բանք աղօթից, Վենետիկ, 1763, 312 էջ:
  • Գիրք աղօթից, Կ. Պոլիս, 1774:
  • Գիրք աղօթից, Կ. Պոլիս, 1782, 640 էջ:
  • Գիրք աղօթից, Կ. Պոլիս, 1789, 371 էջ:
  • Գիրք աղօթից, Վենետիկ, 1789, 394 էջ:
  • Մեկնութիւն Երգոց երգոյն Սողովմոնի, Վենետիկ, 1789, 216 էջ:
  • Գիրք աղօթից, Կ. Պոլիս, 1790, 350 էջ:
  • Գիրք աղօթից, Վենետիկ, 1795, 429 էջ:
  • Նարեկ (Գիրք աղօթից), Կ. Պոլիս, 1802, 410 էջ:
  • Աղօթամատոյց պատկերազարդեալ, Վենետիկ, 1804, 296 էջ:
  • Դրութիւնք յոգնաթախանձ բանից օգտակարաց, Կ. Պոլիս, 1806, 402 էջ:
  • Գիրք աղօթից, Կ. Պոլիս, 1807:
  • Նարեկ (Գիրք աղօթից), Վենետիկ, 1807, 404 էջ:
  • Նարեկ (Գիրք աղօթից), Կ. Պոլիս, 1812, 410 էջ:
  • Նարեկ (Գիրք աղօթից), Կ. Պոլիս, 1821, 390 էջ:
  • Գիրք աղօթից, Կ. Պոլիս, 1822, 488 էջ:
  • Նարեկ (Գիրք աղօթից), Կ. Պոլիս, 1826, 410 էջ:
  • Ճառք, գանձք եւ տաղք, Վենետիկ, 1827, 487 էջ:
  • Մատենագրութիւնք, Վենետիկ, 1827, 487 էջ:
  • Յորում Պատմութիւն սրբոյ Ապարանից, ներբողք ի ս. Յակոբ հայրապետ Մծբնայ, հանդերձ գանձիւք հոգւոյն սրբոյ և եկեղեցւոյ և խաչին, Վենետիկ, 1827, 253 էջ:
  • Նարեկ (Գիրք աղօթից), Կ. Պոլիս, 1829, 408 էջ:
  • Նարեկ (Գիրք աղօթից), Կ. Պոլիս, 1832, 439 էջ:
  • Ողբերգութիւն, Վենետիկ, 1833, 636 էջ:
  • Մատեան ողբերգութեան, ա. տ., 1834, 649 էջ:
  • Նարեկ (Գիրք աղօթից), Կ. Պոլիս, 1835, 439 էջ:
  • Գիրք աղօթից, Կ. Պոլիս, 1836, 488 էջ:
  • Նարեկ աղօթից, Կ. Պոլիս, 1839, 439 էջ:
  • Մատենագրութիւնք, Վենետիկ, 1840, 536 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Վենետիկ, 1844, 600 էջ:
  • Նարեկ (Գիրք աղօթից), Կ. Պոլիս, 1844, 588 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Կ. Պոլիս, 1845, 388 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Կ. Պոլիս, 1847, 416 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Կ. Պոլիս, 1850, 384 էջ:
  • Ողբերգութիւն, Վենետիկ, 1851, 600 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Կ. Պոլիս, 1852, 430 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Կ. Պոլիս, 1858, 368 էջ:
  • Ողբերգութիւն, Փարիզ, 1860, 424 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Կ. Պոլիս, 1864, 476 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Կ. Պոլիս, 1866, 333 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Զմիւռնիա, 1867, 518 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Երուսաղէմ, 1868, 518 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Զմիւռնիա, 1870, 520 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Կ. Պոլիս, 1870, 483 էջ:
  • Ողբերգութիւնք, Երուսաղէմ, 1875, 396 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Երուսաղէմ, 1886, 480 էջ:
  • Ողբերգութիւն, Վենետիկ, 1893, 648 էջ:
  • Աշխարհաբար Նարեկ, Կ. Պոլիս, 1902, 516 էջ:
  • Մատենագրութիւնք, Տփղիս, 1905, 396 էջ:
  • Նարեկ աղօթամատեան, Գահիրէ, 1926, 368 էջ:
  • Նարեկ (Ողբերգութիւն), Կ. Պոլիս, 1926, 549 էջ:
  • Ողբերգութիւն, Վենետիկ, 1926, 734 էջ:
  • Նարեկ աղօթամատեան, Երուսաղէմ, 1931, 628 էջ:
  • Ողբերգութիւն, Երուսաղէմ, 1936, 780 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Պուէնոս Այրէս, 1948, 338 էջ:
  • Նարեկ աղօթամատեան, Երուսաղէմ, 1950, 484 էջ:
  • Գիրք աղօթից, Իսթանպուլ, 1954, 776 էջ:
  • Նարեկ աղօթամատեան, Իսթանպուլ, 1955, 129 էջ:
  • Նարեկ աղօթամատեան, Երուսաղէմ, 1956, 509 էջ:
  • Տաղեր, Երևան, 1957, 128 էջ:
  • Մատյան ողբերգության, Երևան, 1960, 409 էջ:
  • Նարեկ աղօթամատեան, Երուսաղէմ, 1960, 520 էջ:
  • Ողբերգութիւն, Երուսաղէմ, 1964, 773 էջ:
  • Նարեկ աղօթամատեան, Երուսաղէմ, 1966, 488 էջ:
  • Մատյան ողբերգության, Երևան, 1970, 128 էջ:
  • Մատյան ողբերգության: Տաղեր, Երևան, 1979, 655 էջ:
  • Տաղեր և գանձեր, Երևան, 1981, 312 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Երեւան, 1985, 1124 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Անթիլիաս, 1986, 341 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Պէյրութ, 1990, 112 էջ:
  • Տաղեր, Երևան, 1991, 142 էջ:
  • Մատյան ողբերգության, Երևան, 1994, 470 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Թեհրան, 1996, 501 էջ:
  • Մատյան ողբերգության, Երևան, 1996, 388 էջ:
  • Մատյան ողբերգության, Երևան, 1999, 472 էջ:
  • Նարեկ աղօթամատեան, Անթիլիաս, 1999, 496 էջ:
  • Մատյան ողբերգության, Երևան, 2001, 412 էջ:
  • Խրատ ուղիղ հաւատքի եւ առաքինի մաքուր վարքի, Անթիլիաս, 2002, 189 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Երեւան, 2003, 592 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Թեհրան, 2003, 597 էջ:
  • Մատեան ողբերգութեան եւ այլ երկասիրութիւնք, Անթիլիաս, 2003, 726 էջ:
  • Մատյան ողբերգության, Երևան, 2003, 652 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Երեւան, 2004, 688 էջ:
  • Նարեկ աղօթամատեան, Պէյրութ, 2004, 93 էջ:
  • Մատյան ողբերգության, Երևան, 2005, 626 էջ:
  • Նարեկ աղօթամատեան, Անթիլիաս, 2005, 496 էջ:
  • Մատյան ողբերգության, Երևան, 2007, 644 էջ:
  • Մատյան ողբերգության: Տաղեր, Երևան, 2007, 472 էջ:
  • Մատյան ողբերգության, Երևան, 2008, 484 էջ:
  • Աղոթագիրք, Էջմիածին, 2009, 214 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Երեւան, 2010, 484 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Երեւան, 2011, 484 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Էջմիածին, 2012, 656 էջ:
  • Նարեկ աղօթամատեան, Երեւան, 2012, 640 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Էջմիածին, 2013, 632 էջ:
  • Մատյան ողբերգության, Երևան, 2013, 644 էջ:
  • Մատյան ողբերգության, Էջմիածին, 2013, 456 էջ:
  • Մատյան ողբերգության: Տաղեր, Երևան, 2013, 592 էջ:
  • Նարեկ աղօթամատեան, Երեւան, 2013, 640 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Երեւան, 2014, 356 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Երեւան, 2014, 548 էջ:
  • Մատյան ողբերգության, Երևան, 2014, 553 էջ:
  • Մատյան ողբերգության, Երևան, 2014, 626 էջ:
  • Մատյան ողբերգության, Երևան, 2014, 648 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Երեւան, 2015, 490 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Երեւան, 2015, 493 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Էջմիածին, 2015, 688 էջ:
  • Մատյան ողբերգության, Երևան, 2015, 688 էջ:
  • Նարեկ աղօթամատեան, Երեւան, 2015, 758 էջ:
  • Նարեկ աղօթամատեան, Թեհրան, 2015, 760 էջ:
  • Մատեան ողբերգութեան, Երեւան, 2016, 592 էջ:
  • Մատյան ողբերգության, Երևան, 2016, 425 էջ:
  • Մատյան ողբերգության, Էջմիածին, 2016, 688 էջ:
  • Նարեկ աղօթամատեան, Երեւան, 2016, 656 էջ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. International Music Score Library Project — 2006.
  2. Faceted Application of Subject Terminology
  3. LIBRIS
  4. National Library of Australia — 1960.
  5. Encyclopædia Britannica

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են