Տաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տաղ, հնագույն բանաստեղծություն է։ Տաղ կոչվող բանաստեղծությունները նաև երգվել են. երգվել են եկեղեցական պատարագներից հետո և այդ պատճառով կոչվել են նաև երգեր։ Տաղերի հնագույն օրինակներից գրել է Գրիգոր Նարեկացին, դրանք նաև հայկական առաջին օրինակներն են։ Հայկական տաղերի օրինակներ են․ «Տաղ վարդավառին», «Տիրամայրն» և այլն, որոնց հեղինակն է Գրիգոր Նարեկացին։

«Տաղարան»-ի առաջին հրատարակությունը, 1513 թ, Վենետիկ

Տաղերը, շարականների պես, երաժշտական և բանաստեղծական արվեստի սինթեզ են։[1] Տաղը պրոֆեսիոնալ երաժշտության յուրահատուկ ժանր է։ Դրանք համեմատաբար ծավալուն մոնոդիաներ են, որոնք իրենց բովանդակությամբ և մեղեդայնությամբ հիշեցնում են հաջորդող դարաշրջանի վոկալային և գործիքային արիաներ։ Տարբերակվում են հոգևոր և հասարակական տաղեր։ Առաջիններն ավելի ծավալուն են, քան հասարակականները։ Տաղը, որպես երաժշտական ժանր, հիմնականում զարգացել է 10-րդ դարում՝ գլխավորապես Գրիգոր Նարեկացու շնորհիվ։ Հոգևոր տաղերը ի տարբերություն շարականների՝ կանոնավոր երգեր չէին․ տոնախմբություններին և արարողություններին կատարվում էին տվյալ իրադարձությանը ավելի տոնական տեսք տալու համար։ Հասարակական տաղը ավելի ցայտուն կերպով զարգանում է Ֆրիկի ստեղծագործություններում (XIII դար)։ Տաղերի ուշ միջնադարյան հեղինակներից հայտնի են Հովհաննես Թլկուրանցին, Մկրտիչ Նաղաշը, Մինաս Թոխատեցին, Պետրոս Կապանցին, որոնց ստեղծագործություններից մի քանիսը պահպանվել են խազերի տեսքով։ Ամենահայտնի հասարակական տաղերից մեկը՝ «Կռունկ»-ը, որը ստեղծվել է ուշ միջնադարում, պահպանվել է XVII դարի տեքստերում։ Կրոնական տաղերի և գանձերի ուշ միջնադարյան հեղինակներից առավել հայտնի են Առաքել Սյունեցին, Մաթեոս Դվուգաեցին, Գրիգոր Խլաթեցին, Առաքել Բաղիշեցին և այլք։ Հասարակական տաղերի հնադարյան ժողովածուն տպագրվել է Վենետիկում 1513 թվականին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդվարդ Ֆոլի «Worship music: a concise dictionary», էջ 20, 2000 թ