Միաբնակներ, քրիստոնեական աստվածաբանական ուսմունքի (միաբնակության) հետևորդներ։ Միաբնակներն, ի հակադրություն երկաբնակների, ընդունում էին Հիսուս Քրիստոսի միայն աստվածային բնույթը։ Միաբնակությունը ծնունդ է առել 431 թվականի Եփեսոսի տիեզերական ժողովից հետո։ Կ․ Պոլսի վանահայր Եվտիքեսը միաբնակության սկզբունքը հասցրեց ծայրահեղության (Քրիստոսի մեջ մարդկային բնությունը կլանված է աստվածայինով)։ Եվտիքեսյան Միաբնակները, 451 թվականի Քաղկեդոնի տիեզերական ժողովում քննադատվեցին, և հաստատվեց երկաբնակությունը։ Ալեքսանդրիայի, Եփեսոսի, Ասորիքի, Պաղեստինի եկեղեցիները չընդունեցին Քաղկեդոնի որոշումները։ Հայաստանյայց եկեղեցին 506 թվականի Դվինի եկեղեցական ժողովում դատապարտեց թե՛ եվտիքեսյաններին, թե՛ քաղկեդոնականներին՝ հավատարիմ մնալով 431 թվականի Եփեսոսի տիեզերական ժողովի վարդապետությանը, ըստ որի Հիսուս Քրիստոսի մեջ աստվածայինն ու մարդկայինը միավորված են անխառն ու անբաժանելի կերպով։ Աստիճանաբար դավանաբանական հարցերի կողքին նշանակալի է դառնում միաբնակության քաղաքական ուղղվածությունը՝ Բյուգանդական կայսրությունից արևելյան մարզերի անջատման ձգտումը։ Միաբնակների և երկաբնակների հակադրությունը լուծելու փորձ էր միակամությունը։ Ներկայումս ուղղափառ միաբնակ են Հայաստանյայց առաքելական, Հակոբիկյան, Ղպտի, Եթովպական և Հնդիկ Մալաբար եկեղեցիները, որոնք հայտնի են նաև «Հնագույն արևելյան եկեղեցիներ» անունով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 522)։