Jump to content

Վանական Վարդապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանական Վարդապետ
Ծնվել է1181
Մահացել է1251
Մասնագիտությունպատմաբան և հոգևորական
ԱշխատատուԽորանաշատ վանք

Վանական Վարդապետ, Վանական Վարդապետ Տավուշեցի կամ Հովհաննես Տավուշեցի (1181 - 1251), հայ աստվածաբան, մեկնիչ, մատենագիր, մանկավարժ, պատմագիր և տոմարագետ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանել է Նոր Գետիկի դպրոցում, 1201 թվականին ձեռնադրվել է քահանա, դարձել Մխիթար Գոշի աշակերտն ու օգնականը։ Մասնակցել է Լոռեի (1204 թ.) և Անիի (1207 թ.) եկեղեցական ժողովներին։ 1207–1208 թթ. ստացել է վարդապետի աստիճան, այնուհետև վերադարձել Տավուշ, ուր Վահրամյան իշխանների դրամական հովանավորությամբ հիմնադրել է Խորանաշատի վանքը։ Որոշ բանասերներ վանքի կառուցումը նշում են 1191 թվականը, սակայն վանքի վրա պահպանված շինարարական չորս արձանագրությունները կրում են 1211, 1216, 1220 և 1222 թվականները։ Այդ արձանագրություններից պարզ է դառնում, որ 1220 թվականին դեռ ավարտված չի եղել եկեղեցու շինարարությունը, իսկ 1222 թվականին՝ նաև գավթինը։ Դրանից հետևում է նաև որ Խորանաշատ վանքի կառուցումը 1191 թվականին վերագրելը հակասում է գոյություն ունեցող պատմական փաստերին։ Անհավանական է նաև այն ենթադրությունը, ըստ որի վանքի կառուցումը պետք է սկսված լինի 1191 թվականին, որովհետև այդ ժամանակ Հովհաննես Տավուշեցին դեռ գտնվում էր Նոր Գետկա վանքի դպրոցում։

Խորեզմի շահ Ջալալեդդին դեպի Թբիլիսի կատարած իր արշավանքների ճանապարհին, 1225 թվականի վերջերին ավերել է նաև Խորանաշատ վանքը։ Հովհաննես Տավուշեցին իր մի խումբ սաների հետ փախչել, իրենց հետ տանել վանքի ձեռագիր գրքերն ու թանկարժեք սպասքները։ Նրանք գնացել են վանականի հայրենի գյուղը և Ոլորուտ գյուղի դիմաց, ժայռի մեջ փորել են քարանձավ, որի մեջ նաև եկեղեցի և շարունակել ուսուցումը։ Իսկ երբ ունկնդիրների թիվը շատացել է և քարանձավում նրանք չեն տեղավորվել, նրանք իջել են քարափի ստորոտը և կառուցել իրենց համար բնակելի շենքեր և եկեղեցի[2]։

1235–1236 թթ. մոնղոլական արշավանքի ժամանակ գերեվարվում է, իսկ մի քանի ամիս անց 80 դահեկան փրկագնով ազատ արձակվում՝ շարունակելով իր ուսումնա-մանկավարժական գործունեությունը Խորանաշատի վանքը վերականգնելուց հետո։ 1240 թվականին Ներքին Խաչենի իշխան Հասան Ջալալ Դոլայի հրավերով մասնակցել է Գանձասարի վանքի օծմանը։ Այդ զորաբանակից մի զորախումբ, Մոլար Նուինի գլխավորությամբ, Շամքոր քաղաքի վրայով առաջ է շարժվել Տավուշ գետի վրայով և 1236 թվականի ամռան սկզբներին գրավել Տաուշ ամրոցը։ Հովհաննես Տավուշեցին իր աշակերտների և գյուղի բնակիչների հետ փախել են թաքնվել ժայռերում։ Մոնղոլ զավթիչները պաշարել են ժայռերը և նրանց գերի վերցրել։ Այդ ամենին մասնակցել է նաև Կիրակոս Գանձակեցին, որը թողել էր Գոշավանքը և եկել աշակերտելու Հովհաննես Տավուշեցու մոտ։ Ըստ Գանաձակեցու՝ Հովհաննես Տավուշեցին հանդիպել է մոնղոլ հրամանատարի հետ՝ գերիներին բաց թողնելու նպատակով, սակայն նա կողոպտվել է և նույնպես գերեվարվել։ Գերիներից որոշներին հաջողվում է փախչել, իսկ որոշներին բռնում են և տանջամահ անում։

Վանական Վարդապետը գործուն մասնակցություն է ունեցել իր ժամանակի դավանաբանական կնճռոտ հարցերի քննմանը։ Այսպես, 1250 թվականին բանադրել է Դավիթ Ծարեցու 13-րդ դարի 40–50-ական թթ. գլխավորած աղանդավորական շարժման մասնակիցներին։

Նա մահացել է 1251 թվականի մարտի 18-ին և իր կտակի համաձայն թաղվել իր կառուցած վանքի մերձակայքում գտնվող աղքատների գերեզմանոցում։

Գործունեություն ու գրական ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանական Վարդապետի աշակերտներից են Վարդան Արևելցին, Կիրակոս Գանձակեցին, Գրիգոր Ակներցին, Սոսթենեսը և այլ գործիչներ։ Հեղինակ է հարուստ ու բազմաբովանդակ գրական ժառանգության, այդ թվում՝ «Պատմության» (Հայաստանի պատմության շարադրությունը սկզբից մինչև հեղինակի ապրած օրերը), որը մեզ չի հասել։

Վանական Վարդապետի աստվածաբանական երկերից արժանահիշատակ են Հոբի գրքի մեկնությունը («Մեկնութիւն Յոբայ»), «Բացատրութիւն աղօթից Ամբակումայ մարգարէի» («Ճռաքաղ», 1858 թ.), «Համեմատութիւն Հին Կտակարանայ ի Նորս», «Տեսութիւն շարականին Ուրախացիր պսակ կուսից», «Մեկնութիւն սաղմոսին Այսծով Մեծ», «Խրատ դաւանութեան» (գրվել է Ս. Հոգու բխման հարցի վերաբերյալ հռոմեա-բյուզանդական դավանաբանական վեճի առթիվ), «Պատճառք վասն առաջաւորաց պահոց», «Յաղագս տարեմտին» ճառը և այլն։

Գրել է աստղաբաշխությանը և տոմարագիտությանը վերաբերող երկեր՝ օգտվելով Անանիա Շիրակացու աշխատություններից, որոնք հավելել է իր դիտարկումներով։

Վանական Վարդապետի գրչին է պատկանում նաև «Հարցմունք և պատասխանիք» ծավալուն երկը, որն ըստ էության ուսումնական ձեռնարկ է, պարունակում է բոլոր այն գիտելիքները, որոնք պարտավոր էին սերտել ուսման սկզբում նրա վարդապետարանի աշակերտները։ «Հարցմունք և պատասխանիք»-ն ամփոփում է 13-րդ դարի հայ իրականության պատկերացումներն ու իմացությունը պատմության, ազգագրության, հավատալիքների, իմաստասիրության, մատենագրության, մատենագիտության, կենսաբանության, բուսաբանության, բժշկագիտության, աստղաբաշխության, երաժշտագիտության, բառագիտության, քերականագիտության, դավանաբանության, աստվածաբանության և այլնի վերաբերյալ[3]։

  1. Խաչատրյան, Հայկ (2003). Հայոց Հնօրյա Զվարճախոսները. Երևան: «Ամարաս». էջ 119.
  2. Կիրակոս Գանձակեցի, էջ 333
  3. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 958
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 266