Քարոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bloch-SermonOnTheMount.jpg

Քարոզ, քրիստոնեական հավատի ուսուցման և տարածման միջոց, կրոնադավանական, բարոյախրատական պատվիրանների հրապարակային ուսուցում, խրատ: Քարոզ է կոչվում նաև եկեղեցու բեմից հոգևորականի՝ ժողովրդին ուղղված խոսքը:

Լայն առումով վաղքրիստոնեական լեզվում հասկացվել են նաև հավատացյալներին և քրիստոնյա առաջին համայնքներին ուղղված թղթերը, ավելի ուշ՝ ճառերը:

Քարոզի առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմատիկ առումով թղթերից և ճառերից քարոզը տարբերվում է նրանով, որ ավելի շատ նվիրված է ոչ թե կրոնադավանական զանազան հարցերի արծարծմանն ու բացատրությանը, այլ՝ այդ հասկացությունների միջոցով ունկնդրի և ընթերցողի վրա ներազդելուն՝ նրան մղելով ապրել քրիստոնյա հավատով և բարոյականությամբ:

Քարոզը, ունենալով ընդհանուր ճանաչողական, մեկնողական, ջատագովական և ներբողային բնույթ, հիմնականում բարոյադաստիարակչական է:

Քարոզի ժամանակ քրիստոնեական հիմնական հավատալիքները՝ Սուրբ Երրորդություն, Քրիստոսի Աստվածություն, Մարդեղություն, Փրկագործություն ևն, փոխանցվում են ժողովրդին ոչ թե դավանաբանական խրթին բանաձևումներով, այլ՝ բարոյական սկզբունքների հետ ընդելուզված ձևով: Քրիստոնեական քարոզի առարկան Քրիստոսի քարոզած խոսքերն ու ճշմարտություններն են, որոնք ուղղակի, անմիջական աղերս ունեն մարդկանց առօրյա կյանքի, ապրելակերպի, գործերի և փոխհարաբերությունների հետ:

Քարոզխոսության բարձրագույն նպատակը Քրիստոսի անձի և գործի մշտնջենական վերակենդանացումն է եկեղեցու հավատացյալների գիտակցության և կյանքի մեջ:

Քարոզի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարոզի կարևորությունը, անհատի ու հասարակության վրա ունեցած ներազդեցությունը շեշտվում է դեռևս Հին կտակարանում, իսկ Նոր կտակարանում թե՛ Հովհաննես Մկրտչի, թե՛ Քրիստոսի և թե՛ առաքյալների գործունեությունն սկսվում է քարոզով: Առաքյալներին պատվիրելով տարածել նոր վարդապետությունը՝ Հիսուսն ասում է. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և քարոզեցեք Ավետարանը բոլոր մարդկանց» (Մարկ. 16.15):

Քարոզությունը Քրիստոսի առաքելության տարածման գլխավոր միջոցն է: Քանի որ առաքյալների գործունեությունն սկսվել է քարոզությամբ, քրիստոնեության վաղ շրջանում ավետարանելը և քարոզելը նույնացվել է ու միմյանց համարժեք ներկայացվել: Հետագայում քարոզի գործառնական նշանակությունը փոխվել է: Եթե սկզբնական շրջանում այն ծառայել է ավետարանական քարոզչությանը, քրիստոնեության տարածմանն ու ամրապնդմանը, ապա ավելի ուշ՝ քրիստոնեական գաղափարների, արժեքների և բարոյականության անխաթար պահպանմանը, այսինքն՝ ավետարանելուն փոխարինել է ավետարանված գաղափարներին հետևելու քարոզությունը: Եթե ավետարանելը ծառայում է նոր կրոնի տարածմանը, անհատական և հաս. գիտակցության հեղաբեկմանը, ապա քարոզը՝ ընդունված հոգևոր-բարոյական նորմերից չշեղվելուն (որն իրականացվում է հրապարակախոս. ներազդման միջոցով):

Քարոզը և Քրիստոսի խոսքի տարածումը, սկսած առաքելական շրջանից, եկեղեցու հովիվների կյանքի և գործունեության կարևոր տեղն է գրավում: Քարոզությունը առաքյալներից և առաքելական հայրերից փոխանցվել է Ընդհանրական եկեղեցու հայրերին, և քարոզը դարձել է հեթանոսության դեմ մղվող պայքարում քրիստոնեության գլխավոր զենքը: Եկեղեցու առաջին չորս դարերի հայրերը հռչակվել են իրենց կենդանիքարոզխոսությամբ, որը հիմնականում կրել է ջատագովական բնույթ: Քարոզի ներգործուն ուժը և թողած տպավորությունը լավագույնս արտահայտվել է Ընդհանրական եկեղեցու հռչակավոր հայրերից Հովհան Ոսկեբերանին տրված «Ոսկեբերան» բնորոշման մեջ:

Քարոզը Հայոց եկեղեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարոզն իր գործուն ազդեցությունն է ունեցել նաև հայոց կյանքում, մեծ կարևորություն և նշանակություն ստացել Հայ եկեղեցում: Հայոց դարձը սկսվել է քարոզությամբ: Գրիգոր Ա Լուսավորիչը Խոր վիրապից ելնելուց հետո իր քարոզությամբ ժողովրդին նախապատրաստել է քրիստոնեության ընդունմանը: Գրիգոր Ա Լուսավորիչով սկիզբ առած հայկական քարոզխոսությունն իրենց հովվական և ուսուցողական գործունեությամբ շարունակել են Հայ եկեղեցու հայրերը (Ներսես Ա Մեծ, Մեսրոպ Մաշտոց, Սահակ Ա Պարթև, Հովհաննես Ա Մանդակունի, Հովհաննես Գ Օձնեցի, Ներսես Շնորհալի, Ներսես Լամբրոնացի, Եսայի Նչեցի, Հովհան Որոտնեցի, Գրիգոր Տաթևացի, Մաղաքիա Օրմանյան, Եղիշե Դուրյան և ուրիշներ), որոնք նաև իրենց ժամանակի մեծագույն քարոզիչներն են եղել:

Քարոզխոսությունն այնքան է կարևորվել, որ Գրիգոր Տաթևացին այն ավելի հեղինակավոր դարձնելու նախապայման է համարել վարդապետական իշխանություն ունենալը: Վարդապետական և ծայրագույն վարդապետական գավազանի տվչությունը, որպես նշան ուսուցողական, քարոզչական իշխանության, խորհրդանշում է Հայ եկեղեցում քարոզխոսության կարևորությունն ու արժեքը:

Քարոզի կառուցվածքը և բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարոզի կառուցվածքին, ունեցած նշանակությանը, դերին ու ազդեցությանն անդրադարձել է Գրիգոր Տաթևացին իր «Վասն մեղաց լեզուի» և «Վասն երկրագործաց» քարոզներում, որոնցից առաջինը նվիրված է քարոզի մատուցման կերպին ու միջոցներին, երկրորդը՝ կառուցվածքին: Նա քարոզի ժանրային կառուցվածքը բաժանել է հինգ մասի՝ բնաբան, նախերգան, քարոզ, հորդորակ և օրհնություն: Քարոզը ասվում է բարձր տեղից, ըստ Սուրբ Գրքի՝ «պարիսպների գլխից» (Առակ. 1.21): Ժողովրդից վեր մի կետից քարոզելու գաղափարն իր արտահայտությունն է գտել նաև եկեղեցու ընդհանուր կառուցվածքում: Եկեղեցու բեմը, որի բարձրությունից քարոզում է քահանան, համաձայն քրիստ. խորհրդաբանության, միջանկյալ տեղ է գրավում երկնքի ու երկրի միջև: Աստվածաշնչում շեշտվում է նաև, որ քարոզը պետք է լինի հրապարակային: Դրա լավագույն օրինակը «Լեռան քարոզն» է (Մատթ. 5.1–12), որը նաև կոչվում է «փոքր Ավետարան», իսկ Խրիմյան Հայրիկի խոսքերով՝ «մարգարիտ Արքայության երկնից», և խտացված ձևով բովանդակում է քարոզած ճշմարտությունների բուն կորիզը: Ըստ Պողոս առաքյալի, քարոզը բխում է ոչ թե մարդկային կամեցողությունից կամ իմաստությունից, այլ՝ «աստվածային Սուրբ Հոգուց», և պետք է ասվի Սուրբ Հոգու զորությամբ ու վարդապետությամբ (Ա Կորնթ. 2.3–5, 11–14):

Քարոզը հիմնվում է Աստվածաշնչի, մասնավորապես՝ Նոր կտակարանի վրա: Սուրբ Գրքի ընթերցումից հետո քարոզիչը բեմ է բարձրանում և օրվա ընթերցումներից ընտրում իր քարոզի բնաբանը: Ավելի ուշ շրջանում բնաբաններ են ընտրվում նաև շարականներից և առանձին դեպքերում՝ հայ դասական մատենագրության՝ եկեղեցու կողմից նվիրագործված հատվածներից: Քարոզները, նվիրված լինելով օրվա տոնին կամ այդ օրը եկեղեցում կարդացվող սուրբգրային համապատասխան ընթերցվածին (սաղմոսներ, մարգարեական, առաքելական և ավետարանական հատվածներ, որոնք որոշված են հաստատուն կերպով), այնուհետև տվյալ տոնը շաղկապում են ժամանակի խնդիրներին և ազգային կարևոր իրադարձություններին, իսկ օրվա ընթերցվածների վրա խարսխված քարոզներում, նույն կերպ ավետարան. գաղափարներն արծարծելուց հետո, քարոզիչներն անդրադառնում են այն հարցին, թե որքանով են մարդիկ կարողանում հավատարիմ մնալ այդ գաղափարներին: Դրանով սուրբգրային մնայուն գաղափարներին, քրիստոնեական բարոյականությանը և արժեքներին հաղորդվում է արդիական հնչեղություն:

Քարոզը սոսկ իր բնաբանի մեկնությունը չէ, այլ ուղղված է տվյալ ժամանակի ունկնդրին, որի համար տարբեր ժամանակներում աստվածաշնչյան միևնույն մնայուն մտքի ու հոգևոր խորհրդի արտահայտությունն իմաստային տարբեր նրբերանգներ է ձեռք բերում և ըստ այդմ էլ ընկալվում ու կարևորվում:

Հայ եկեղեցու քարոզիչը, եթե եպիսկոպոս կամ վարդապետ է, կրում է իր իշխանությամբ տրված գավազանը: Քահանա քարոզիչը կրում է ձեռաց խաչ, սարկավագը՝ Ավետարան:

Հոգևորականը, «Ամեն»-ով ավարտելով քարոզը, ձեռքի խաչով խաչակնքում է՝ «կնքէ զբանն»: Ծիսական այս ընթացքի հոգևոր խորհրդի բացատրությունը Գրիգոր Տաթևացին խարսխում է Ղուկասի Ավետարանի «սերմը Աստծո խոսքն է» (Ղուկ. 8.11) և Մարկոսի Ավետարանի «Եվ լավ հողի մեջ սերմանվածները այն մարդիկ են, որ լսում են խոսքը և ընդունում ու պտուղ են տալիս...» (Մարկ. 4.20) խոսքերի վրա: Ըստ այդ զուգահեռի, քարոզը այն սերմն է, որ ծլարձակում է մարդու հոգում, այսինքն՝ ներազդում նրա վրա, և ինչպես հողագործները սերմանելուց հետո ջրում են, նույն կերպ և քարոզիչները քարոզելուց հետո խաչով կնքում են, այսինքն՝ օրհնում այն հոգիները, որտեղ սերմանել են «Բանն Աստուծոյ»: Գրիգոր Տաթևացին զգուշացնում է նաև, որ քարոզը կարող է ներազդել միայն այն դեպքում, եթե քարոզիչը հետևում է իր քարոզածին և ապրում իր քարոզած կյանքով:

Քարոզը` եկեղեցական մատենագրության ժանր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու հայրերը և մատենագիրները Քրիստոսի խոսքի մեկնության և տարածման համար գրել են քարոզներ, որոնք հայոց մեջ երբեմն հայտնի են ճառ անունով: Դրանք ունեցել են աստվածաբանական, դավանաբանական, փիլիսոփայական, մեկնողական, ջատագովական, ներբողական, բարոյադաստիարակչական բնույթ և եկեղեցական քարոզխոսության ու հրապարակախոսության լավագույն նմուշներից են: Հայկական քարոզագրությունն սկսվել է V դ., Աթանաս Ալեքսանդրացու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու, Եփրեմ Ասորու, Հովհան Ոսկեբերանի, Կյուրեղ Ալեքսանդրացու և եկեղեցու այլ նշանավոր հայրերի ճառերի թարգմանությամբ ու մեկնությամբ: Քարոզներից կազմվել են ժողովածուներ՝ Քարոզգրքեր: Գրիգոր Ա Լուսավորչին վերագրվող «Յաճախապատում ճառք»-ը և Հովհաննես Ա Մանդակունուն վերագրվող «Ճառք»-ը Հայ եկեղեցու առաջին Քարոզգրքերն են: Հայ քարոզագրության լավագույն նմուշներից է Գրիգոր Տաթևացու «Գիրք քարոզչութեանը»` իր «Ամարան» և «Ձմերան» հատորներով:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեր - Մկրտչյան Կ., Քարոզի նշանակությունը և գործադրության եղանակը, «Արարատ», 1895, դ 2, էջ 41–43:
  • Կյուլեսերյան Բ., Քարոզելու արվեստը, «Լույս», 1905, դ 3, էջ 49–54:
  • Հովսեփյան Գ., Դեպի լույս և կյանք, Անթիլիաս, 1986, էջ 7–10:
  • Գարեգին Ա, Համառոտ ձեռնարկ հովվական աստվածաբանության, Էջմիածին, 1995:
  • Վարդանյան Մ., Քարոզը որպես միջնադարյան հրապարակախոսության հոգևոր արտահայտություն, «Էջմիածին», 2000, դ 4:

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png