Սիմպլիկիոս (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիմպլիկիոս
լատ.՝ Simplicius PP.
Sansimpliciopapa.jpg
47-րդ Հռոմի Պապ
468 թվականի մարտի 3 — 483 թվականի մարտի 10
Եկեղեցի՝ Կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝ Հիլարիոս
Հաջորդող Փելիքս III (II)
 
Մասնագիտություն հոգևորական և կաթոլիկ քահանա
Ծնունդ մոտ. 420
Տրիվոլի, Իտալիա
Մահ մարտի 11, 483
Հռոմ, Իտալիա
Թաղված է Հռոմի Սուրբ Պետրոս տաճար

Սիմպլիկիոս (լատ.՝ Simplicius PP.,մոտ. 420, Տիվոլի, Հռոմ, Լացիո, Իտալիա - մարտի 11, 483, Հռոմ, Kingdom of Italy), Հռոմի պապ 468 թվականի մարտի 3-ից մինչև 483 թվականի մարտի 10-ը: Նրա օրոք կործանվեց Արևմտյան Հռոմեական Կայսրությունը, իսկ Օդոակրը դարձավ Իտալիայի տիրակալը: Միևնույն ժամանակ Սիմպլիկիոսը փորձել է պահպանել հռոմեական ամբիոնի հեղինակությունը և դավանաբանական վեճերի մեջ է մտել Կոստանդնուպոլիսի պատրիարք Ակակիոսի և բյուզանդական կայսր Զենոնի հետ:

Ընտրությունը և սոցիալ-քաղաքական իրավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Liber Pontificalis-ի համաձայն՝ Սիմպլիկիոսը ծնունդով Տիվոլիից էր, Կաստինո անունով մի քաղաքացու որդի: Հիլարիոս պապի մահից հետո, 468 թվականին Սիմպլիկիոսը միաձայն ընտրության արդյունքում հաջորդեց նրան:

Սիմպլիկիոսի պոնտիֆիկատը նշանավորվել է մի քանի իրադարձություններով, որոնք առանցքային են դարձել աշխարհի և ամբողջ կայսրության պատմության մեջ:

455 թվականին Վալենտինիանոս III կայսեր սպանությանը հաջորդեց թույլ կայսրերի շարքը, որոնք չէին կարողանում դիմակայել պատերազմի և ապստամբությունների մշտական սպառնալիքներին՝ գտնվելով իրենց ֆավորիտների ազդեցության տակ։ Նրանցից մեկը՝ Ռիցիմերը, սուր հակամարտության մեջ մտավ կայսր Անտեմիոսի հետ, ով նրան փեսան էր, և համաձայնագիր կնքեց սենատոր Օլիբրիոսի՝ Արևելյան Հռոմեական կայսրության Եվդոքսիայի կայսրուհու որդու հետ, վերջինիս գահ բարձրացնելու օգնության մասին: Պաշարումից հետո, սովահար և ժանտախտահար, 472 թվականի հուլիսին Հռոմը գրավվեց ու թալանվեց Ռիցիմերի զորքերի կողմից։ Անտեմիոսը սպանվեց, բայց համաճարակը նույն տարում սպանեց նաև Ռիցիմերին և նոր կասր Օլիբրիոսին: Հենց այս իրավիճակում, բայց մի փոքր ավելի ուշ՝ 476 թվականին, Օդոակրի հերուլները մտան Իտալիա։ Գրեթե ոչ մի դիմադրություն չհանդիպելով՝ Օդոակրը դարձավ երկրի տերը՝ գահընկեց անելով Հռոմի վերջին կայսեր Հռոմուլոս Օգոստուլոսին և Սենատի համաձայնությամբ ու մի փոքր ավելի ուշ՝ Արևելյան կայսր Զենոնի կողմից ճանաչվելով՝ ընդունեց Իտալիայի թագավորի տիտղոսը: Լինելով արիոսական՝ Օդոակրը հանդուրժողականորեն է վերաբերվել կաթոլիկ եկեղեցուն։ Նա նաև պահպանեց գոյություն ունեցող վարչական կառուցվածքը, այնպես որ Հռոմի կյանքում էական փոփոխություններ տեղի չունեցան: Գրեգորովիուսի կարծիքով՝ հենց Օդոակրն է «Եկեղեցին ազատել Արևմուտքի կայսեր ճնշումից, և պապությունը սկսել է վերելք ապրել, իսկ Հռոմեական եկեղեցին սկսել է ամրանալ՝ իրենով փոխարինելով կայսրությունը»:

Վեճեր մոնոֆիզիտների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնոֆիզիտական բանավեճի ընթացքում, որով համակվել էր Արևելյան Հռոմեական կայսրությունը, Սիմպլիկիոսը բյուզանդական կայսրերի կեսարապապականությունից եկեղեցու անկախության և հավատքի հարցերում՝ Հռոմեական եկեղեցու հեղինակության ակտիվ ջատագովն էր: Քաղկեդոնի տիեզերաժողովի (451 թվական) քսանութերորդ կանոնով Կոստանդնուպոլսի աթոռին տրվեց այն նույն արտոնությունները, որոնք ուներ Հռոմի եպիսկոպոսը: Պապական լեգատները, պապի հրամանով, հանդես եկան բյուզանդական պատրիարքի դիրքի բարձրացման դեմ։ Կոստանդնուպոլսի պատրիարքը, սակայն, փորձում էր ամրագրել այդ որոշումները, և կոչ արեց Լևոն 2-րդ կայսերը՝ ձեռք բերել Սիմպլիկիոսի համաձայնությունը։ Սակայն Հռոմի պապը մերժեց կայսեր պահանջները:

Վասիլիսկոսի ապստամբությունների արդյունքում 476 թվականին Զենոն կայսրն աքսորվեց և ուժեղացվեց մոնոֆիզիտական բանավեճը, քանի որ նոր կայսրը տապալեց Ալեքսանդրիայի և Անտիոքի հայրապետներին՝ Տիմոթեոսին և Պետրոսին։ Միևնույն ժամանակ, մոնոֆիզիտ Վասիլիսկոսը կրոնական հրամանագիր (Enkyklikon) հրապարակեց՝ ճանաչելով միայն առաջին երեք տիեզերական ժողովները և մերժելով Քաղկեդոնական երկու ժողովները: Բոլոր եպիսկոպոսները պետք է ստորագրեին այդ փաստաթուղթը։ Կոստանդնուպոլսի պատրիարք Ակակիոսը (471 թվականից) պատրաստվում էր հրաման արձակել, սակայն կղերի դիրքորոշումը ստիպեց նրան դիմակայել կայսրին և պաշտպանել հավատը: Կոստանդնուպոլսի վանքերի վանահայրերն ու հոգևորականները աջակցեցին Սիմպլիկիոսին, ով ամեն ինչ անում էր Քաղկեդոնի ժողովի որոշումները պաշտպանելու համար։ Ակակիոսին, վանահայրերին, քահանաներին և կայսրին ուղղված նամակներում պապը կոչ էր անում չառանձնանալ Հռոմից: Երբ Զենոն կայսրը 477 թվականին տապալեց Վասիլիսկոսին, Հռոմի պապը նրան հավատքի խորհրդանիշով նամակ հղեց՝ լիովին հավատարիմ մնալով Քաղկեդոնի ժողովի սկզբունքներին: Սիմպլիկիոսը շնորհավորեց նրան գահին վերականգնելու առթիվ և կոչ արեց գոհաբանել Եկեղեցու ազատությունը վերականգնել ցանկացող Տիրոջը:

Զենոնը չեղարկեց Վասիլիսկոսի հրամանագրերը և վերականգնեց Ալեքսանդրիայի և Անտիոքի պատրիարքներին: Ալեքսանդրիայի մոնոֆիզիտները, սակայն, որպես Տիմոթեոս պատրիարքի իրավահաջորդ, պահանջեցին նշանակել Պետրոս Մոնգին: Հռոմի պապի և Արևելյան կաթոլիկների կողմից աջակցվող Զենոնն արտաքսեց Պետրոս Մոնգին, բայց վերջինիս հաջողվեց թաքնվել Ալեքսանդրիայում, որտեղ մոնոֆիզիտների ուժի հանդեպ վախը պահպանվում էր կայսրական ուժի կիրառումով։  Ակակիոսի խնդրանքով պապը, որպես հերետիկոսների, դատապարտեց Պետրոս Մոնգին, ինչպես նաև Պավել Էֆեսսացուն և Հովհաննես Ապամեացուն:

Զենոնի կողմից նշանակված Տիմոթեոս Սալոֆակիոլի մահից հետո Ալեքսանդրիայի պատրիարք դարձավ Հովհաննես I Թալայան, բայց նա հրաժարվեց ստորագրել Հենոտիկոնը՝ «Միասնության բանաձևը», Զենոնը վտարեց նրան և նոր պատրիարք հռչակեց Պետրոս Մոնգին։ Վերջինս համաձայնեց ստորագրել Հենոտիկոնը, սակայն Սիմպլիկիոսը բողոքի ձայն բարձրացրեց՝ հերետիկոսին հայրապետական պաշտոնում նշանակելու կապակցությամբ։ Այս վեճը պատմության մեջ է մտել որպես ակակիոսական հերձված (սխիզմա)՝ սա պառակտում էր, որը շարունակվեց մինչև 519 թվականը, երբ Արևելյան Հռոմեական կայսրության կայսր Հուստինիանոս I-ը որոշեց չեղարկել Հենոտիկոնը: Հռոմի պապն ընդունեց Թալայայի կողմից ուղարկված դեսպաններին, ովքեր խնդրում էին ճանաչել նրա ընտրությունը որպես պատրիարք, նա նաև նամակ ստացավ կայսեր կողմից, որում Թալայան մեղադրվում էր կեղծ վկայության և կոռուպցիայի մեջ։ Ի պատասխան՝ Ակակիոսը ժամանակավորապես դադարեցրեց շփումը պապի հետ՝ նույնիսկ կարևոր հարցերի շուրջ նրան նամակներ չուղարկելով։ Երբ Թալայան 483 թվականին վերջապես ժամանեց Հռոմ, Սիմպլիկիոսը արդեն մահացած էր:

Եկեղեցու ներքին գործերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Եվրոպայում բարբարոսների միգրացիայի հետևանքով առաջացած բարդ իրավիճակին, Սիմպլիկիոսը հաջողությամբ ղեկավարել է եկեղեցական կառույցը արևմուտքում: Նա Իսպանիայում պապական փոխանորդ էր նշանակել Զենոնին՝ Սևիլիայի եպիսկոպոսին՝ նրան դարձնելով իր լիազոր ներկայացուցիչը Պիրենեյներում:

Շարունակելով իր նախորդի կուրսը՝ Սիմպլիկիոսը Հռոմում կառուցել է չորս նոր եկեղեցիներ: Նա առաջին անգամ Ֆաունի հեթանոսական տաճարը վերակազմավորել է քրիստոնեական բազիլիկ եկեղեցու՝ նվիրված Ստեփանոս Նախավկային։ Վերջինիս Սիմպլիկիոսը նվիրել է ևս մեկ եկեղեցի Ս. Լորենցոյի մոտ, իսկ Էսկվիլինի եկեղեցին կառուցել է ի պատիվ Անդրեաս առաքյալի։ Բացի այդ, նա կառուցել է եկեղեցի, որը դեռևս գոյություն ունի, այն ի պատիվ Սուրբ Բիբիանի է, Juxta Palatium Licinianum, որտեղ Սրբի գերեզմանն էր:

Պապի մահվանը հաջորդած իրադարձությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմպլիկիոսը թաղվել է Սուրբ Պետրոսի տաճարի գավթում։ Ավելի ուշ նրա աճյունը տեղափոխվել է բազիլիկի պոլիանդրիա, և այդ ժամանակից ի վեր այն կորցվել է: Liber Pontificalis-ը թաղման օր է նշում մարտի 10-ը: Այդ օրը նրա ամենամյա հիշատակի օրն է: Հռոմեական մարտիրոսագրության մեջ (1586) Սիմպլիկիոսի մասին ասվում է՝

«Մարտի 10-ին Հռոմում, Սուրբ Պետրոսի տաճարում, վախճանվեց Սուրբ Սիմպլիկիոսը ՝ Հռոմի պապ, ով Իտալիայում ներխուժման և բարբարոսների կողմից քաղաքի գրավման պահին մխիթարում էր տառապյալներին, խրախուսում Եկեղեցու միասնությունն ու հավատի ամրությունը»:

Նրա մահից հետո Օդոակրը փորձ արեց ազդել նոր պապի նշանակման վրա։ Վասիլի քաղաքի պրեֆեկտին նա հայտարարեց, թե Սիմպլիկիոսը ինքն է խնդրել թագավորին հրաման արձակելու, որով ոչ ոք չպետք է Հռոմի եպիսկոպոս կարգվի առանց իր հավանության: Հռոմեական հոգևորականությունը դեմ հանդես եկան այս հրամանագրին, որով սահմանափակում էր նրանց ընտրության իրավունքը, և շարունակեցին հետևել Հոնորիոս կայսեր հրամանագրին, որով Հռոմի պապ կարող էր ճանաչվել միայն նա, ում ընտրությունն անցել է կանոնական ձևով՝ Աստծո հավանությամբ և համընդհանուր համաձայնությամբ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ковальский Я. Период II. Под опекой Римской империи // Папы и папство.
  • «Симплиций, папа»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  • Catholic Encyclopedia, Volume XIV New York 1912, Robert Appleton Company.
  • Liber pontificalis, ed. Duchesne, I, 249—251;
  • Claudio Rendina, I Papi. Storia e segreti, Roma, Newton & Compton, 1983.