Կալիստոս II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կալիստոս II
լատ.՝ Calixtus, Callistus PP. II
Callistus II.png
162-րդ Հռոմի պապ
2 փետրվարի 1119 թվական — 13 դեկտեմբերի 1124 թվական
Եկեղեցի՝ Հռոմեա-կաթոլիկական եկեղեցի
Նախորդող՝ Գելասիոս II
Հաջորդող Ոնորիոս II
 
Մասնագիտություն դիվանագետ, հոգևորական և կաթոլիկ քահանա
Ծննդյան անուն կոմս Գվիդո կամ Գի Բուրգունդացի
Բնօրինակ անուն
ծննդյան պահին:
ֆր.՝ Gui, Guy de Bourgogne
Ծնունդ մոտ 1060 թվական
Կենժե, Ֆրանսիա
Մահ դեկտեմբերի 13, 1124[1]
Հռոմ, Իտալիս
Թաղված է Լաթերանյան բազիլիկ եկեղեցի
Դինաստիա՝ Anscarids
Հայր William I, Count of Burgundy?
Մայր Stephanie of Burgundy?

Կալիստոս II (լատ.՝ Calixtus, Callistus PP. II; աշխարհիկ անունը՝ կոմս Գվիդո կամ Գի Բուրգունդացի, ֆր.՝ Gui, Guy de Bourgogne; 1065, Quingey, Սրբազան Հռոմեական կայսրություն - դեկտեմբերի 13, 1124[1], Հռոմ, Սրբազան Հռոմեական կայսրություն), Հռոմի Պապ 1119 թվականի փետրվարի 2-ից մինչև 1124 թվականի դեկտեմբերի 13-ը[2]:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գին Բուրգունդիայի կոմս Գիլիոմ I Մեծի չորրորդ որդին էր և Լուի VI Ֆրանսիացու մոտ բարեկամը, Իտալիայի թագավոր Արդուինի հորեղբոր տղան: Նրա քույրը՝ Գիզելան ամուսնացած էր Սավոյայի կոմս Հումբերտ II-ի, հետո՝ Ռանիերի Մոնֆերատսկու հետ: Մյուս քույրը՝ Մոդը, Բուրգունդիայի դուքս Էդա I-ի կինն էր: Նրա եղբայր Ռայմունդ Բուրգունդացին ամուսնացած էր Ուռակայի հետ, ով Լեոնի ժառանգորդուհին էր, նա նաև ապագա արքա Ալֆոնսո VII Լեոնացու հայրն էր: Նրա եղբայրը Հուգոն Բեզանսոնի արքեպիսկոպոսն էր[3]:

Վիեննայի արքեպիսկոպոս[խմբագրել | խմբագրել կոդը]

1088 թվականին Գին նշանակվում է Վիեննայի արքեպիսկոպոս և այդ կարգավիճակում մասնակցում է ինվեստիտուրայի դեմ մղվող պայքարին: Որպես արքեպիսկոպոս նա նշանակվում է Պասքալիս II պապի լեգատ Ֆրանսիայում: Պասքալիսը Սրբազան Հռոմեական կայսրության կասր Հենրիխ V-ի ճնշմամբ 1111 թվականին հրաժարվում է պապական առանձնաշնորհների մեծ մասից, որոնք ձեռք էր բերել Գրիգորիոս VII-ը: Գին իր հարազատների հետ Բուրգունդիայում և Ֆրանշ Կոնտեում ղեկավարել է կայսեր դեմ պայքարող պապական ընդդիմությունը:

Վերադառնալով Ֆրանսիա՝ Գին Վիեննայում անհապաղ ֆրանսիական և բուրգունդական եպիսկոպոսների ժողով հրավիրեց, ուր որպես հերետիկոսություն դատապարտվեցին հոգևորականության ձեռնադրության հետ կապված կայսրական հավակնությունները, իսկ Հենրիխ V-ը բանադրվեց, որովհետև նա բռնությամբ զիջումներ էր շորթել Տոնացուցակից: Ժողովում ընդունված որոշումները ուղարկվեցին պապին՝ դրանք հաստատելու խնդրանքով. պապը դրանք ստացավ 1112 թվականի հոկտեմբերի 20-ին [4]:

Պապություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակապապ Գրիգորիոս VIII ենթարկվում է Կալիստոս II-ին

Հենրիխ V-ի և Պասքալիս II-ի միջև դաժանագույն բախման ժամանակ Գալասիոս II հռոմեական պապը ստիպված եղավ փախչել Հռոմ: Արդյունքում Գալասիոսը մահացավ Կլյունի աբբայությունում, 1119 թվականի հունվարի 29-ին: Այստեղ էլ արքեպիսկոպոս Գի Բուրգունդացին, ով անգամ կարդինալ չէր, 1119 թվականի փետրվարի 2-ին ընտրվեց պապ: Ընտրություններին մասնակցեցին իննը կարդինալներ: Մեծ թվով մնացյալ կարդինալները գտնվում էին Հռոմում[5]: Նա որպես Կալիստոս II ձեռնադրվեց Վիեննայում 1119 թվականի փետրվարի 9-ին:

Սկզբնապես թվում էր, թե նոր պապը պատրաստ է բանակցելու Հենրիխ V-ի հետ, ով Ստրասբուրգում ընդունել էր պապական դեսպաններին և հրաժարվել էր աջակցել Հռոմում գահ բարձրացած Գրիգորիոս VIII հակապապին: Որոշվեց, որ պապը և կայսրը պետք է հանդիպեն Շատո-դե Մուսոնում, ոչ հեռու Ռեյմսից, և հոկտեմբերին Կալիստոսը Ռեյմսում, Լուի VI-ի և Ֆրանսիայի բարոնների մեծամասնության, ինչպես նաև ավելի քան չորս հարյուր եպիսկոպոսների և ավագերեցների մասնակցությամբ ժողով հրավիրեց: Հենրիխ V-ը անձամբ ժամանեց Մուսոն, բայց՝ ոչ միայնակ, ինչպես նախատեսվել էր, այլ՝ ավելի քան երեսուն հազարանոց բանակով:

Կալիստոս II-ը, վախենալով, որ այդ ուժը, հավանաբար, կօգտագործվի ճնշում գործադրելու նպատակով, մնաց Ռեյմսում: Այստեղ նա համառորեն փորձում էր հաշտեցնել եղբարներ Հենրիխ I Անգլիացուն և Նորմանդիայի դուքս Ռոբերտ II-ին: Այդ ընթացքում ժողովը որոշումներ կայացրեց ընդդեմ ինվեստիտուրայի և սիմոնիայի: Քանի որ ոչ մի փոխզիջում չկայացավ պապի և կայսեր միջև, 1119 թվականի հոկտեմբերի 30-ին Հենրիխ V-ը և նրա հակապապը հրապարակավ բանադրվեցին[4]:

Վերադառնալով Իտալիա, ուր Գրիգորիոս VIII-ին Հռոմում աջակցում էին կայսրական ուժերը և կայսեր իտալացի դաշնակիցները, Կալիստոս II-ը կարողացավ գահի համար պայքարում առաջնություն շահել: Նորմանական իշխանների օգնությամբ նա պաշարեց Սուտրի քաղաքը, որտեղ գտնվում էր հակապապը, և հարկադրեց քաղաքի բնակիչներին վերջինիս հանձնել իրեն. նրան բանտարկեց Սալեռնոյին մոտակա բանտում, իսկ հետո՝ Ֆումո ամրոցում[6]:

Sicut Judaeis[խմբագրել | խմբագրել կոդը]

1120 թվականին Կալիստոս II-ը արձակեց պապական Sicut Judaeis («Հրեաների մասին») բուլլան, որում շարադրված էր հրեաների հանդեպ վերաբերմունքի վերաբերյալ պապական պաշտոնական դիրքորոշումը: Սա պայմանավորված էր Խաչակրաց առաջին արշավանքով, որի ընթացքում ավելի քան հինգ հազար հրեաներ սպանվել էին խաչակիրների կողմից: Բուլլան ուղղված էր հրեաների պաշտպանությանը և կրկնում էր Գրիգորիոս I պապի դիրքորոշումը առ այն, որ հրեաները «օրինական ազատության» իրավունք ունեն[7]: Բուլլան արգելում էր քրիստոնյաներին եկեղեցիական բանադրանքի սպառնալիքով հրեաներին հարկադրել անցնելու քրիստոնեական հավատքին, վնասելու նրանց, խաչընդոտելու նրանց ծեսերն ու տոնակատարությունները:

Այս բուլլան հետագայում հաստատել են նաև Ալեքսանդր III, Կելեստինոս III (1191-1198), Ինոկենտիոս III (1199), Հոնորիոս III (1216), Գրիգորիոս IX (1235), Ինոկենտիոս IV (1246), Ալեքսանդր IV (1255), Ուրբանոս IV (1262), Գրիգորիոս X (1272—1274), Նիկողայոս III, Մարտին IV (1281), Հոնորիոս IV (1285—1287), Նիկողայոս IV (1288—1292), Կլիմենտ VI (1348), Ուրբանոս V (1365), Բոնիֆացիոս IX (1389), Մարտին V (1422) և Նիկողայոս V (1447) պապերը[8][9]:

Վորմսի կոնկորդատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիստոսի ամենակարևոր գործը եղավ Հենրիխ V-ի հետ Վորմսի կոնկորդատի կնքումը, ինչը վերջ դրեց ինվեստիտուրայի վերաբերյալ հիսունամյա վեճին:

Իտալիայում հաստատելով իր իշխանությունը՝ Կալիստոս պապը որոշեց ինվեստիտուրայի հարցով կրկին բանակցություններ վարել Հենրիխ V-ի հետ: Վերջինս ձգտում էր վերջ դնել առկա հակասություններին, որոնք վնաասում էին կայսրական իշխանությանը Գերմանիայում: Կալիստոսի կողմից երեք կարդինալներից բաղկացած դեսպանություն ուղարկվեց Գերմանիա, և 1121 թվականի հոկտեմբերին Վյուրցբուրգում ինվեստիտուրայի խնդրի վերջնական կարգավորման շուրջ բանակցություններ սկսվեցին: Ժողովի ժամանակ որոշվեց, որ հաշտության մասին պետք է հայտարարվի Գերմանիայում, իսկ Եկեղեցին պետք է պահպանի իր տիրույթների ազատ տիրապետումը և որ եկեղեցիական հողերը, որոնք զավթվել էին կայսրի կողմից, պետք է վերադարձվեն: Այս որոշումների մասին տեղյակ պահվեց Կալիստոսին, ով լեգատ Լամբերտին ուղարկել մասնակցելու Վորմսի սինոդին, որտեղ 1122 թվականի սեպտեմբերի 23-ին կնքվեց Վորմսի համաձայնագիրը՝ կոնկորդատը: Կայսրը մատանիով և գավազանով հրաժարվեց ինվեստիտուրայի իր հավակնություններից և հայտարարեց եպիսկոպոսների ընտրությունների ազատության մասին: Պապը, իր հերթին, ընդունեց, որ եպիսկոպոսները պետք է ինվեստիտուրա և գայիսոն ստանան աշխարհիկ իշխանության կողմից, որ եպիսկոպոսական ընտրությունները պետք է անցկացվեն կայսրի կամ նրա ներկայացուցիչների ներկայությամբ, որ ընտրությունների ժամանակ վիճահարույց իրավիճակներում կայսրը ձայնի իրավունք պետք է ունենա: Բուրգունդիայում և Իտալիայում պապը պահպանում էր իր՝ ինվեստիտուրայի բացառիկ իրավունքը՝ առանց կայսրի համաձայնության: Այս կոնկորդատի արդյունքում կայսրը իր ձեռքում պահեց եպիսկոպոսների ընտրությունների վրա ազդեցություն ունենալու լծակները Գերմանիայում, բայց այդ առումով զգալիորեն զիջումների գնաց Իտալիայի և Բուրգունդիայի դեպքում[10]:

Լաթերանյան առաջին ժողովը[խմբագրել | խմբագրել կոդը]

1123 թվականի մարտի 18-ին Լաթերանյան տաճարում հանդիսավորապես հաստատելով կոնկորդատը՝ պապը վճռեց, որ յուրաքանչյուր մարդ, ով խոստացել է խաչակիր լինել ընդդեմ անհավատների և չի կատարել իր խոստումը, ենթակա է բանադրանքի մեկ տարով: Ժողովի որոշումները վերաբերում էին նաև եկեղեցիական թալանչիներին և եկեղեցիական կեղծ փաստաթղթերին[4]:

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիստոս II-ը իր կյանքի վերջին մի քանի տարիները նվիրել է Կամպանիայի վրա պապական վերահսկողություն հաստատելու փորձերին և Վիեննայի արքեպիսկոպոսության՝ Առլյան ամբիոնի նկատմամբ առաջնարկարգության հաստատմանը: Նա նաև վերակառուցել է Հռոմի Սանտա Մարիա ին Կոսմեդին եկեղեցին: Կալիստոսից մնացել են մի քանի նամակներ և սրբերի կենսագրություններ:

Կալիստոսը մահացել է տենդից, 1124 թվականի դեկտեմբերի 13-ին, Լաթերանյան պալատում[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 AA.VV. Encyclopedia of Popes — 2000.
  2. 2,0 2,1 Կաղապար:Книга:Грегоровиус Ф.: История города Рима в Средние века
  3. Mary Stroll, Calixtus II (1119-1124): a pope born to rule (Brill, 2004)
  4. 4,0 4,1 4,2 Stroll, Calixtus II (1119-1124): a pope born to rule (2004)
  5. Miranda, Salvador. "Papal elections of the 12th Century (1100-1198)", The Cardinals of the Holy Roman Church
  6. MacCaffrey, James. "Pope Callistus II." The Catholic Encyclopedia. Vol. 3. New York: Robert Appleton Company, 1908. 1 Aug. 2014
  7. http://www.newadvent.org/cathen/14761a.htm Thurston, Herbert. "History of Toleration", The Catholic Encyclopedia, Vol. 14. New York: Robert Appleton Company, 1912
  8. Deutsch, Gotthard; Jacobs, Joseph. "Popes, The". The Jewish Encyclopedia, KTAV Publishing, New York, 1906, Accessed 12 July 2013.
  9. Simonsohn, Shlomo (1988). The Apostolic See and the Jews, Documents: 492-1404. Pontifical Institute of Mediaeval Studies, pp. 68, 143, 211, 242, 245-246, 249, 254, 260, 265, 396, 430, 507.
  10. Bruce Bueno De Mesquita, "Popes, kings, and endogenous institutions: The Concordat of Worms and the origins of sovereignty." International Studies Review (2000): 93-118. in JSTOR

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]