Jump to content

Գրիգորիոս X

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գրիգոր Xից)
Գրիգորիոս X
լատին․՝ Gregorius PP. X
184-րդ Հռոմի պապ
1 սեպտեմբերի 1271 թվական — 10 հունվարի 1276 թվական
Եկեղեցի՝ Հռոմեա-կաթոլիկական եկեղեցի
Նախորդող՝ Կլիմենտ IV
Հաջորդող Ինոկենտիոս V
 
Կրթություն Փարիզի համալսարան
Մասնագիտություն կաթոլիկ քահանա և գրող
Ծննդյան անուն Թեոբալդո Վիսկոնտի
Բնօրինակ անուն
ծննդյան պահին:
իտալ.՝ Teobaldo Visconti
Ծնունդ մոտ 1210 թվական
Պիաչենցա, Իտալիա
Մահ հունվարի 10, 1276[1][2]
Արեցցո, Իտալիա
Թաղված է Arezzo Cathedral, Tomb of Gregorius X
Դինաստիա՝ House of Visconti
|

Գրիգորիոս X (լատին․՝ Gregorius PP. IX, աշխարհիկ անունը՝ Թեոբալդո Վիսկոնտի, իտալ.՝ Teobaldo Visconti, 1210[2], Պյաչենցա, Էմիլիա Ռոմանիա - հունվարի 10, 1276[1][2], Արեցո, Տոսկանա, Իտալիա), Հռոմի պապ 1271 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1276 թվականի հունվարի 10-ը։

Առաջին կոնկլավը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոբալդո Վիսկոնտին ծագումով Պիաչենցայից էր։ Իտալացի էր, բայց ավագ սարկավագի պաշտոն էր զբաղեցնում Լիեժում (այժմ՝ ԲելգիաԿլիմենտ IV-ի մահից հետո սկսվում է պապական գահի թափուր վիճակի ամենաերկար շրջանը։ Կարդինալները բաժանվել էին երկու խմբի այն հարցի շուրջ, թե ո՞վ պետք է զբաղեցնի այդ աթոռը՝ ֆրանսիացի, թե՞ իտալացի. նրանց միջև բանակցությունները շարունակվեցին երեք տարի։ Այս վիճաբանությունները կապված էին Լուի IX թագավորի կրտսեր եղբոր՝ Կառլ Անժուացու գործողությունների հետ։ Կառլը զավթել էր Սիցիլիայի գահը և մշտապես խառնվում էր Ապենինյան թերակղզու քաղաքական գործերին։ Ելքը գտնվեց այն ժամանակ, երբ Վիտերբոյի բնակիչները հանեցին այն շենքի տանիքը, ուր հավաքվում էին կարդինալները, և արգելափակեցին բոլոր ելքերը՝ նրանց թողնելով միայն հացի ու ջրի հույսին։ Ավելի քան մեկ տարի անց կարդինալները պապ ընտրեցին Թեոբալդո Վիսկոնտիին, ով կարդինալ չէր և այդ ժամանակ խաչակիրների հետ գտնվում էր Պաղեստինում։ Նա թեպետ իտալացի էր, բայց իր կարիերայի մեծ մասն անցկացրել էր Ալպերից հյուսիս և այդ պատճառով ներքաշված չէր եղել իտալական քաղաքական ինտրիգների մեջ։ Թագադրումը տեղի ունեցավ 1273 թվականի մարտի 27-ին։

Լիոնի երկրորդ ժողովը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորիոսի ընտրությունը իր համար մեծ անակնկալ էր։ Չցանկանալով թողնել իր առաքելությունը Պաղեստինում՝ պապական պաշտոնը ստանձնելուց հետո նրա առաջին քայլը եղավ խաչակիրներին օգնություն ուղարկելու երդում տալը։ Իտալիա նավարկելուց առաջ Աքքայում իր արտասանած ելույթի վերջում նա հայտարարեց՝ «Երուսաղե՛մ, եթե ես քեզ մոռանամ, թո՛ղ իմ աջ ձեռքը չորանա» (մեջբերում 137-րդ Սաղմոսից

Ձախողված խաչակրաց արշավանքի, Արևելքում Լատինական կայսրության դժվար իրադրության, ինչպես նաև Գերմանիայում, Իտալիայում և Սիցիլիայում թագավորող քաոսի առջև կանգնելով՝ Գրիգորիոս X-ը որոշեց եկեղեցիական ժողով հրավիրել Լիոնում (1274 թվական)։ Ըստ պապի, սա պետք է լիներ ամենահրաշալին քրիստոնեական ժողովների մեջ։ Լիոն ժամանեցին մոտ 500 եպիսկոպոսներ Արևմուտքից և Արևելքից, ինչպես նաև բազմաթիվ ներկայացուցիչներ եվրոպական թագավորական պալատներից։ Պապի նախաձեռնությամբ փորձ արվեց միավորել արևելյան և արևմտյան քրիստոնյաներին։ Բյուզանդական կայսրի ճնշման ներքո արևելյան եկեղեցու մի քանի ներկայացուցիչներ համաձայնեցին պապի հետ երգել «Հավատո հանգանակը»։ Սակայն գործը իրական համախմբան չհասավ։ Հռչակված միությունը ձևական բնույթ կրեց և հարուցեց արևելյան քրիստոնյա խոշոր թեմերի բուռն դժգոհությունը։ Ժողովը ամենից առաջ քննարկեց քաղաքական արդի խնդիրներ՝ արքայական և կոմսական թագեր բաժանելով։ Ժողովին ներկա էր թաթարական խանության պատվիրակությունը, որը հակաթուրքական ընդհանուր լիգա ստեղծելու ծրագիր ներկայացրեց, որը, սակայն, կյանքի չկոչվեց, բայց փոխարենը՝ թաթարական դեսպաններից մեկը, ի ուրախություն հավաքված հայրերի, մկրտվեց։

Կոնկլավի կանոնները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլո և Մաթեո Պոլոները Գրիգորիոս X-ին են փոխանցում Խուբիլայ-խանի նամակը, 1271 թվական
Գրիգորիոս X-ի գերեզմանը Արեցոյում

Ժողովի կարևորագույն որոշումը վերաբերում էր կոնկլավին. պապի մահից հետո կարդինալները պետք է հավաքվեին կոնկլավի հուղարկավորությունից հետո 10 ժամից ոչ ուշ։ Կոնկլավի աշխատանքների ժամանակ կարդինալները պետք է լիովին մեկուսացած լինեին շրջակա միջավայրից և բացառեին ցանկացած անձնական հարաբերություններ կամ նամակագրություն օտար անձանց հետ։ Եթե երեք օրերի ընթացքում նրանք պապ չընտրեին, նրանց սննդակարգը կրճատվելու էր։ Մեկ շաբաթյա անպտուղ խորհրդակցություններից հետո ընտրողները պետք է բավարարվեին միայն հացով ու ջրով։ Ժողովի այլ որոշումներով սահմանափակվում էին եկեղեցիական պաշտոնների և եկամուտների չափազանց կոնցենտրացիան։ Ժողովը պաշտոնապես գերմանական թագավոր ճանաչեց Ռուդոլֆ Հաբսբուրգին (1273—1291): Ժողովի աշխատանքներին մասնակցում էր անվանի գիտնական և աստվածաբան, ֆրանցիսկյան միաբանության անդամ Բոնավենտուրան (Ջովանի Ֆիդանցա, 1221—1274), ով ժողովի ավարտի նախօրեին մահացավ։ Նա Գրիգորիոս X-ի կողմից նշանակվել էր Ալբանոյի կարդինալ-եպիսկոպոս։ Թովմա Աքվինացին (1225—1274), ում ևս հրավիրել էին ժողովին, մահացավ Լիոնի ճանապարհին։ Պապը մահացավ ժողովից անմիջապես հետո, դեպի Արեցո (Իտալիա) գնալիս։ 1713 թվականին նա դասվեց եկեղեցու երանելիների շարքին։

Դիվանագիտական կապեր մոնղոլների հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1271 թվականին պապ ընտրվելուց հետո Գրիգորիոսը նամակ է ստանում մոնղոլական խան Խուբիլայից. նամակը նրան էին հասցրել Նիկոլո և Մաթեո Պոլոները՝ Մոնղոլիա կատարած ճամփորդությունից հետո։ Խուբիլայը խնդրում էր հարյուր միսիոներներ և Տիրոջ Գերեզմանի Տաճարից Բարեպարգև կրակից մի մաս ուղարկել։ Պապը կարողացավ միայն երկու վանական և Տաճարի լամպի մի փոքր յուղ ուղարկել։ Վանականները մեկնելուց անմիջապես հետո վերադարձան։ Պոլո եղբայրները (այս անգամ երիտասարդ, այդ ժամանակ դեռևս 17 տարեկան Մարկո Պոլոյի ուղեկցությամբ) Մոնղոլական կայսրություն վերադարձան 1275 թվականին։

Մոնղոլական իլխանության առաջնորդ Աբաղա-խանը ավելի քան 10 մարդուց կազմված դեսպանություն ուղարկեց Լիոն՝ եկեղեցիական ժողովին մասնակցելու համար։ Ժողովից հետո Աբաղան վրացի եղբայրներ Վասալիների գլխավորությամբ մեկ այլ պատվիրակություն ուղարկեց՝ նախատեսվելիք խաչակրաց արշավանքը համակարգելու նպատակով։ Գրիգորիոսը պատասխանեց, որ Աբաղայի հետ միասին իր լեգատները կուղեկցեն Խաչակրաց արշավանքը և պատասխանատվություն կկրեն ռազմական գործողության համակարգման համար։ Սակայն խաչակրաց արշավանքի այս ծրագրերը, ընդհանուր առմամբ, մոռացվեցին Գրիգորիոս X-ի մահվամբ։

  • «Մարկո Պոլո» (հեռուստաֆիլմ), ռեժիսոր Ջուլիանո Մոնտալդո (ԱՄՆ-Իտալիա, 1982), Գրիգորիոս X-ի դերում՝Բերտ Լանկաստեր
  • «Մարկո Պոլո» (հուռուստասերիալ), ռեժիսորներ Դեվիդ Պետրարքա, Դենիել Մինախան, Ալիկ Սախարով և ուրիշներ (ԱՄՆ, 2016),Գրիգորիոս X-ի դերում՝ Գաբրիել Բիրն

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Григорий, римские папы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Григорий (римские папы) // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Gatto L. Enciclopedia dei Papi (իտալ.) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 BeWeB
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորիոս X» հոդվածին։