Սրբազան Հռոմեական կայսրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sacrum Romanum Imperium Nationis Germanicæ
Heiliges Römisches Reich Deutscher Nation
Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն
 Արևելյան-Ֆրանսիա 962 - 1806 Հռենոսյան դաշնություն (1806) 
Ավստրիական կայսրություն 
Պրուսիայի թագավորություն 
Banner of the Holy Roman Emperor (after 1400).svg Wappen Kaiser Joseph II. 1765 (Groß).png
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ

Սրբազան Հռոմեական Կայսրություն.png
(1648)

Ընդհանուր տեղեկանք
Լեզու գերմաներեն և այլք
Կրոն Կաթոլիկ, Լյութերական, Կալվինիստական
Իշխանություն
Պետական կարգ Ընտրական միապետություն
Դինաստիա Տարբեր
Պետության գլուխ Կայսր
Պատմություն
- Կայսր Օտտո I 962
- Ինվեստիտուրայի պայքար 1075-1122
- Աուգսբուրգի կրոնական հաշտություն 1555
- Վեստֆալյան հաշտություն 1648
- Աշխարհիկացում (Reichsdeputationshauptschluss) 1803
- Հռենոսյան դաշնության ակտ 1806

Սրբազան Հռոմեական կայսրություն (1512 թ-ից - Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն; լատ.՝ Sacrum Imperium Romanum Nationis Germanicæ; գերմ.՝ Heiliges Römisches Reich Deutscher Nation), պետական կազմավորում, որ գոյատևեց 962 թվականից մինչև 1806 թվականը՝ միավորելով Եվրոպայի մի մասը։ Կայսրությունը՝ հզորության գագաթնակետին ներառում էր Գերմանիան, որը համարվում էր կայսրության միջուկը, հյուսիսային և միջին Իտալիան, Նիդերլանդները, Չեխիան, ինչպես նաև որոշ տարածքներ Ֆրանսիայում։ Կայսրությունը հիմնել է գերմանական թագավոր Օտտոն։ Գերմանական ֆեոդալների շահերից բխող կայսրության ագրեսիվ քաղաքականությունը հիմնականում ուղղված էր Արևելյան և Հարավային Իտալիան, ուր գերմանական կայսրերը արշավում էին Հռոմի պապից կայսերական թագ ստանալու և նորից ու նորից վերանվաճելու Իտալիան։ Սկսած 1134 թվականից՝ ձևականորեն կազմված էր երեք թագավորություններից՝ Գերմանիայի թագավորություն, Իտալիայի թագավորություն և Բուրգունդիայի թագավորություն։ 1135 թվականին կայսրության կազմի մեջ մտավ Չեխիայի թագավորությունը։ 13-րդ դարից կայսրին ընտրել են կայսրընտրիչ իշխանները՝ կուրֆյուրստները։ Համակայսերական դասային-ներկայացուցչական մարմինը՝ ռայխստագը, ծառայել է խոշոր ֆեոդալների շահերին։ 1618-1648 թվականներին Երեսնամյա պատերազմից հետո կայսեր իշխանությունը վերջնականապես դարձել է անվանական։ Ձևականորեն «Հռոմեական սրբազան կայսրությունը» գոյատևել է մինչև 1806 թվականը, երբ վերջին Սրբազան հռոմեական կայսր Ֆրանց II-ը՝ նույն ինքը՝ ավստրիական կայսր Ֆրանց I-ը Նապոլեոնյան պատերազմների ժամանակ հրաժարվել է Սրբազան հռոմեական կայսրության գահից և Սրբազան հռոմեական կայսեր տիտղոսից, դրա փոխարեն անվանվելով Ավստրիական կայսր։

Սրբազան Հռոմեական կայսրության տարածքը 1600 թվականին՝ համադրելով ժամանակակից պետությունների սահմանների ուրվագծերի հետ
Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրության տարածքների փոփոխության դինամիկան իր ամբողջ գոյության ընթացքում՝ 962 թվականից մինչև 1806 թվականը:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր լեզուներում Սրբազան Հռոմեական կայսրությունը հայտնի էր որպես՝ լատ.՝ Sacrum Imperium Romanum՝ լատիներեն՝ Սակրում Իմպերիում Ռոմանում, գերմ.՝ Heiliges Römisches Reich, գերմաներեն՝ Հայլիխես Ռյոմիշես Ռայխ, իտալ.՝ Sacro Romano Impero, իտալերեն՝ Սակրո Ռոմանո Իմպերո, չեխ․՝ Svatá říše římská, չեխերեն՝ Սվատյա ռիշե ռիմսկյա, սլովեն.՝ Sveto rimsko cesarstvo, սլովակերեն՝ Սվետո րիմսկո ցեսարստվո, հոլ.՝ Heilige Roomse Rijk, նիդերլանդերեն՝ Հեյլիգե Ռոոմսե Ռիյկ, ֆր.՝ Saint-Empire romain germanique, ֆրանսերեն՝ Սենտ-Ամպիր ղոմեն ժերմանիք.[1] Մինչև 1157 թվականը այդ տերությունը պարզապես կոչվում էր Հռոմեական կայսրություն:[2] «Սրբազան», այսինքն sacrum տերմինը ("սրբազան", "օծյալ" կամ "օծված", "օրհնված" իմաստով) միջնադարյան Հռոմեական կայսրության համար սկսեցին օգտագործել 1157 թվականին, Ֆրիդրիխ I Բարբարոսա կայսեր ժամանակ ("Սրբազան կայսրություն"): "Սրբազան" տերմինը ավելացվեց՝ արտացոլելու համար Ֆրիդրիխի հավակնությունը՝ գերիշխելու Իտալիայում և Հռոմի Պապի ու նրա տիրույթների վրա:[3] "Սրբազան Հռոմեական կայսրություն" անվանաձևը վկայվում է 1254 թվականից ի վեր:[4]

1512 թվականին հաջորդած տասնամյակում Աշխարհաժողով, որը տեղի ունեցավ Քյոլն քաղաքում, այդ տերության անվանումը փոխվեց և դարձավ Գերմանական Ազգի Հռոմեական Սրբազան կայսրություն (գերմ.՝ Heiliges Römisches Reich Deutscher Nation, գերմաներեն՝ Հայլիխես Ռյոմիշես Ռայխ Դոյչեր Նացիոն, լատ.՝ Imperium Romanum Sacrum Nationis Germanicæ, լատիներեն՝ Իմպերիում Ռոմանում Սակրում Նացիոնես Գերմանիկե),[5][6] մի ձև, որն առաջին անգամ օգտագործվել էր դեռ 1474 թվականի մի փաստաթղթում:[3] Տերության նոր տիտղոսը ընդունվեց մասամբ այն պատճառով, որ 15-րդ դարի վերջերին Կայսրությունը կորցրել էր իր Իտալական և Բուրգունդական (Արլի Թագավորություն) տարածքների մեծ մասը,[7], մասամբ էլ, որպեսզի ընդգծվի Գերմանական տիրույթներ նոր կարևորությունը՝ Կայսրության կառավարման մեջ, որը տեղի էր ունեցել Կայսերական բարեփոխման արդյունքում:[8] 18-րդ դարի վերջերին 'Գերմանական Ազգի Հռոմեական Սրբազան կայսրություն' տիտղոսը պաշտոնական օգտագործումից դուրս եկավ: Հակասելով այդ անվանման վերաբերյալ ավանդական տեսակետին՝ Հերման Վայսերտը (Hermann Weisert) կայսերական տիտղոսաշարերի վերաբերյալ իր ուսումնասիրությունում գրում է, թե, չնայած բազմաթիվ գրքերի առաջ քաշած տեսակետին,Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն տերմինը երբեք պաշտոնական կարգավիճակ չի ունեցել և մատնանշում է, թե փաստաթղթերը 30 անգամ ավելի շատ բաց են թողում այդ «ազգային» ածականը, քան ավելացնում կայսրության տիտղոսի վրա:[9]

Հռոմեական Սրբազան կայսրության անվան մասին իր հայտնի գնահատականում Լուսավորության դարաշրջանի ֆրանսիացի ականավոր գրող Վոլտերը զավեշտով նշել է. "Այս տարածքային հավաքակազմը, որը կոչվել է և դեռևս իրեն անվանում է Սրբազան Հռոմեական կայսրություն, ո՛չ սուրբ է եղել, ո՛չ հռոմեական և ո՛չ էլ կայսրություն:"[10]

Պետության բնույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբազան Հռոմեական կայսրությունը 850 տարիների իր գոյության ընթացքում մնացել է ֆեոդալական տիպի հիերարխիական պետական կառույց։ Այն երբեք չի կրել ազգային պետության բնույթ, ինչպիսիք են Անգլիան կամ Ֆրանսիան, չի հասել նաև կառավարման համակարգի կենտրոնացման բարձր աստիճանի։ Այդ կայսրությունը չէր հանդիսանում ոչ դաշնություն` federation, ոչ ժամանակակից ընկալմամբ համադաշնություն` confederation, այլ համադրում էր պետական կառուցվածքի այդ ձևերի տարրերը։ Կայսրության ենթակայական կազմը առանձնանում էր ծայրահեղ բազմազանությամբ. կիսանկախ մեծաթիվ կուրֆուրստություններ և դքսություններ, իշխանություններ ու կոմսություններ, եպիսկոպոսություններ, ազատ քաղաքներ, ոչ այնքան մեծ աբբայություններ՝ վանահայրություններ և կայսերական ասպետների փոքր տիրույթներ։ Դրանք բոլորն էլ հանդիսանում էին իրավունակության տարբեր աստիճանների տիրապետող կայսրության լիիրավ սուբյեկտներ (կայսերական դասեր)։ Կայսրը երբեք չի ունեցել բացարձակ իշխանություն, նա կիսում էր իշխանությունը երկրի բարձրագույն արիստոկրատիայի հետ։ Ավելին, ի տարբերություն եվրոպական մյուս պետությունների, կայսրության բնակիչները չէին ենթարկվում անմիջապես կայսրին, այլ ունեին կառավարիչ՝ աշխարհիկ տիրակալ (արքա, իշխան, դուքս, կոմս, բարոն) կամ եկեղեցական իշխանավոր (արքեպիսկոպոս, եպիսկոպոս վանահայր), կայսերական ասպետ կամ քաղաքային մագիստրատ, ինչը երկրում ձևավորում էր իշխանության երկու մակարդակ՝ կայսերական և տարածքային, որոնց միջև հաճախ առկա էին հակամարտություններ։

Կայսրության յուրաքանչյուր սուբյեկտը, հատկապես այնպիսի հզոր պետությունների, ինչպիսիք են Ավստրիան, Պրուսիան, Բավարիան, ուներ անկախության մեծ աստիճան իրենց ներքին գործերում և որոշակի արտոնություններ արտաքին քաղաքականության մեջ, սակայն կայսրության բնորոշիչը գերիշխանությունն էր, իսկ կայսերական հաստատությունների որոշումներն ու կայսերական իրավունքի նորմերը պարտադիր էին (երբեմն իրավունք էին միայն տեսականորեն) կայսրության մաս կազմող պետական կազմավորումների համար։ Սրբազան Հռոմեական կայսրությունում առանձնահատուկ դերակատարություն ուներ եկեղեցին, որով էլ այդ պետության մեջ առկա էին թեոկրատիայի՝ աստվածապետության կամ կրոնապետության տարրեր, սակայն, միևնույն ժամանակ կայսերական կառուցվածքի շնորհիվ Ռեֆորմացիայից հետո, առաջին անգամ Եվրոպայում ապահովվեց մի քանի դավանանքների մեկ պետության շրջանակներում երկարատև ու խաղաղ գոյակցությունը։ Սրբազան Հռոմեական կայսրության զարգացումը տեղի էր ունենում ինտեգրացիայի և դեզինտեգրացիայի միտումների մշտական պայքարի պայմաններում։ Առաջիններն արտահայտում էին աստիճանաբար ինքնիշխան պետությունների նշաններ ձեռք բերող և կայսրի իշխանությունից ազատվել ձգտող խոշոր տարածքային իշխանությունները, այն ժամանակ, երբ գլխավոր համախմբող գործոնը կայսերական գահը, կայսերական հաստատություններն ու ինստիտուտներն էին (ռայխստագ, կայսերական դատարան, տեղական ինքնակառավարման համակարգը՝ Landstand-ը կամ Landschaftsvertretung-ը), կաթոլիկ եկեղեցին, գերմանական ազգային ինքնորոշումը, կայսրության պետական կառուցվածքի դասային սկզբունքը, ինչպես նաև կայսերական հայրենասիրությունը (գերմ.՝ Reichspatriotismus)՝ հասարակական գիտակցության մեջ արմատացած կայսրության և կայսրի՝ որպես պետության գլխի (բայց ոչ երբեք կոնկրետ գահատոհմի` դինաստիայի ներկայացուցչի) հանդեպ օրինապահությունը կամ հավատարմությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Joachim Ehlers: Natio 1.5 Deutschland und Frankreich, in: Lexikon des Mittelalters, Bd. 6, Sp. 1037 f.
  2. Peter Hamish Wilson, The Holy Roman Empire, 1495–1806, MacMillan Press 1999, London, p. 2.
  3. 3,0 3,1 Whaley 2011, p. 17
  4. Peter Moraw, Heiliges Reich, in: Lexikon des Mittelalters, Munich & Zürich: Artemis 1977–1999, vol. 4, col. 2025–2028.
  5. Peter Hamish Wilson, The Holy Roman Empire, 1495–1806, MacMillan Press 1999, London, page 2; The Holy Roman Empire of the German Nation at the Embassy of the Federal Republic of Germany in London website Archived 29 February 2012 at the Wayback Machine.
  6. «History of The Holy Roman Empire»։ historyworld։ Վերցված է 28 June 2013 
  7. Whaley 2011, pp. 19–20
  8. Hans K. Schulze: Grundstrukturen der Verfassung im Mittelalter, Bd. 3 (Kaiser und Reich). Kohlhammer, Stuttgart [u. a.] 1998, p. 52–55.
  9. Peter H. Wilson, "Bolstering the Prestige of the Habsburgs: The End of the Holy Roman Empire in 1806", in The International History Review, Vol. 28, No. 4 (Dec., 2006), p. 719.
  10. Original text: Ce corps qui s'appelait et qui s'appelle encore le saint empire romain n'était en aucune manière ni saint, ni romain, ni empire. In Essai sur l'histoire générale et sur les mœurs et l'esprit des nations, Chapter 70 (1756)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 610 CC-BY-SA-icon-80x15.png