Ոսկե հորդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե հորդան 1389 թվականին

Ոսկե հորդա, Ջուչիիուլուս, ֆեոդալական պետություն։ Հիմնել է Բաթու խանը XIII դարի կեսին։

Բաթու խանը,միջնադարյան չինական նկար

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանական իշխանությունը տարածվել է արևմուտքում՝ ստորին Դանուբից և Ֆիննական ծոցից մինչև արևելք՝ Իրտիշի ավազանն ու ստորին Օբը, հարավում՝ Սև, Կասպից և Արալյան ծովերից ու Բալխաշ լճից մինչև հյուսիս՝ Նովգորոդյան երկիրը։ Բուն ռուսական հողերը չեն մտել Ոսկե հորդայի մեջ, բայց եղել են վասալական կախման մեջ, հարկ են մուծել և ենթարկվել խաների հրամաններին։ Ոսկե հորդայի մայրաքաղաքն էր սկզբում Սարայ Բաթուն (ներկայիս Աստրախանի մոտ), 14-րդ դարի 1-ին կեսից՝ Սարայ Բերքեն (հիմնել էր Բերքե խանը, ներկայիս Վոլգոգրադի մոտ)։

Ոսկե հորդան ոչ հաստատուն և արհեստական պետական միավորում էր՝ մասնատված ուլուսների (Ջուչիի 14 որդիների միջև), խայտաբղետ բնակչությամբ, զարգացման տարբեր մակարդակով։ Քոչվոր բնակչության մոտ տիրապետող էին կիսանահապետական, կիսաֆեոդալական, իսկ նստակյաց բնակչության շրջանում՝ ֆեոդալական հարաբերությունները։ Ավերածություններից զերծ մնացած քաղաքներում, ինչպես նաև նվաճողների կառուցած մայրաքաղաքներում, հաստատվում էին արհեստավորները (հիմնականում եկվորներ, այդ թվում նաև հայեր)։ Կարավանային առևտրի կենտրոններ էին խանության մայրաքաղաքները, Ղրիմի քաղաքները։

Ոսկե հորդայի գլուխ կանգնած էին Բաթու-խանի տան ժառանգորդները։ Քաղաքական կարևոր հարցերի լուծման համար հրավիրվում էր ռազմաֆեոդալական ավագանու համագումար՝ ղուրուլթայ։ Պետական գործերը ղեկավարում էին բեգլարբեկերը, ռազմականը՝ զորապետները, բասղաղները, առանձին հարցեր լուծում էին վեզիրները։

Ոսկե հորդայում հաճախակի էին հեղաշրջումները, երկպառակությունները, դավադրությունները, հպատակ և նվաճված ժողովուրդների ազատագրական պայքարը, ինչը և պատճառ դարձավ պետության քայքայման։

Խանական երկպառակություններից օգտվել են խոշոր զորապետները (Նողայ, Մամայ և ուրիշներ), որոնք դարձել են պետության փաստական կառավարիչներ։ Ոսկե հորդան իր ռազմական առավել հզորության հասել է Ուզբեկ, Ջանիբեկ խաների (14-րդ դար) օրոք։ XIV դարի 2-րդ կեսին Ոսկե հորդայից անջատվեցին Խորեզմը, Աստրախանը։ Լեհաստանը և Լիտվան գրավեցին Դնեպր գետի ավազանի հողերը։ 1380 թվականին Մամայի փորձը՝ թալանչիական արշավանքներով թուլացնել Ռուսիան, անցավ անհաջող, ռուս զորքերը Դմիտրի Դոնսկոյի գլխավորությամբ ջախջախեցին մոնղոլական զորքերը։ 1382 թվականին Թողթամիշ խանը արշավեց Մոսկվայի վրա, խաբեությամբ գրավեց այն և հրդեհեց։ Ամրապնդելով իր իշխանությունը՝ Թողթամիշը պայքար սկսեց Լենկթեմուրի դեմ, որը սակայն հաջողությամբ կռվեց խանի դեմ, գրավեց ու ավերեց Ոսկե հորդայի քաղաքները։ Ոսկե հորդային մեծ հարված հասցվեց, որից հետո նա այլևս չվերականգնվեց։ 15-րդ դարի սկզբին կազմավորվեց Սիբիրի խանությունը, 1440-ական թվականներին՝ Նողայական հորդան, այնուհետև Կազանի խանությունը, Ղրիմի խանությունը, իսկ 1460-ական թվականներին Ուզբեկական և Ղազախական խանությունները, ինչպես նաև Աստրախանի խանությունը։ Ոսկե հորդային հաջորդեց այսպես կոչված Մեծ հորդան, որի խան Ահմադը վերստին փորձեց հպատակեցնել Ռուսիան, սակայն նրա արշավանքն անհաջող վերջացավ։ 1480 թվականին ռուս ժողովուրդը վերջնականապես թոթափեց թաթար-մոնղոլական լուծը։ Մեծ հորդան գոյատևեց մինչև XVI դարի սկիզբը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 628 CC-BY-SA-icon-80x15.png