Լեհաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Rzeczpospolita Polska
Լեհաստանի Հանրապետություն
Լեհաստանի դրոշ
Դրոշ
Լեհաստանի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Լեհաստանի օրհներգ
Լեհաստանի դիրքը
Լեհաստանի տեղագրական քարտեզ
Մայրաքաղաք Վարշավա
679 քառ կմ) 55°45′N, 37°37′E
Ամենամեծ քաղաք Վարշավա
Պետական լեզուներ Լեհերեն
Կառավարում Խարհրդարանական հանրապետություն
 -  Նախագահ Անջեյ Դուդա
 -  Վարչապետ Եվա Կոպաչ
Հիմնադրում
 -  Հայտարարված Նոյեմբերի 11 1918 
Տարածք
 -  Ընդհանուր 312 679 քառ կմ կմ²  (71-րդ)
 -  Ջրային (%) 3,07
Բնակչություն
 -  2015 նախահաշիվը 38,301,884[1]  (34-րդ)
 -  2011 մարդահամարը 38,441,588[2] 
 -  Խտություն 123 /կմ² (66-րդ)
319 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $990.568 միլիարդ[3] (21–րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $25,703[4] (52-րդ)
ՀՆԱ (անվանական) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $593.758 միլիարդ[5] (23-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $15,406[6] (56-րդ)
Ջինի (2013) 30.7[7] (միջին
ՄԶՀ (2013) Green Arrow Up Darker.svg 0.834[8] (շատ բարձր) (35-րդ)
Դրամական միավոր Զլոտի (PLN)
Ժամային գոտի +1
Վերին մակարդակի ազգային դոմենն .pl
Հեռախոսային կոդ +48


Լեհաստան[9], պաշտոնական անվանումը՝ Rzeczpospolita Polska (կարդացվում է՝ Ժեչպոսպոլիտա Պոլսկա), պետություն է Կենտրոնական Եվրոպայում՝ Վիսլա և Օդրա գետերի ավազանում՝ Բալթիկ ծովի ափին։

Սահմանակցում է արևմուտքից Գերմանիային, հարավից՝ Չեխիային և Սլովակիային, արևելքից՝ Ուկրաինային և Բելառուսին, հյուսիս–արևելքից՝ Լիտվային և հյուսիսի մի փոքր հատվածում Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ։ Բացի դրանից կիսում է ծովային սահմանը Դանիայի և Շվեդիայի հետ։

Լեհաստանի որպես պետություն առաջացման տարեթիվ ընդունված է համարել 966 թվականը, երբ Միեշկո 1 իշխանը ընդունեց քրիստոնեություն։

Մայրաքաղաքն է Վարշավան, իսկ մյուս մեծ քաղաքներից են Կրակովը, Վրոցլավը, Գդանսկը։

Անվանում[խմբագրել]

Կոչվել է լեհ ժողովրդի անունով, որի նախահայրը, ըստ ավանդության, եղել է Չեխի և Ռուսի առասպելական եղբայր Լեհը։[10]

Պատմությունը[խմբագրել]

Ժամանակակից Լեհաստանի տարածքում մեր թվականության սկզբին բնակվում էին գերմանական սկիրների և լուգիացիների ցեղերը։ Այնուհետև նրանց փոխարինեցին վելբարյան մշակույթի գոթերը, իսկ 1-ին հազարամյակի վերջում՝ արևելյան պոլյանները, որոնց անունով կոչվեց երկիրը, և լյախերը, որոնց անունից առաջացավ մյուս ազգերի կողմից ժողովրդին տրված անունը։ Հայերեն «լեհ» անունը նույնպես ծագում է լյախերի ցեղի անունից։

Լեհաստանի աբողջ պատմությունը լի է դրամատիկ իրադարձություններով, հարևան տերությունների ներխուժումներով ու զավթումներով։ Իր պատմության ընթացքում Լեհաստանը երեք անգամ իրար մեջ բաժանել են հարևան պետությունները։ Ներկայիս սահմանները ձևավորվել են Երկրորդ աշխարհամարտից հետո։ Ավելի քան երեսուն տարի Խորհրդային Միության գերիշխանության տակ գտնվելուց հետո Լեհաստանը 2001 թ.-ից Եվրամիության անդամ-երկիր է։

Նախապատմություն[խմբագրել]

Պատմաբանների շրջանում ընդունված է կարծել, որ ժամանակակից Լեհաստանի տարածքում ուշ անտիկ ժամանակաշրջանից սկսած բնակվել են տարբեր ցեղեր։ Այս ցեղախմբերի էթնիկ և լեզվական պատկանելիությունը բուռն բանավեճերի առարկա է։ Հիմնական խնդիրն այն հարցն է, թե սլավոնական ցեղերը երբ են բնակեցրել այս տարածքները։ [11]

Պիաստների տոհմ[խմբագրել]

Լեհաստանը սկսել է կայանալ որպես միասնական տարածքային միավոր մոտ 10-րդ դարի կեսերին՝ Պիաստների տոհմի կառավարման շրջանում։ Պատմական վավերագրերում որպես Լեհաստանի առաջին առաջնորդ համարվում է Միեշկո I-ը, ով 966թ-ին մկրտվել է և կաթոլիկությունը հռչակել իր հպատակների նոր պաշտոնական կրոն։ Հաջորդ մի քանի դարերի ընթացքում մկրտություն է ընդունել երկրի գրեթե ողջ բնակչությունը։ 1000թ-ին Բոլեսլավ Խիզախը, շարունակելով իր հոր՝ Միեշկոյի քաղաքականությունը, Գնիեժնոյում համաժողով է անցկացնում՝ ստեղծելոց Գնիեժնոյի մետրոպոլիտությունն ու Կրակովի, Կոլոբժեգի և Վրոցլավի թեմերը։ 1109թ-ին Բոլեսլավ III-ը Հանդսֆելդի ճակատամարտում պարտության է մատնում Գերմանիայի թագավոր Հենրիխ V-ին։ 1138թ-ին Բոլեսլավ III-ը բաժանում է Լեհաստանն իր որդիների միջև։ 1226թ-ին Մազովիայից Պիաստների դինաստիայից Կոնրադ I դուքսը հրավիրել է Տևտոնական ասպետներին Բալթիկ պրուսական հեթանոսների դեմ համատեղ պայքարելու համար։ Այս որոշումը մեծ ազդեցություն ունեցավ երկրի պատմության ընթացքում Տևտոնական ասպետների ներգրավվածության համատեքստում։ 13-րդ դարի կեսերին Պիաստների դինաստիայի Սիլեզիական ճյուղը գրեթե հաջողությամբ միավորեց լեհական հողերը, սակայն, այնուհետև, երկիրը գրավում են մոնղոլները։ Նրանք հաղթանակ տարան 1241թ-ին Լեգնիցայի ճակատամարտում, որտեղ մահացավ դուքս Հենրի II Պիաստը։ 1320թ-ին, լեհական դքսությունների համախմբման մի քանի անհաջող փորձերից հետո, Վլադիսլավ I-ին հաջողվեց միավորել լեհական հողերի հիմնական մասը և դառնալ միավորված Լեհաստանի առաջին թագավորը։ Նրա որդի Կազիմիր III-ը (1333-1370 թ.թ.) համարվում է լեհ ամենահզոր թագավորներից մեկը և ունեցել է առևտրի մեծ հովանավորի համբավ։ Նա իր թագավորական հովանավորությունը տարածում է հրեաների նկատմամբ։ Կազիմիր III-ն իր թագավորության տարածքներն ընդլայնում է շուրջ 250%։ 12-րդ դարի առաջնորդները մեծ ուշադրություն են դարձրել նաև կրթությանը, ինչի արդյունքում Լեհաստանը դառնում այդ ժամանակների Եվրոպայի ամենակրթված երկրներից մեկը։ Կրակովի եկեղեցու 1110թ-ի վավերագրերում նշվում է, որ ժամանակի լեհ մտավորականները հաղորդակցվել են եվրոպական գրականության հետ։ [12][13]

Կազիմիր III-ը գիտակցել է, որ երկիրը կրթված մարդկանց, հատկապես իրավաբանների կայուն խավի կարիք ունի, ովքեր կարող էին կոդիֆիկացնել պետության օրենքները, աշխատել դատարաններում։ Նրա ջանքերի շնորհիվ Հռոմի Պապ Ուրբանոս V-ը թույլատրում է հիմնել Կրակովի Համալսարանը։ Կազիմիրի մահվանից հետո գահը չի ունենում արժանի հետնորդներ. նրա արու ժառանգորդները չափազանց երիտասարդ էին։ Այդ պատճառով էլ դադարում է Պիաստների դինաստիա-ն։

Նույն այս ժամանակահատվածում Լեհաստանում նկատվում են նշանակալի միգրացիոն հոսքեր։ Քաղաքները հիմնականում բնակեցվում են գերմանացիների կողմից, արտոնություններ են ստանում հրեական և հայկական համայնքները։

Յագելոնյան արքայատոհմ[խմբագրել]

Յագելոնյան արքայատոհմը Լեհաստանում կառավարել է ուշ միջնադարից մինչև նոր ժամանակների պայմանական բաժանման սկիզբը։ Հենց Յագելոնյան արքայատոհմի ժամանակ է (1386-1527 թ.թ.) ձևավորվում լեհ-լիտվական միությունը։ Տոհմի հիմնադիրն է Լիտվայի մեծ իշխան Յոգալիան (լեհական տարբերակում Վլադիսլավ II Յագելոն)։ Այս համագործակցության շնորհիվ լեհական ազդեցության տակ հայտնվեցին Լիտվայի պատկանող բազմաթիվ ռուսական տարածքներ։ Այս միությունը միջնադարյան Եվրոպայի ամենամեծ և ամենատևական քաղաքական միավորն էր։ Այս ընթացքում շարունակվեց պայքարը հյուսիսում Տևտոնական ասպետների հետ։ 1410թ-ի Գրունվալդի ճակատամարտում լեհ-լիտվական զորքերը վստահ հաղթանակ տարան, ինչն էլ հնարավորություն տվեց ընդլայնել պետության սահմանները հյուիսում՝ ներառելով Լիվոնիան։ [14] 1466թ-ին տասներեքամյա պատերազմից հետո Կազիմիր IV Յագելոնն արքայական համաձայնություն տվեց Թորնի Խաղաղությամբ ստեղծելու Պրուսիայի դքսությունը, որը լեհական վասալային միավոր էր լինելու։ Յոգելոնյան արքայատոհմն իր ազդեցությունն է տարածել նաև Բոհեմիայի և Հունգարիայի վրա։ [15],[16]

Հարավում Լեհաստանը պայքարում էր Օսմանյան կայսրության և Ղրիմի թաթարների դեմ (վերջիններս 1474-1569 թ.թ. ժամանակահատվածում 75 անգամ հարձակում են գործել Լեհաստանի վրա)26, իսկ արևելքում օգնում էի Լիտվային պայքարել Մոսկովյան Մեծ Իշխանության դեմ։ Որոշ պատմաբանների գնահատմամբ՝ Ղրիմի թաթարների կողմից ստրկության տարված լեհերի թիվը 1494-1694 թվականներին կազմել է շուրջ մեկ միլիոն մարդ։ [17]

Լեհաստանում այս ժամանակահատվածում հիմնականում զարգանում էր հիմնականում գյուղատնտեսական ֆեոդալական պետություն։ Զգալիորեն աճում էր հողատեր ազնվականության դերը։ Լեհական Սեյմի՝ խորհրդարանի կողմից 1505թ-ին ընդունված որոշմամբ օրենսդրական իշխանության հիմնական մասը միապետից փոխանցվում է խորհրդարանին։ Այս ժամանակահատվածը հաճախ անվանում են «Ոսկե ազատության» ժամանակ, երբ երկիրը կառավարվում էր ազատ և հավասար լեհական ազնվականության կողմից։ Բողոքական Ռեֆորմացիայի շարժումներն էական ազդեցություն ունեցան նաև լեհական քրիստոնեության վրա, ինչի արդյունքում ընդունվեցին Եվրոպայում այդ ժամանակ դեռևս եզակի կրոնական հանդուրժողականության կանոններ։ Ընդունված է համարել, որ հենց այս կանոնների շնորհիվ Լեհաստանում չբռնկվեցին ներքին կրոնական պատերազմներ, որոնք այդքան բնորոշ էին ուշ միջնադարյան Եվրոպային։ Վերածննդի ժամանակաշրջանը համընկավ ուշ Յագելոնյան տոհմի կառավարման հետ (Սիգիզմունդ I և Սիգիզմունդ II Օգոստոս արքաների ժամանակաշրջան)։ Այս ընթացքում մեծ վերելք են ապրում լեհական մշակույթն ու տնտեսությունը։ 1543թ-ին ազգությամբ լեհ Նիկոլայ Կոպեռնիկոսը հրատարակում է իր «Երկնային ոլորտների պտույտի մասին» (De revolutionibus orbium coelestium) հիմնարար աշխատությունը, որով և դառնում է հելիոցենտրիկ տեսության հիմնադիրը։ Այս տեսությունն էլ հետագայում ընդունվում է որպես ժամանակակից աստղագիտության հիմք։ Այս ժամանակաշրջանի մեծագույն մշակութային գործիչների համարվում նաև բանաստեղծ Յան Կոխանովսկին։ [18]

Լեհ-լիտվական միություն[խմբագրել]

1569թ-ի Լյուբլինի դաշնագրով ստեղծվել է Լեհ-լիտվական միությունը։ Այն դաշնային պետություն էր՝ ընտրովի միապետությամբ, սակայն այն հիմնականում կառավարում էր ազնվականությունը տեղական ժողովների և միասնական խորհրդարանի՝ Սեյմի միջոցով։ Միության կայացման ժամանակը համընկել է Լեհաստանի կայունության և բարգավաճման շրջաններից մեկի հետ, ինչի շնորհիվ էլ միությունը հետագայում դարձավ եվրոպական տերությունը՝ Կենտրոնական Եվրոպայում զբաղեցնելով գրեթե մեկ միլիոն քառակուսի կիլոմետր տարածք։ Այս տերությունը դարձավ նաև Ուկրաինայում, Բելառուսում և Արևմտյան Ռուսաստանում «արևմտականացման», նույնիսկ «լեհականացման» նշանակալի գործոններից մեկը։ Լեհաստան-Լիտվայում տեղի են ունեցել մի քանի տոհմական ճգնաժամեր, մասնավորապես Վազա տոհմի թագավորներ Սիգիզմունդ III-ի և Վլադիսլավ IV-ի օրոք։ Բացի այդ, երկիրը ներգրավվեց Ռուսաստանի, Օսմանյան կայսրության, Շվեդիայի և կոզակների հետ մի շարք պատերազմների և բախումների մեջ։ [19]

17-րդ դարի կեսերից ազնվականական ժողովրդավարության ներսում նկատվում են ներքին խնդիրներ՝ պետությունը խոցելի դարձնելով արտաքին ներխուժումների համար։ 1648թ-ին երկրի հարավում բռնկվում է հետման Բոգդան Խմելնիցկու գլխավորած ապստամբությունը, ինչի արդյունքում բաժանվում է Ուկրաինան. արևելյան հատվածն անցնում է Ռուսաստանի տիրապետության տակ։ Դրան հետևում է շվեդական ներխուժումը, որի արդյունքում մեծ վնասներ են կրում Լեհաստանի կենտրոնական շրջանները։ Ներխուժումներին հետևում են սովը և համաճարկներ, ինչի արդյունքում բնակչության թվաքանակը 11 միլիոնից նվազում է 7 միլիոնի։ [20]

Այնուամենայնիվ, Յան III Սոբիեսկուն հաջողվում է վերականգնել Միության ռազմական ենթակառուցվածքները, իսկ 1683թ-ին լեհական զորքերը մեծ ներդրում են ունենում Վիեննան Կարա Մուտաֆայի թուրքական զորքերի շրջափակումից ազտելու գործում։ Չնայած այս ամենին, Յան Սոբիեսկու կառավարման շրջանը դարձավ լեհական պետության ոսկե դարաշրջանի ավարտը. բազմաթիվ պատերազմների արդյունքում Լեհաստանը հսկայական տնտեսական և բնակչության կորուստներ է կրում, ինչի հետևանքով կորցնում է իր տիրապետող դիրքը Կենտրոնական Եվրոպայում։ Միության անկման վրա իրենց ազդեցությունն ունեցան նաև մագնատների միջև ներքին հակասությունները, ինչի հետևանքով բավականին թուլացավ նաև միապետությունը։ Այս ժամանակաշրջանը համընկավ Սաքսոն Վետինն արքայատոհմի Ավգուստ I և Ավգուստ II արքաների կառավարման շրջանի հետ։ Բացի այդ, այդ գործընթացի վրա իրենց ազդեցությունն ունեցան նաև Ռուսաստանի և Պրուսիայի վերելքը։ Այնուամենայնից, հենց այդ դարաշրջանում Լեհաստանում դրվեցին Լուսավորության հիմքերը։ [21]

18-րդ դարի երկրորդ կեսին Միությունը փորձեց ներքին հիմնարար բարեփոխումներ իրականացնել տնտեսության, կրթության և մշակույթի ոլորտներում։ Մայրաքաղաքը Գդանսկից տեղափոխվեց բնակչությամբ ամենամեծ քաղաք՝ Վարշավա։ 1764թ-ի միապետի ընտրություններում ազդեցիկ մագնատների տոհմից ընտրվեց Ստանիսլավ Ավգուստ Պոնիատովսկին, ով ժամանակին եղել է Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա II-ի սիրեկանը։ Նա փորձում է որոշակի ներքին բարեփոխումներ իրականացնել՝ միաժամանակ պահպանելով կապերն իր ռուս հովանավորների հետ։ 1768թ-ին ձևավորվում է Ազնվական համադաշնությունը կամ շլյախտան (լեհերեն՝ szlachta), որն ապստամբություն է բարձրացնում թագավորի և նրա հովանավոր Ռուսաստանի դեմ՝ պահպանելու համար իրենց ավանդական արտոնությունները։ Այս բոլոր զարգացումները 1772թ-ին բերեցին Լեհաստանի առաջին բաժանմանը Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի միջև։ Այսպես կոչված «Բաժանման Սեյմը» կանգնեց կատարված փաստի առաջ և ստիպված էր վավերացնել բաժանման մասին ակտը։ [22] Չնայած այս հսկայական կորուստներին՝ 1773թ-ին թագավորը հիմնադրում է Ազգային կրթության հանձնաժողովը, որը դառնում է կրթության հարցերով զբաղվող առաջին պետական հաստատությունը Եվրոպայում։

Ժամանակագրություն[խմբագրել]

[23]

960-992թթ.-Պյաստերի դինաստիայի Մեշկո I-ի տիրակալությունը։ Լեհական պետության ձևավորումը Գնեզնոյի շուրջ։
966թ.-Մեշկո I-ի քրիստոնեության ընդունումը լատինական արարողակարգով։ Լեհական թագավորությունը հայտնվում է պապի գահի հովանավորության ներքո։
992-1025թթ.-Բոլեսլավ I Խիզախ; պայքար գերմանական կայսր Հենրիխ II-ի հետ։ Արևմուտքում տարածքի ընդլայնումը ծովամերձ Սիլեզիայի, Լուժիցի և այլնի հաշվին։ Արշավանքներ դեպի արևելք; Կիեվի ժամանակվոր զավթումը (1018թ.)։ Բոլեսլավ I-ը թագադրվում է որպես Լեհաստանի թագավոր։
XI դ.-Ֆեոդալական մասնատվածության սկիզբը։ Պայքար գերմանական կայսեր դեմ։ Պապերը, նամանավանդ Գրիգորիոս VII-ը, առավել հաճախ հանդես են գալիս Լեհաստանի թագավորի կողմից։ Լեհերը կաթոլիկություն են սերմանում Պոմորիեյում։
1138թ.-Բոլեսլավ III-ի մահը և նրա ժառանգորդների միջև կատաղի պայքարի սկիզբը։
1226թ.-Պայքարելով հեթանոս պրուսների դեմ, իշխան Մազովեցկին օգնության կոչ է անում Տևտոնական օրդենին։ Ասպետները գրավում են Պրուսիան և դառնում են հենց Լեհաստանի անկախության սպառնալիք։
1241թ.-Թաթար-մոնղոլական արշավանքը։ Կրակովի թալանը։
XII-XIII դարեր-Լեհական հողերի գաղութացումը լեհական ֆեոդալների կողմից խրախուսվող Գերմանիայից եկած վերաբնակների կողմից։
XIII դարի երկրորդ կես-Մագդեբուրգի իրավունքի հիման վրա լեհական քաղաքների (Վրոցլավ, Կրակով, Պոզնանյ, Տորունյ) ինքնիշխանության ձեռքբերումը։
1320թ.-Վլադեսլավ I Լոկետեկի կողմից լեհական հողերի միավորումը։
1333թ.-Կազիմիր III։ Կիևյան Ռուսիայի գալիցյան և վոլինյան հողերի զավթումը։
1384թ.-Լեհ թագուհի Յադվիգայի ամուսնությունը Լիտվանիայի Յգայլո մեծ իշխանի հետ, որն նտրվեց Լեհաստանի և Լիտվանիայի թագավոր Վլադիսլավ II անունով։
1410թ.-Գրյունվալդի ճակատամարտը։ Վլադիսլավ II-ի գլխավորությամբ լեհա-լիտվա-ռուսական զորքերը ջախջախում են Տևտոնական օրդենի զորքերը։
1454թ. և 1505թ.-Նեշավյան ստատուտներն ու Nihil Novi Սահմանադրությունը սահմանափակում են թագավորի իշխանությունը և նրան դնում են շլյախտից կախման մեջ։
1543թ.-Կոպերնիկոսի մահը։
1569թ.-Լյուբլինի ունիան։ Լեհա-լիտվանական Րեչյ Պոսպոլիտա պետության վերջնական ձեվավորումը։
XVI դ. կեսեր -Կրակովում մշակութային և ինտելեկտուալ կյանքի ծաղկումը։
1587թ.-Pacta Conventa՝ շլյախտայի կողմից թագավորական իշխանության հետագա սահմանափակումը։
1587-1632թթ.-Սիգիզմունդ III-ի տիրապետությունը։ Նա ջանադրաբար սերմանում է կաթոլիկություն։
1596թ.-Բրեստի եկեղեցական ունիան; Ուկրաինայում Հռովմին ենթակա, բայց ուղղափառ արարողակարգով միասնական եկեղեցու առաջացումը։
1610թ.-Սիգիզմունդ III-ի որդի Վլադիսլավ արքայազնի հռչակումը ռուսական ցար, այսպես կոչված Խռովության ժամանակաշրջանում։
1648թ.-Ուկրաինայում կազակների ապստամբությունը։
1651թ.-Յան-Կազիմիրի զորքերից կրած պարտությունից հետո Բոգդան Խմելնիցկին հակվում է Ռուսաստանի կողմը։
1652թ.-Լեհական սեյմի կողմից Liberum Veto սկզբունքի ընդունումը։ Այսուհետ ցանկացած որոշում ընդունվում է սեյմի մասնակիցների բացարձակ միաձայնության դեպքում միայն։
1655-1656թթ.-Շվեդների ներխուժումը՝ պայքար Բալթիական ծովի վերահսկողության համար։ Յասնոգորսկի վանքի (Չենստոխովի) հերոսական պաշտպանությունը։
1660թ.-Շվեդիայի հետ կնքված Օլիվի խաղաղ պայմանագիրը։
1667թ.- Անդրուսովոյի հաշտությունը Ռուսաստանի հետ։ Ռուսաստանին են անցնում Սմոլենսկը, Ձախափնյա Ուկրաինան։
1683թ.-Թուրքերի դեմ Վիեննայի մոտ Յան Սոբեսկիի գլխավորած լեհ-ավստրիական զորքերի տարած հաղթանակը։
XVIIIդ.-Րեչյ Պոսպոլիտայի անկումը, հարևանների՝ Պրուսիայի, Շվեդիայի, Ռուսաստանի և Ավստրիայի կողմից նրա վերածումը տարածքային հավակնությունների։
1772թ.-Լեհաստանի առաջին բաժանումը Պրուսիայի, Ավստրիայի և Ռուսաստանի միջև։ Լեհաստանը կորցնում է իր տարածքների երրորդը։
1791թ.-Ժ.-Ժ.Ռուսոի գաղափարներով ոգեշնչված սահմանադրությունը։
1793թ.-Լեհաստանի երկրորդ բաժանումը։
1794թ.-Թադեուշ Կոստյուշկոյի գլխավորած ապստամբույթունը; ռուսական զորքերի կողմից այն ճնշելը; Վարշավայի Պրագա արվարձանի կոտորածը։
1795թ.-Լեհաստանի երրորդ բաժանումը և լեհական պետության անհետացումը Եվրոպայի քարտեզից։ Նրա տարածքի 45%-ն անցնում է Ռուսաստանին, 19%-ը՝ Պրուսիային, 35%-ը՝ Ավստրիային։
1807թ.-Նապոլեոն I-ի և Դոմբրովսկու Լեհական լեգեոնի շնորհիվ ձևավորվում է Վարշավայի հերցոգությունը։
1815թ.-Լեհաստանի վերաբաժանումը Վիեննայի կոնգրեսի պայմաններով։ Լեհական Թագավորության ստեղծումը։
1830-1831թթ.-Ապստամբություն Լեհական Թագավորությունում, ռուսական կառավարության կողմից ճնշումը։ «Վարշավայում թագավորում է կարգուկանոնը»,-հայտարարում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյանին։
1831թ.-Լեհական մտավորականության սերուցքի՝ Միցկևիչի, Շոպենի և այլոց վտարելու սկիզբը։
1846թ.-Պրուսական Լեհաստանում Լ.Մերոսլավսկու գլխավորած և ավստրիական Լեհաստանում Է.Դեմբովսկու գլխավորած ապստամբությունները՝ 1848թ. «Ժողովուրդների գարնան» նախաշեմը։
1853թ.-Ապստամբություն Լեհական Թագավորությունում, որը ճնշվեց Պրուսիայի օգնությամբ։
1916թ.-«Լեհական Պետություն» ստեղծելու մասին ավստրա-գերմանական դեկլարացիան։
1917թ.-Լենինը ճանաչում է գերմանական պետությունների տիրապետության տակ գտնվող Լեհաստանի ինքնորոշման իրավունքը։
1918թ.-Անկախ Լեհական պետության ապստամբությունը։
1919թ.-Առաջին, օրենսդիր սեյմը։ Պիլսուդսկու կառավարությունը։
1919-1920թթ.-Լեհ-սովետական պատերազմը; գերմանա-լեհական կոնֆլիկտը Սիկեզիայի պատճառով։
1926թ. մայիս-Գեներալ Պիլսուդսկու պուտչը։
1938թ.-Լեհերի հրաժարվելը Ֆրանսիայի և ֆաշիստական Գերմանիայի միջև պատերազմի դեպքում խորհրդային զորքերին ճանապարհ տալուց։ Չեխասլովակյան ճգնաժամի ժամանակ Լեհաստանի կողմից Տեշինյան Սիլեզիայի անեքսիան։
1939թ. օգոստոսի 23-Գերմանա-սովետական պակտը։
1939թ.սեպտ.1-Գերմանական զորքերի Լեհաստան ներխուժումը։
1939թ.հոկտեմբեր-Խորհրդային Միությունն օկուպացնում է Լեհաստանի արևելյան մասը։ Լոնդոնում լեհական կառավարության ստեղծումը։
1943թ.-Վարշավյան գետոյի ապստամբությունը։ Կատինան կոտորածի բացահայտումն առաջ է բերում լոնդոնյան կառավարության խզումը Մոսկվայի հետ։
1943թ.դեկտ.-Մոսկվայի օգնությամբ Կրայովա Ռադա Նարոդովայի ստեղծումը։ Կրայովայի բանակը ճանաչում է միայն Բուրա-Կոմարովսկում՝ լոնդոնյան կառավարության ենթակային։
1944թ.օգոստ.1-Վարշավայի ապստամբության սկիզբը։
1944թ.դեկտ.31-Խորհրդային և Կրայովա Ռադա Նարոդովայի զորքերի մուտքը Վարշավա։
1945թ.-Յալթայի կոնֆերանսը որոշում է Լեհաստանի ապագա սահմանները։
1947թ.-Դեմոկրատական «բլոկի» կառավարությունը սոցիալիստ Ցիրանկևիչի գլխավորությամբ։
1949թ.-Միությունը ԽՍՀՄ հետ և Լեհաստանի սովետականացումը; Կոմունիստ Գոմուլկայի կալանումը Տիտոյի գործից հետո; խորհրդային մարշալ Ռակասովսկին նշանակվում է ազգային պաշտպանության նախարար։ Կարդինալ Վիշինսկու կալանումը։
1956թ.-Պոզնանյի ապստամբությունը; Գոմուլկայի վերադարձը։ «Լեհական հոկտեմբերը»; հրաժարում բռնի կոլեկտիվացումից։ Կարդինալ Վիշինսկու ազատումը; եկեղեցու հանդեպ հանդուրժողականության քաղաքականությունը։
1968թ.մարտ-Ուսանողական ցույցեր Վարշավայում, ոստիկանության կողմից դրանց դաժան ճնշումը; Գոմուլկայի տեղը գալիս է Գերեկը։
1970-1980թթ.-Տնտեսության փլուզումն ու բյուրակրատիայի ռեժիմն առաջացնում են գործադուլներ Գդանյսկում; «ազատ» արհմիությունների կազմավորումը։

Աշխարհագրություն[խմբագրել]

Լեհաստանի ընդհանուր տարածքը կազմում է 312,685 քառակուսի կիլոմետր։ Տարածքային առումով գրավում է աշխարհում 70-րդ, իսկ Եվրոպայում 9-րդ տեղը։ Երկիրը բաժանված է 16 մարզերի՝ վոյեվոդությունների, որոնք իրենց հերթին բաժանվում են պովիատների և գմինաների։ Տարածքի ցամաքային մասը կազմում է 304,225 քառ. կմ, իսկ ջրայինը 8,430 քառ. կմ[24]։ Տարածքի 35.49 տոկոսը կազմում են վարելահողերը։ Ընդհանուր սահմանները կազմում են 3,071 կիլոմետր (Չեխիա՝ 796 կմ, Սլովակիա՝ 541 կմ, Ուկրաինա՝ 535 կմ, Գերմանիա՝ 467 կմ, Բելառուս 418 կմ, Ռուսաստան (Կալինինգրադի մարզ)՝ 210 կմ, Լիտվա՝ 104 կմ)[25] Ջրային սահմանը կազմում է 440 կմ։ Լեհաստանի ամենաբարձր կետը Ռիսի լեռն է, բարձրությունը կազմում է 2499 մետր։ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավան է, մեծ քաղաքներն են Կրակովը, Վրոցլավը, Պոզնանը Գդանսկը։

Կլիմա[խմբագրել]

Կլիման չափավոր ցամաքային է: Հունվարի միջին ջերմաստիճանը ծովափին և երկրի արևմուտքում—1°C է, կենտրոնական շրջաններում՝ —3°C, լեռներում՝ մինչե —6°C, հուլիսինը՝ հյուսիսում 11°C—17°C է, կենտրոնական շրջաններում՝ 18—19°C, լեռներում՝ 10—14°C: Տարեկան տեղումների քանակը հարթավայրերում 500—700 մմ են, լեռներում՝ 800—1800 մմ: Խոշոր գետերն են Վիսլան և Օդրան: Հաշվվում է ավելի քան 9000 լիճ, մեծ մասը՝ երկրի հյուսիսում: Կարպատների և Մուդետների ստորոտներին կան հանքային աղբյուրներ:

Հողեր և բուսականություն[խմբագրել]

Լեհաստանի տարածքի կեսից ավելին հերկված է, 27 %-ը զբաղեցնում են անտառները՝ փշատերև ծառատեսակների գերակշռությամբ: Հարթավայրերում տարածված են պոդզոլային հողերը, արևելքում և հյուսիս-արևելքում՝ ճահճային, նախալեռներում՝ գորշ անտառային, նախալեռնային հարթավայրերում՝ սևահողերը, լեռներում՝ լեռնային գորշ, գետերի հովիտներում՝ ալյուվիալ հողերը:

Կենդանական Աշխարհ[խմբագրել]

Կենդանական աշխարհի ներկայացուցիչներից կան արջ, գայլ, լուսան, աղվես, փորսուղ, այծյամ, վարազ, եղջերու: Կլիմայավարժեցվում են նախկինում համարյա լրիվ ոչնչացված զուբրերն ու կուղբերը:

Օտգակար հանածոներ[խմբագրել]

Լեհաստանի ընդերքը հարուստ է ածխի, պղնձի, ծծմբի, գազի, արծաթի, կապարի և աղի պաշարներով[26]։

Պետական Կարգ[խմբագրել]

Լեհաստանը Հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1952-ին։ ժողովրդավարական իշխանության հիմքը բանվոր դասակարգի և աշխատավոր գյուղացիության դաշինքն է։ Պետության իշխանության բարձրագույն մարմինը միապալատ սեյմն է. ընտրվում է համընդհանուր, ուղղակի և հավասար ընտրական իրավունքով՝ փակ գաղտնի քվեարկությամբ։ Պետության բարձրագույն գործադիր-կարգադրիչ մարմինը կառավարությունն է, որ նշանակում է սեյմը։ Իշխանության տեղական մարմինները, ժողովրդական սովետներն են։ Դատական համակարգը կազմում են՝ գերագույն դատարանը, վոյեվոդությունների, պովյատների և քաղաքային դատարաններն ու հատուկ դատարանները։

Բնակչություն[խմբագրել]

Բնակչության ավելի քան 96.9%-ը լեհեր[27] են։ Ապրում են նաև ուկրաինացիներ, բելոռուսներ, սլովակներ։ Պաշտոնական օրացույցը Գրիգորյանն է, տիրապետող կրոնը՝ կաթոլիկությունը։ Բնակչության միջին խտությունը 1 կմ2 վրա 123 մարդ է (2015): Քաղաքային բնակչությունը՝ 60,5[28]%: Խոշոր քաղաքներն են՝ Վարշավան, Լոձը, Կրակովը, Վրոցլավը, Պոզնանը, Գդանսկը, Գդինյան, Շչեցինը, Բիդգոշչը, Լյուբլինը, Կատովիցեն։

Տնտեսություն[խմբագրել]

Լեհաստանը Հետարդյունաբերական երկիր է: ՀՆԱ-ի մեջ արդյունաբերության բաժինը 2014-ին կազմել է 32%[29], գյուղատնտեսությանը՝ 3,7%[30]: Արևմտյան սեկտորի տեսակարար կշիոը ազգային եկամտի մեջ կազմել է 81,6%: Լեհաստանը ՏՓԽ-ի անդամ է և նրա շրջանակներում մասնագիտանում է մեքենաշինական արտադրանքի թողարկման մեջ, մատակարարում է նաև քարածուխ, կոքս, պղինձ, ցինկ, ծծումբ, կերակրի աղ, քիմիկատներ, դեղորայք, լայն սպառման ապրանքներ, գյուղատնտեսական արտադրանք:

Արդյունաբերություն[խմբագրել]

Արդյունաբերության կարևոր ճյուղերից է լեռնագործությունը: Քարածխի և ծծմբի արտահանությամբ աշխարհում գրավում է երկրորդ տեղը: Քարածխի արդյունահանության 3/4-ը կենտրոնացած է Վերին Միլեզիայի ավագանում: Կոքսացվող քարածուխ է արդյունահանվում նաև Ներքին Սիլեզիայի ավազանում: Նավթի պաշարները կազմում են 156 մլն բարել (2014): Բնական գազի պաշարները 2014-ին կազմել են 92 մլրդ խմ3 գլխավոր շրջանը Սանդոմեժի գոգավորությունն է: Մեքենաշինությունն աչքի է ընկնում մետաղատարությամբ, արտադրանքի բազմազանությամբ: Նրա արտադրանքի արտահանության մոտ 1/3-ը կազմում են տրանսպորտային միջոցները: Նավաշինության կենտրոններն են՝ Գդանսկ, Գդինյա, Շչեցին, ավիաշինության՝ Վարշավա, Մելեց, Սվիդնիկ, վագոնաշինության՝ Սվիդնիցա, Զելյոնա Դուրա, Վրոցլավ: Կա սինթետիկ թելերի կիսաարտադրանքի (Տորուն և Գոժուվ, Վելկոպոլսկի քաղաքներում), դեղագործության և ֆոտոքիմիայի (Վարշավա, Կրակով, Զելյոնա Գուրա), օծանելիքների (Պոզնան, Լոձ, Կրակով), ռետինի (Գլուձյոնձ և Լոձ), ավտոդողերի (Օլշտին, Դեմբիցա, Պոզնան), ապակու, հախճապակյա և ճենապակյա իրերի արտադրություն: Անտառային և փայտամշակման արդյունաբերությունը ներքին պահանջմունքներից բացի արտահանության համար տալիս է սղոցանյութ, կահույք, լուցկի, թուղթ: Տեքստիլ արդյունաբերությունը հնագույն ճյուղերից է: Թողարկում է բամբակյա, վուշյա, բրդյա, մետաքսյա և կիսամետաքսյա գործվածքներ, տրիկոտաժ` հիմնականում կենտրոնացած է Լոձի և Սուդետների (Ներքին Սիլեզիայի) շրջաններում, Բելսկո Բյալա Չենստոխովա և Բելոստոկ քաղաքներում ու նրանց շրջակայքում: Զարգացած է կաշվի-կոշկեղենի արտադրությունը: Սննդի արդյունաբերությունը թողարկում է շաքար, օղի, հրուշակեղեն, մսամթերքներ, յուղ, ծխախոտ, գարեջուր, մարգարին, ձկնեղեն:

Գյուղատնտեսություն[խմբագրել]

Գյուղատնտեսության մեջ գերակշռում է մանր ապրանքային կացութաձևը: Անհատական գյուղացիական տնտեսությունները տալիս են գյուղատնտեսական համախառն արտադրանքի մոտ 80%-ը: Սոցիալիստական սեկտորում օգտագործվել է գյուղատնտեսական հանդակների տարածության 21 %-ը: Զարգանում են ինչպես արտադրական կոռպերատիվները, այնպես էլ գյուղատնտեսական խմբակները: Գյուղատնտեսական համախառն արտադրանքի կառուցվածքում բուսաբուծությանը բաժին է ընկնում 54,8, անասնապահությանը՝ 45,2%-ը: Ապրանքային արտադրանքում հարաբերակցությունը հակառակն է՝ համապատասխանաբար 35,4%, 64,6%: Ցանքատարածության կառուցվածքում հատիկային կուլտուրաները զբաղեցնում են 57,5, կարտոֆիլը 18,2, տեխնիկական կուլտուրաները 6,3, կերային կուլտուրաները 14,9%: Լեհաստանն աշխարհում 2-րդ տեղն է գրավում տարեկանի և կարտոֆիլի բերքով: Անասնապահության գլխավոր ճյուղերն են խոզաբուծությունը և խոշոր եղջերավոր անասունների բուծումը: Զարգացած է թռչնաբուծությունն ու ձկնորսությունը:

Տրանսպորտ[խմբագրել]

Երկաթուղիների երկարությունը 19,837 կմ[31] է: Ավտոճանապարհների երկարությունը 412,035 կմ է, ներքին ջրային նավարկելի ուղիներինը՝ 6,6 հզ. կմ[32] (գլխավոր ջրային ուղին Օդրա գետն ու Գլիվիցեի ջրանցքն են): Կարևոր նավահանգիստներն են՝ Շչեցին՝ Սվինոույսցեի հետ, Գդինյա և Գդանսկ: Վարշավայի Օկենցե գլխավոր օդանավակայանն ունի միջազգային նշանակություն:

Արտաքին տնտեսական կապեր[խմբագրել]

Արտահանության ծավալը 2014-ին կազմել է 219 մլրդ դոլար[33], հիմնական գործընկեր պետություններն են՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Չեխիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան և Նիդեռլանդները[34]: Արտահանում են մեքենաներ և արդյունաբերական սարքավորում, լայն սպառման ապրանքներ, քարածուխ, ցինկ, պղինձ, սև մետաղների գլանվածք ևն[35]:

Ներմուծումը 2014-ին կազմել է 217 մլրդ դոլար[36], հիմնական գործնկեր պետություններն են՝ Գերմանիան, Ռուսաստանը, Նիդեռլանդները, Չինաստանը, Իտալիան, Չեխիան և Ֆրանսիան[37]: Ներմուծում են մեքենաներ և սարքավորում, նավթ և նավթամթերքներ, երկաթի հանքանյութ, հացահատիկ և այլն[38]:

Առողջապահություն[խմբագրել]

1973-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին 9,74[39] մահացությունը՝ 10,9[40], կյանքի միջին տևողությունը (2014)՝ 77,4 տարի է[41]: Տարածված են սիրտանոթային համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները: Գոյություն ունի առողջապահության պետական համակարգ: 2014-ին Լեհաստանում եղել է 3,682 հիվանդանոց՝ 1,217 մլն. մահճակալով, 5640 ծննդատուն: Գործել են շտապ օգնության 431 կայան: Բժիշկներ և դեղագործներ են պատրաստում բժշկական 10 ակադեմիաները (Վարշավայում, Բելոստոկում, Գդանսկում, Կրակովում, Լյուբլինում, Լոձում, Պոզնանում, Շչեցինում, Վրոցլավում, Կատովիցեում): Առողջարաններից հայտնի են՝ Կրինիցա, ժեգեստուվ, Շչավնիցա, Ռաբկա, Պոլյանիցա-Զդրույ, Ցեպլիցե, Բուսկո-Զդրույ, Ցեխոցինեկ, Լյոնչեկ-Զդրույ, Սոպոտ, Կոլոբժեգ, Զակոպանե:

Լուսավորություն[խմբագրել]

X—XI դդ. եկեղեցիներին և տաճարներին կից ստեղծվել են լատիներեն լեզվով առաջին դպրոցները: XIII—XIV դդ. կազմակերպվել են քաղաքային դպրոցներ՝ լեհերենով: Դա կապված էր Վերածննդի և Ռեֆորմացիայի հետ, ըստ որում կարեոր դեր է կատարել Ցագելլոնի համալսարանը: Մինչև XVII դ. ներառյալ դպրոցները ենթարկվում էին ճիզվիտական միաբանությանը: 1773—1775-ի բարելավումներով ուսուցումը դարձավ աշխարհիկ և լեհերեն: Լեհաստանի բաժանումը բացասական ազդեցություն է թողել կրթական գործի վրա ևս: 1918-ին դպրոցները և համալսարանները վերականգնվեցին, բայց ժողկրթության մակարդակը երկար ժամանակ խիստ ցածր էր: Գերմանա-ֆաշիստական օկուպացիայի ժամանակ դպրոցների մեծ մասը ոչնչացվել է: ժողովրդական Լեհաստանում ստեղծվել է պետական դպրոցական համակարգ, մանկապարտեզ (3—7 տարեկան երեխաների համար), պարտադիր հիմնական դպրոց (8-ամյա), միշնակարգ հանրակրթական դպրոց, որն ավարտողն իրավունք է ստանում բուհ ընդունվելու: Ունի նաև տարրական և միջնակարգ մասնագիտական դպրոցներ: 1973-ին որոշվել է անցնել համնդհանուր 10-ամյա միջնակարգ կրթության: Խոշորագույն բուհերն են Ցագելլոնի և Վարշավայի համալսարանները, պոլիտեխնիկական ինստիտուտները, գյուղատնտեսական և մանկավարժական բարձրագույն դպրոցները, բժշկական ակադեմիան: Գրադարանները՝ Ազգային գրադարանը Վարշավայում, Ցագելլոնի, Վարշավայի և Պոզնանի համալսարանների գրադարանները, թանգարանները՝ Ազգային և Պատմության (Վարշավայում և Կրակովում):

Մշակույթ[խմբագրել]

Գիտություն և գիտական հիմնարկներ[խմբագրել]

Գիտության և տեխնիկայի պետական կառավարման բարձրագույն մարմինը բարձրագույն կրթության և տեխնիկական գիտությունների նախարարությունն է (կազմակերպվել է 1972-ին): Հետազոտությունները տարվում են ԳԱ հիմնարկներում, բուհերում և գերատեսչական գիտական հիմնարկներում, որոնց մեջ են մտնում (1973) 112 ԳՏԻ, 25 լաբորատորիա, 103 գիտահետազոտական կենտրոն, ժողտնտեսության գիտատեխնիկական բազայի 651 ինքնուրույն կենտրոն, 1670 ֆաբրիկագործարաէհսյին գիտահետազոտական կենտրոն: Լեհաստանի գիտական հիմնարկները կապ ունեն 116 երկրի գիտական հիմնարկների հետ: Լեհաստանը անդամ է 140 միջազգային գիտական կազմակերպությունների:

Ճարտարապետություն և Կերպարվեստ[խմբագրել]

Լեհաստանի տարածքում հնագույն ճարտարապետական հուշարձանները Բիսկուպինի փայտյա կառույցներն են (մ. թ. ա. մոտ 550—400): Պահպանվել X—XI դդ. պաշտամունքային և աշխարհիկ քարե կառույցների մնացորդներ: Ռոմանական ոճի զարգացումը կապված էր ֆեոդալիզմի հաստատման հետ (Տումի, Կրակովի բազիլիկ կոստյոլները, XI—XII դդ.): XIII դարից աճել են քաղաքները, կազմավորվել են նրանց կենտրոնների անսամբլները, ստեղծվել նոր տիպեր (աշտարակավոր ռատուշա, տնտեսական կառույցներ և այլն): Ժողովրդական իշխանության հաստատումից հետո վերակառուցվել են 1939—1945-ի պատերազմի հետևանքով ավերված քաղաքները: Հետպատերազմյան ճարտարապետական զարգացման ընթացքում մեծ դեր են խաղացել ավագ սերնդի ճարտարապետ Շ. Սիրկուսը, Բ. Պնևսկին, Բ. և Ս. Բրուկալսկիները և ուրիշները: Պատմական ոճերով հրապուրվելու շրջանից (Սահմանադրության հրապարակը Վարշավայում) հետո, 1950-ական թթ. վերջին առաջացել է ձևերի ռացիոնալ պարզեցման ձգտումը: 1960-ական թթ. հասարակական շենքերին բնորոշ են հատակագծերի ֆունկցիոնալ նպատակահարմարությունը, կառուցվածքային լուծումների յուրօրինակությունը, տիպային կառուցվածքային օղակների ռիթմիկ համադրումը (Ուսանողուհիների հանրակացարանը Կրակովում, «Սուպերսամ» խանութը Վարշավայում, «Մերկուրի» հյուրանոցը Պոզնանում):

Երաժշտություն[խմբագրել]

Լեհաստանի երաժշտական մշակույթը իր բնույթով նման է սլավ, մյուս ժողովուրդների երաժշտական արվեստին: Հնագույն ժողովրդական գործիքներից պահպանվել են փայտե թակիչներ, դափեր, սուլիչներ, որոնց նվագակցությամբ կատարվում են ծիսական ժողովրդական երգեր: Ժողավրդական գործիքներից են նաև ջութակը, մազանկան, մարինան (աղեղնավոր և կսմիթավոր), լիգավկան, բազունան, տրոմբիտան (փողային): Ժողովրդական պարերից են՝ պոլոնեզը, կրակովյակը, մազուրկան, կույավյակը, օբերեկը: Ազգային և ժողովրդական երաժշտության սկզբունքներին հետևելով զարգացման նոր ուղիներ են որոնել «Երիտասարդ Լեհաստան» խմբավորման կոմպոզիտորներ Մ. Կառլովիչը, Լ. Ռուժիցկին, Կ. Շիմանովսկին: Լեհաստանում գործում են 21 սիմֆոնիկ նվագախումբ, 10 օպերային թատրոն, 9 օպերետային թատրոն, 7 բարձրագույն, մոտ 120 միջնակարգ և տարրական երաժշտական դպրոցներ: Անց են կացվում միշազգային մրցույթներ Վարշավայում՝ Շոպենի անվ. դաշնակա֊ հարների, Վենյավսկու անվան Ջութակահարների (1935-ից), որը 1952-ից տեղի է ունենում Պոզնանում, փառատոներ (1956-ից ժամանակակից երաժշտության՝ «Վարշավյան աշուն», 1966-ից Բիդգոշչում՝ Արևելյան Եվրոպայում հնագույն երաժշտության, Սոպոտում՝ էստրադային երգի): Հանրաճանաչ են ժողովրդական երգի և պարի «Մազովշե» և «Շլյոնսկ» անսամբլները: Տարբեր տիպի միավորումներից է 1870-ից գոյատեող Վարշավայի երաժշտական ընկերությունը:

Կինո[խմբագրել]

Լեհաստանում ֆիլմերի կանոնավոր արտադրությունն սկսվել է 1908—1914-ին: 1910—1930-ական թթ. հիմնականում էկրանավորվել են ազգային գրական երկեր և կինոկոմեդիաներ: Նշանակալի երեույթ էր «Ատարտ» (1930) և «Կինոհեղինակների կոոպերատիվ» կինոմիավորումների ստեղծումը, որոնց ֆիլմերն ուղղված էին գաղափարազուրկ, շահութաբեր կինոարտադրանքի դեմ: Կինոյի վերածնունդը սկսվել է ժողովրդական կարգերի հաստատումից հետո: 1945-ին կինոարտադրությունը ազգայնացվել է, ստեղծվել «Ֆիլմ պոլսկի» պետական ստուդիան: Հիմնականում նկարահանվել են պատերազմի ու ֆաշիստական օկուպացիայի ողբերգական դեպքերին նվիրված կինոնկարներ: Առավել նշանավոր ֆիլմը «Վերջին հանգրվան»-ն է (1948, ռեժ. Վ. Ցակուբովսկի): 50-ական թթ. նկարահանվել են բնույթով նորարարական ֆիլմեր՝ «Սերունդ» (1955), «Կանալ» (1957), «Մոխիր և ալմաստ» (1958, երեքի ռեժ. Ա. Վայդա), «Մեծ պատերազմի իսկական ավարտը» (1957, սովետական պրոկատում՝ «Դա մոռանալ չի կարելի», ռեժ. Ե. Կավալերովիչ): Հետագայում ևս պատերազմի թեման կրկին ու մեծ ուժով բարձրացվել է՝ «Ուղեորուհին» (1963, ռեժ. Ա. Մունկ), «Բնանկար ճակատամարտից հետո» (1970, ռեժ. Ա. Վայդա) և այլ ֆիլմերում: էկրանավորվել են լեհ դասական գրողների երկերը՝ Ս. ժերոմսկու «Մոխիր» (1965, ռեժ. Ա. Վայդա), Բ. Պրուսի «Փարավոն» (1966, ռեժ. Ե. Կավալերովիչ), Հ. Աենկեիչի «Պան Վալադիեսկի» (1969) և «Ջրհեղեղ» (1974, ռեժ. Ե. Հոֆման): Զարգացած է վավերագրական (ռեժ, Ե. Բոսակ, Վ. Կազմերչակ և ուրիշներ) գիտամասսայական (ռեժ. Վ. Պուխալսկի Ս. Գրաբովսկի), մուլտիպլիկացիոն (ռեժ և նկարիչ՝ Ցա. Լենիցա, Զ. Օլդակ, Վ. Գերշ և ուրիշներ) ֆիլմերի արտադրությունը:

Հայերը Լեհաստանում[խմբագրել]

Տակավին 14-15-րդ դարերում Լեհաստանում ապաստան են գտել մեծ թվով հայ գաղթականներ, որոնք դարեր շարունակ հաշտ ու խաղաղ ապրել են տեղի բնակչության հետ։ Լեհաստանի հայ գաղութը ստվարացել է հատկապես Բագրատունյաց մայրաքաղաք Անիի կործանումից հետո ։ Նրանց մեջ եղել են հմուտ արհեստավորներ, երկրագործներ, առևտրականներ, որոնք ըստ ամենայնի նպաստել են լեհական պետության զարգացմանը, հարկ եղած դեպքում զենքով պաշտպանել երկրի անվտանգությունը։ Ներկայումս Լեհաստանում բնակվում է 92.000 հայ, որոնց մեծ մասը Հայաստանից արտագաղթել են վերջին 10-15 տարիների ընթացքում։ Նրանց մի մասը լեհ հասարակության մեջ որոշակի դիրքի է հասել. զբաղված են պետական կառույցներում, գիտության ու մշակույթի բնագավառներում։ 1980 թ.-ից Կրակովում գործում են Հայ մշակույթի համակիրների շրջանակը (ընկերություն), 1985 թ.-ից՝ Հայ մշակութային ընկերությունը , որոնց նպատակն է համախմբել լեհահայությանը, վերականգնել նրանց մշակութային ավանդություններն ու կապեր հաստատել Հայաստանի հետ։ Գործում է Սուրբ Երրորդություն հայ կաթոլիկ եկեղեցին Գլիվիցում, միակ առաքելական Սուրբ Վասիլ եկեղեցին Վարշավայում։

Քաղաքի տեսարաններ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Լեհաստանի բնակչությունը 2015 թվականին
  2. Լեհաստանի բնակչությունը 2011 թվականին
  3. Լեհաստանի ՀՆԱ-ն
  4. Լեհաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն
  5. Լեհաստանի անվանական ՀՆԱ-ն
  6. Լեհաստանի մեկ շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ն
  7. Լեհաստանի Ջինի
  8. Լեհաստանի ՄԶՀ-ն
  9. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. p. 53. ISBN 99941-56-03-9. http://issuu.com/5420/docs/texekatu?e=3902245/2725897. 
  10. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». 
  11. Maciej Kosiński, Magdalena Wieczorek-Szmal (2007). "Z mroku dziejów. Kultura Łużycka". Muzeum Częstochowskie.
  12. Teeple, J. B. (2002). Timelines of World History. Publisher: DK Adult.
  13. Frucht, Richard C., ed. (2004). Eastern Europe: An Introduction to the People, Lands, and Culture
  14. Jerzy Wyrozumski – Historia Polski do roku 1505 (History of Poland until 1505), Państwowe Wydawnictwo Naukowe (Polish Scientific Publishers PWN), Warszawa 1986.
  15. Norman Davies (1996). Europe: a history. Oxford University Press. p. 428.
  16. "Jagiellon dynasty (European history)". Encyclopædia Britannica.
  17. Davies (2007). Warfare, State and Society on the Black Sea Steppe,1500–1700.. p.17.
  18. "The Crimean Tatars and their Russian-Captive Slaves". Eizo Matsuki, Mediterranean Studies Group at Hitotsubashi University.
  19. Józef Andrzej Gierowski – Historia Polski 1505–1764 (History of Poland 1505–1764), Państwowe Wydawnictwo Naukowe (Polish Scientific Publishers PWN), Warszawa 1986.
  20. Józef Andrzej Gierowski – Historia Polski 1505–1764 (History of Poland 1505–1764), p. 105-173.
  21. "Poland – The 17th-century crisis". Britannica Online Encyclopedia.
  22. Józef Andrzej Gierowski – Historia Polski 1764–1864 (History of Poland 1764–1864), Państwowe Wydawnictwo Naukowe (Polish Scientific Publishers PWN), Warszawa 1986, p. 1-74
  23. Marc Ferro. Comment on raconte l'histoire aux enfants. Payot, Paris. 106, Boulevard Saint-Germain, 1986
  24. Լեհաստանի տարածքը
  25. Լեհաստանի սահմանները
  26. Լեհաստանի օգտակար հանածոներ
  27. Լեհաստանի Բնակչություն
  28. Լեհաստանի Բնակչություն
  29. Լեհաստանի Տնտեսություն
  30. Լեհաստանի Տնտեսություն
  31. Լեհաստանի Տրանսպորտային Համակարգ
  32. Լեհաստանի Տրանսպորտային Համակարգ
  33. Լեհաստանի Տնտեսություն
  34. Լեհաստանի Տնտեսություն
  35. Լեհաստանի Տնտեսություն
  36. Լեհաստանի Տնտեսություն
  37. Լեհաստանի Տնտեսություն
  38. Լեհաստանի Տնտեսություն
  39. Լեհաստանի Առողջապահություն
  40. Լեհաստանի Առողջապահություն
  41. Լեհաստանի Առողջապահություն

Արտաքին հղումներ[խմբագրել]