Իլխանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իլխանություն (պարս․՝ ایلخانان, Ilxānān), կամ, Հուլավյան իլխանություն (իլխան, Էլխանից՝ ցեղերի խան), որը հայտնի է նաև որպես Հուլավուի ուլուս (մոնղ.՝ Хүлэгийн улс, Hu’legīn Uls)[1], մոնղոլական տերության ուլուսներից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնել է Հուլավուն՝ 1256 թվականին։ Ընդգրկել է Միջին Ասիայի արևմտյան մասը, Աֆղանստանը, Իրանը, Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը, Միջագետքը, Փոքր Ասիայի արևելյան շրջանները։ 13–րդ դարի 60-ական թվականներին մոնղոլական պետության մասնատման հետևանքով իլխանությունը փաստորեն դարձել է ինքնուրույն պետություն։ Հուլավուի հաջորդները՝ Աբաղան (1265–1282), Արղունը (1284–1291) և Քեյղաթուն (1291–1295) ամրապնդեցին Իրան ինքնուրույնությունը։ Ղազանը (1295–1304) «իլխան»-ի փոխարեն իրեն կոչում էր «խան», Օլհայթուն (Օլհայթու, 1304–1316)՝ սուլթան՝ շեշտելով իրենց անկախությունը մեծ խանից։ Իրան կենտրոնը նախապես Մարաղան էր, ապա՝ Թավրիզը, 1307 թվականից՝ Սուլթանիեն (Ղազվինի մոտ)։ Բաղդադը (գրավել է 1258 թվականին) եղել է Իրան կարևոր կենտրոններից մեկը։ Իլխանները պատերազմել են Ոսկե Հորդայի դեմ, փորձել են գրավել Փոքր Ասիան և Եգիպտոսը, ձգտել են դաշնակցել խաչակիրների և Կիլիկիայի հայկական պետության հետ՝ ընդդեմ սելջուկների և մաղուքների։ 14–րդ դարի 20-ական թվականներին իլխանությունը սկսում է թուլանալ, իսկ նույն դարի կեսից՝ մասնատվել։ Նրա տարածքում առաջացել են առանձին իշխանություններ։ 1353 թվականից իլխանությունը դադարել է գոյություն ունենալուց։ Իլխանությունում պետության գլուխ կանգնած էր իլխանը։ Երկիրը կառավարելու համար ստեղծվել են գերատեսչություններ՝ դիվաններ՝ վեզիրների գլխավորությամբ։ Հարկահանության դիվանը ենթակա էր գլխավոր բասղաղին (բասկակ), որին հայ պատմիչներն անվանել են ոստիկան։ 1236–1245 թվականներին մոնղոլները գրավեցին Հայաստանը, որը հետագայում մտավ իլխանության կազմի մեջ։ Հնազանդություն հայտնած հայ ֆեոդալները դարձան իլխանների վասալները՝ օժանդակ զորք և հարկ տալու պայմանով։ Իլխանները Հայաստանը կառավարելու համար օգտվում էին հայ խոշոր իշխանների ծառայություններից՝ նախ Զաքարյանների (Իվանե, Ավագ, Աթաբեգ Սադուն), ապա Օրբելյանների (Էլիկում, Սմբատ, Տարսայիճ, Բուրթել)։ Ինչպես իլխանությունում, այնպես էլ Հայաստանում հողատիրության ձևը ինջուն էր։ Մոնղոլները ոչ միայն պահպանեցին ավատատերերի արտոնությունները, այլև ուժեղացրին գյուղացիների կախումը նրանցից։ 1303 թվականին հրովարտակով գյուղացիները ամրացվեցին հողին։ 1254–1255 թվականներին աշխարհագիր անցկացվեց՝ հարկատվության և զինապարտության նոր կարգ սահմանելու համար։ Բնակչությունը վճարում էր շուրջ 40 տեսակ հարկ և տուրք։ Հարկերից ազատված էին վանքերն ու հոգևորականները։ Ազգային, տնտեսական ճնշման քաղաքականության դեմ 1259–1261 թվականներին բռնկեց հայ–վրացական ապստամբություն, որը գլխավորում էր վրաց թագավոր Դավրթը։ Հայ իշխաններից ապստամբությանը մասնակցում էին Խաչենի իշխան Հասան-Զալալը, Զաքարյանները և ուրիշներ։ Մոնղոլների տիրապետությունը ծանր հետևանք ունեցավ Հայաստանի համար։ Քայքայվեցին տնտեսությունը, անկում ապրեցին քաղաքները։ Հայաստանի տարբեր վայրերից հայերը զանգվածաբար գաղթում էին Կիլիկիայի հայկական պետություն և օտար երկրներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Biran Michael (2016)։ «Il‐Khanate Empire»։ The Encyclopedia of Empire (eds N. Dalziel and J. M. MacKenzie).։ doi:10.1002/9781118455074.wbeoe362 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 319 CC-BY-SA-icon-80x15.png