Վրաց թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրաց թագավորություն
საქართველოს სამეფო
 Վրաց իշխանություն
 Տայքի կյուրոպաղատություն
 Աբխազիայի թագավորություն
 Կախեթի թագավորություն
 Թիֆլիսի ամիրայություն
1008 - 1490 Իմերեթի թագավորություն 
Քարթլիի թագավորություն 
Կախեթի թագավորություն 
Սամցխե-Սաաթաբագո 
Sakartvelo - drosha.svg
(Դրոշ)
Քարտեզ

Georgian empire with tributaries-hy.png
(Վրացական թագավորությունը «Ոսկեդարի» շրջանում՝ ենթակա երկրների հետ)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Թբիլիսի
Մակերես 380.000 կմ2
Բնակչություն 5.000.000
Լեզու Վրացերեն, աբխազերեն, հայերեն
Ազգություն Վրացիներ, աբխազներ, հայեր, հրեաներ, հույներ
Կրոն Վրաց ուղղափառ եկեղեցի Վրաց ուղղափառ եկեղեցի
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Բագրատիոնիներ
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն
- Սելջուկյան տիրապետություն 1081-1099
- «Ոսկեդար» 1121-1245
- Մոնղոլական տիրապետություն 1245-1327
- Վերամիավորում և անկախացում 1334-1386
- Լենկթեմուրի արշավանք 1386-1405

Վրաց թագավորություն (վրաց.՝ საქართველოს სამეფო` սաքարթվելոս սամեփո), միջնադարյան պետություն Կովկասում և Հայկական լեռնաշխարհում 1008-1490 թվականներին։ Հիմնադրել է Աբխազիայի արքա Բագրատ III-ը 1008 թվականին։ Երկիրը կառավարել է Բագրատիոնիների թագավորական տոհմը[1]: Տարածքը կազմել է առավելագույնը 380 000 քառ. կմ՝ Թամար թագուհու օրոք (1184-1213)։

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Քութայիսը: 1122 թվականից Դավիթ Շինարարը մայրաքաղաքը տեղափոխում է վրացական մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոն Թբիլիսի: Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում Բյուզանդական կայսրությունը և Սելջուկյան սուլթանությունը, իր մեջ ներառել է բազմաթիվ հարևան և հեռավոր երկրներ։ Ոսկեդարի շրջանում այն իր մեջ ներառում էր Կովկասյան լեռները, Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը և Կուր-Արաքսյան դաշտավայրը՝ տարածվելով Սև ծովի և Կասպից ծովի միջև։

13-րդ դարում Վրաստանը վերածվում է Մոնղոլական կայսրության մարզի[2]: Նրա տարածքում առաջանում են բազմաթիվ իշխանություններ։ 14-րդ դարում պետությունը միավորվում ու անկախանում է։ Լենկթեմուրի արշավանքից հետո Վրացական թագավորությունը թուլանում է։ 1490 թվականին բաժանվում է 3 ինքնիշխան թագավորությունների՝ Իմերեթ, Քարթլի և Կախեթ:

Վրաց թագավորությունը քրիստոնյա Արևելքի հզորագույն թագավորությունն էր, որ իր շուրջ էր համախմբել հայերին, աբխազներին, օսերին, ասիաբնակ հույներին և աղվաններին[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Վիրք

Ժամանակակից Վրաստանի տարածքում հիմնադրված առաջին պետությունը Վիրքն էր կամ Իբերիան։ Այն հիմնադրվել էր մ.թ.ա. 4-րդ դարում: Թագավորության անվանումից էլ գալիս է հայկական անունը՝ Վրաց (Իբերաց) պետություն կամ Վիրք։ Այն ունեցել է 3 մայրաքաղաք՝ Մցխեթ, Արմազ, Տփղիս:

Միհրան III, առաջին քրիստոնյա թագավոր
Վախթանգ I, Թբիլիսիի հիմնադիր

Վիրքի հիմնադիր արքայատոհմը եղել է Փառնավազյանների դինաստիան, որին հաջորդել են վրաց Արշակունիները: Երվանդունիների թագավորության թուլացման շրջանում՝ մ.թ.ա. 3-րդ դարում, Վիրքին էր անցել հայկական Գուգարք նահանգը։ Մ.թ.ա. 180-ական թվականներին Մեծ Հայքի թագավոր Արտաշես Բարեպաշտը (մ.թ.ա. 189-160) Վիրքից ազատագրում է Գուգարք նահանգը և միացնում իր պետությանը։ Տիգրան Մեծի ժամանակ Վիրքը եղել է հայոց թագավորության գերիշխանության տակ, իսկ մ.թ.ա. 66 թվականի Արտաշատի պայմանագրով դուրս է եկել հայկական գերիշխանությունից։

337 թվականին՝ Միհրան III-ի (284-361) թագավորության շրջանում, քրիստոնեությունը հայտարարվեց պետական կրոն: 387 թվականին Մեծ Հայքի բաժանումից հետո Գուգարք նահանգը կրկին կցվել է Վիրքին և ստեղծվել է Վրաց մարզպանությունը: Վրաց թագավորներից Վախթանգ Գորգասալը 479 թվականին հիմնադրում է Վրաստանի ներկայիս մայրաքաղաք Թբիլիսին (վրաց.՝ თბილისი) կամ Տփղիսը[4]:

5-րդ դարում Վրաստանը հայտնվեց պարսկա-բյուզանդական գերիշխանության տակ։ Վրաց մարզպանությունը վերջնականապես վերացվեց, երբ տարածաշրջանը նվաճվեց արաբների կողմից: 642 թվականի Նեհավենդի ճակատամարտից հետո կործանվեց Սասանյան Պարսկաստանը, իսկ 652 թվականին հայոց սպարապետ Թեոդորոս Ռշտունու կողմից կնքված Դամասկոսի պայմանագրից հետո Վրաստանն ամբողջությամբ անցավ Արաբական խալիֆայությանը։ Ավելի ուշ ստեղծվեց Թիֆլիսի ամիրայությունը՝ որպես Արմինիա կուսակալության մաս։

Թիֆլիսի ամիրայության իշխանությունը տարածվում էր հիմնականում կենտրոնական Վրաստանի վրա։ Արաբական տիրապետության ժամանակ պատմական Վրաստանի տարածքում առաջացել էին ինքնիշխան կամ ինքնուրույն պետություններ, որոնցից առավել ազդեցիկ էր արևելքում դեռ 637 թվականին հիմնադրված Կախեթի թագավորությունը: Այն սերտ հարաբերություններ էր պահպանում հարևան Աղվանքի, ինչպես նաև հայկական իշխանություններից Սյունիքի ու Արցախի (Խաչեն) հետ։

Վրաստանի արևմուտքում հռոմեահպատակ Լազիկե պետությանը փոխարինելու էր եկել Աբխազիայի թագավորությունը, որը 767 թվականին անկախ էր հռչակել Լևոն II թագավորը (767-811)։

Տայքի կյուրոպաղատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Տայքի կյուրոպաղատություն

Վրաց արքայատոհմի և թագավորության հիմքում ընկած է նաև Տայքում առաջացած իշխանությունը, որը ղեկավարում էին հայ Բագրատունիները դեռևս Արշակունիների թագավորության ժամանակ։ Ավատատիրության հաստատման ժամանակաշրջանում Տրդատ Գ Մեծ թագավորը (287-330) Սմբատ Ա Բագրատունուն է հանձնել Բարձր Հայքի գավառներից Սպերը, և նրան տվել թագադիր ասպետի կոչում։

7-րդ դարում՝ արաբական տիրապետության շրջանում, Վարազ-Տիրոց Բ Բագրատունին, ով դարձել էր հայոց մարզպան (628-634), իր տարածքներին է միացնում նախկին Մեծ Հայքի Տայք նահանգը։ Ավելի ուշ Բագրատունիներին անցնում են Գուգարքի գավառներից Կղարջքը, իսկ հայոց իշխան Աշոտ Մսակեր Բագրատունու (790-826) օրոք՝ Այրարատի գավառներից Շիրակը, Արագածոտնը, Տուրուբերանի գավառներից՝ Տարոնը և այլն։ Բագրատունիները հիմնում են այդտեղ առանձին իշխանություններ։

Տայք-Կղարջքի իշխանությունը (վրաց.՝ ტაო-კლარჯეთის სამეფო՝ Տաո-Կլարջեթի իշխանություն) հիմնադրել է Աշոտ I Կյուրոպաղատը (813-830), ով պայմանագիր է կնքել Բյուզանդիայի հետ՝ արաբական տիրապետությունից Վրաստանը ազատելու համար և ընդունել է կյուրոպաղատի տիտղոսը։ Իշխանության մայրաքաղաքն է դարձել Աշոտի կողմից ամրացված Արտանուջ քաղաքը, որը հաջող դիրք էր զբաղեցնում է Մետաքսե մեծ ճանապարհի երկարությամբ։ Նա սերտ կապեր է հաստատում հայ Բագրատունիների հետ՝ հայոց իշխաններ Աշոտ Մսակեր (790-826) և Բագրատ Ա Բագրատունու (826-851) գլխավորությամբ[5]:

Աշոտի մահից հետո իշխանությունն անցնում է իր որդիներին՝ Բագրատին, Ատրներսեհին և Գուարամին: Նրա դուստրն ամուսնանում է Աբխազիայի թագավոր Թեոդոսիուս II-ի հետ։ 876 թվականին գահը ժառանգում է Դավիթ կյուրոպաղատը (876-881), ապա՝ ևս մի քանի իշխաններ։ 1001 թվականին՝ Դավիթ իշխանի մահից հետո, Տայքը բռնակցվում է Բյուզանդիային:

Աբխազիայի թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Աբխազիայի թագավորություն

Վրաց թագավորությունը հիմնադրել է Աբխազիայի արքա Բագրատ III-ը 1008 թվականին։ Նա միավորել է վրացական գրեթե բոլոր տարածքները մեկ պետության մեջ՝ Բագրատիոնիների վերահսկողության ներքո։ Զինակցել է հայոց շահնշահ Գագիկ Ա-ին (990-1020)։

Աբխազիայի թագավորությունը հիմնադրել էր Լևոն II թագավորը (767-811)։ Նա իրեն անկախ էր հռչակել Բյուզանդիայից: Բացի Հովհաննես բռնակալից և իր որդի Ատրներսեհ Շավլիանիներից՝ երկար տարիներ աբխազական գահին բազմում էին Լևոն II-ի ժառանգները՝ Անոսիդների արքայատոհմի ներկայացուցիչները։ Նրանք Կովկասում տարածում են քրիստոնեությունը: Ավելի ուշ՝ 10-րդ դարի վերջին, աբխազական գահին է բազմում Բագրատ թագավորը։

Բագրատ արքան ծնվել է 960 թվականին՝ Քութայիսում, Քարթլիի իշխան Գուրգեն II Բագրատունու և Աբխազիայի թագավոր Գեորգի II-ի դուստր Գուրանդուխտի ընտանիքում[6]: Մանկությունը անցկացրել է Տայքի կյուրոպաղատ, անժառանգ Դավիթ III-ի խնամակալության (990-1000) ներքո։ Այդ ժամանակ աբխազական գահին էր Բագրատի մորեղբայրը՝ Թեդոսիուս III Կույրը: Բագրատը պետք է ղեկավարեր ոչ միայն Քարթլին, այլև Աբխազիան ու Տայքը, այսպիսով՝ ամբողջ Արևմտյան Վրաստանը։

978 թվականին Բագրատը ժառանգում է աբխազական գահը, սակայն 1000 թվականին Դավիթ Կյուրոպաղատի սպանությունից հետո Բյուզանդիայի կայսր Վասիլ (Բարսեղ) II Բուլղարասպանը Տայքը բռնակցում է իր պետությանը։ 1008 թվականին, հոր մահից հետո, Բագրատը ժառանգում է նաև Քարթլիի գահը։ Նրա իշխանության տակ են միավորվում Տայքը (Տաո), Կղարջքը (Կլարջեթ), Շավշեթը, Սամցխեն, Ջավախքը (Ջավախեթ), Աբխազիան և այլ շրջաններ։ Բագրատն իրեն հայտարարում է «Վրաց թագավոր»: 1010 թվականին նա կարողանում է գրավել նաև Կախեթ-Հերեթի թագավորությունը և այն նույնպես միացնել Վրացական թագավորությանը։ Միաժամանակ հայոց շահնշահ Գագիկ Ա-ի հետ (990-1020) հայ-վրացական միացյալ բանակի գլուխ անցած՝ 1012 թվականին Շամքորի մոտ պարտության է մատնում Գանձակի ամիրա Փադլունին։

1014 թվականին մահանում է Բագրատ III-ը, սակայն Թբիլիսիի ամիրայությունը շարունակում էր մնալ միասնական վրացական պետությունից դուրս։ Նրա հաջորդը՝ Գեորգի I-ը, պատերազմում է Բյուզանդիայի դեմ և նրանից խլում Տայքը։ Նրա ժառանգներից Դավիթ Շինարարը 1122 թվականին կարողանում է ազատագրել Թբիլիսին և վերամիավորել Վրաստանը մեկ դրոշի ներքո։ Այն դառնում է Վրաց թագավորության մայրաքաղաքը։

Ոսկեդար[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Շինարար[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Դավիթ Շինարար

Վրացական թագավորության «ոսկեդարի» (վրաց.՝ საქართველოს ოქროს ხანა) սկիզբը կապվում է Թբիլիսիի ազատագրման հետ, որը դառնում է միավորված Վրաստանի մայրաքաղաքը։ Դա տեղի է ունենում Դավիթ IV Շինարար (վրաց.՝ დავით IV აღმაშენებელი` Դավիթ Աղմաշենեբելի) թագավորի օրոք (1089-1125)[7]: Նա գահ է բարձրանում Սելջուկյան սուլթանության և Բյուզանդական կայսրության թուլացման ժամանակաշրջանում, երբ Մերձավոր Արևելքում սկսում է Խաչակրաց առաջին արշավանքը: Դրա արդյունքում Միջերկրական ծովի արևելյան ափին առաջանում են Եդեսիայի ու Տրիպոլիի կոմսությունները, Անտիոքի դքսությունը և Երուսաղեմի թագավորությունը:

12-րդ դարը և 13-րդ դարի սկիզբը ավատատիրական Վրաստանի քաղաքական հզորության ու տնտեսության ծաղման շրջանն է: 16 տարեկանում ժառանգելով գահը՝ Դավիթ IV-ը ստեղծել է կանոնավոր բանակ, որը կարող էր դիմադրել սելջուկների հարվածներին: 1099 թվականից սկսած վրաց արքան դադարեց նրանց հարկ վճարել, իսկ հետո կարողացավ ետ գրավել վրացական տարածքների մեծ մասը, բացի Թբիլիսիից ու Հերեթից: 1103 թվականին նա վերակազմավորեց Վրաց ուղղափառ եկեղեցին և նշանակեց նրա պատրիարքին:

1103-1105 թվականներին ազատագրվել է Հերեթը, իսկ 1110-1118 թվականների ընթացքում` Ստորին Քարթլին ու Հայաստանի մի քանի գավառներ, որի արդյունքում Թբիլիսին, մնալով սելջուկների ղեկավարության տակ, շրջապատվեց Վրաստանով բոլոր կողմերից։ 1118-1119 թվականներին թուրքերի լքած տարածքների վերաբնակեցման համար հրավիրել է 40000 ղփչաղների[8]: Դավիթը ողջունում էր նաև ռուս և եվրոպացի (գերմանացի, իտալացի և սկանդինավցի՝ բոլորը հայտնի որպես «ֆրանկներ») առևտրականների բնակեցումը։

1121 թվականին Դավիթը կարողացավ Դիդգորի ճակատամարտում դիմակայել հզոր սելջուկական բանակի հարձակմանը, որից հետո գրավեց Թբիլիսի ամիրայությունը։ Թբիլիսին դարձավ Վրաստանի մայրաքաղաքը։ Երեք տարի հետո Վրաստանին միացրեց արևմտյան Շիրվանն ու հյուսիսային Հայաստանը՝ միավորելով գրեթե ամբողջ Հարավային Կովկասը:

Հայաստանում սելջուկյան ամիրայությունները հաճախակի պատերազմներ էին վարում միմյանց դեմ, որից առաջին հերթին տուժում էր հայ բնակչությունը։ 1124 թվականին անեցիները հատուկ պատգամավորություն ուղարկեցին Դավիթ Շինարարի մոտ և հայտնեցին քաղաքը նրան հանձնելու իրենց որոշման մասին։ Անեցիների օգնությամբ վրացական բանակն արագորեն գրավեց Անին և ձերբակալեց քաղաքի Շադդադյան կառավարչին, սակայն հաղթանակը երկար չտևեց։ Անիի կառավարչի որդին զինական օժանդակություն ստացավ հարևան ամիրայություններից և պաշարեց քաղաքը։ Անիի պաշտպանական մարտերին մասնակցում էին վրացական զորքը և անեցի աշխարհազորայինները, որոնց կազմում կային նույնիսկ կանայք։ Նրանցից Այծեմնիկը, արհամարհելով նետերից ստացած վերքերը, պարսպի վրայից քարեր էր նետում թշնամու զինվորների վրա։ Միայն երկու տարի անց, երբ քաղաքում սով սկսվեց, անեցիները համաձայնեցհն վերստին ենթարկվել Շադդադյաններին։ Հաջորդ տասնամյակների ընթացքում՝ մինչև 12-րդ դարի ավարտը, Շադդադյանները ևս երկու անգամ արտաքսվեցին Անիից։ Սակայն հարևան ամիրայություններն անմիջապես օգնության էին հասնում և վերականգնում նրանց իշխանությունը[9]:

1125 թվականին Դավիթ Շինարարը մահացավ՝ թողնելով Վրաստանը շրջանի հզորագույն տերություններից մեկի կարջավիճակում։ Նրա հաջորդները (Դեմետրե I, Դավիթ V և Գեորգի III) շարունակեցին հզորացնել ու ընդլայնել Վրաստանի տարածքները՝ Հյուսիսային Կովկասի լեռնային ժողովուրդների հաշվին։

Թամար թագուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Թամար թագուհի

Դավիթ Շինարարի ծոռնուհի Թամարի (1184-1213) գահակալության շրջանը Վրաստանի պատմության՝ ազդեցության տարածման ամենաերկար շրջանը։ Թամարի հայրը՝ Գեորգի III-ը (1156–1184), նրան գահակից էր նշանակել դեռ 1178 թվականից[10]: 1194-1204 թվականներին Թամարի բանակը կարողացավ դիմադրել թուրքական հարձակումներին հարավում և հարավ-արևելքում, մտավ Հարավային Հայաստան, որը լցված էր թուրքերով։ Վերջինիս մեծ մասը չէր մտնում Վրաց թագավորության մեջ (Կարին, Երզնկա, Վան) և գտնվում էր տեղի հայ իշխանների ղեկավորության տակ։

Հայ-վրացական դարավոր բարեկամության արդյունքում վրացական վերնախավը որոշեց օժանդակել հայ իշխանական տներին և ազատագրել Հայաստանը օտար տիրապետությունից։ Արքունի ընտանիքի հետ սերտ հարաբերություններ ունեցող հայ ազնվականներից աչքի ընկնող սպարապետ Սարգիս Զաքարյանի որդիները՝ Զաքարեն և Իվանեն, վրացական զորքերի գլուխ անցած, մտնում են Հայաստան։ Զաքարյանները ուղղափառ հայեր էին, ովքեր հայտնի էին նաև «Մխարգրձելի» (Երկայնաբազուկ) անվամբ։ Նախկին Բագրատունիների թագավորության գրեթե բոլոր հյուսիսային տիրույթները՝ Այրարատը, Սյունիքը և Արցախը, մի քանի տարում ազատագրվեցին սելջուկյան զորքերից։ Այնտեղ վերականգնվեցին տեղացի իշխանների իրավունքները, ասպարեզ իջան նոր իշխանական տներ (Օրբելյաններ, Պռոշյաններ, Դոփյաններ, Հասան-Ջալալյաններ, Վաչուտյաններ և այլք)։ Ազատագրված հայկական հողերը միավորվեցին վարչական մեկ կառույցի՝ Զաքարյան իշխանապետության կազմում։ Հայաստանի հարավում՝ Տուրուբերանում և Վասպուրականում հաստատված Շահ-Արմենների ամիրայությունը ընդունեց Բագրատիոնիների գերագահությունը, սակայն նրանց տերության մեջ չմտավ[11]:

1204 թվականին Կոստանդնուպոլսի անկումից հետո, Վրաստանը ճանապարհ բացեց դեպի Սև ծովի հարավարևելյան ափերը։ Այս տարածքը բնակեցված էր ոչ միայն հույներով, այլ նաև հայերով, վրացական ծագում ունեցող ազգերով (լազեր)։ Վրացական զորքը գրավեց ծովափնյա քաղաքները՝ Տրապիզոնը, Լիմնիան, Սամսունը, Սինոպը, Հիրասունտը, Կոտիորուն ու Հերակլեան: Ձևավորվեց Տրապիզոնի կայսրությունը՝ Վրաստանում դաստիարակված Կոմնենոսների տան ներկայացուցիչ Ալեքսեյի գլխավորությամբ։ Տրապիզոնի երկիրը գտնվում էր Վրաստանի ազդեցության տակ[12]:

1210 թվականին Զաքարե Մխարգրձելին առաջարկեց արշավել դեպի Իրան: Արշավը հաջողության հասավ. վրացիները գրավեցին մի շարք քաղաքներ՝ Մարանդը, Թավրիզը, Միանեն, Զենջանն ու Ղազվինը: Վրացական զորքը հասավ մինչև Ռոմ-Հուրա, որը գտնվում էր Իրանի կենտրոնում, և հարուստ ավարով վերադարձավ հայրենիք[13]:

12-րդ դարում հաստատվեցին տնտեսական և քաղաքական հարաբերություններ ուղղափառ Կիևյան Ռուսիայի հետ. Կիև-Պեչորյան մայրավանքի գլխավոր եկեղեցու խճանկարի նախշազարդմանը մասնակցում էին վրացի գեղանկարիչներ, ռուսների ու վրացիների նախարարական տների միջև սկսեցին ամուսնական կապեր ստեղծվել։ Եթե մինչ այդ Բագրատիոնիները կապված էր ալանաց ու աբխազաց արքայատոհմի, ինչպես նաև Մամիկոնյանների, Արծրունիների, Բագրատունիների ու Զաքարյանների, ապա վրաց ազնվականությունը բարեկամական կապեր հաստատեց ռուսական ուղղափառ ընտանիքների հետ։ 1185 թվականին՝ գահակալության երկրորդ տարում, վրաց թագուհին ամուսնացավ Վլադիմիր-Սուզդալի իշխան Անդրեյ Բոգոլյուբսկու որդու՝ Յուրիի հետ[14]:

Երկրի քաղաքական հզորությունը հիմնվում էր զարգացած գյուղատնտեսության, առևտրի ու արհեստների վրա։ Բարձր մակարդակի էր հասել մշակույթը՝ փիլիսոփայությունը, պատմագրությունը, գրականությունը, արվեստը:

Թագավորության անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնղոլական տիրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացական ոսկեդարը (վրաց.՝ საქართველოს ოქროს ხანა) ավարտվում է 1236 թվականին, երբ Մերձավոր Արևելքում հաստատվում է Մոնղոլական կայսրության գերիշխանությունը։ Դեռ 10-11-րդ դարերում մոնղոլական ցեղերը, որոնք հայտնի էին նաև թաթար անվանումով, քոչվորական կյանք են վարել ներկայիս Մոնղոլիայի տարածքում և Արևելյան Սիբիրի հարավային շրջաններում։ Միմյանց դեմ կռվող ցեղերին միավորողն ու Մոնղոլական կայսրության հիմնադիրը Չինգիզ խանն էր (1155-1227)։ Նրա ստեղծած տերությունը ներառել է Մոնղոլիան, Սիբիրի հարավը, Չինաստանի հյուսիսը, Միջին Ասիան: 1220 թվականին 20 հազարանոց մոնղոլական առաջապահ հեծյալ բանակը մտավ Հայաստան: Մոնղոլներն արդեն մոտենում էին վրաց մայրաքաղաք Թբիլիսիի մատույցներին, երբ նրանց դեմ ելան հայ-վրացական զորքերը՝ վրաց թագավոր Գեորգի Լաշայի (1191-1223) և Իվանե աթաբեկի գլխավորությամբ։ Մոնղոլները շրջապատեցին հայ-վրացական բանակը և հաղթանակ տարած՝ հետ վերադարձան[15]: Վրաց թագավորի վերահսկողությունից դուրս են գալիս Արևմտյան Շիրվանը (Աղվանք) և Արաքս գետի հարավային հոսանքը (Նախիջևան)։ Կովկասյան և առաջավորասիական ենթակա պետությունները դառնում են Մոնղոլական պետության մասը, իսկ Վրացական թագավորությունը կայսրությունից վերածվում է հպատակ միապետության։

1236 թվականին մոնղոլական 150 հազարանոց բանակը, Չինգիզ խանի թոռ Բաթու խանի գլխավորությամբ, ներխուժել է Կամա-Վոլգայի Բուլղարիա, նվաճել այն, 1237 թվականին կռվել ալանների, ղփչաղների և Վոլգայի միջին հոսանքի շրջանի ժողովուրդների դեմ, 1237-40 թվականներին նվաճել է Ռուսիայի իշխանությունները։ Միևնույն ժամանակ մոնղոլներն արշավում են Առաջավոր Ասիա և մի քանի տարում նվաճում այն[16]: Մոնղոլական նվաճումները ավարտվել են 1300 թվականին Բիրմա կատարած արշավանքով։ Դրանք ուղեկցվել էին բնակչության զանգվածային կոտորածներով, ավարառությամբ, քաղաքների ու գյուղերի ամայացմամբ, մշակութային արժեքների ոչնչացմամբ։ 1368 թվականին մոնղոլները վտարվել են Չինաստանից։ 14-րդ դարի երկրորդ կեսին վերացվել է մոնղոլական տիրապետությունը Իրանում, Այսրկովկասում, Միջին Ասիայում: 14-րդ դարի վերջին քառորդին Մոնղոլական կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց[17]:

Մոնղոլական տիրապետության ընթացքում տեղի ունեցած կռիվների ժամանակ սպանվում է Արղուն Խանի առաջին վեզիր Բուղան։ Սպանության մեջ կասկածելի համարվող Դեմետրե II-ին խանը հրավիրում է իր պալատ՝ բանակցությունների, սակայն գլխատում է նրան։ Մոնղոլական արշավանքների արդյունքում միացյալ Վրացական թագավորությունը քայքայվել է և առաջացել են Արևմտավրացական ու Արևելավրացական թագավորությունները, ինչպես նաև Սամցխե-Սաաթաբագո իշխանությունը։ Ավատատիրական մասնատվածության և ազնվականության հզորության աճի պատճառով Իմերեթի թագավորությունը կորցրել է վերահսկողությունը Մեգրելիայի և Գուրիայի իշխանությունների ու Աբխազիայի նկատմամբ[18]:

Մոնղոլական տիրապետությունը ավարտվում է 14-րդ դարի առաջին կեսին. վրաց թագավոր Գեորգի V-ը (1299-1302, 1314-1346) 1327 թվականին հրաժարվում է ճանաչել մոնղոլների գերիշխանությունը և վերամիավորում է Վրաստանը Բագրատիոնիների գերիշխանության ներքո։ Նրա որդին՝ Դավիթ IX-ը (1346-1360), դառնում է ազատագրված ու միավորված Վրաստանի առաջին թագավորը։

Մասնատում և անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1360 թվականին Թբիլիսիում գահ է բարձրանում Դավիթ IX-ի որդի Բագրատ V Մեծը (վրաց.՝ ბაგრატ V დიდი, 1360-1393)։ Նրա իշխանության տարիներին Հայկական լեռնաշխարհի հարավային գավառներում հաստատվում են թուրքմենական Ակ-Կոյունլու և Կարա-Կոյունլու (համապատասխանաբար՝ սպիտակ և սև ոչխար արածեցնողներ) ցեղերը։

Բագրատ Մեծի կառավարման վերջին տարիներին՝ 1386 թվականին, Միջին Ասիայից քոչվոր ցեղերի նոր զորքեր՝ Լենկթեմուրի հրամանատարությամբ, հարձակվում են Վրաց թագավորության վրա։ Արքան հետ է մղում նրանց հարձակումը բուն Վրաստանի տարածքում, սակայն զրկվում է Սյունիքից և Արցախից: Այրարատի մի փոքր հատվածը՝ Վանանդ գավառը, ինչպես նաև Գուգարքը և Տայքը, շարունակում էին մնալ թագավորության կազմում՝ որպես վրաց իշխանների կողմից կառավարվող տարածքներ։

Բագրատի որդի Գեորգի VII-ի (1393-1407) օրոք Լենկթեմուրը կրկին ասպատակում է Առաջավոր Ասիան: Վրաց արքան կարողանում է կասեցնել նրա առաջխաղացումը և Լենկթեմուրի մահից հետո (1405) կարողանում է մաքրել Վրաստանը թշնամու զորքերից։ 1407 թվականին նա զոհվում է Կարա-Կոյունլուների դեմ ճակատամարտերից մեկի ընթացքում, և նրան փոխարինելու է գալիս որդին՝ Կոստանդին I-ը։ Բագրատիոնիները կարողանում են իրենց իշխանությունը պահպանել մինչև 1490 թվականը՝ որպես միացյալ Վրաստանի թագավորներ։ Վերջին արքան՝ Կոստանդին II-ը, կորցնում է իր իշխանությունը Իմերեթի ու Կախեթի վրա, որոնք վերածվում են առանձին թագավորությունների։ Իր իշխանությունը պահպանվում է Վրաստանի կենտրոնում, և նա այդպիսով հիմնադրում է Քարթլիի թագավորությունը: Նրա մեջ էին մտնում նաև հայկական գավառներից Լոռի-Փամբակը և Ղազախ-Շամշադինը:

Վրացական թագավորությունը, այսպիսով, անկում է ապրում։ Նրա տարածքում առաջացած պետությունները ի վիճակի չէին երկար գոյատևել։ Դեռ 14-րդ դարում Միջերկրական ծովի արևելյան ափին առաջացած խաչակրաց պետությունները (Անտիոքի դքսություն, Տրիպոլիի կոմսություն, Երուսաղեմի թագավորություն), ինչպես նաև Կիլիկիայի հայկական թագավորությունը, նույնպես մտել էին իսլամադավան պետությունների կազմի մեջ և կորցրել անկախությունը։ 1453 թվականին Կոստանդնուպոլսի անկումից ու Բյուզանդիայի կործանումից հետո մեծ թափ էր առնում նորաստեղծ Օսմանյան կայսրությունը: Մյուս կողմից՝ Իրանական լեռնաշխարհի Ատրպատական նահանգում ձևավորվում էր նոր աշխարհակալ պետություն՝ Սեֆյան Իրանը: 16-րդ դարում այս երկու պետությունները սկսում են երկդարյա պայքար՝ Մերձավոր Արևելքի բաժանման համար։ Վրաստանի արևմուտքը (Իմերեթ և Աբխազիա), անցնում է Թուրքիային, իսկ արևելքը (Քարթլի և Կախեթ)՝ Պարսկաստանին։ Թուրք-պարսկական պատերազմների արդյունքում Առաջավոր Ասիայի վերջին քրիստոնյա պետության՝ Վրաց թագավորության բեկորները ավելի են թուլանում։ Տարածաշրջանը ամբողջությամբ հայտնվում է իսլամադավան պետությունների գերիշխանության տակ։

Պետական կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի պատմություն
Վրաստանի Հանրապետության զինանշանը
Նախապատմություն
Թռեղքյան մշակույթ
Կուր-Արաքսյան մշակույթ
Կոլխիդյան մշակույթ
Անտիկ պատմություն
Դիաոխա
Կոլխիդա
Վիրք
Լազիկա
Միջնադար
Վրաց մարզպանություն
Վրաց իշխանություն
Տփղիսի ամիրայություն
Բագրատիոնիներ
Տայքի կյուրոպաղատություն
Հերեթի թագավորություն
Վրաց թագավորություն
Մոնղոլական տիրապետության
Լենկ-Թեմուրի տիրապետության
Նոր շրջան
Քարթլիի թագավորություն
Կախեթի թագավորություն
Իմերեթի թագավորություն
Քարթլի-Կախեթի թագավորություն
Նորագույն շրջան
Վրաստանը Ռուսական կայսրության կազմում
Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Վրացական ԽՍՀ
Անկախ Վրաստան

Վրաստան Վրաստանի պորտալ
Անունը Վրացերեն անուն Իշխել է
Բագրատ III ბაგრატ III 975-1014
Գեորգի I გიორგი I 1014-1027
Բագրատ IV ბაგრატ IV 1027-1072
Գեորգի II გიორგი II 1072-1089
Դավիթ IV Շինարար დავით IV აღმაშენებელი 1089-1125
Դեմետրե I დემეტრე I 1125-1154 և 1155-1156
Դավիթ V დავით V 1154-1155
Գեորգի III გიორგი III 1156-1184
Թամար թագուհի დიდი თამარი 1184-1213
Գեորգի Լաշա გიორგი IV ლაშა 1213-1223
Ռուսուդան թագուհի რუსუდანი 1223-1245
Դավիթ VI Նարին დავით VI 1245-1293 (Արևմտյան Վրաստան)
Դավիթ VII Ուլու დავით VII 1247-1270 (Արևելյան Վրաստան)
Դեմետրե II Անձնազոհ დემეტრე II 1270-1289 (Արևելյան Վրաստան)
Վախթանգ II ვახტანგ II 1289-1293 (Արևելյան Վրաստան)
Դավիթ VIII დავით VIII 1293-1311 (Արևելյան Վրաստան)
Կոստանդին I კონსტანტინე I 1293-1327 (Արևմտյան Վրաստան)
Վախթանգ III ვახტანგ III 1298-1298 (Արևելյան Վրաստան)
1302-1308 (Արևելյան Վրաստան)
Գեորգի V Փայլուն გიორგი V ბრწყინვალე 1299-1299 (Արևելյան Վրաստան)
1314-1329 (Արևելյան Վրաստան)
1329-1346 (միացյալ Վրաստան)
Գեորգի VI Փոքր გიორგი VI მცირე 1311-1313 (Արևելյան Վրաստան)
Միխեիլ მიქელი 1327-1329 (Արևմտյան Վրաստան)
Դավիթ IX დავით IX 1346-1360 (միացյալ Վրաստան)
Բագրատ V Մեծ ბაგრატ V დიდი 1360-1393
Գեորգի VII გიორგი VII 1393-1407
Կոստանդին I კონსტანტინე I 1407-1412
Ալեքսանդր I Մեծ ალექსანდრე I დიდი 1412-1442
Վախթանգ IV ვახტანგ IV 1442-1446
Գեորգի VIII გიორგი VIII 1446-1466
Բագրատ VI ბაგრატ V 1466-1478
Ալեքսանդր II ალექსანდრე II 1478-1478
Կոստանդին I კონსტანტინე I 1478-1490

Թագավոր և ավագանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաց պետության գլուխ կանգնած էր թագավորը: Երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը վարում էր նա։ Բագրատիոնի թագավորն ինքնակալ միապետ էր և անձամբ էր լուծում տնտեսության գործերը։ Թբիլիսիի Բագրատիոնի թագավորին էին ենթարկվում Կովկասի հպատակ թագավորները, Հայաստանում առաջացած մի քանի իշխանություններ, որոնք միավորված էին Զաքարյան իշխանապետության ներքո, նրա գերագահությունն ընդունում էին Շիրվանշահերը, Շահ-Արմենները և այլ իսլամադավան տիրակալներ։ Բագրատիոնիների թագավորությունն ունեցել է 2 մայրաքաղաք՝ Քութայիս (1008-1122) և Թբիլիսի (1122-1490)։

Թամար թագուհին և պալատականները

Բագրատիոնիների թագավորությունը ստեղծվել էր զարգացած միջնադարում: Այն ժառանգել էր ոչ միայն Վիրքի թագավորության ու Վրաց մարզպանության նախկին հզորությունը, այլև միացրել էր հարևան ու հեռավոր բազմաթիվ երկրներ։ Բագրատիոնի թագավորների ժամանակ նախկինում հիմնադրված քաղաքներն աշխուժանում են, բերդերի շուրջ ձևավորվում են նորերը։ Կովկասը դառնում է առևտրական խոշոր կենտրոն, մի կողմից՝ քրիստոնյա Կիևյան Ռուսիայի և իսլամադավան Արևելքի, մյուս կողմից՝ Հնդկաստանի, Չինաստանի և Բյուզանդական կայսրության միջև։

Ինչպես հատուկ է ավատատիրական հասարակարգին, որը ձևավորվել էր դեռևս Վիրք ժամանակ, ավատատիրական իշխանությունները կամ նախարարությունները ժամանակի ընթացքում ձեռք էին բերել մեծ իրավունքներ, որոնք թագավորը, եթե նրանք պետական դավաճանություն չէին գործել, խախտել չէր կարող։ Նրանք ենթակա էին թագավորին, սակայն իրենց տիրույթներում ունեին գրեթե անսահմանափակ իշխանություն։ Խոշոր ավատատերերն ունեին իրենց ենթակա մանր ազատների խավը, որը նրանցից հող էր ստանում զինվորական ծառայության դիմաց։ Երկրի կառավարման գործում թագավորին մեծապես օգնում էին իշխանաց իշխանը (էրիսթավ) և վրաց սպարապետը (ամիրսպասալար

Ամիրսպասալարը (վրաց.՝ ამირსპასალარი), Վրաստանում զորքի գլխավոր հրամանատարի պաշտոնն էր, որ ստեղծել է Դավիթ Շինարար թագավորը (1089-1125)։ Նրա տոհմին՝ որպես ժառանգական կալվածք, տրվել էր նաև Լոռին (նախկին Լոռու թագավորության տարածքը)։ Ամիրպալասարի պաշտոնը 1122-1177 թվականներին Օրբելի տոհմի ժառանգական մենաշնորհն էր, ապա տրվեց ղփչաղներին, իսկ 1186 թվականից՝ Երկայնաբազուկ-Զաքարյանների տոհմին[19]: Պատերազմի ժամանակ ամիրսպասալարը թագավորական զորքերի հրամանատարն էր և ազգային դրոշի պահապանը[19]:

Թամար թագուհու գահակալման տարիներին (1184-1213) այն երրորդ պաշտոնն էր՝ աթաբեկից հետո։ Այն դարձել էր Զաքարյանների իշխանական տոհմի ժառանգական տիտղոսը՝ սկսած աթաբեկ Իվանե Զաքարյանից: Քաղաքները ղեկավարել էին մոուրավիները (վրաց.՝ მოურავი), որոնք նույնպես սերում էին ազնվական տոհմերից։ Պետության ղեկավարման մեջ իր ուրույն տեղն ուներ Վրաց ուղղափառ եկեղեցին:

Վրացական թագավորությունը ունեցել է նաև օրհներգ՝ Շեն խար վենախի: Այն նվիրված է Մարիամ Աստվածածնին, ինչպես նաև այն աղոթք էր Վրաց ուղղափառ եկեղեցուն։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Վրացական ճարտարապետություն

Վրաց թագավորության հիմնադրումը նպաստավոր պայմաններ է ստեղծում վրացական մշակույթի զարգացման համար։ Մեծ զարգացման է հասնում ճարտարապետությունը։ Այն արտահայտվում էր եկեղեցիների շինարարությամբ ու կերպարվեստով։ Դավիթ Գարեջայի վանքային համալիրում, Աթենի Սիոն եկեղեցում, Գելաթի վանքում Բագրատի տաճարում և այլուր վրացի քանդակագործները, ովքեր սովորել էին կերպարվեստի բյուզանդական դպրոցում, սկեղծում են պատկերագրության և ոճի ինքնատիպության մանրանկարներ ու որմնանկարներ։ Վրացական արվեստում առանձնանում են մի քանի տեղական դպրոցներ (տաոկլարջեթյան, գարեջիական, սվանոռաճյան)։

որմնանկար Աթենի Սիոն տաճարում

Վրացական ճարտարապետության գլուխգործոցներից է Բագրատի տաճարը (վրաց.՝ ბაგრატის ტაძარი) Քութայիս քաղաքում։ Թագավորության հիմնադիր Բագրատ III-ը նպատակ ուներ նոր տաճար կառուցել արքայանիստ քաղաքում։ 1003 թվականին՝ իր հոր՝ Գուրգեն II-ի կենդանության ժամանակ, երբ Բագրատը դեռ Աբխազիայի թագավոր էր, ավարտում է տաճարի շինարարությունը։ 1089 թվականին այստեղ թագադրվում է Բագրատի ժառանգներից Դավիթ Շինարարը, ով կարողանում է միավորել ամբողջ Վրաստանը և մայրաքաղաքը Քութայիսից տեղափոխում է Թբիլիսի: Այն կառուցվել է Տայքում (Տաո-Կլարջեթ) գոյություն ունեցող Օշկվանքի (սուրբ Հովհաննես Մկրտիչ) նմանությամբ[20]:

1106 թվականին Դավիթ Շինարարը կառուցում է Գելաթի Աստվածամոր վանքը: Համալիրի կառուցումը ավարտվում է 1125 թվականին, երբ մահանում է վրաց թագավորը։ Այն դառնում է արքայի դամբարանը։ Եվս 5 տարի՝ մինչև 1130 թվականը, համալիրը զարդարվում է մանրանկարներով ու որմնանկարներով, իսկ հետագայում դառնում է ուսումնական ու հոգևոր խոշոր կենտրոն, ունենում է սեփական մատենադարանը։ Այստեղ բացվում է Գելաթի ակադեմիան՝ վրացական առաջին բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը, որտեղ ուսանում էին փիլիսոփայություն, աստղագիտություն, գրականություն և ժամանակի այլ գիտություններ ու արվեստներ։

Ճարտարապետական ու քանդակագործական նոր լուծումներով է հարստանում Դավիթ Գարեջայի վանքային համալիրը, որը հիմնադրվել էր դեռ 6-7-րդ դարերում, նոր շունչ են ստանում Ջվարի վանքը, Աթենի Սիոնը և այլ կառույցներ։ 1122 թվականի Թբիլիսիի ազատագրումը նոր էջ է բացում վրաց թագավորության համար։ Դառնալով ամբողջ Կովկասի մայրաքաղաքը՝ քրիստոնեական Թբիլիսին զարդարվում է նորանոր եկեղեցիներով, ամրացվում է քաղաքի միջնաբերդը՝ Նարիղալան: Միջնաբերդում կառուցվում է սուրբ Նիկոլայ եկեղեցին։ Վրացական ամրոցներից նշանավոր են Ածղուրիը, Բիրթվիսի, Գրեմի, Կեսելոյի բերդերը, ինչպես նաև՝ Թմկաբերդը (Թմոգվի)՝ Ջավախքում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Վրաց գրականություն

Վրաց գրականության զարգացման սկիզբը դրվել էր դեռ վաղ միջնադարում, երբ ստեղծվել էր վրացերենի այբուբենը: Մինչ այդ վրացիները գրում և ծեսեր էին կատարում հունարենով և ասորերենով: Վրացական թարգմանական գրականությունը, դրան զուգահեռ նաև՝ գիտության զարգացումը զուգակցվում է կրոնական բնույթի ստեղծագործություններով։

Վրացական թագավորության հիմնադրումը նոր էջ է բացում վրաց գրականության և վրացերենի զարգացման համար։ 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին ստեղծվել է «Ամիրան-Դարեջանիանի» դյուցազնավեպը։ Վրացական բանահյուսության գոհարներից է Էթերիանի չափածո դյուցազնավեպը։ Աշխարհիկ գրականությունը նշանավորվել է Չախրուխաձեի «Թամարիանի» և Շավթելու «Աբդուլմեսիանի» ներբողական երկերով։ 11-րդ դարից մեզ է հասել «Վախթանգ Գորգասարի վարքը», Քարթլիս Ցխովրեբա պատմագրական աշխատությունը։ Իրավագիտության մեջ ուրույն տեղ է գրավում Դավիթ Շինարարի օրենսգիրքը։

Վրացի բանաստեղծ Շոթա Ռուսթավելին (12-րդ դար) գրել է «Ընձենավորը» (վրաց.՝ ვეფხისტყაოსანი, վեփխիստկղաոսանի) պոեմը՝ վրաց ժողովրդի հոգևոր կյանքի բարձրագույն արտահայաություններից մեկը։ Բանաստեղծը Թամար թագուհու իշխանության տարիներին եղել է արքունի գանձապահ, իսկ կյանքի վերջին տարիներն անցկացրել է Երուսաղեմում, որտեղ էլ կատարվել է իր դիմանկարը։ Ռուսթավելին իր աշխատությունը գրել է 1189-1207 թվականներին և նվիրել է վրաց թագուհուն ու նրա ամուսնուն՝ ալանաց արքայորդի Դավիթ Սոսլանին: Նկարագրվող դեպքերն ու իրադարձությունները տեղի են ունենում Հնդկաստանում, Պարսկաստանում, նաև մտացածին երկրներում[21]:

Այստեղ զուգորդվում են Ավթանդիլի ու Թինաթինի (արաբական) և Տարիելի ու Նեստան-Դարեջանի (հնդկական) սյուժետային գծերը։ Ռուսթավելու քաղաքական իդեալը թագավորական՝ կենտրոնացված իշխանությունն է ու կառավարման միապետական ձևը։ Ըստ նրա՝ միապետը պետք է լինի հզոր, լուսավորյալ, օրինապաշտ ու արդարադատ, որպիսիք պոեմում նրա սիրելի արքաներն ու թագաժառանգներն են։ Նա դատապարտել է միջպետական երկպառակությունները, դավաճանությունը, շահամոլությունը, իսկ սիրո, բարեկամության, հայրենասիրության ու մարդասիրության գաղափարները վեր է դասել ամեն ինչից։ Սերը համարել է երկրային և ազնվազարմ պարգև, կարևորել է նաև անհատի հոգևոր ազատությունը։ «Ընձենավորը» աչքի է ընկնում բանաստեղծական խոսքի գունեղ պատկերներով ու համեմատություններով, բանահյուսական պատկերավոր տարրերով, ասույթներով, ռիթմով, որոնք պոեմը դարձնում են ավելի գրավիչ ու դյուրին ընթերցվող[22]:

13-14-րդ դարերում թաթար-մոնղոլական հորդաների, իսկ 16-րդ դարից՝ թուրքերի ու պարսիկների արշավանքների հետևանքով քայքայվել է երկրի տնտեսությունը, կասեցվել գրականության առաջընթացը։

Կերպարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Վրացական կերպարվեստ
Որմնանկար Բագրատի տաճարի մուտքի մոտ

Ճարտարապետությունը նպաստում է քանդակագործության, որմնանկարչության ու մանրանկարչության զարգացմանը։ Դեկորատիվությունը գերակշիռ տեղ է գրավում նաև 12-13-րդ դարերի դրվագումներում։ Գծանկարով ու ինքնատիպությամբ հիանալի են նկարիչներ Տևդորեի (11-12-րդ դարեր) և Միքայել Մաղլակելիի (1140) արտահայտիչ որմնանկարները, Գելաթիի գլխավոր տաճարի, Վարձիայի, Բեթանիայի, Ղինծվիսիի, Տիմոթեսուբանիի, Բերթուբանիի նուրբ խճանկարները, որոնց մոտ են երփնագիր սրբապատկերները։

Մանրանկարներում միավորված են բյուզանդական կամ արլ․ևելյան արվեստի նվաճումներն ու որոշակիորեն ազգային կերպավորումը («Ջրուչի ավետարան», 12-րդ դար, «Աստղագիտական տրակտատ», 1188, «Գրիգոր Աստվածաբանի ճառը», 13-րդ դաև և այլն)։ Կերպարվեստի ճյուղերից կիրառական արվեստը նույնպես զարգանում է. աչքի են ընկնում միջնորմավոր արծնապակյա կերտվածքները։

13-րդ դարի երկրորդ կեսից նկատելի են ճարտարապետության ճգնաժամի նշաններ՝ ամբողջ հորինվածքի անօրգանականություն, 14-րդ դարում՝ պրոֆեսիոնալ վարպետության անկում։ 15-րդ դարում կատարվել է Լենկթեմուրի ավերած կառույցների վերականգնում, սակայն 16-17-րդ դարերի վերելքի շրջանում էլ ճարտարապետությունը (հիմնականում աղյուսե) էկլեկտիկ է, մի շարք հուշարձաններում ուժեղ կերպով արտահայտվել է իսլամական արվեստի ազդեցությունը։ 14-15-րդ դարերի գեղանկարչությունը մոտ է այսպես կոչված «պալեոլոգյան» ոճին (Ուբիսի, Նաբախթևի, 15-րդ դարի սկիզբ)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Энциклопедический словарь Брокгауза и Ефрона, Багратионы
  2. Chapter Two Armenia and the Turco-Mongol Invasions (continued)
  3. The Chautauquan, Volume 22, Theodore L. Flood, Frank Chapin Bray, 1895, p698
  4. Rapp, Stephen H. (2003), Studies in Medieval Georgian Historiography: Early Texts And Eurasian Contexts, p. 320. Peeters Publishers, ISBN 90-429-1318-5
  5. Armenia and Georgia by Cyril Toumanoff
  6. King Gurgen
  7. Kingdom of David the Builder
  8. The Cambridge History of Early Inner Asia, Volume 1, Denis Sinor, pg 282
  9. Հայ-վրացական զինակցության սկզբնավորումը: Պայքար Անիի համար
  10. Pravoslavie.ru: Holy queen Tamar
  11. Հյուսիսարևելյան Հայաստանի ազատագրումը
  12. библиотека истории Гумер - Вачнадзе М., Гурули В., Бахтадзе М. История Грузии
  13. Внешнеполитические отношения в конце XII и начале XIII веков
  14. Антон Поспелов, Святая царица Тамара Великая
  15. Մոնղոլները Հայաստանում
  16. Հայաստանի նվաճումը
  17. Մոնղոլական պետության քայքայումը
  18. Դևիդ Մ. Լենգ, "Նախաբան", Վրացիները (The Georgians), ISBN 978-5-9524-3813-2։
  19. 19,0 19,1 Robert Bedrosian, "Amirspasalar", in: Joseph Reese Strayer (1983), Dictionary of the Middle Ages, p. 235. Scribner, ISBN 0-684-16760-3.
  20. Georgia, Armenia & Azerbaijan. Ediz. Inglese
  21. Тамара, Энциклопедический словарь Брокгауза и Ефрона
  22. Գրանիշ - Գրական ակումբ, ՇՈԹԱ ՌՈՒՍԹԱՎԵԼԻ | Ընձենավորը

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png