Հին Հռոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հին Հռոմ
«Հռոմի Սենատ և Ժողովուրդ»
Vexilloid of the Roman Empire.svg
Հռոմեական կայսրության դրոշը` «Հռոմի Սենատ և Ժողովուրդ» գրությամբ։

Roman Republic Empire map.gif
Հռոմի տարածքային զարգացումը
Պետական կարգ Բացարձակ միապետություն
Մայրաքաղաք Հռոմ (կայսերական մայրաքաղաք)

ավելի ուշ շրջանում՝

Թագավորանիստ ոստան քաղաքամայր
Պետության գլուխ արքա, կոնսուլ, կայսր
Արքայատոհմ Հուլիոս Կլավդիոսներ
Լեզու լատիներեն
Կրոն հեթանոսութուն, քրիստոնեություն
Դեպքեր և իրադարձություններ
Պատմական շրջան հին աշխարհ, վաղ միջնադար
Հասարակարգ Ստրկատիրական
Հիմնադրում Մ.թ.ա. 753` Հռոմի ստեղծում
Հզորության գագաթնակետ Մարկոս Տրայանոսի կառավարման օրոք
Անկում 476 թվական` Արևմտյան Հռոմեական կայսրության անկում, 1054 թվական` Բյուզանդական կայսրության անկում
Ժամանակագրական հաջորդականություն


Ներկայիս տարածքում Տե՛ս Հռոմեական կայսրություն հոդվածում
 
Պատմության պորտալ
Pgrey history.png

Հին Հռոմ (լատ.՝ Roma antiqua, կարգախոսը՝ «Senatus Populus Que Romanus», հապավմամբ՝ «S.P.Q.R.», թարգմանվում է որպես «Հին Հռոմի Սենատ և Ժողովուրդ»), քաղաքակրթությունների համալիր, որն ընդգրկում է մ․թ․ա․ 8-րդ դարում նույնանուն քաղաքի հիմնադրումից մինչև Արևմտյան Հռոմեական կայսրության անկումն ընկած ժամանակաշրջանի պատմությունը։ Պայմանականորեն, Հին Հռոմի պատմությունը բաժանված է երեք հիմնական շրջափուլերի՝ թագավորական (մ․թ․ա․ 753 -509), հանրապետական (մ․թ․ա․ 509-27) և կայսերական (մ․թ․ա․ 27-մ․թ․ 476): Հռոմուլոս և Հռեմոս եղբայրների կողմից հիմնադրված Հռոմը կարճ ժամանակահատվածում վերաճում է ընդարձակ թագավորության, որն էլ հաջորդ տասնամյակներում՝ նվաճողական արշավանքների արդյունքում, դառնում է այդ ժամանակաշրջանի աշխարհի կարևորագույն քաղաքական ուժն ու հին աշխարհի ամենաընդարձակ կայսրություններից մեկը։

Հռոմի՝ որպես համաշխարհային գերտերության ձևավորման գործընթացի կարևորագույն մասն էր կազմում Պունիկյան պատերազմներում տարած հաղթանակը։ Իր տիրապետության ներքո ունենալով Ապենինյան թերակղզին՝ իր հարակից Կորսիկա, Սարդինիա, Սիցիլիա կղզիներով, հռոմեացիները արշավում և նվաճում են Հիսպանիան։ Մ․թ․ա․ 146 թվականին վերջիններս ավարտում են Կարթագենի կործանումը և գերակայություն հաստատում Միջերկրական ծովում։ Մ․թ․ա․ 27 թվականին Գայոս Օկտավիանոսն իրեն հռչակում է «Օգոստոս» և սկսվում է Հռոմի պատմության կայսերական շրջանը։ Հաջորդ տասնամյակում գրգռված հռոմեա-պարթևական կոնֆլիկտը դառնում է մարդկության պատմության ընթացքում ընթացած հակամարտություններից ամենաերկարատևը, որն իր հերթին ազդեցություն ունենալում Հռոմի՝ դեպի Արևելք ունեցած կայսերապաշտական նկրտումների և նվաճողական քաղաքականության վրա։ Կայսրության տարածքը աննախադեպ ընդարձակվում է Մարկոս Տրայանոսի կայսեր օրոք՝ ձգվելով Միջերկրական ավազանից մինչև ծայր հյուսիս՝ Բրիտանիա կղզի, Պիրենեյներից մինչև Հայկական լեռնաշխարհ և Միջագետք՝ ընդգրկելով հյուսիսային Աֆրիկան։ 3-րդ դարի վերջում, երկրի սահմանների պաշտպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, Դիոկղետիանոսը հսկա կայսրության տարածքը տրոհում է երկու մասերի՝ այդպիսով վերջ դնելով Երրորդ դարի ճգնաժամին։ 5-րդ դարում կայսրության տարածքը ենթարկվում է բարբարոսական ցեղերի ներխուժմանը, որի արդյունքում էլ 476 թվականին վեստգոթերի առաջնորդ Օդոակրը գահընկեց է անում Հռոմի վերջին միապետ Հռոմուլոս Օգոստուլոսին։ Արևմտյան Հռոմեական կայսրության անկմամբ փակվում է Հին Հռոմի պատմություն վերջին էջը, մինչդեռ արևելքում մինչև օղուզ-թուրքերի ներխուժումը (մինչև 1054 թվականի Կոստանդնուպոլսի անկումը) իր գոյությունը պահպանում էր Արևելահռոմեական կամ Բյուզանդական կայսրությունը։

Հռոմեական պետությունն, իր բազմադարյա պատմության ընթացքում, եղել է ընտրովի բացարձակ միապետություն․ ի սկզբանե ժողովրդավարական դասական հանրապետության, մ․թ․ա․ 27 թվականից հետո՝ կայսերական ժամանակահատվածում, ավտորիտար կիսաընտրողական ռազմական դիկտատուրա։ Շարունակական նվաճումների, լեզվական և մշակութային ազդեցության սփռման, ինչպես նաև հին հունական դասական քաղաքակրթության հետ մերձեցման արդյունքում՝ հին շրջանի մշակույթների և հասարակական կենցաղի ընդհանրության հենքի վրա, ձևավորվել է հունահռոմեական աշխարհը, որն իր սահմանների ներքո միավորել է Հյուսիսային Աֆրիկան, Եգիպտոսը, Հարավային Եվրոպան, Արևմտյան Եվրոպայի մեծ մասը` մինչև Անգլիա, Բալկանյան թերակղզին, Ղրիմը և Մերձավոր Արևելքը (ներառյալ՝ Անատոլիան, Լևանտը, Միջագետքն ու Արաբիան): Հին հռոմեական քաղաքակրթությունը մեծ ներդրում ունի ժամանակակից լեզվի, կրոնի, սոցիումի, տեխնոլոգիաների, իրավական մտքի, քաղաքականության, կառավարման, պատերազմական գործի, արվեստի, գրականության, ճարտարապետության և այլ ոլորտների ձևավորման վրա։

Հռոմի հիմնադրման մասին առասպել[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հռոմի ստեղծման վերաբերյալ լատինական առասպելի՝ քաղաքը հիմնադրվել է մ․թ․ա․ 753 թվականի ապրիլի 21-ին Իտալիայի կենտրոնական հատվածում՝ Տիբեր գետի ափին։ Քաղաքի սկզբնադիրներն էին Տրոյայի արքայազն Էնեասից սերող Հռոմուլոս և Հռեմոս եղբայրները, ովքեր Ալբա Լոնգայի թագավոր Նումիտոր Սիլվիուսի թոռներն էին։

Նումիտորը գահընկեց է արվում հարազատ եղբոր՝ Ամուլիոսի կողմից, մինչդեռ վերջինիս դուստրը՝ Ռեա Սիլվիան, ծնում է երկվորյակ տղաների։ Տղաները Ռեա Սիլվայի և հռոմեական դիցարանի ռազմի աստված Մարսի սիրո պտուղն էին, ուստի, հայրական կողմից ժառանգել էին աստվածային գեներ՝ դառնալով կիսաստված։ Նոր արքան՝ Ամուլիոսը, վախենում էր, որ Մարսի որդիները հասակ առնելով կարող էին տապալել իր իշխանությունը, դրա համար էլ հրամայում է վերջիններիս գցել Տիբեր գետը։ Ողջ մնացած եղբայրներին՝ Հռոմուլոսին և Հռեմոսին, գետեզրին գտնում և կերակրում է էգ գայլը։ Մեծանալով, երկվորյակ եղբայրները Տիբերի ափին հիմնում են բնակատեղի։ Սակայն, քաղաքի գտնվելու վայրի և անվանակոչության շուրջ ծագած վիճաբանության արդյունքում Հռոմուլոսը սպանում է եղբորը և նոր հիմնադրված բնակավայրը վերջինիս անունով կոչվում է Հռոմ։ Քաղաքի հիմնադրման մասին մեկ այլ լեգենդ, որը շարադրել է Դիոնիսիոս Հալիկառնասցին, պատմում է, որ Տրոյական պատերազմի հերոս Էնեասը ավերված քաղաքից հեռացածների մի խմբի հետ դուրս է գալիս ծովային ճանապարհորդության, որպեսզի գտնի «Նոր Տրոյան»։

Շարունակական նավարկումներից հետո ծովագնացները ապաստանում են Իտալիայում՝ Տիբերի ափին։ Վայրէջքից շատ չանցած՝ տղամարդիկ կրկին ծով մեկնելու ցանկություն են հայտնում, սակայն կանայք հրաժարվում են շարունակել երթուղին։ Կանանցից մեկը, որի անումը Ռոմա (հայկական իրականության մեջ՝ «Հռոմ») էր, իր համախոհներին առաջարկում է հրկիզել Ապենինյան թերակղզու ափերի մոտ կայանված հելլենների նավերը՝ Իտալիայում մնալու համար։ Սկզբում տղամարդիկ զայրանում են Ռոմայի վրա, սակայն, որոշ ժամանակ անց հասկանալով, որ նոր տարածքը բնակության համար կատարյալ վայր է՝ սկսում են փառաբանել վերջինիս։ Արդյունքում՝ նոր առաջացած բնակավայրը հնարամիտ կնոջ պատվին անվանակոչվում է «Հռոմ»։ Հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսը իր դասական էպիկական ստեղծագործության՝ «Էնեական»-ի շրջանակներում ևս անդրադառնում է Հռոմ քաղաքի հիմնադրմանը։ Ըստ Վերգիլիոսի՝ Տրոյական պատերազմի հերոս Էնեասին վիճակված էր հունական աշխարհից դուրս հիմնել «Նոր Տրոյա»-ն։ Այս աշխատությունում ևս շարադրվում է Դիոնիսոս Հալիկառնասցու բովանդակությունը, այն մասին, որ կանայք հրաժարվում են լքել Տիբերի ավազանը։ Իտալիա հասնելուց հետո, Էնեասը, որը ցանկանում էր ամուսնանալ Լատինոսի դուստր Լավինիայի հետ, ստիպված է լինում կռվի բռնկվել մեկ այլ երիտասարդի՝ Տուրնոսի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանականորեն, Հին Հռոմի պատմությունը բաժանված է երեք հիմնական պարբերափուլերի, որոնք ընդգրկում են քաղաքի հիմնադրումից մինչև Արևմտյան Հռոմեական կայսրության անկումն ընկած ժամանակահատվածը։ Ստորև նշված են Հռոմի պատմության երեք հիմնական պարբերափուլերը․

  • Թագավորական Հռոմ՝ ընդգրկում է Հռոմուլոս և Հռեմոս եղբայրների կողմից քաղաքի հիմնադրումից մինչև թագավորության վերջին գահակալ, ծագումով էտրուսկ Լուկիոս Տարքվինիոս Գոռոզի իշխանության տապալումը։ Սա Հռոմի պատմության հնագույն շրջանն է, որտեղ երկիրը հանդես էր գալիս որպես ընտրողական միապետություն` հռոմեական գահակալի (կայսրերի) գլխավորությամբ: Այս շրջանի պատմությունը հարուստ է առասպելալեգենդային տարրերով։
  • Հանրապետական Հռոմ՝ ընդգրկում է դասական հռոմեական քաղաքակրթության պարբերափուլը՝ Հռոմի թագավորության անկումից մինչև Գայոս Օկտավիանոսի «Օգոստոս» հռչակվելն ընկած ժամանակահատվածը։ Այս փուլում Հռոմը վերածվում է աշխարհակալ գերտերության, որի ազդեցությունը տարածվում է Միջերկրական ծովի ողջ ավազանի և հարակից տարածքների վրա:
  • Կայսերական Հռոմ՝ ընդգրկում է Ակտիումի ճակատամարտից հետո Մարկոս Անտոնիոսի և Կլեոպատրայի պարտությունից (որի արդյունքում էլ ձևավորվեց Գայոս Օկտավիանոս Օգոստոսի միանձնյա իշխանությունը) մինչև գոթերի առաջնորդ Օդոակրի կողմից Արևմտյան Հռոմեական կայսրության կործանումն ընկած հատվածափուլը։ Հռոմեական կայսրությունը որոշ ժամանակահատված դառնում է ընդհուպ մինչև աշխարհի գլխավոր քաղաքական ուժը։
Բյուզանդական կայսրությունԱրևմտյան Հռոմեական կայսրությունՀռոմեական կայսրությունՀռոմեական հանրապետությունՀռոմի թագավորության պատմություն

Վաղ շրջանի հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդույթի և տարածված վարկածի (հիմնված է Տիտոս Լիվիոսի «Հռոմի պատմություն» աշխատության վրա)՝ հանրապետական Հռոմը հիմնադրվել է մ․թ․ա․ մոտ 509 թվականին՝ Լուկիոս Տարքվինիոս Գոռոզի մահվանից հետո։ Վերջին արքայի գահազրկումից հետո Հռոմում անկում է ապրում թագավորությունը և հաստատվում է երկու կոնսուլների համասարազոր իշխանությունը։ Կոնսուլներն ընտրվում էին ցենտուրիական կոմիտիաներում՝ պատրիկների դասից, և իրենց լիազորությունները ստանձնում էին մեկ տարով։ Յուրաքանչյուր կոնսուլ իրավունք ուներ ստուգել իր կոլեգայի գործունեությունը և կիրառել վետո (արգելանք): Կոնսուլները ձևավորում էին Հին Հռոմի գործադիր իշխանությունը, որն իրենից ենթադրում էր քաղաքական ու զինվորական բարձրագույն լիազորություններ։ Հռոմեական հանրապետության կառավարմանը մասնակցող մյուս կարևորագույն պաշտոններն էին (առավել հայտնի էին որպես մագիստրատուրաներ) տրիբունը, քվեստորը, էդիլը, պրետորը և ցենզորը։ Ի սկզբանե, մագիստրատուրայի պաշտոնը կարող էին զբաղեցնել միայն պատրիկները, իսկ մ․թ․ ա․ 351-ից՝ նաև պլեյբեյները։ Պետական մարմիններից հայտնի է ցենտուրիոնական ժողովը, որտեղ քննարկվում էր պատերազմի և խաղաղության հարցերը։

Մ․թ․ա․ 4-րդ դարում Հռոմը ենթարկվում է դրակից գալլական ցեղերի հարձակմանը։ Վերջիններիս իշխանությունը Ապենինյան (Իտալական) թերակղզում ձգվում էր մինչև Պադանի հարթավայր և Էտրուրիա։ Մ․թ․ա․ 390 թվականի հուլիսի 16-ին գալլական բանակը՝ ցեղապետ Բրեննուսի գլխավորությամբ, Ալլիա գետի հովտում բախվում է հռոմեական ուժերին։ Ճակատամարտն ավարտվում է գալլերի հաղթանակով, որն էլ ստիպում է վերջիններիս զարգացնել ռազմավարական հաջողությունները և ներթափանցել մայրաքաղաք։ Նվաճողներն ավերում և թալանում են քաղաքը, անառիկ է մնում միայն Կապիտոլիումի բլուրը։ Պաշարումը տևում է յոթ ամիս, որից հետո կնքվում է գալլա-հռոմեական հաշտության պայմանագիր՝ 1000 ֆունտ (շուրջ 450 կգ) ոսկու դիմաց։ Չհաշտվելով պարտվողական դիրքերի հետ՝ հռոմեացիները նոր արշավանք են սկսում գալլերի դեմ և կարճ ժամանակամիջոցում դառնում նախաձեռնության տերը։ Շուտով հռոմեական բանակը ետ է վերադարձնում գալլերի կողմից զավթված իտալական հողերը և ջլատում թշնամու հիմնական ուժերը։ Գեներալ Մարկոս Ֆուրիոս Կամիլոսը այս հաղթանակը մեկնաբանում է հետևյալ կերպ․ «ոչ թե ոսկով, ա՛յլ երկաթով․․․ հենց այսպես էլ Հռոմը գնում է իր ազատությունը»։

Այսպիսով, ժամանակի ընթացքում հռոմեացիները գերիշխող դիրք են գրավում Ապենինյան թերակղզու մյուս ժողովուրդների նկատմամբ (այդ թվում և էտրուսկների): Մ․թ․ա․ 281 թվականին պատերազմի կիզանուտում է հայտնվում Տարանտոյի հունական գաղութը, որը լատինական զավթողական քաղաքականության դեմ պայքարի համար օգնություն է խնդրում հելլեն Պյուռոս զորավարից։ Սկզբում Պյուռոսի վարձկան բանակը մի քանի վճռական հաղթանակ է տանում հռոմեացիների նկատմամբ, սակայն պատերազմի ելքը լինում է հօգուտ հանրապետության։ Այսպիսով, հռոմեացիներն ապահովում են իրենց նվաճումները՝ դառնալով Իտալիայի գերիշխանը։

Պունիկյան պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաննիբալի արձագանքը Սենատի՝ վերադարձի պահանջին

«Արդեն առանց խորամանկությունների, արդեն բացահայտորեն ինձ հետ են կանչում նրանք, ովքեր վաղուց արդեն ջանում էին ինձ հեռացնել այստեղից՝ մերժելով փող ու զոինվոր ուղարկել։ Հաննիբալին հաղթեց ոչ թե հռոմեական ժողովուրդը, որ այնքան անգամ ջարդվել է իմ կողմից ու փախուստի դիմել, այլ կարթագենական սենատն իր չար նախանձով։ Սկիպիոնն այնքան չի փառաբանի իրեն և ուրախանա իմ անփառունակ հեռանալով, որքան Հաննոնը, որը չկարողացավ ոչինչ անել ինձ հետ, բացի Կարթագենը կործանելուց, միայն թե նրա ավերակների տակ թաղի իմ տունը»

Մ․թ․ա․ 3-րդ դարում ի հայտ է գալիս Հռոմեական հանրապետության նոր հակառակորդը՝ Կարթագենը, որն ի տարբերություն նախորդների՝ ուներ հզոր ռազմաքաղաքական ներուժ։ Կարթագենը հարուստ և ծաղկուն փյունիկյան քաղաք էր, որը հավակնում էր գերիշխել Միջերկրականում։ Շուտով երկու երկրների նույնական շահերն ու հետաքրքրությունները դառնում են Պունիկյան պատերազմների սանձազերծման պատճառ։ Առաջին Պունիկյան պատերազմը սկսվում է մ․թ․ա․ 264-ին։ Հակամարտության շարժառիթը Մեսինայի ճգնաժամն էր, որն առաջացել էր վերջինիս գահակալի և Հիերոն II-ի հակամարտության արդյունքում։ Մեսինան օգնություն է խնդրում Կարթագենից, իսկ Հռոմը սկսում է պայքարել հարուստ և բարեբեր Սիկիլիայի համար։ Նմանօրինակ աշխարհաքաղաքական պայմաններում էլ սկսվում է կարթագենա-հռոմեական պատերազմը։ Չնայած նրան, որը հռոմեացիները ցամաքային մարտերի հաջող փորձ ունեին՝ կարթագենացիներին ծնկի բերելու համար ստիպված էին հմտորեն հանդես գալ ռազմածովային մարտերով (Կարթագենը տիրապետում էր Միջերկրածովյան ամենահզոր նավատորմերից մեկին)։

Կարթագենն ուներ հզոր նավատորմ և ուժերի նման հարաբերակցությունը շարունակաբար երկարաձգում է պատերազմի ելքը։ Ի վերջո, 20 տարի անց Հռոմը հաղթում է Կարթագենին և ստիպում կնքել խաղաղության պայմանագիր։ Հենց այս պայմանագրի պահանջներն էլ Կարթագենին ստիպում են վերստին անցնել ռազմական գործողությունների և սկսվում է Պունիկյան երկրորդ պատերազմը։ Պունիկյան երկրորդ պատերազմը սանձազերծվում է մ․թ․ա․ 218 թվականին՝ մի կողմից կարթագենացի զորավար Հաննիբալ Բարկայի, մյուս կողմից Սկիպիոն Աֆրիկացու և դաշնակիցների (Մարկոս Մարցելիոս, Կվինտոս Կունկտատոր) միջև։ Հընթացս, արևմուտքում հռոմեական բանակը պատերազմում էր նաև Մակեդոնիայի դեմ։ Պունիկյան երկրորդ պատերազմի բռնկման պատճառը կարթագենական զորքերի ներխուժումն էր Հիսպանիա, որի նկատմամբ իր հետաքրքրություններն ուներ հանրապետական Հռոմը։ Հաննիբալի բանակը պատերազմի սկզբում հասնում է շեշտակի հաջողությունների՝ կտրուկ առաջխաղալով դեպի Իտալիայի խորքերը։ Միևնույն ժամանակ, սակայն, հռոմեացի զորավար Սկիպիոն Աֆրիկացին ջախջախում է Հիսպանիայում կենտրոնացած կարթագենյան ուժերը և վճռական մարտերում ետ մղում Հռոմ սլացող Հանիբալին։ Բարկան ետ է կանչվում Աֆրիկա և մ․թ․ա․ 202 թվականի Զամայի ճակատամարտում վերջնականապես պարտություն կրում։ Մ․թ․ա․ 201 թվականին կնքվում է հաշտություն, որով Կարթագենը հրաժարվում է իր իսպանական տիրույթներից, զրկվում Աֆրիկայում պատերազմ վարելու և նավատորմ պահելու իրավունքներիից, ինչպես նաև վճարում չափազանց մեծ ռազմատուգանք։ Կարթագենի կապիտուլյացիայից հետո Հաննիբալը զորակցում է Բյութանիայի արքա Պրուսիոս I-ին՝ Հռոմի դաշնակից Եվմենոս II-ի դեմ մարտերում, որի ընթացքում էլ գերությունից խուսափելու համար ինքնասպան է լինում։ Առաջիկա կես դարում աֆրիկյան սպառնալիքը Հռոմեական հանրապետություն համար փաստացիորեն վերանում է։ Այդ ընթացքում հռոմեացիները կարողանում են ամրապնդել իրենց դիրքերը Հունաստանում և ճնշել Հիսպանիայում մոլեգնող ապստամբությունները։

Հուլիոս Կեսարի մղած Գալլիական պատերազմները
«Տեսարան Զամայի ճակատամարտից»։ Կտավի հեղինակ՝ ֆրանսիացի նկարիչ Անրի-Պոլ Մոտ
։
Զամայի ճակատամարտը (տեղի է ունեցել մ․թ․ա․ 202 թվականին Թունիսի տարածքում) հանդիսանում է Հաննիբալի առաջին ռազմական առճակատումը, որն ավարտվել է կարթագենական ուժերի պարտությամբ։ Մարտի սկզբում աֆրիկացիներն ընդհուպ մինչև թվային գերազանցություն ունեին հռոմեական լեգեոներների նկատմամբ։ Հաննիբալի բանակի գլխավոր հարվածային ուժը առաջնագծում կենտրոնացած թվով 80 մարտական փղերն էին, որոնք, ըստ զորավարի պլանի, պետք է ոտնակոխ անեին հռոմեացիների փաղանգը։ Սակայն դեպքերի սխալ ընթացքի պատճառով ամեն ինչ զարգանում է հօգուտ հռոմեացիների։ Սկիպիոն Աֆրիկացու գլխավորած բանակին հաջողվում է մարտական փղերն ուղղել կարթագենացիների դեմ, այնուհետև՝ Սիցիլիայից ժամանած ռազմական համալրման շնորհիվ փայլուն հաղթանակ տանել Հաննիբալի ուժերի նկատմամբ։

Մ․թ․ա․ 151 թվականին Նումիդիայի թագավորության բանակն ասպատակում է Կարթագենի սահմանները, իսկ տեղի ավագանին զավթիչներին դիմակայելու նպատակով դիմում է Հռոմի սենատին։ Հռոմեական բանագնացների պատվիրակությունը՝ հռետոր Մարկոս Պորկիոս Ավագի գլխավորությամբ, մեկնում է Կարթագեն։ Պորկիոս Ավագը Կարթագենը դիտարկում էր որպես Հռոմի գլխավոր առևտրական մրցակից և տագնապում էր, որ այդօրինակ պայմաններում աֆրիկյան երկիրը կարող էր վերստին խարխլել հանրապետության դիրքերը ռեգիոնում, ուստի, վերջինս հրապարակայնորեն արտաբերում է հետևյալը․ «Ceterum censeo Carthaginem esse delendam» ( «․․․Ես կարծում եմ, որ Կարթագենը պետք է կործանվի»): Ավելին, մ․թ․ա․ 149 թվականին Հռոմը պատերազմ է հայտարարում Կարթագենին և սկսում Պունիկյան երրորդ պատերազմը։ Առաջին գրոհի ժամանակ ողջ Կարթագենի բնակչությունը միասնաբար կարողանում է կասեցնել ինտերվիստների առաջխաղացումը, սակայն, երկրորդ անգամ դա անել կարթագենացիներին չի հաջողվում։ Սկիպիոն Էմիլիանոսի բանակը հողին է հավասարեցնում քաղաքն ու նրա դարպասները, ստրկացնում և սրի մատնում տեղի բնակչությանը։ Կարթագենի օկուպացիայից հետո հռոմեացիները նվաճյալ տարածքի մի մասը տալիս են Նումիդիային և մնացյալ հատվածում ստեղծում իրենց Աֆրիկա պրովինցիան։ Շարունակական պատերազմների արդյունքում Հռոմեական հանրապետությունը ազդեցիկ դիրք է ձեռք բերում տարածաշրջանում։

Հանրապետության մայրամուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական հանրապետության տարածքը մ․թ․ա․ 1-ին դարի կեսերի աշխարհաքաղաքական պայմաններում։     Հռոմեական հանրապետություն     հարակից և մերձակա տարածքներ

Մ․թ․ա․ 2-րդ դարի վերջերին Հռոմեական հանրապետությունն իր առաջ խնդիր էր դրել ընդլայնելու իր ազդեցության շրջանակը և անձնապես հավակնություններ ուներ Հունաստանի նկատմամբ։ Միևնույն ժամանակ, Մակեդոնական տերության երբեմնի հզորությունը վերականգնելու նպատակամղմամբ էր գործում նաև արքա Փիլիպոս V-ը, որը ռազմական ճանապարհով ցանկանում էր գերագահություն ձեռք բերել Հունաստանի պոլիսների նկատմամբ։ Մ․թ․ա․ 200 թվականին պաշտոնական Հռոմը ուլտիմատում է ներկայացնում Մակեդոնիային․ նույն տարում հռոմեական կայազորները ափ են դուրս գալիս մայրցամաքային Հունաստանում։ Մ․թ․ա․ 197 թվականին հռոմեական և մակեդոնական զորքերի միջև տեղի է ունենում Կինոսկեֆալեի վճռական ճակատամարտը, որտեղ Փիլիպոս V-ը ջախջախիչ պարտություն է կրում։ Այս իրողությամբ ավարտվում է Մակեդոնական երկրորդ պատերազմը, որին հաջորդում է կողմերի միջև հաշտության պայմանագրի կնքումը։ Պայմանագրով Մակեդոնիան հիմնովի կազմալուծվում էր՝ դառնալով շարքային պետական միավոր, իսկ Հռոմն իր ազդեցությունը շեշտակի կերպով մեծացնում էր Պելոպոնեսում։

Հռոմի նվաճողական քաղաքականությունն արգելակող գործոններից էր նաև ժամանակին հելլենիստական գերտերություն համարվող Սելևկյան պետության վերազարթոնքը։ Մ․թ․ա․ 223 թվականին այդ երկրի գահն անցնում է Անտիոքոս III-ին, որի նվաճողական արշավանքների արդյունքում վերականգնվում է տերության երբեմնի փառքը։ Հռոմի և Սելևկյան կայսրության միջև հարաբերությունները սրվում են այն ժամանակ, երբ Անտիոքոս Մեծը թագավորանիստ Անտիոքում քաղաքական ապաստան է տրամադրում հռոմեացիների երդվյալ թշնամի Հաննիբալ Բարկային։ Այս դեպքից շատ չանցած Սելևկյան տերության հովանավորչությամբ հունական մի շարք պոլիսներ սկսում են հանդես գալ հակահռոմեական որկոչներով։ Արդյունքում՝ հանրապետության դաշնակիցներ Պերգամոնն ու Հռոդոսը պատերազմ են հայտարարում Անտիոքոս Մեծի տերությանը․ հռոմեական կայազորները դաշնակից պոլիսներին զինակցելու մտայնությամբ ներխուժում են Պելոպոնեսյան թերակղզի։ Հռոմեա-սելևկյան պատերազմի ելքը վիճակվում է մ․թ․ա․ 190 թվականին, երբ Մագնեսիայի ճակատամարտում (Լիդիայի տարածքում) Անտիոքոսի բանակը ջլատվում է հակառակորդի կողմից։ Հաջորդիվ հռոմեական բանակը հաջող մարտեր է մղում նաև մայրցամաքային Հունաստանում՝ հիմնովին կործանելով Մակեդոնիան։

Հանրապետական կարգի ճգնաժամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոնտոսի արքայից արքա Միհրդատ Եվպատոր՝ Հռոմի երդվյալ թշնամին։

Մ․թ․ա․ 1-ին դարի սկզբներին Հռոմում ի հայտ է գալիս պետական կարգի ճգնաժամ, որը պայմանավորված էր շարունակական նվաճումներով։ Դրան նպաստում էր նաև բնակչության ընդվզումներն ու խռովությունները, որոնք խարխլում էին հանրապետության ներքին կայունությունը։ Այս շրջանում քաղաքացիական պատերազմներ են ընթանում ժողովրդավարակական ուժերի (պոպուլյարների) և օպտիմատների (պահպանողական ավագանի) միջև։ Ներքաղաքական ճգնաժամի գլխավորագույն պատճառը իրենց հավակնոտությամբ աչքի ընկնող երկու ազդեցիկ անձանց՝ Գայոս Մարիոսի և Լուցիոս Կոռնելիուս Սուլլայի ներանձնային հակամարտությունն էր՝ «իշխանության անհագ ծարավը»։ Գայոս Մարիոսը դեռևս մ․թ․ա․ 115 թվականին ընտրվել էր հռոմեական Իսպանիա պրովինցիայի պրետոր և մեծ հայտնիություն ձեռք բերելով՝ մ․թ․ա․ 107 թվականին հաջողել դառնալ կոնսուլ։ Շուտով հենց նա էլ ղեկավարում է հռոմեացիների պատերազմն ընդդեմ Նումիդիայի թագավորության։ Հռոմեա-նումիդիական առճակատումները հայտնի են դառնում Յուգուրթական պատերազմ անվանումով, որոնք ընթանում են փոփոխական հաջողություններով։

Լուցիոս Կոռնելիուս Սուլլա՝ հռոմեացի պետական գործիչ, զորավար, դիկտատոր։

Ի վերջո, Գայոս Մարիոսի դավադրության արդյունքում հռոմեացիները առավելության են հասնում թշնամու նկատմամբ և գերեվարում հակառակորդի արքա Յուգուրթային։ Հռոմում հաղթական շքահանդեսին շղթայված տարվելուց հետո վերջինս մահապատժի է ենթարկվում․ այս հաղթանակն էլ ավելի է բարձրացնում Մարիոսի հեղինակությունը Հռոմում։ Գիտակցելով բանակի որակական հետընթացը՝ Գայոս Մարիոսն իրականացնում է ռազմական բարեփոխումներ․ հռոմեական բանակը քաղաքացիական աշխարհազորից վերածվում է պրոֆեսիոնալ (մասնագիտացված) բանակի, որի համար առանցքային դեր ունեին վարձկանները։ Մ․թ․ա․ 90-88 թվականներին տեղի է ունենում վարչակարգի դեմ իտալիկների ամենավճռական ապստամբությունը (Դաշնակցային պատերազմ): Իշխանական օղակը մի քանի պարտություններից հետո, մ․թ․ա․ 90 թվականին ստիպված է լինում օրենք հրատարակել՝ ճանաչելով հավատարիմ դաշնակիցների իրավունքը (վերջիններս Հռոմում ստանում են քաղաքացիություն ունենալու անօտարելի իրավունք)։ Հընթացս, Հռոմեական հանրապետության արևելքում հզորանում են Պոնտոսը և Մեծ Հայքի թագավորությունը։ Մ․թ․ա․ 93 թվականին Պոնտոսի արքա Միհրդատ Եվպատորը և Մեծ Հայքի թագավոր Տիգրան Բ Մեծը կնքում են հայ-պոնտական դաշնագիրը, որը ակնհայտորեն հակոտնյա էր հանրապետական Հռոմի արևելյան քաղաքականությանն ու աշխարհաքաղաքական շահերին։ Այսպիսով, Կապադովկիան նվաճած հայ-պոնտական զորքերի դեմ պատերազմելու իրավասությունը՝ ժողովրդական ժողովի որոշմամբ հանձնվում է Գայոս Մարիոսին։ Այդ որոշումից դժգոհ Լուցիոս Կոռնելիուս Սուլլան մ․թ․ա․ 88 թվականին իր զորքերով պաշարում է Հռոմը և իրեն հռչակում կոնսուլ։ Վերջինս իր իշխանավարումը սկսում է սեփական քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնելով, ապա նաև օրինագծեր սահմանում հօգուտ օպտիմատների։ Մ․թ․ա․ 86 թվականին Սուլլայի գլխավորած հռոմեական լեգեոնները ժամանում են Արևելք և մեկ տարի հետո՝ Հունաստան ներթափանցած Միհրդատ Եվպատորի պարտությունից հետո, կնքվում է Դարդանոսյան պայմանագիրը․ վերականգնվում է տարածաշրջանի նախկին ստատուս քվոն։ Օգտվելով Սուլլայի բացակայության իրողությունից՝ պոպուլյարները վերստին տապալում են վերջինիս իշխանությունը, իսկ ընդունած օրենքները՝ չեղարկում։

Մ․թ․ա․ 82 թվականին Կոռնելիուս Սուլլան վերադառնում է Պոնտոսի և Հայաստանի դեմ մղվող արշավանքներից և վերստին ձեռնամուխ լինում Հռոմի պաշարմանը։ Իշխանության վերականգնումից հետո (այս անգամ նա հռչակվում է հավերժ դիկտատոր), Սուլլան գործարկում է պրոսկրիպցիաների ինստիտուտը (ծերակույտի օլիգարխիայի շահերից բխող և պոպուլյարների դեմ ուղղված օրինագծեր), որը քաղաքական պայքարի և ցմահ կոնսուլի դաժանության վառ արտահայտությունն էր։ Լուցիոս Կոռնելիուս Սուլլան կառավարում է ցկյանս՝ մինչև մ․թ․ա․ 78 թվականը։ Մահվան նախօրյակին՝ մեկ տարի առաջ, ցմահ կոնսուլը վայր է դնում լիազորությունները՝ քաղաքացիական կյանքում պահպանելով իր լայն ազդեցությունը։ Սուլլայի դիկտատուրան Հռոմում հանրապետական կարգերի խոր ճգնաժամի գործնական արտահայտություն էր, որն էլ իր հերթին ոչ հեռավոր ապագայում օբյեկտիվորեն նպաստում է պետական կառավարման նոր ձևերի և հայեցակարգերի մշակմանը։

Առաջին եռապետություն և Կեսարի դիկտատուրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․թ․ա․ 1-ին դարի կեսերին քաղաքական անկայունությունը և ներքին պառակտվածությունը շարունակում էին մնալ Հռոմեական պետականության առանցքային խնդիրները։ Աննախադեպ ծավալների էին հասել պոպուլյարների (վայելում էին ժողովրդի աջակցությունը) և պահպանողական ավագանու (ցանկանում էին վերականգնել օլիգարխիան) հակասությունները։ Հռոմը վերածվել էր անվերջ թվացող սոցիալական խնդիրներով հղի մետրոպոլիսի, որտեղ արիստոկրատիան չարաշահումների արդյունքում ձեռք էր բերել զգալի ունեցվածք, իսկ պլորետարիատը՝ մեծապես կազմված լինելով գյուղացիական դասից, տառապում էր չքավորությունից։ Մ․թ․ա․ 63-ին իշխանությունը զավթելու մտադրությամբ ապստամբություն է բարձրացնում Լուկիոս Սերգիոս Կատիլինան, սակայն ձախողվում է և սպանվում։ Հայտնի մտածող Ցիցերոնն իր ճառերում դատապարտում է Կատիլինայի ազգադավ գործողությունները։

Մ․թ․ա․ 60 թվականին Գնեոս Պոմպեոսը, Մարկոս Կրասոսը և Հուլիոս Կեսարը գալիս են իշխանությունը կիսելու վերաբերյալ համաձայնության։ Արդյունքում՝ Հռոմեական հանրապետությունում ստեղծվում է առաջին եռապետությունը, որը, ինքնին, բավարարում էր Հռոմի երեք ամենաազդեցիկ անձանց հետաքրքրությունները․ ամենահարուստ մարդը հանդիսացող Կրասոսը փաստացիորեն դառնում էր ավելի հարուստ՝ ձեռք բերելով ռազմական բարձր ձիրք, Պոմպեոսն ավելի մեծ ազդեցություն էր ձեռք բերում սենատում, իսկ Կեսարը ստանում էր Գալլիայի զինվորական հրամանատարության իրավունքը։ Մ․թ․ա․ 55 թվականին եռապետության անդամներն ընտրվում են կոնսուլներ․ Կեսարը ժառանգում է Գալլիան (ներկայիս Ֆրանսիան), Պոմպեոսը՝ Իսպանիան, իսկ Կրասոսը՝ Սիրիան։ Սակայն ի սկզբանե դաշինքի գործունեությունը մատնված էր անհաջողության։ Նախ, մ․թ․ա․ 54 թվականին Պոմպեոսի որդուն ծննդաբերելիս մահանում է Կեսարի դուստրը, այնուհետև Խառանի ճակատամարտում (Կրասոսի արևելյան արշավանքի շրջանակներում՝ ընդդեմ Պարթևստանի), սպանվում է տրիումվիր Մարկոս Կրասոսը։ Կրասոսի կոկորդի մեջ պարթևները հալեցված ոսկի են լցնում, իսկ սպանված զորավարի գլուխը բերվում է Մեծ Հայքի մայրաքաղաք Արտաշատ՝ նետվելով Արտավազդ Բ Աստվածային և Որոդես Պարթև արքաների առջև։ Քաղաքական իրադրության կայունացման շուրջ սենատի պատկերացումների հիմքում ընկած էր մեկ անձի դիկտատուրայի հաստատման գաղափարը, իսկ այդ ընտրյալը, մեծամասնության որոշմամբ, Գնեոս Պոմպեոսն էր։

Հուլիոս Կեսարի մղած Գալլիական պատերազմները
«Վերցինգետորիքսը վայր է դնում իր զենքերը Հուլիոս Կեսարի ոտքերի առաջ»։ Կտավի հեղինակ՝ Լիոնել Ռոյեր։
Հռոմում ծագած քաղաքական թոհուբոհի ֆոնին դեռևս մ․թ․ա․ 58 թվականին Հռոմի եռապետ Հուլիոս Կեսարն իր լեգեոններով ներխուժել էր Գալլիա։ Այստեղ հռոմեական բանակի առաքելությունը տեղական ցեղերի բարձրացրած ապաստամբական ընդվզումների ճնշումն ու Գալլիայի հպատակեցումն էր։ Արվերների կելտական ցեղի առաջնորդ Վերցինգետորիքսին հաջողվել էր միավորել կենտրոնական Գալլիայի ցեղերին և ցեղախմբերին՝ ոտքի հանելով վերջիններիս ընդդեմ հռոմեական բռնատիրության։ Մշտապես բախվելով գալլերի մեծաքանակ ուժերի հետ, Հուլիոս Կեսարը հաճախ դիմում էր խորամանկությունների ու հնարքների, օգտագործում բարդ ինժիներական կառույցներ, իսկ պատերազմի ամենաթեժ պահին ՝ Ալեզիայի ճակատամարտի ժամանակ, հռոմեական լեգեոններին հաջողվում է միաժամանակ ջախջախել քաղաքը պաշտպանող գալլերի ու նրանց օգնության եկած ուժերին: Պատերազմի արդյունքում՝ մ․թ․ա․ 50 թվականին, Հռոմեական հանրապետությանը կցվում է 500 հազար քառակուսի կիլոմետր տարածք։

Մ․թ․ա․ 49 թվականին Գալլիական պատերազմում հաղթանակած Հուլիոս Կեսարի լեգեոններն անցնում են Ռուբիկոնը ըստ ավանդության՝ գետն անցնելուց առաջ Կեսարն ասել է՝ «Վիճակը նետված է», որ մեջբերում է Մենանդրոսի կատակերգությունից) և իր ազդեցությունը տարածում Ադրիատիկ ծովի ավազանում։ Դիկտատոր հռչակված Գնեոս Պոմպեոսը ստիպված է լինում իր կողմնակիցների հետ փախչել Հունաստան՝ փորձելով ստանալ արևելյան պրովինցիաների օժանդակությունը։ Կեսար-Պոմպեոս հակամարտության ընթացքում Իտալիայի բնակչությունը գլխավորապես աջակցում էր Հուլիոսին՝ նրան տեսնելով որպես Գայոս Մարիոսի գործի շարունակող։

Մարկոս Անտոնիոսը Կեսարի դիակի մոտ։ Կտավի հեղինակ՝ Բելա Չիկոշ-Սեսիա։
Aquote1.png Մինչդեռ Պոմպեոսը իրեն թշնամի է հայտարարել բոլոր նրանց, ովքեր չեն կանգնի ի պաշտպանություն հանրապետության, Կեսարը հայտարարել է, թե ինքը կհամարի իր ընկերներ բոլոր նրանց, որոնք ձեռնպահ կմնան ու չեն անցնի ոչ մեկի կողմը։
- Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոս, «Տասներկու Կեսարների կյանքը», գիրք «Աստվածային Հուլիոս»
Aquote2.png

Ֆարսալոսի ճակատամարտի ելքը փաստացիորեն դարակազմիկ նշանակություն է ունենում Հռոմի համար․ Կեսարի լեգեոնները ջախջախիչ հաղթանակ են տանում հանրապետական մեծաթիվ զորքերի նկատմամբ, իսկ ինքը՝ Պոմպեոսը, փախչում է Ալեքսանդրիա։ Եգիպտոսում իշխող Պտղոմեոս XIII-ը, որը Տիգրան Մեծի զորակցությամբ հաստատվել էր եգիպտական գահին, Կեսարի խնդրանքով կազմակերպում է Պոմպեոսի սպանությունը։

Հուլիոս Կեսարը կառավարում է մինչև մ․թ․ա․ 44 թվականը։ Վերջինս Մ.թ.ա. 58 թվականից հետո ավելի քան ութ տարի անցկացնում է ներկայիս Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի տարածքներում (մղելով Գալլիական պատերազմը)` Հռոմեական տիրակալությանը միացնելով հսկայական տարածքներ՝ Ատլանտյան օվկիանոսից մինչև Հռենոս։ Կեսարն իր կենդանության օրոք արժանանում է մեծ փառքի՝ որպես տաղանդավոր զորավար։ Սակայն, Կեսարի միահեծան իշխանավարումից դժգոհ հանրապետական սենատը՝ Մարկոս Բրուտոսի (Հուլիոսի ամենամտերիմ անձանցից մեկը) գլխավորությամբ, մ.թ.ա. 44 թվականի մարտի 15-ին կազմակերպում է վերջինիս սպանությունը։ Կեսարի մահվանից հետո հանրապետական կարգերը Հռոմում առժամանակ վերականգնվում են։

Երկրորդ եռապետություն և հանրապետության անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեսարի սպանությունը իրարանցում է առաջացնում հանրության շրջանում։ Վերջինիս մահվանից հետո Հռոմի դիկտատորի լիազորությունները ժամանակավորապես անցնում է Մարկոս Անտոնիոսին։ Իշխանական ձգտումներ ունեին նաև Կեսարի որդեգիր Գայոս Օկտավիանոսը և մեծ պոնտիֆեքս Մարկոս Լեպիդոսը։ Մ․թ․ա․ 43 թվականին սենատի դեմ պայքարելու և Հուլիոսի սպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու շարժառիթով ստեղծվում է հռոմեական երկրորդ եռապետությունը, որը գոյատևում է ընդամենը հինգ տարի։ Ղեկավարման անձնելուն պես, եռապետները հաշվեհարդար են տեսնում իրենց նախկին քաղաքական հակառակորդների նկատմամբ․ այս գործընթացի արդյունքում մահապատժի դատավճիռ է կայացվում 130-300 սենատորների նկատմամբ, ապա բռնագրավվում նրանց ունեցվածքը՝ լիբերատորների հետ ունեցած կապերի և առնչակցությունների մեղադրանքով։

Հռոմեական երկրորդ եռապետություն
Հուլիոս Կեսար(մ․թ․ա․ 100-մ․թ․ա․ 44)

Հուլիոս Կեսար՝ հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ, գրող, պատմագիր, ինչպես նաև Հռոմի նշանավոր դիկտատոր։ Մ.թ.ա. 81-78 թվականներին ծառայել է Փոքր Ասիայում, մ.թ.ա. 63 թվականին ընտրվել է մեծ պոնտիֆեքս (մեծ քուրմ), մ.թ.ա. 61 թվականին նշանակվել Հեռավոր Իսպանիա պրովինցիայի կառավարիչ։ Նրան է պատկանում Գալլական պատերազմերի հաղթանակի պատիվը։


Մարկոս Անտոնիոս (մ․թ․ա․ 82-մ․թ․ա․ 20)

Մարկոս Անտոնիոսը հանրապետական Հռոմի մեծագույն զորավարներից էր, ինչպես նաև Հուլիոս Կեսարի ազգականը։ Պաղեստինում և Եգիպտոսում պատերազմի ժամանակ առաջ է քաշվել որպես հեծելազորի պետ։ Մ.թ.ա. 49-45 թվականների քաղաքական պատերազմում պաշտպանել է Հուլիոս Կեսարին։ Արևելյան արշավանքների շրջանակներում առճակատվել է Պարթևստանի, Ատրպատականի և Մեծ Հայքի թագավորության (մասնավորապես՝ Արտավազդ Բ Աստվածային արքայի) հետ։


Մարկոս Լեպիդոս (մ․թ․ա․ 82-մ․թ․ա․ 20)

Մարկոս Լեպիդոսը Հռոմի ազդեցիկ քաղաքական գործիչներից էր։ Մ.թ.ա. 49 թվականին, լինելով պրետոր, օժանդակել է Հուլիոս Կեսարի՝ դիկտատոր հռչակելուն։ Կեսարի մահից հետո՝ մինչև կյանքի վերջը եղել է մեծ պոնտիֆեքս։ Մ.թ.ա. 36 թվականին, երբ Լեպիդոսը փորձել է իր կողմը գրավել Գայոս Հուլիոս Օկտավիանոսի լեգեոնները, վերջինս նրան զրկել է եռապետի լիազորություններից։ Փաստացիորեն, Լեպիդոսը երկրորդ եռապետության ամենակամազուրկ գործիչն էր։


Այնուամենայնիվ, Հուլիոս Կեսարի սպանդի հեղինակները դեռևս իշխանության զավթման մասին մտայնություններ ունեին․ Գնեոս Պոմպեոսի որդու գլխավորած լեգեոնները զբաղեցնում են Սարդինիան, Սիցիլիան և Կորսիկան՝ փորձելով արգելափակել Իտալիայի նավահանգիստները։ Հընթացս, Գայոս Կասիոսը և Մարկոս Բրուտոսը մեծաթիվ զորք են հավաքում և բանակում Հունաստանում։ Մ․թ․ա․ 42 թվականի հոկտեմբերին Մակեդոնիայում՝ Ֆիլիպպիի դաշտում, մեծաթիվ կորուստների հաշվին հաղթանակում են եռապետները։ Լիբերատորների զորքերը կազմաքանդ են լինում, Կեսարին սպանող Բրուտոսը կնքում է իր մահկանացուն, իսկ հանրապետությունը բաժանվում է եռապետների միջև։ Արդյունքում՝ Մարկոս Անտոնիոսին բաժին էր հասնում Հռոմի արևելյան պրովինցիաները (Արևելյան Միջերկրականը), Գայոս Հուլիոս Օկտավիանոսին՝ Իսպանիան, Բալկանյան թերակղզում՝ Իլլիրիան և Գալլիան, Լեպիդոսին՝ Աֆրիկան։

«Ակտիումի ճակատամարտ», Լորենցո Կաստրո, նկարված է 1672 թվականին։ Ծովամարտն ազդարարում է Հռոմի ներքաղաքական պայքարի ավարտը։

Ժամանակի ընթացքում Գայոս Օկտավիանոսի և Անտոնիոսի արդեն իսկ գրգռված հարաբերություններն էլ ավելի են վատանում։ Մ․թ․ա․ 36 թվականին կառավարման ասպարեզից դուրս է մղվում Մարկոս Լեպիդոսը՝ Սիցիլիայում ձերբակալվելով Օկտավիանոսի կարգադրությամբ։ Ինչ վերաբերվում է Մարկոս Անտոնիոսին, որն առանց սենատի համաձայնությունը ստանալու արշավել էր Արևելք, վերջինս որոշ ռազմական հաջողություններից հետո հաստատվել էր Ալեքսանդրիայում՝ իր սիրեկանի՝ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա Ֆիլոպատորի արքունիքում։ Արևելյան արշավանքի շրջանակներում Անտոնիոսը հաջողել էր ապօրինաբար ձերբակալել Մեծ Հայքի արքայից արքա Արտավազդ Բ-ին և նրան իր հետ տանել Ալեքսանդրիա՝ արքայական հաղթահանդեսի (այդ միջոցառումն անցկացնելու բացառիկ իրավասությունը սովորույթի ուժով տրված էր Հռոմեական հանրապետությանը)։ Եռապետի այս քայլը խիստ քննադատության է արժանանում նաև հռոմեացիների կողմից։ Դիոն Կասիոսը գրել է․ «Անտոնիոսն Արտավազդին խաբելով, ձերբակալելով, շղթայելով, մեծապես վարկաբեկել է հռոմեական ժողովրդի հեղինակությունը»։ Ինքնին, Մարկոս Անտոնիոսի ինքնագլուխ գործողությունները Հռոմում ևս դիտարկվում էր դավաճանություն։ Իրավիճակը ծայրաստիճան սրվում է այն ժամանակ, երբ Անտոնիոսը Կլեոպատրային է փոխանցում «թագավորների թագուհի» բարձրագույն տիտղոսը․ Անտոնիոսի և Օկտավիանոսի միջև ռազմական բախումը դառնում է անկասելի։ Վերջիններիս առճակատումը տեղի է ունենում մ․թ․ա․ 31 թվականի սեպտեմբերի 2-ին արևմտյան Հունաստանի ափերի մոտ՝ Հոնիական ծովում։ Ակտիումի ծովային ճակատամարտն ավարտվում է Օկտավիանոսի նավատորմի փայլուն հաղթանակով, որին ականատես եղած Անտոնիոսի ցամաքային լեգեոնները հրաժարվում են կռվել՝ անցնելով հակառակորդի կողմը։ Մարտադաշտից մազապուրծ եղած Մարկոս Անտոնիոսը ստիպված է լինում ապաստանել Պտղոմեոսյան Եգիպտոսում։ Գայոս Հուլիոս Օկտավիանոսի ղեկավարած մեծաթիվ ուժերը նավատրկում են դեպի Կարմիր ծով և ափ իջնում Ալեքսանդրիայում։ Գերության վտանգից ազատվելու համար, Անտոնիոսն ու Կլեոպատրան ինքնասպան են լինում։ Եգիպտոսը նվաճվում է հռոմեական լեգեոնների կողմից և վերածվում պրովինցիայի։ Այս իրադարձությամբ Հռոմում ավարտվում են քաղաքացիական երկարատև, հյուծիչ պատերազմները և սկսվում է հռոմեական պետականության պատմության մի նոր պարբերափուլ։

Կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆերոնԿլաուդիոսԿալիգուլաՏիբերիոսՕկտավիանոս
Հռոմի կայսերական արքայատոհմեր
Հուլիոս-Կլավդիոսներ
Ժամանակագրություն
Օկտավիանոս Մ․թ․ա․ 27 – 14
Տիբերիոս 14–37
Կալիգուլա 37–41
Կլավդիոս 41–54
Ներոն 54–68
Ընտանիք
Հուլիոսներ
Կլավդիոսներ
Հուլիոս-Կլավդիոսների հարստություն (կատեգորիա)
Տե՛ս նաև հարստության տոհմածառը
Զարգացում
Նախորդիվ՝
Հռոմեական հանրապետություն
Հաջորդիվ՝
Չորս կայսրերի տարի

Մ․թ․ա․ 27 թվականին՝ ընդամենը 36 տարեկան հասակում, Գայոս Հուլիոս Կեսար Օկտավիանոսը[Ն 1] դառնում է Հռոմեական ընդարձակ տիրակալության միակ օրինական գահակալը։ Նույն տարում վերջինս իրեն հռչակում է «Օգոստոս»[Ն 2]։ Ընդունված է այս իրադարձությունը համարել, որպես Հռոմի կայսերական ժամանակաշրջանի սկիզբ, մինչդեռ Հռոմը «կայսերական» պետություն էր դեռևս շատ ավելի վաղ՝ մ․թ․ա․ 146 թվականից (Սկիպիոն Աֆրիկացու կողմից Կարթագենի հպատակեցում): Ըստ կառավարման ձևի՝ Հռոմը շարունակում էր մնալ հանրապետական, միևնույն ժամանակ Օգոստոս Օկտավիանոսը ստանում էր բացարձակ լիազորություններ։ Մ․թ․ա․ 27-ից մինչև մ․թ․ա․ 180 թվականն ընդունված է անվանել «Pax Romana»-ի («հռոմեական խաղաղության») ժամանակաշրջան։

Օկտավիանոսի պրինցիպատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի առաջին կայսր Գայոս Հուլիոս Կեսար Օգտավիանոս, նույն ինքը՝ Օգոստոս Օկտավիանոս։

Օգոստոս Օկտավիանոսից սկիզբ է առնում Հռոմի կայսերական առաջին շառավիղը՝ Հուլիոս-Կլավդիոսների արքայատոհմը։ Օգոստոսը դառնում է սենատի ծերակուտականներից «ամենաբարձրը» և կայսրության միահեծան ղեկավարը՝ պրինցեպսը, հետևաբար Հռում ձևավորված միապետության յուրահատուկ ձևը կոչվում է պրինցիպատ։ Ավելի ուշ Օկտավիանոսը ստանում է նաև «իմպերատոր» և «աստվածայինի որդի» տիտղոսները։ Նշյալ տիտղոսներից վերջինի ընդունմամբ, Օկտավիանոսը ցույց էր տալիս իր անմիջական կապը «աստվածային» Հուլիոս Կեսարի հետ՝ այդկերպ ապահովելով իր՝ հռոմեական հաղթական ավանդույթների հետ հաղորդակից լինելը։ Նա աստիճանաբար թուլացնում է սենատորական դասի ազդեցությունը քաղաքականության վրա։ Արդյունքում՝ սենատորները զրկվում են որոշ պրովինցիաների (օրինակ՝ Եգիպտոսի) ղեկավարման իրավունքից, քանի որ այդօրինակ վարչատարածքային միավորների կառավարիչները առաջադրվում էին կայսեր կողմից և հաշվետու էին կայսեր առաջ։ Դառնալով ցմահ տրիբուն՝ նա իրավասու էր նաև վետո (արգելք) դնել սենատի, կոմիցիաների և մագիստրատուրաների որոշումների վրա։ Մ․թ․ա․ 19 թվականին ինքնահռչակվում է որպես ցմահ կոնսուլ՝ Հռոմում երբևէ գոյություն ունեցած իշխանական պաշտոններից բարձրագույնը։ Իրականացնում է ռազմական էական բարեփոխումներ։ Նրա օրոք կազմակերպվում է 28 լեգեոններից կազմված հռոմեական կանոնավոր բանակը։

Ի տարբերություն եռապետական շրջանի՝ Օկտավիանոսի պաշտոնավարումն անցնում է բավականին խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում։ Խաղաղությունն ու հարստությունը (Եգիպտոսի թալանի արդյունքում) ստիպում է ժողովրդին և մյուս ազնվականներին սատարել Օգոստոսի պրինցիպատին։ Մարկոս Վիպսանիոս Ագրիպպայի, Գերմանիկոսի և այլ ցենտուրիոնների մարտունակության ու փորձառության շնորհիվ Հռոմեական կայսրությանն է միացվում Կանտաբրիան, Աքվիտանիան, Ռեցիան, Իլլիրիան և Պանոնիան։

Օգոստոս Օկտավիանոս կայսեր իշխանության օրոք զարթոնք է ապրում հռոմեական գրականությունը։ Ընդունված է այս ժամանակամիջոցը համարել որպես լատինական գրականության ոսկեդար։ Հենց այս շրջանում են ստեղծագործել Վերգիլիոսը, Հորացիոսը, Պուբլիուս Օվիդիուս Նասոն և այլք, որոնք նաև անձնային, ընկերական սերտ հարաբերություններ են ունեցել կայսեր հետ։ Պատմագրականագիտական մեծ արժեք է իրենից ներկայացնում Վերգիլիոսի «Էնեական» էպիկական պոեմը, որը ներկայացնում է հռոմեացիների ծագման, նրանց առասպելական նախահոր՝ Էնեասի թափառումների, քաջագործությունների և հերոսական կերպարի մասին։ Օկտավիանոս կայսրը շարունակում է Հուլիոս Կեսարի օրոք ստեղծված օրացույցի լրամշակումը՝ իր պատվին անվանակոչելով ամռան վերջին ամիսը։ Օգոստոս Օկտավիանոսը մահանում է 14 թվականին՝ իր հաջորդներին թողնելով հզոր, բարգավաճ և հարուստ պետություն, ինչպես նաև մարտունակ բանակ։

Կայսրությունը Հուլիոս-Կլավդիոսների հարստության օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոս կայսեր մահվանից հետո Հուլիոս-Կլավդիոսների արքայատոհմը շարունկաում է իրավահաջորդության կարգով իշխել Հռոմում։ Օկտավիանոսին հաջորդում է նրա որդեգիր Տիբերիոսը, որը ժառանգում է իր նախորդի տիտղոսաշարը՝ պաշտպանելով պրինցիպատի վարչակարգը։ Նրա կառավարման սկզբնական տարիներին՝ 17 թվականին, Կապադովկիայի վասալական թագավորությունը դառնում է հռոմեական պրովինցիա: Տիբերիոսն իր իշխանությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու համար հալածանքների քաղաքականություն էր վարում, որին զոհ են գնում բազմաթիվ սենատորներ և անգամ կայսեր բարեկամներն ու ընտանիքի անդամները։ Սովորական երևույթ էին դարձել պետական դավաճանության մեղադրանքով դատավարությունները, որոնց արդյունքում շատերը դատապարտվում էին մահապատժի կամ աքսորի։ Տիբերիոսը մեղադրվում է նաև ականավոր զորավար Գերմանիկոսի սպանությունը կազմակերպելու մեջ։ 37 թվականին մահանում է (միգուցե սպանվում է) Տիբերիոսը, իսկ կայսերական գահը ժառանգում է նրա ազգակից Կալիգուլան՝ Գերմանիկոսի որդին։ Վեց ամսվա ազնիվ և լավ գահակալական շրջանից հետո բոլոր աղբյուրները նշում են Կալիգուլայի դաժանության, սադիզմի, անմտության և սեռական կամակորությունների մասին՝ ներկայացնելով նրան որպես խելագար բռնապետ։

«Ներոնը և Ագրիպինան»։ Ագրիպինան դափնեպսակով թագադրում է իր պատանի որդուն՝ Հռոմի ապագա կայսերը։

Ըստ Սվետոնիոսի՝ վերջինս բռնաբարում էր իր քույրերին, սպանում մարդկանց՝ զվարճանալու համար։ Նույն պատմիչը նաև հավաստում է, որ խելագար միապետը իր սիրելի ձիուն՝ Ինկիտատոսին, նշանակել էր սենատոր։ 41 թվականի հունվարի 24-ին սպանվում է պրետորական գվարդիայի կողմից։ Նույն օրը կայսր է հռչակվում Կալիգուլայի հորեղբայր Կլավդիոսը։ Թերևս, Կլավդիոսի համար մեկ ձեռքբերումը համարվում է այն, որ իր կառավարման օրոք նվաճվում է Բրիտանիան՝ տարածք, որը Հռոմին միացնել չէր հաջողվել նույնիսկ Հուլիոս Կեսարին։ Բրիտանիայից բացի, Կլավդիոսի օրոք պրովինցիայի կարգավիճակ են ստանում նաև Մավրետանիան, Լիկիան և Թրակիան։ Կլավդիոսն իրականացնում էր հռոմեական քաղաքացիության իրավունքի աստիճանական ընդլայնման քաղաքականություն, նրա օրոք հռոմեական սենատի կազմում ընդգրկվում են նաև գալիացիներ։ Կիսատ թողնելով ներքաղաքական բարեփոխումները՝ 54 թվականի հոկտեմբերի 13-ին մահանում է՝ խնջույթի ժամանակ թունավորվելով իր չորրորդ կնոջ կողմից։ Կտակի ուժով Կլավդիոսի մահից հետո կայսերական գահը ժառանգում է Ագրիպինա Կրտսերի որդին՝ Ներոնը։

Ներոն կայսեր իշխանության անցնելուց կարճ ժամանակ անց Մեծ Հայքի թագավորությունում տապալվում է իբերիացի արքայազն Հռադամիզդի իշխանությունը, որի տեղը գրավում է պարթևների արքայի եղբայր Տրդատ Արշակունին։ Ներոնի հրամանով արևելք է ուղարկվում Կորբուլոն զորավարը․ կողմերի միջև սանձազերծվում է բաց պատերազմ, որտեղ հաջողությունը երբեմն հռոմեացիների, երբեմն էլ պարթևների ձեռքում էր։ Հայաստանի ժառանգության համար մղվող պատերազմն ավարտվում է հաշտության պայմանագրով՝ Հռանդեայի դաշտում հայերի վճռական, հռոմեացիների համար՝ ամոթալի հաղթանակից հետո։ Տրդատ Ա Արշակունին հռչակվում է Մեծ Հայքի միապետ՝ թագադրվելով Ներոն կայսեր կողմից։ 60-61 թվականներին հակահռոմեական հուժկու ապստամբություն է բարձրացվում արևելյան Անգլիայում՝ բրիտանական կելտերի թագուհի Բոուդիկայի գլխավորությամբ։ Գայոս Պաուլինիոսի գլխավորած հռոմեական լեգեոնները մեծ դժվարությամբ կարողանում են հաղթանակ տոնել՝ պաշարելով Լոնդոնիումը։ Ներոն կայսրը հատկապես աչքի էր ընկնում իր քրիստոնեահալած կեցվածքով․ նրա կառավարման տարիներին բազմաթիվ քրիստոնյաներ հալածանքների ենթարկվելով լքել են երկիրը։ 64 թվականի հուլիսի լույս 19-ի գիշերը Հռոմում բռնկվել է հին աշխարհի ամենաուժգին հրդեհներից մեկը, որը Սվետոնիոսի և Դիոն Կասիոսի հավաստմամբ՝ կազմակերպվել էր հենց Ներոնի կողմից։ 59 թվականին վերջինս հրամայում է սպանել սեփական մորը, իսկ 62-ին՝ նաև կնոջը։ Չնայած իր երեք ամուսնություններին, կայսրը մշտապես տարվում էր արտամուսնական կապերով՝ հարաբերվելով ինչպես կանանց (որոշների խոսքերով՝ նույնիսկ սեփական մոր), այնպես էլ տղամարդկանց հետ։ Հռոմի կայսր Ներոնը մեր թվարկության 68 թվականին ինքնասպան է լինում՝ կտրելով իր կոկորդը։ Այդ որոշումը տեղի է ունենում Վինդեքսի և Գալբայի ապստամբությունների ֆոնին։ Հուլիոս-Կլավդիոսների ժառանգական շառավիզն ընդհատվում է։

Կայսրությունը Փլավիոսների հարստության օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

ԴոմիցիանոսՏիտոսՎեսպասիանոս

Չորս կայսրերի տարի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներոնի մահվանից հետո Հռոմում առաջանում է ավանդական հանրապետական կառավարման ձևի վերականգնման մտայնությունը, որը սակայն պսակվում է անհաջողությամբ։ Սկսվում է անորոշության ժամանակաշրջան, մինչև 69 թվականին կայսերական գահն անցնում է Հիսպանիայի ապստամբության ղեկավար Գալբային։ Վերջինս, սակայն, կարճատև կառավարումից հետո դառնում է դավադրության զոհ։ Հաջորդիվ գահն անցնում է դավադրության կազմակերպիչ Օտոնին, որը 69 թվականի ապրիլի 14-ին Բետրիակի ճակատամարտում պարտություն կրելով՝ Վիտելլիոսի բանակի կողմից, ինքնասպան է լինում։ Արդյունքում՝ 69 թվականի ապրիլի 14-ին կայսերական գահն անցնում է Վիտելլիոսին, որն իր կառավարման կարճ ժամանակահատվածում կարողանում է աչքի ընկել իր սաստիկ դաժանությամբ և ընչաքաղցությամբ։ Վեիտելլիոսն արժանանում է միևնույն ճակատագրին, ինչ որ Օտոնը։ Վերջինիս իշխանությունը ևս ոչ լեգիտիմ էր Հռոմեական կայսրությունում, որն էլ լավ առիթ էր գահի հավակնորդ Վեսպասիանոս Տիտոս Փլավիոսի համար։ Նույն տարում Ալեքսանդրիայում Վեսպասիանոսն իրեն հռչակում է Հռոմի կայսր։ Նրան զորակցում և օժանդակում էին Ասորիքի, Հուդայի և արևելյան մի քանի այլ պրովինցիաներում գտնվող լեգեոնները։ Անտոնիոս Պրիմոսի գլխավորությամբ նրանք շարժվում են դեպի Հռոմ, գրավում այն և սպանում գործող կայսր Վիտելիոսին։ Այսպիսով՝ չորս կայսրերի տարին (Annus quattuor imperatorum) ավարտվում է Վեսպասիանոս կայսեր թագադրմամբ։ Վերջինս իր հերթին Հռոմում սկիզբ է դնում նոր արքայատոհմի՝ Փլավիոսների ժառանգական իշխանությանը։

Փլավիոսների վերելք և անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փլավիոսների ընտանիքը Տիտոսին նվիրված հաղթահանդեսի ժամանակ։ Կտավի հեղինակ՝ Լոուրենս Ալմա-Թադեմա։

Վեսպասիանոս կայսրն իր կառավարման ընթացքում մտցնում է զանազան հարկեր, համակարգում բանակը, վարում պետական միջոցների տնտեսման քաղաքականություն, ստեղծում կայսերական և պետական հողերի ընդարձակ ֆոնդ, զարկ տալիս քաղաքաշինությանը։ Նրա օրոք վերակառուցվում է Հռոմի Կապիտոլիումը, ինչպես նաև կառուցվում է Կոլիզեում ամֆիթատրոնը, որը մեր օրերում համարվում է հռոմեական ժառանգության խորհրդանիշը։ Վեսպասիանոսի կառավարման տարիներին հաջողությամբ ընդարձակվում է Բրիտանիա պրովինցիայի տարածքը, ճնշվում Բոուդիկիի գլխավորությամբ տեղացիների բարձրացրած հուժկու ապստամբությունները։ Արևելքում՝ Վեսպասիանոսն ամրացնում է Հռոմի սահմանը Մեծ Հայքի թագավորության հետ՝ նվաճելով Կոմմագենեն։ Փլավիոսների ձեռնարկած ամենանշանավոր իրադարձությունը Հրեական պատերազմն էր, որի գործնական հետևանքը կարելի է համարել Երուսաղեմի պաշարումն ու ավերումը։ Դառնալով կայսր՝ Վեսպասիանոսը ստիպված է լինում թողնել Հուդայի թագավորությունը և վերադառնալ Հռոմ՝ Պաղեստինում պատերազմական գործողություններ վարելու իրավունքը հանձնելով որդուն՝ Տիտոս Փլավիոսին։ Տիտոսի բանակը պաշարում է քաղաքը և օգտվելով տեղացիների ներսում ծագած երկպառակտությունից՝ ներխուժում և ավերածություններ է գործում Երուսաղեմում։ Անտիկ շրջանի հրեա պատմիչ Հովսեփոս Փլավիոսի հավաստմամբ՝ Երուսաղեմի նվաճման ընթացքում հռոմեացիների կողմից սպանվում է ավել քան 1 միլիոն մարդ՝ մեծամասամբ հրեաներ, ևս 97 հազարը ճորտացվում և ստրկացվում են։ Հռոմեական լեգեոններն ավերում են Սողոմոնի տաճարը՝ իրենց առաքելությունը Հուդայի թագավորությունում համարելով ավարտված։ Վերադառնալով Հռոմ՝ Տիտոսը Վեսպասիանոսի հետ համատեղ արժանանում է տրիումֆի։ Դառնալով հոր գահակիցը՝ Տիտոսը ստանում է պրոկոնսուլի և տրիբունի լիազորությունները, ձեռք բերում պրետորիական գվարդիան միանձնյա ղեկավարելու իրավունք։ 79 թվականին՝ հոր մահից հետո, առանց որևէ դժվարության ժառանգում է կայսերական գահը։ Իր գահակալման առաջին տարում պատուհասում է Վեզուվ հրաբուխի ամենաաղետալի ժայթքում, որի հետևանքով ոչնչանում են Պոմպեյն ու հարակից որոշ քաղաքներ։ Պլինիոս Կրտսերը՝ լինելով աղետի ականատեսը, իր հուշերում գրում է․

Aquote1.png ...վիթխարի սև ամպը արագ շարժվում էր...և նրանից դուրս էին գալիս կրակի երկար, ֆանտաստիկ լեզուները, որոնք հիշեցնում էին կայծակի բռնկումները, միայն շատ ավելի մեծ...
- Պլինիոս Կրտսերի հուշերից՝ Վեզուվ հրաբուխի ժայթքման և Պոմպեյ քաղաքի վերջին օրվա մասին
Aquote2.png

Ըստ մեզ հասած աղբյուրների՝ Վեզուվի ժայթքումի և Հռոմում բռնկված համաճարակի շատ զոհերին օգնություն է ցուցաբերել անձամբ կայսր Տիտոսը։ Վերջինս կառավարում է ընդամենը երկու տարի և 81-ին մահանում բնական մահով։ Նրա կարճ գահակալումը ժամանակակիցների կողմից գնահատվում է որպես «ոսկեդար», իսկ նրա մահը՝ համընդհանուր վիշտ և կորուստ։ Տիտոսին հաջորդում է կրտսեր եղբայրը՝ Դոմիցիանոսը։ Վերջինս իր կառավարման ողջ ընթացքում փորձում էր դառնալ Օկտավիանոսի նմանօրինակը՝ ժողովրդի շրջանում արմատավորել իր աստվածացումը։ Ինքն իր մասին խոսելիս օգտագործում էր «վարպետ և աստված» (Dominus et Deus) կոչումները։ Վարում է սենատական ազնվականության նկատմամբ հալածանքների քաղաքականություն, որի հետևանքով էլ դառնում է դավադրության զոհ։

Հինգ բարի կայսրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿոմմոդոսՄարկոս ԱվրելիոսԼուցիոս ՎերոսԱնտոնիոս ՊիոսՀադրիանոսՏրայանոսՆերվա
Նշում․ Մարկոս Ավրելիոսը եղել է Լուցիոս Վերոսի գահակիցը մինչև վերջինիս մահը՝ 161 թվականը։
Հռոմեական կայսրությունն ամենաընդարձակ ժամանակաշրջանում (մ․թ․ա․ 117 թվականի տվյալներով)` Տրայանոս կայսեր օրոք։

Ներվա-Անտոնինոսյան արքայատոհմի ներկայացուցիչները՝ այսպես ասած «հինգ բարի կայսրերը», (Ներվա, Տրայանոս, Հադրիանոս, Անտոնիոս Պիոս, Մարկոս Ավրելիոս, Լուցիոս Վերուս և Կոմմադոս) իշխանում են Հռոմում 96-192 թվականներին։ Նրանց կառավարման ժամանակաշրջանում Հռոմը հասնում է իր տարածքային և տնտեսական բարձրակետին։ Միևնույն ժամանակ, կայսրությունում տիրում է համատարած խաղաղություն՝ առանց քաղաքացիական պատերազմների և ռազմական ձախողումների։ Որպես նորընտիր կայսեր չափանիշ՝ սկսում է առավել կարևորվել թեկնածուի անձնային որակները, այլ ոչ թե ազգակցական կապերը։




Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աստուրյան Հ., Քաղաքական վերաբերութիւններ ընդմէջ Հայաստանի և Հռովմայ, Վնտ., 1912։
  • Մանանդյան Հ., Երկ., հ. 1, Երևան, 1977։
  • Մանասերյան Ռ., Տիգրան Բ Մեծ. Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևստանի դեմ, Երևան, 1987։


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found, or a closing </ref> is missing