Նումիդիա, պատմական մարզ Հյուսիսային Աֆրիկայում, զբաղեցրել է այժմյան Ալժիրի հյուսիսարևելյան մասը։ Նումիդիական քոչվորցեղերի՝ մասսիլների և մազեզիլների աստիճանական անցումը հողագործության և նստակյաց անասնապահության, մ․թ․ա․ 1-ին հազարամյակի վերջին ուղեկցվել է քաղաքների առաջացմամբ և զարգացմամբ (Կիրտա գլխավոր քաղաքը), Թեեստա, Սիկկա և այլն)։ Մ․թ․ա․ 3-րդ դարում Նումիդիայի տարածքը նվաճել է Կարթագենը, որի դեմ բազմիցս ապստամբել են նումիդիացիները։ Պունիկյան 2-րդ պատերազմի ժամանակ (մ․թ․ա․ 218-201) Նումիդիայի արևելյան մասի թագավոր Մասինիսսան օժանդակել է Հռոմին, որի համար Հռոմը նրան օգնել է դառնալ (մ․թ․ա․ 201) ամբողջ Նումիդիայի թագավոր։ Մասինիսսայի օրոք (մ․թ․ա․ 201-149) Նումիդիայի թագավորությունն ամրապնդվել է, ընդլայնվել նրա տարածքը, զարգացել են քաղաքները, աշխուժացել է առևտուրը միջերկրածովյան երկրների հետ։ Մ․թ․ա․ 111-105 թվականներին Նումիդիայի և Հռոմի միջև պատերազմում (տես Յուգուրթական պատերազմ մ․թ․ա․ 111-105) Նումիդիայիի պարտությունը ուժեղացրել է նրա կախվածությունը Հռոմից։ Մ․թ․ա․ 46 թվականին Նումիդիայի տարածքը դարձել է հռոմեական պրովինցիա՝ Նոր Աֆրիկա, մ․թ․ա. 429-430-ին այն նվաճել են վանդալները, 533 թվականին գրավել է Բյուզանդիան։ 7-րդ դարում զավթել են արաբները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 403)։