Վանդալներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանդալները թալանում են Հռոմը։
Վանդալների և Ալանների թագավորությունը 475 թ-ին։

Վանդալներ, արևելյան գերմանների ցեղախումբ։ Սկզբում բնակվել են Սկանդինավյան թերակղզում: Մ.թ.ա. 2-րդ-1-ին դարերում վանդալները գաղթել և հաստատվել են Բալթիկ ծովի հարավային, 3-րդ դարում՝ Դանուբ գետի ափերին։ 335-ին վերաբնակվել են Պաննոնիայում։ 5-րդ դարի սկզբին ալանների հետ շարժվել են արևմուտք, մի քանի տարվա ընթացքում ամայացրել Գալլիան և 409-ին հաստատվել Իսպանիայում։ Այնուհետև ետ մղվելով դեպի թերակղզու հարավ՝ Գեյզերիխ թագավորի (428-477) գլխավորությամբ 429-ին անցել են Ջիբրալթարը, տաս տարվա ընթացքում նվաճել (ստրուկների ու կոլոնների օգնությամբ) հռոմեական Աֆրիկա պրովինցիան (439-ին գրավել են Կարթագենը) և հիմնել իրենց թագավորությունը։ Այստեղից նրանք ավերիչ հարձակումներ են գործել Արևմտյան Միջերկրածովյան կղզիների ու ափերի վրա։ 455-ին կողոպտել ու ավերել են Հռոմը: Հյուսիսային Աֆրիկայի մի մասում վանդալները բռնագրավել են հռոմեական մագնատների հողերը։ Հարստացած ավագանու և շարքային զինվորների միջև առաջացած տարաձայնությունների հետևանքով թուլացած վանդալների թագավորությունը 533-534-ին նվաճվել է Բյուզանդիայի կողմից։ Վանդալները այնուհետև ձուլվել են տեղական բնակչությանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանդալների գերմանական ցեղը մ.թ. ա. 3-րդ դարում Գերմանիայի ներքին մարզերից տեղափոխվում է Դանուբի շրջանը՝ Դակիա։ 4-րդ դարի սկզբին վանդալները բնակություն են հաստատում Պանոնիայում, իսկ այնուհետև հոների ճնշման տակ շարժվում են դեպի արևմուտք։ Նրանք բարբարոսական մյուս ցեղերի՝ սվեբների և ալանների հետ միասին ճեղքում են հռոմեական պաշտպանությունը Հռենոսի վրա և ներխուժում են Գալլիա, ապա անցնում Իսպանիա և մի որոշ ժամանակ անց ընդհարվում վեստգոթերի հետ։ 429 թվականին նրանք նեղուցով(արդի Ջիբլարթարով) անցնում են Հռոմեական պրովինցիա` Հյուսիսային Աֆրիկա։ Վանդալներին գլխավորում էր թագավոր Հայզերիքը, որը նվաճում է Հյուսիսային Աֆրիկայի մեծ մասը, և հռոմեական տարածքում առաջանում է ևս մի բարբարոսական պետություն` Վանդալական թագավորությունը՝ Կարթագեն մայրաքաղաքով։

Հողազավթումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանդալները գրավում են հռոմեական ավագանու և եկեղեցու հողերն ու գույքը։ Հռոմեական հողատերերի սեփականազրկումը կատարվում է միայն արդի Թունիսի, Տրիպոլիտանայի, Լիբիայի տարածքում։

Հայզերիքի հետագա նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայզերիքը գրավում է նաև Բալեարյան կղզիներ, Կորսիկան, Սարդինիան, Սիցիլիան, իսկ 455 թվականին՝ Հռոմը։ Վանդալները այնտեղ ոչնչացնում են կուլտուրայի շատ հուշարձաններ և արվեստի ստեղծագործություններ[1]:

Վանդալների թագավորները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս. Դ. Սկազկին, Միջին դարերի պատմություն (Երևանի համալսարանի հրատարակչություն), Երևան, 1975, էջ 128 — 820 էջ։
Տես՝ Vandals Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս