Սարդինիա կղզում գտնվում են բազմաթիվ բազալտե կոնաձև կառույցներ, որոնք կառուցվել են հնագույն ժամանակներում։ Սրանք «նուրագե» (nuraghe, հոգնակի ձև՝ nuraghi) են կոչվում և վերագրվում են մ. թ. ա. 15–5-րդ դարերին։ Այն քաղաքակրթությունը, որը կապվում է նուրագեների կառուցման հետ ծագել է, հավանաբար, կղզու հնագույն բնիկ բնակչությունից։ Հնարավոր է, որ եգիպտական աղբյուներում հիշատակվող Շերդեն ժողովուրդը (այսպես կոչված «ծովի ազգերից» մեկը), որը պատերազմել է Եգիպտոսում մ. թ. ա. 13–12-րդ դարերում, կա՛մ ծագել է Սարդինիայից, կա՛մ հաստատվել է այնտեղ, և տվել է կղզուն իր անունը[3]։
Սարդինիա կղզու գաղութացումը դեռևս մ․ թ․ ա․ 7-րդ դարում սկսել են փյունիկեցիները։ Սրանց ընդդիմության պատճառով ձախողվել են գաղութ հաստատելու հունական փորձերը (կղզու հյուսիս-արևելքում՝ Օլբիայի մոտ)։ Մոտ մ. թ. ա. 500 թվականին կարթագենացիները ձեռնարկել են կղզու ամենապտղաբեր հատվածների զավթումը՝ բնիկներին քշելով դեպի լեռնային շրջանները։ Մ. թ. ա. 238 թվականին հռոմեացիները, օգտվելով կարթագենացի վարձկանների խռովությունից, պահանջել են կղզու հանձնումը։ Հռոմեացիներին դիմադրել են բնիկ ցեղերը, բայց մի քանի արյունալի արշավներից հետո կղզին նվաճվել է։ Այնուհետև, կղզին Կորսիկայի հետ հռոմեական պրովինցիա է կազմել։ Հռոմին ծառայել է որպես հացահատիկի կարևոր աղբյուր։ Սարդինիայում ապստամբություններ են բռնկվել մ. թ. ա. 215, 181, և 114 թվականներին, որոնք բոլորը ճնշվել են։ Սակայն, նույնիսկ Ստրաբոնի ժամանակ (մ. թ. ա. 1–մ. թ. 1-ին դարերում) կղզում տարածված է եղել ավազակությունը[3]։
Արևելյան ափերը զառիթափ են, արևմտյանը՝ դաշտավայրային։ Ռելիեֆը արևելյքում լեռնային է (մինչև 1834 մ բարձրությամբ, Պունտա-Լա-Մարմորա), արևմուտքում և հյուսիս–արևմուտքում՝ սարավանդային։ Հարավ–արևմուտքում Իգլեզիենտե մեկուսացած զանգվածն է։ Կան ցինկի, անագի, երկաթի, քարածխի հանքավայրեր։ Կլիման մերձարևադարձային միջերկրածովյան է, տարեկան տեղումները՝ 600– 1000 մմ։ Գետերը կարճ են, սահանքավոր, օգտագործվում են ոռոգման համար։
Երկրի տնտեսապես հետամնաց մարզերից է։ Տնտեսության հիմնական ճյուղերն են գյուղատնտեսությունն ու հանքարդյունահանող արդյունաբերությունը։ Մշակում են հացահատիկ, ընդավորներ, կարտոֆիլ, բանջարեղեն, ցիտրուսային կուլտուրաներ։ Զբաղվում են նաև այգեգործությամբ և պտղաբուծությամբ, ծովափերին՝ ձկնորսությամբ։ Գյուղատնտեսական ապրանքային արտադրանքի ավելի քան 1/2-ը տալիս է անասնապահությունը։ Սարդինիային բաժին է ընկնում երկրի կապարի ու ցինկի արդյունահանման 4/5-ը, քարածխի՝ 1/2-ը, ֆլյուորիտի՝ ավելի քան 1/2-ը։ Կան բոքսիտների հանքավայրեր, ալյումինի, նավթավերամշակման, նավթաքիմիայի ձեռնարկություններ, սննդի, տեքստիլ, կաշվի, փայտամշակման, էլեկտրատեխնիկական արդյունաբերություն, նավանորոգում, գորգագործություն (ձեռքի)։ Գործում է ՋԷԿ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 229)։