Սիենա (իտալերեն՝ Provincia di Siena), գավառ Իտալիայի Տոսկանա մարզում։ Վարչական կենտրոնը Սիենա քաղաքն է։ Տարածքը կազմում է 3821 կմ2, բնակչությունը՝ 260 882 մարդ (2005), բնակչության խտությունը՝ 68,3 մարդ /կմ2։ Կազմված է 36 կոմունաներից, որոնցից մեկն էլ վարչական կենտրոն է։ Հյուսիսում սահմանակից է Ֆլորենցիա գավառին, հյուսիս-արևելքում՝ Արեցո, հարավ-արևելքում՝ Պերուջա և Տերնի, հարավում՝ Վիտերբո, հարավ-արևմուտքում՝ Գրոսետո և արևմուտքում՝ Պիզա գավառների հետ։
1147-1559 թվականներին ժամանակակից Սիենա և Գրոսետո գավառների տարածքում գոյություն ուներ Սիենայի հանրապետությունը։ Այն քաղաք-պետություն էր, որ Միջին Իտալիայում մի քանի դարերի ընթացքում եղել է Ֆլորենցիայի հակառակորդն ու թշնամին։ Սիենան տնտեսական ծաղկում ապրեց XII—XIII դարերում, երբ հանրապետությունը դարձավ Իտալիայի և Եվրոպայի ֆինանսական ու առևտրական խոշորագույն կենտրոններից մեկը, իտալական Վերածննդի մշակութային կենտրոններից մեկը։ 1557 թվականին Սիենայի հանրապետությունն անցավ Ֆլորենցիայի հերցոգ Մեդիչիի տիրապետության տակ։ 1569 թվականին դարձավ Տոսկանայի մեծ հերցոգության մաս։ 1860 թվականին Տոսկանային հերցոգության հետ միասին մտավ Սարդինիայի թագավորության կազմի մեջ, որը 1861 թվականին դարձավ Իտալական թագավորության մաս։
1945 թվականին Սիենայի գավառը ղեկավարում էր Իտալիայի կոմունիստական կուսակցությունը։ 1991 թվականից գավառը ղեկավարում է ձախ ուժերի կոալիցիան։