Տրապանի (գավառ) (իտալ.՝ Provincia di Trapani, սից.՝Pruvincia di Tràpani), գավառՀարավային Իտալիայում, Սիցիլիա ինքնավար կղզում։ Մայրաքաղաքը Տրապանին է։ Ունի 2,469.62 քառակուսի կիլոմետր տարածք և 433,826 բնակչություն (2017)[1]։ Գավառում կա 24 կոմունա (իտալ.՝ comuni):
Տրապանի մայրաքաղաքից բացի, այստեղ կան այլ քաղաքներ և տեսարժան վայրեր, ներառյալ՝ Սեգեստա, Ջիբելինա, Էրիչե, Կաստելվետրանո, Ալկամո, Մարսալա, Մաձարա դել Վալո, Կաստելամարե դել Գոլֆո և Մոտիա քաղաքները։ Հարևան կղզին՝ Պանտելերիան, որը հայտնի է իր գինու արտադրությամբ[2], և Էգադյան կղզին վարչականորեն ներառված են Տրապանի գավառի կազմում։
Տրապանի գավառը խաղողագործության խոշոր կենտրոն է[3]։
Գավառի ներկայիս տարածքը հաջողությամբ նվաճվել է կարթագենացիների, հին հույների և վերջում՝ Հռոմեական կայսրության կողմից։ Տրապանիի նավահանգիստը, որը նախկինում հայտնի էր որպես Դրիփանա, այնուհետև՝ Դրիփանոն, և բնակեցված էր Սիկանիների ու Էլիմիների կողմից, 8-րդ դարում դարձավ փյունիկյան զարգացող առևտրի կենտրոն։ Մ․թ․ա 260 թվականին այն գրավվել է կարթագենացիների, իսկ մ․թ․ա 240 թվականին՝ հռոմեացիների կողմից, և մինչև 440 թվականը դարձել է «civitas romana», երբ թալանվել է վանդալների, ապա՝ բյուզանդացիների և, ի վերջո, 830 թվականին՝ մուսուլմանների կողմից։
16-րդ դարում Տրապանին արտոնություններ ստացավ Իսպանիայի կայսր Կառլոս V-ի կողմից, ով նաև ամրապնդեց քաղաքի պարիսպները։
1817 թվականին Տրապանին դարձավ գավառի մայրաքաղաքը[4]։
Տրապանի գավառը հյուսիսում սահմանակից է Տիրենյան ծովին, հարավում՝ Միջերկրական ծովին, իսկ արևմուտքում՝ Սիցիլիայի նեղուցին։ Արևելքում սահմանակից է միայն Պալերմոյին և Ագրիջենտոյին։ Տարածքն ունի փոքրաթիվ հարթավայրեր, թեև, բացառությամբ Սպարաջիոյի (իտալ.՝ Sparagio) (1,110 մետր)[5] և Ինիչիի (իտալ.՝ Inici) (1065 մետր)[6], տարածքի մեծ մասը գտնվում է 1000 մետրից ցածր բարձրության վրա։ Հյուսիսի համեմատությամբ հյուսիս-արևմտյան հատվածն ավելի ամուր է։ Գավառը ներառում է նաև Էգադյան կղզիների կղզեխումբը, որը պատկանում է Ֆավինյանային, Պանտելերիա կղզին, որն ամենամեծն է Սիցիլիայում, համանուն կոմունան և Ստանոնյան կղզիները, որոնք պատկանում են Մարսալային։ Էգադյան կղզիները բաղկացած են երեք գլխավոր կղզուց և երկու կղզյակից[7]։
Տրապանի գավառն ունի մի շարք գետեր, սակայն դրանց մեծ մասը տեսանելի չափեր կամ նշանակություն չունի, բացառությամբ Բելիչե գետի, որ հոսում է գավառի սահմանին[8], և Բիրգի գետի, որն ունի շուրջ 40 կմ երկարություն։
Բնական լճերից են Գորգի Տոնդին և Պրեոլան՝ Մաձարա դել Վալո կոմունայում և Լագո դի Վեները Պանտելերիայում։ Կան նաև 3 արհեստական լճեր՝ Լագո Ռուբինոն, որը Բիրգիի ջրահավաք ավազանի մասն է կազմում, Լագո Տրինիտան Կաստելվետրանոյում և Պաչեկո հանգստավայրում գտնվող համանուն լիճը։ Կա նաև ափամերձ ավազան՝ Ստանուն ավազանը, որն ունի 2000 հեկտար տարածք[9]։ Այն գտնվում է Մարսալայի մոտ՝ մի վայրում, որը ժամանակին փյունիկեցիների համար հանդիսանում էր կարևոր ռազմածովային բազա և առևտրական կենտրոն։ Ջուրը մակերեսային է և շատ աղի, բացի այդ նաև ճահճային։ Լագունը բաղկացած է չորս կղզուց՝ Իսոլա Լոնգա, Սանտա Մարիա, Սան Պանտալեո և Շոլա[9]։