Կալաբրիա
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Շրջան | ||||
Մտնում է | Իտալիա | ||||
Ներառում է | 5 պրովինցիա | ||||
Վարչկենտրոն | Կատանձարո | ||||
Խոշորագույն քաղաք | Ռեջո դի Կալաբրիա | ||||
Օրենսդրական մարմին | Regional Council of Calabria? | ||||
ՀՆԱ (2008) ՀՆԱ մեկ շնչի հաշվով | € 33.6 միլիարդ € 16.400 միլիարդ | ||||
Հիմնական լեզու | Իտալերեն | ||||
Բնակչություն (2010) | 2.009.227 | ||||
Խտություն | 130 | ||||
Տարածք | 15.082 | ||||
![]() | |||||
![]() | |||||
Սահմանակցում է | Բազիլիկատա | ||||
Ժամային գոտի | +1 | ||||
ISO 3166-2 կոդ | IT-78 | ||||
regione.calabria.it |
Կալաբրիա (իտալ.՝ Calabria, նեապ.՝ Calavria, լատ.՝ Brut(t)ium, Calabria), Իտալիայի մարզ։ Ներառում է 5 գավառ, որոնցից երեքը պատմական՝ Ռեջո-Կալաբրիա, Կոզենցա և Կատանձարո, իսկ երկուսը համեմատաբար նոր՝ Կրոտոնե և Վիբո Վալենտիա։ Կալաբրիայի կենտրոնը Կատանձարո քաղաքն է։ Մարզի բնակչությունն է 2.009.227։
Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալաբրիան գտնվում է Ապենինյան թերակղզու ամենահարավային մասում, ինչպես հաճախ պատկերավոր ասում են «իտալական երկարաճիտք կոշիկի թաթին»: Արևմուտքից այն ողողում են Տիրենեյան, արևելքից ՝ Հոնիական ծովի, հյուսիս-արևելքից՝ Տարանտո ծոցի ջրերը, իսկ հարավ-արևմուտքում Սիցիլիայից բաժանված է Մեսիանայի նեղուցով, որի նվազագույն լայնությունը (Սիցիլիայի Պելորո և Կալաբրիայի Պեցցո խութերի միջև) 3,2 կմ է, որն առաջացել է Ասպրոմոնտե զանգվածի ու Պելորի շղթայի միջև տեկտոնական կապի առկայության հետևանքով: Ռեջիո դի Կալաբրիա հին քաղաքի դեմ դիմաց նեղուցից այն կողմ գտնվում է Մեսսինա սիցիլիական քաղաքը: Հյուսիսում Կալաբրիային սահմանակից է Բազիլիկատ մարզը: Ըստ ձևի մարզը նեղ և երկար է: Թերակղզին ձգվում է հյուսիսից հարավ 248 կմ, իսկ առավելագույն լայնությունը 110 կմ է: Ափագծի երկարությունը 780 կմ է:
Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալաբրիայի ծովածոցերը
- Կորիլյանո ծոց (Տարանտո ծոցի մաս)
- Ջո Տաուրոյի ծոց (Տիրենեյան ծով)
- Պոլիկաստրի ծոց (Տիրենեյան ծով), ողողում է նաև Կամպանիա և Բազիլիկատ երկրամասերի ափերը
- Սանտ Էուֆեմիայի ծոց (Տիրենեյան ծով)
- Սկուիլաչեի ծոց (Հոնիական ծով)
Կալաբրիան ունի առավելապես բլրոտ ռելիեֆ (լեռները զբաղեցնում են տարածքի 49,2 % ): Կալաբրիայի տարածքի զգալի մասը (41,8 %) զբաղեցնում են լեռները: Կալաբրիայի լեռները հանդիսանում են Ապենինների խութեր, և այստեղ դրանց անվանում են Կալաբրիական Ապենիններ: Դրանք կազմված են առանձին մասերից՝
- հյուսիսում՝ Պոլինո զանգվածի հարավային խութերը, որոնք տեղաբաշխված են Բազիլիկատի հետ սահմանին, առավելագույն բարձրությունը՝ 2267 մ
- հյուսիս-արևելքում, Տիրենեյան ծովի ափին՝ Մերձափյա լեռնային զանգվածը (Կոստերի Կորդիլեռներ)
- երկրամասի կենտրոնից հյուսիս՝ Սիլա լեռնային սարահարթը, դեպի հարավ՝ ընդհուպ մինչև Մարչելինարի նեղուց ձգվող փշատերև ու լայնատերև անտառներով
- կենտրոնում՝ Կալաբրիական լանջազանգվածն է, որը հարավում միանում է Ասպրոմոնտե սարահարթին: Ամենաբարձր կետը Պեկարարոն է՝ 1420 մ
- Սանտ Էուֆեմիա և Ջոյ Տաուրո հարթավայրերի միջև է գտնվում Պորո սարը (710 մ)

Գետեր և լճեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գետերը Կալաբրիայում կարճ են, կախված այն հանգամանքից, որ թերակղզին երկար ու նեղ է և կտրտված է լեռնային զանգվածներով: Առավել երկար գետերն են Կրատին և Նետոն, որոնք լցվում են Հոնիական ծովը: Առավել կարճ գետերն են Տրիոնտոն, Տասինան, Կորաչեն, Ամատո-իլ-Մուկոնեն, որոնք սկիզբ են առնում Սիլա լեռնազանգվածից, ու Սավուտո և Լավո գետերը, որոնք սկիզբ են առնում Պոլինո սարահարթից: Կալաբրիայում շատ արհեստական լճեր կան, որոնց մեծ մասը գտնվում է Սիլա բարձրավանդակում: Դրանք են՝ Ամպոլինո, Արվո, Չեչիտա և Անջիտոլա:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալաբրիայի ամենահին բնակիչները այստեղ հաստատված օսկերի և սամիթների ցեղերն էին: Հենց այս ցեղերն էլ հանդիսանում են հարևան մարզի՝ Բազիլիկատի (հնում՝ Լուկանիա) բնակիչների նախահայրերը, որտեղ նրանց անվանում էին լուկաններ: Բազիլիկատի բնակիչները մինչ օրս այսպես էլ իրենց անվանում են:
Ք.ա. 8-րդ դարից Կալաբրիան գաղութացվեց հույների կողմից: Այնպիսի քաղաքներ, ինչպիսիք էին Սիբարիսը, Կրոտոնեն և Էպիզեֆիրի Լոկրին, դարձան Մեծ Հունաստանի ամենախոշոր քաղաքները: Հենց հույներն էլ երկրամասին տվեցին անվանումը « կալոն-բրիոն », որով հույները նշեցին պտղատու հողերի գոյությունը: Ք.ա. 3-րդ դարում հռոմեացիների կողմից Կալաբրիայի գրավումը բերեց անկման: Վաղ Միջնադարում Կալաբրիայում, հատկապես ճահճային շրջաններում, շատ տարածված էր մալարիան: Ափամերձ շրջանները հաճախ ենթարկվում էին ծովահենների ավազակային հարձակումների: Բյուզանդա-գոթական պատերազմի ժամանակ Կալաբրիան ամբողջովին դատարկվեց: Կալաբրիան, ինչպես և ողջ Իտալիան, գտնվում էր Բյուզանդական կայսրության իշխանության տիրապետության տակ: 1061 թվականին Կալաբրիան գրավվեց կաթոլիկ դարձած նորմանների, ինչպես այն ժամանակ ասում էին՝ վիկինգների կողմից: Վիկինգների առաջնորդներն էին Ռոբեր Գյուսկարը (Ռոբերտո Գյուիսկարդո) և Սիցիլիայի կոմս Ռոժե I-ը ( Ռուջերո Բոսսո): Նրանց ժամանակ ձևավորվեց Սիցիլիայի թագավորությունը, որի կազմի մեջ էլ մտավ և Կալաբրիան: Կալաբրիայի հետագա պատմությունը կապված է այս թագավորության պատմության հետ: Սկզբում այստեղ գահակալում էր Հոհենշտաուֆենների (Շտաուֆենների) արքայատոհմը: Հետո իշխանությունն անցավ ֆրանսիական ծագման Անժույան արքայատոհմին (Անժույ Սիցիլիական տուն ), որի հետ պայքարում էր արագոնյան արքայական տոհմը (Արագոնյան գահ): Պայքարի արդյունքում տարածքը բաժանվեց երկու թագավորությունների, որոնցից մեկի՝ Նեապոլիտանական թագավորության մեջ էլ մտավ Կալաբրիան: 15-19-րդ դարերում Կալաբրիայի ափերի վրա հաճախ հարձակվում էին թուրքերը և բերբերները: Իտալիայի (Ռիսորջիմենտո) միավորման համար մղվող հեղափոխական պայքարի ժամանակ այստեղ՝ Ասպրոմենտեի լեռներում կռվել և վիրավորվել է Ջուզեպպե Գարիբալդին: Մարզի պատմության վերջին ժամանակաշրջանը սերտորեն կապված է միացյալ Իտալական թագավորության ստեղծման և հանրապետության ձևավորման հետ: Մինչև 20-րդ դարը Կալաբրիան կազմում էր երկրի գյուղատնտեսության կարևոր մասը:
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալաբրիայի երկրամասը ընդգրկում է հետևյալ մարզերը.
Մարզ | Մարզ, բնակչություն (2013) |
Մակերես, կմ² |
Խտություն, մարդ/կմ² |
Համայնքների թիվը |
---|---|---|---|---|
Կատանձարո | 359 716 | 2391 | 150 | 80 |
Կոզենցա | 714 281 | 6650 | 107 | 155 |
Կրոտոնե | 171 666 | 1717 | 100 | 27 |
Ռեջո-Կալաբրիա | 550 323 | 3183 | 173 | 97 |
Բիբո-Վալենտիա | 162 252 | 1139 | 142 | 50 |
Պետական-վարչական կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործադիր իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղական կառավարումը (Giunta Regionale) կազմված է մարզի ղեկավարից (Presidente della Regione), որն ընտրվում է 5 տարով, նրա տեղակալից և նախարարներից (որոնց թիվը այժմ 11 է) [1]:
Օրենսդիր իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզային խորհուրդը (խորհրդարան), իտալ.՝ Consiglio Regionale della Calabria), կազմված է 50 անդամից, որոնք ընտրվում են 5 տարով[2]: Իշխանության տեղական մարմիններին բնորոշ է կոռուպցիայի բարձր մակարդակը: Մաֆիայի դեմ պայքարի ջատագովներից մեկի՝ գրող Ռոբերտո Սավիանոյի խոսքերով Կալաբրիայի մարզային խորհրդի 50 անդամներից 35-ը ունեն դատվածություն, հետաքննվում կամ մեղադրվում են իրավախախտումների մեջ[3]:
Լեզվաազգագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իտալական լեզվի կալաբրիական բարբառը մոտ է այլ հարավային բարբառներին: Երկրամասի հյուսիսում ավելի շատ օգտագործվում է նեապոլիտանական բարբառը, իսկ հարավում՝ սիցիլիականը: Ներգաղթյալների ազդեցության տակ ձևավորվել են նաև այլ բարբառներ: Հայտնի է, թե ինչպիսի մեծ փոփոխության է ենթարկվել կալաբրիական բարբառը հունական ազդեցության տակ. բնակչության մի մասը խոսում է այսպես կոչված « հունա-կալաբրիական » բարբառով (կամ՝ գրեկանիկո), որն առաջին հերթին տարածված էր ողջ հարավային Իտալիայում մինչև 11-րդ դարը, իսկ Կալաբրիայում՝ մինչև 16-րդ դարը: Այժմ այն պահպանված է միայն Բովեզիայի խիստ սահմանափակ քանակով մարդկանց շրջանում:
- Իտալա-ալբանական բարբառ. Կալաբրիայի որոշ հյուսիսային շրջաններում հնագույն ժամանակներում տարածված էր ալբանական ցեղախմբերից մեկի տոսկյան բարբառը: Այս բարբառով 15-16-րդ դարերում խոսում էին մինչև 300 հազար մարդ, իսկ 2001 թվին՝ 70 հազար:
- Օքսիտանո-ռոմանյան լեզուներ-Կալաբրիական բարբառ. հանդիպում է Գուարդիա-Պիեմոնտեզե փոքր ծովափնյա բնակավայրում: Այն բնակեցված է վալդենսների սերունդներով, որոնք միջին դարերում աքսորվել էին Պրովանսից, Պիեմոնտից և Լիգուրիայից:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրամասում աճեցնում են հացահատիկ, ձիթապտուղ, ցիտրուսներ, թուզ, կարտոֆիլ, խաղող, որն էլ հանդիսանում է տնտեսության հիմքը: Ի հավելումն այս ամենի, կարևոր տեղ են զբաղեցնում փայտամշակումն ու ձկնորսությունը: Երկրամասում կան հանքային աղերի նստվածքներ և սեփական ջրային էներգետիկ պաշարներ: Այստեղ գործում են մի շարք հիդրոէլեկտրակայաններ: 20-րդ դարում բարեփոխումների շարքը խթանեց տարածաշրջանի զարգացումը: Զարգանում է քիմիական արդյունաբերությունը, չնայած որ տնտեսությանը բնորոշ է ագրարային ուղղվածությունը: Կալաբրիայի тՀամախառն ներքին արդյունքը կազմում է երկրի ամբողջ արդյունքի 2,2 %-ը, կամ 33 507 միլիոն եվրո: Բնակչության մեկ շնչին ընկնող համախառն եկամուտը 16 244 եվրո է:
Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալաբրիայի զբոսաշրջության հիմքը ձկներով հարուստ ծովն է: Մերձափնյա տարածքներում իրար են հաջորդում լողափերը և ժայռոտ ափերը: Բանաստեղծ Գաբրիելե դը Աննունցիոն Ռեջո-դի-Կալաբրիայի լողափը անվանել է «Իտալիայի ամենագեղեցիկ կիլոմետրը»: Թույլ զարգացած արդյունաբերությունը և խոշոր քաղաքների բացակայությունը ապահովում էին ծովի մաքրությունը, որի շնորհիվ Կալաբրիան այժմ էլ համարվում է բնական դրախտ: Իրավիճակը, սակայն, փոխվում է, և ծովի ջրերի աղտոտման դեպքերը ավելի հաճախ են դառնում, չնայած՝ ոչ ամենուրեք: Լեռնային զբոսաշրջությունը տարածված է Ասպրոմենտե և Սիլա լեռներում, Արվո և Ամպոլինո լճերի շրջանում: Իտալիայի և Սիցիլիայի միջև ընկած նեղուցի ափին է գտնվում Ռեջո-դի-Կալաբրիա քաղաքը՝ Կալաբրիայի ամենամեծ ու ամենահին քաղաքը (մոտ 3000 տարեկան): Այստեղ է գտնվում բուսաբանական այգին, Մեծ Հունաստանի ազգային թանգարանը և Արագոնի ամրոցը: Բացի դրանից, ինչպես Տիրենեյան, այնպես և Հոնիական ծովերի ափամերձ շրջաններում կան մի շարք ավելի փոքր ու գեղատեսիլ քաղաքներ՝ իրենց տեսարժան վայրերով: Տրոպեայում է գտնվում Սանտա-Մարիա դել Իզոլայի մենաստանը: Սիդեռնոն հայտնի է հարմարավետ հյուրանոցներով: Ջերաչեում ուշադրություն են գրավում նորմանյան ամրոցը և հին տաճարը: Սկուիլաչեն ծովափնյա առողջարան է և հնագիտական պեղումների վայր: Ստիլոյում է գտնվում հայտնի փիլիսոփա-ուտոպիստ Թոմազո Կամպանելլայի տունը, նորմանյան ամրոցը և բյուզանդական տաճարը: Կալաբրիայի հիմնական առողջարաններն են Տրոպեան, Սովերատոն, Սկալեան:
Տեղական խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ GIUNTA REGIONALE DELLA CALABRIA (իտալ.)
- ↑ Il sistema elettorale in Calabria(իտալ.)
- ↑ Per un voto onesto servirebbe l’Onu (իտալ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Провинция Реджии Калабрии
- Область Калабрия Официальный сайт области Калабрия.
- Область Калабрия Сайт о Калабрии на русском языке.
|
|