Աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էրատոսթենեսը
Աշխարհի քարտեզն ըստ Էրատոսթենեսի

Աշխարհագրությունը (հունարեն՝ Γεωγραφία (գեոգրաֆիա), որն առաջացել է Գեո (γη) կամ Գեյա (γαια)՝ երկուսն էլ «երկիր» իմաստը ունեցող, և գրաֆեին (γραφειν), որը նշանակում է «նկարագրել», «գրել» կամ «պատկերագրել», բառերի կապակցմամբ), երկրի մասին գիտությունների համակարգ, որն ուսումնասիրում է բնական և արտադրական տարածքային համալիրների ձևավորման և զարգացման օրինաչափությունները։ «Գեոգրաֆիա» բառը առաջին անգամ օգտագործվել է Էրատոսթենեսի (275-195 մ.թ.ա.) կողմից[1]։


ՈՒսումնասիրության օբյեկտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրության ուսումնասիրության օբյեկտը աշխարհագրական միջավայրի բաղադրիչների, դրանց համադրությունների տեղաբաշխման ու փոխգործակցության օրենքներն ու օրինաչափություններն են։ Աշխարհագրության բարդ ճյուղային կառուցվածքը պայմանավորված է ուսումնասիրման օբյեկտների բազմազանությամբ և դրանց համակողմանի ուսումնասիրման անհրաժեշտությամբ[2]։ Աշխարհագրական գիտությունների համակարգում առանձնացնում են բազմաթիվ ճյուղեր և ենթաճյուղեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուսումնասիրման օբյեկտը և առարկան։ Աշխարհագրության ճյուղային կառուցվածքը պայմանավորված է Երկրի աշխարհագրական թաղանթի բարդ կառուցվածքի, նրանում ընթացող երևույթների և գործընթացների ուսումնասիրմամբ։ Աշխարհագրության երկու հիմնական ճյուղերն են. բնական (ֆիզիկաաշխարհագրական) և հասարակական (սոցիալ-տնտեսական) աշխարհագրական գիտությունները։ Այս երկու ճյուղերը միավորվում են քարտեզագրությամբ և ընդհանուր աշխարհագրությամբ։ Վերջինս ուսումնասիրում է այն օրենքներն ու օրինաչափությունները, որոնք ընդհանուր են թե՛ բնական և թե՛ հասարակական երևույթների տարածքային փոփոությունների համար[3]։


Աշխարհագրության պատմության համառոտ ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտղոմեոսի կազմած քարտեզը

Աշխարհագրությունը հնագույն գիտություններից մեկն է։ Այն որպես ինքնուրույն գիտություն, ունի ավելի քան 2000 տարվա պատմություն։ Սկզբնական շրջանում կուտակված գիտելիքները չհամակարգված էին, որի պատճառով գիտությունը դանդաղ էր զարգանում։ Առաջինը նման գիտական համակարգմամբ սկսեց զբաղվել Թալես Միլեթացու կամ Հոնիական դպրոցը. նրանք աշխարհագրությունն առանձնացրեցին որպես Երկրի մասին գիտություն։ Ըստ Արիստոտելի, հենց Միլեթացուն պետք է համարել աշխարհագրության հայր, քանի որ նա է համակարգել և գիտական տեսքի բերել եգիպտական, փյունիկյան և բաբելոնական աշխարհագրական հետազոտությունները[4]։

Պտզոմեոսի քարտեզի հիման վրա կազմված քարտեզ, 15-րդ դար

Աշխարհագրական գիտության զարգացման մեջ մեծ ներդրում է ունեցել մ.թ.ա. I դարի նշանավոր աշխարհագրագետ Կլավդիոս Պտղոմեոսը։ Պտղոմեոսը կարևորել է աշխարհագրական քարտեզագրությունը, մշակել և գործածության մեջ է դրել իր կողմից մշակված հին աշխարհի քարտեզը։

Աշխարհի քարտեզը,ըստ Մերկատորի

Վերածննդի դարաշրջանում աշխարհագրությունը վերելք է ապրել՝ պայմանավորված քարտեզագրության զարգացման հետ։ Ֆլամանդացի քարտեզագիր Գերհարդ Մերկատորի կազմած աշարհի քարտեզը օգտագործվում է մինչ օրս։ Աշխարհագրությունն բուռն զարգացում ապրեց հատկապես XV-XVII դարերում՝ Աշխարհագրական մեծ հայտնագործություններ շրջանում։

XIX դարի 1-ին կեսին ժամանակակից ակադեմիական աշխարհագրության հիմունքները դրել են Ալեքսանդր Հումբոլդտը եւ Կարլ Ռիտտերը։ XII դարում աշխարհագրությունը բաժանվեց երկու հիմնական ուղղությունների՝ բնական և հասարակական ճյուղերի։

Երևանի հիմնադրման մասին սեպագիր արձանագրությունը

Հայաստանում աշխարհագրությունը զարգացել է անհիշելի ժամանակներից։ Այդ են վկայում բաբելոնյան, ասորական և ուրարտական սեպագիր արձանագրությունները։

Աշխարհագրության մասին կարևոր նյութ է պարունակում Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը», որտեղ տրված են տեղեկություններ այն ժամանակ հայտնի աշխարհի, հատկապես Հայաստանի և հարևան երկրների աշխարհագրական տեղադիրքի, բնության և բնակավայրերի մասին։ Հինգերորդ դարում նույն Մովսես Խորենացին Հայաստանում ստեղծվեց վաղ միջնադարի աշխարհագրության եզակի գործերից մեկը՝ «Աշխարհացոյցը»։արունակելով Խորենացու գործը՝ աշխարհագրական առաջադեմ գաղափարներ շարադրեց Անանիա Շիրակացին, որն իր աշխատություններում տվել է Երկրի գնդաձևության գաղափարը, մակընթացություններն ու տեղատվություններն համարել Լուսնի ձգողության ուժի հետևանք[5]։

XVII-XVIII դարերում կատարելագործվեցին հետազոտության մեթոդները, ստեղծվեցին նոր գործիքներ։ XVIII-XIX դարերում Վենետիկի՝ Սուրբ Ղազար կղզի, Մխիթարյան միաբանությունում ստեղծվեցին մենագրություններ՝ Աշխարհագրության և պատմական Հայաստանի աշխարհագրության վերաբերյալ, կազմվեց հայատառ գլոբուս և այլն։ XIX-XX դարերում աշխարհագրական միտքը զարգացավ նաև Հարավային Կովկասում։

1843-1844 թվականներին Խաչատուր Աբովյանի նախաձեռնությամբ Երևանում ստեղծվեց առաջին օդերևույթական դպրոց կայանը, որի տվյալների հիման վրա 1846 թվականին գրեց « Երևանի օդի ջերմաստիճանը» հոդվածը։ Նա մի շարք հոդվածներում տեղեկություններ տվեց Հայաստանի գավառների աշխարհագրության մասին։ Հայաստանի աշխարհագրական հետազոտություններում եծ ներդրում են ունեցել նաև օտարազգի աշխարհագետները։ Նրանցից է Ա. Ղուկասովը, ում «Հայկական լեռնաշխարհի կառուցվածքի հիմնական գծերը» (ռուսական, 1901) աշխատությունը կարևոր տեղեկություններ էր պարունակում լեռնաշխարհի կառուցվածքային առանձնահատկությունների մասին։

Հին արևելքի աշխարհագրությունը

Մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակում, Հին Եգիպտոսում նախապատրաստվում էին հետազոտություններ դեպի Կենտրոնական Աֆրիկա, Միջերկրական և Կարմիր ծովերի միջով։ Ժողովուրդների վերաբնակեցումը, պատերազմները և առևտուրը, ընդլայնեցին մարդկանց գիտելիքները շրջակա տարածքների մասին, մարդկանց մեջ զարգացավ արևային, լուսնային և աստղային կողմնորոշումը։ Երկրագործությունը և անասնապահության կախվածությունը լճերից և այլ բնական երևույթնորից, որոշեց օրացույցի հայտնվելը։

Մ․թ․ա III-II դարերում Հարապպյան ցեղախմբերի ներկայացուցիչները (ներկայումս Պակիստանի տարացքում) հայտնաբերել են մուսոններ։ Աշխարհագրության մասնիկներ պարունակում են նաև Հին Հնդկաստանի սուրբ գրքերը։ Հին Հնդկաստանի խոշոր տեքստային ժառանգություններում (Վեդաներում) մի ամբողջ գլուխ է գրվել տիեզերաբանության մասին։ Մահաբհարաթում կարելի է գտնել օվկիանոսների, լճերի և լեռների ցուցակներ։ Արդեն մ․թ․ա IX-VII դարերում, Չինաստանում բերդեր կառուցելուց առաջ կազմում էին համապատասխան տարացքների քարտեզ։ Մ․թ․ա III դ․ հայտնվեցին շարադրություններ, որոնք ամբողջովին նվիրված էին աշխարհագրությանը, կողմնացույց և գործիք հեռավորությունը պարզելու համար, Չբըաստանի «Տարածաշրջանային Ատլասը»։

Հին միջերկրածովյան աշխարհագրություն

Նախասոկրատական փիլիսոփայականությունը արդեն ծնել էր շատ նախադրյալներ աշխարհագրության առաջացման համար։ Երկրի հնագույն նկարագրությանը հույների մոտ արդեն կրում էր «ժամանակաշրջաններ» (περίοδοι) անվանումը, այսինքն «Շրջանցումներ»․ այս անվանումը հավասարաչափ օգտագործվում էր և՜ քարտեզների, և՜ նկարագրությունների հետ։ Օգտագործում էին այս անվանումը շատ ավելի հաճախ քան «աշխարհագրություն» անվանումը, այսպես Արինոսը այդ անվամբ է դիմում նաև Էրատոսթենես Կիրենացու ընդհանուր աշխարհագրությանը։ Միարժամանակ օգտագործվում էր «պերիպլ» (περίπλος) անվանումը, այսինքն ծովերի շրջանցում, ծովափերի նկարագրում, և «պերիեգեզ» (περιήγησις) այսինքն ցամաքային շրջանցում կամ ուղեցույց։

Ստրաբոնը հակադրում էր «Պերիպլերը» (ինչպես միակողմանի նավահանգիստների նկարագրում և թվարկում, որոնք կազմում էին ծովագնացները, որոնք հիմնականում զբաղվում էին միայն ափամերձ տարածքների ուսումնասիրությամբ) «Պերիեգեզներով», որոնք իրենց մեջ պարունակում են` երկրների մանրամասն բնութագիրը, և այդպիսի աշխարհագրական աշխատանքները ինչպես Էրատոսֆենները, որոնք ունեին նպատակ` աստղագիտական և մաթեմատիկական ձևով` երկրագնդի մեծության, տեսակի և «երկրի ուղեծիրի» մակերեսի տեղակայման սահմանումները։

«Պերիեգեզներ» անվանումը Ստրաբոնը տալիս է նաև իր սեփական շարադրության մասերին, մանրամասն նկարագրող այդ ժամանակի հայտնի երկրները, հաճախ խառնելով «պերիեգեզ» և «պերիպլ» սահմանումները, այդ ժամանակ երբ մնացած հեղինակները իհարկե տարբերում էին այդ երկու սահմանումները, մինչդեռ հետագայում որոշ հեղինակներ «պերիեգեզ» անվանումը օգտագործում էին ամբողջ բնակեցված աշխարհի հստակ ներկայացում իմաստով։

Կան ցուցումներ, որ «պերիոդները» կամ «պերիպլերը» Հունական առաջին ձեռագրերից էին, առաջին փորձերն էին Փյունիկէցիներից գրի փոխառման։

Աշխարհագրական աշխատանքներ ստեղծողներին անվանում էին «Լոգոգրաֆնեև», նրանք հունական առաջին գրողներն էին, և հանդիսանում էին հույն պատմաբանների նախորդողները։

Հերոդոտը օգտագործում էր այդ աշխատանքները` իր պատմտմության կազմման մեջ։ Շատ քիչ աշխատանքներ են հասել մինջ մեր օրեր։ Նրանցից ոմանք, ինչպես «Կարմիր ծովի Պերիպլները» կակ « Պոնտոս Էվկսինսկացու Պերիպլերը» կազմում են կարևոր աղբյուրներ հին աշխարհագրության մասին։ Պերիխլերի ոճով օգտվումէին վաղ շրջաններում` «բնակելի հողի» նկարագրման համար։


Աշխարհագրության ուսումնասիրման առարկան, նպատակը և խնդիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրման առարկան[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲՆական աշխարհամակարգ

Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական համակարգում, քանի որ նրա հետազոտության օբյեկտները շատ բազմազան են. աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանցում ընթացող երևույթներն ու գործընթացները, մայրցամաքները, օվկիանոսները, տարածաշրջանները, երկրները, հասարակական երևույթներն ու գործընթացները։ Հայտնի է, որ աշխարհագրական թաղանթի առանձին ոլորտների ուսումնասիրություններով զբաղվում են նաև այլ գիտություններ՝ կենսաբանություն(կենսոլորտ), երկրաբանություն(քարոլորտ), տնտեսագիտություն(մարդոլորտ), ֆիզիկա(մթնոլորտ,քարոլորտ) և այլն։ Սակայն միայն աշխարհագրության ուսումնասիրություններն են, որ ընդգրկում են աշխարհագրական թաղանթի բոլոր ոլորտները։ Աշխարհագրության ուսումնասիրության առարկաներն են Երկրի մակերևույթի բնական ու հասարակական բաղադրիչները և դրանց փոխազդեցության հետևանքով առաջացած տարածական համակարգերը` աշխարհահամակարգերը (գեոհամակարգեր)։ Աշխարհահամակարգերն ընդգրկում են տարբեր մեծության տարածքներ՝ առանձին բնակավայրերից մինչև ամբողջ պետություններ, լանդշաֆտի փոքր տեղամասից մինչև Երկրի աշխարհագրական թաղանթ։ Դրանք կարող են լինել բնական, հասարակական և բնահասարակական։ Անկախ տեսակից, բոլոր աշխարհամակարգերը գտնվում են փոխազդեցության մեջ, օրինակ՝ բնությունը և տնտեսությունը, կլիման և անտառը, օվկիանոսը և մայրցամաքը, օվկիանոսը և տնտեսությունը, և այլն։

Ուսումնասիրման նպատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրության զարգացման էքստենսիվ փուլ,հայտնագործությունների շրջան

Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու վերլուծել բնական և հասարակական երևույթների տարածական օրինաչափություններն ու տարբերությունները, տարբեր աշխարհահամակարգերի և դրանց առանձին բաղադրիչների միջև եղած փոխադարձ կապերը։ Աշխարհագրության ժամանակակից ընկալումը և նպատակը տարբերվում է նախկին աշխարհագրական ընկալումից նրանով, քանի որ նախկինում շեշտը դրվում էր նկարագրական բաղադրիչի վրա։ Հայտնի էր, որ նախկինում աշխարհագետները հիմնականում զբաղվում էին տարածքներ հայտնաբերելով, դրանց բնությունը, բնակչությունը և տնտեսությունը նկարագրելով։ Այլ կերպ ասած, աշխարհագրական գիտության ուսումնասիրության առարկան ընդարձակվում էր տարածական ընդարձակման շնորհիվ։ Այսինքն՝ գիտությունը զարգանում էր էքստենսիվ ուղիով։ Ներկայում էլ աշխարհագետները հայտնաբերում են նոր տարածքներ Անտարկտիդայում, Օվկիանիայում և քիչ հետազոտված վայրերում։ Սակայն նոր տարածք հայտնաբերելը այլևս աշխարհագրության հիմնական նպատակն ու խնդիրը չէ։ Այժմ առանջնությունը տրվում է խորքային ուսումնասիրություններին. վերլուծություն, բացահայտում, կանխատեսում և այլն։ Դրա շնորհիվ նկարագրական գիտությունից աշխարհագրությունը վերածվեց վերափոխիչ-կառուցողական գիտության և սկսեց զարգանալ ինտենսիվ ուղիով։

Աշխարհագրության խնդիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական լանդշաֆտ

Աշխարհագրության խնդիրն է տարածության և ժամանակի մեջ ուսումնասիրել՝

  • բնությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված բնական աշխարհահամակարգերը (բնական զոնա, բնական լանդշաֆտ, օվկիանոս, մթնոլորտ, անտառ և այլն)
  • հասարակությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված հասարակական աշխարհահամակարգերը (տնտեսական շրջան, տարաբնակեցման համակարգ, պետություններ, քաղաքներ և այլն)
  • բնության, հասարակության և դրանց առանձին բաղադրիչների փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված բնահասարակական աշխարհահամակարգերը (մարդածին լանդշաֆտ, ջրամբար, ջրանցք, հատուկ պահպանվող տարածքներ և այլն)։

Այսիպիսով, բնական միջավայրի խելամիտ օգտագործման և վերափոխման ուղիների բացահայտումն էլ դարձել է աշխարհագրության գլխավոր խնդիրը։ Աշխարհագրական բոլոր գիտությունների միասնական նպատակից ելնելով, կարելի է աշխարհագրությունը բնութագրել որպես աշխարհայացքային և մարդակենտրոն գիտություն, որն ունի իր հանրակրթական, դաստիարակչական և ճանաչողական նշանակությունը։


Աշխարհի աշխարհագրական պատկերը և աշխարհագրական մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի կրոնաշխարհագրության պատկերը
Աշխարհագրության լեզվի բաղադրիչ են պայմանական նշանները

Աշխարհագրական բոլոր գիտությունների համար ընդհանուր են նպատակը, մեթոդաբանությունը և յուրահատուկ գիտական լեզուն։ Սրանք աշխարհագրական մշակույթի բաղադրիչ մասերն են։ աշխարհագրական մշակույթասելով առավել հաճախ հասկանում են աշխարհագրության մշակույթը որպես գիտություն։ «Աշխարհագրական մշակույթ» և «Աշխարհի աշխարհագրական պատկեր» աշխատություններում Վ.Պ. Մաքսակովսկին այդ փոխկապակցված հասկացությունները դիտարկում է ժամանակակից աշխարհագրության տեսանկյունից[6]։ Աշխարհագրական մշակույթում այն ներառում է հետևյալ բաղադրիչները.

  • աշխարհի աշխարհագրական պատկերը
  • աշխարհագրական մտածողությունը
  • աշխարհագրության մեթոդները
  • աշխարհագրության լեզուն։

Աշխարհի աշխարհագրական պատկերը աշխարհագրական գիտության առավել ընդհանուր հասկացություններից է։ Այն բազմակողմանի ներկայացնում է Երկրի աշխարհագրական թաղանթի, բնակչության, տնտեսության, բնության և հասարակության փոխազդեցության ամբողջական պատկերը[7]։ Աշխարհագրական մշակույթը ենթադրում է աշխարհագրական մտածողության տիրապետում, որի չորս հիմնական հատկանիշներն են.

  • տարածականություն
  • համալիրություն
  • համընդհանրություն
  • կոնկրետություն։


Աշխարհագրական ուսումնասիրման մեթոդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարտեզը որպես աշխարհագրական ուսումնասիրությունների հիմք[խմբագրել | խմբագրել կոդը]

OrteliusWorldMap.jpeg

«Ցանկացած աշխարհագրական ուսումնասիրություն սկիզբ է առնում քարտեզից և դառնում քարտեզ, քարտեզից է ամեն ինչ սկսում և ավարտվում» (Ն.Ն. Բարանսկի)

Չնայած նրան, որ աշխարհագրության մեջ ներդրվեցին նոր մեթոդներ, քարտեզագրական մեթոդը շարունակում է մնալ հետազոտությունների հիմնական մեթոդներից մեկն է։ Դա պայմանավորված է նրանով, որ քարտեզը տարածական տեղեկատվության փոխանցման առավել կատարյալ միջոց է։ Աշխարհագրության մոդելավորման, երկրատեղեկատվական և հեռաչափական (դիստանցիոն) մեթոդները ևս հենվում են քարտեզագրական մեթոդի վրա։

Գիտական հետազոտության մեթոդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտային հետազոտության կարևոր գործիքը՝ կողմնացույցը

Աշխարհագրական գիտելիքները, տեսություններն ու օրինաչափությունները կարող են լինել հավաստի և իրական, եթե ստացվել են կոնկրետ գիտական մեթոդներով։ Գիտական հետազոտության մեթոդը գործընթացների, ձևերի և գործողությունների ամբողջությունն է, որն անհրաժեշտ է նպատակին հասնելու համար։ Աշխարհագրության գիտական հետազոտության մեթոդները խմբավորվում են հետևյալ խմբերում.

  • համագիտական, որոնք կիրառելի են գիտության բոլոր ճյուղերում. համեմատական, նկարագրական, մաթեմատիկական, համակարգային և այլն
  • կոնկրետ գիտական, որոնք կիրառելի են գիտության որոշակի ճյուղերում. երկրաֆիզիկական, հնէաշխարհագրական, վիճակագրական, տեխնիկատնտեսական և այլն
  • տեղեկույթի ստացման, տվյալների հավաքման տեխնիկական միջոցներ և գործողություններ. լաբորատոր, դաշտային հետազոտություն, հեռաչափական, հարցումներ և այլն
  • տեղեկույթի էմպիրիկ(փորձարարական) և տեսական ընդհանրացումների. դասակարգում, շրջանացում, քարտեզագրում, գնահատում, համեմատություն և այլն
  • տեղեկույթի մշակման, պահպանման և փոխանցման. համակարգիչների, երկրատեղեկատվական և այլ ձևերով[8]։


Աշխարհագրության ճյուղային կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

XVII դարում նկատվեցին աշխարհագրության տրոհման առաջին սաղմերը. առանձնացան երկրաբանությունը, կենսաբանությունը, բնական աշխարհագրությունը, սկսեց ձևավորվել տնտեսական աշխարհագրությունը։ Գիտության զարգացմանը զուգահեռ, այդ տրոհումը խորացավ, որի արդյունքում աշխարհագրությունը դարձավ բազմաճյուղ գիտություն[9]։

Բնական կամ ֆիզիկական աշխարհագրության մեջ առանձնացան Երկրի աշխարհագրական թաղանթի առանձին ոլորտների ուսումնասիրմամբ զբաղվող գիտությունները.

Բացի այդ, բնական աշխարհագրության կազմում առանձնացան մի շարք գիտություններ, որոնք զբաղվում էին աշխարհագրական թաղանթի բաղադրիչների փոխազդեցությամբ ձևավորված համակարգերի ուսումնասիրությամբ։ Դրանք են.



Հասարակական կամ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ճյուղերի առանձնացումը կապված էր այնպիսի գիտությունների ձևավորման և զարգացման հետ, ինչպիսին են տնտեսագիտությունը, սոցիոլոգիան, պատմությունը և քաղաքագիտությունը։ Քանի որ այդ գիտությունների հետազոտության առարկան մարդոլորտն էր՝ իր ենթոլորտներով, հասարակական աշխարհագրության առարկան ևս դարձավ հասարակության տարածքային կազմակերպումը՝ ամբողջությամբ և ըստ ոլորտների։ Հասարակական կամ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ճյուղերն են.

Որպես հասարակության տարածքային կազմակերպման համալիր ուսումնասիրմամբ զբաղվող գիտություններ, առանձնացնում են.



Առանձին խումբ են կազմում միասնական աշխարհագրական գիտությունները, որոնց ուսումնասիրման առարկան վերաբերում է և՛ բնական և՛ հասարակական աշխարհագրությանը։ Դրանք են.



Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://www.matenadaran.am/ftp/data/Banber19/4.A.Sahakyan.pdf https://academia-moscow.ru/ftp_share/_books/fragments/fragment_19761.pdf


Աշխարհագրության ճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 482 CC-BY-SA-icon-80x15.png