Թալես Միլեթացի (հին հունարեն՝ Θαλῆς ὁ Μιλήσιος, մոտ մ. թ. ա. 625[1][2][3][…], Միլեթ[4] - ոչ վաղ քան մ. թ. ա. 548 և ոչ ուշ քան մ. թ. ա. 545, Միլեթ), հին հույն փիլիսոփա, մաթեմատիկոս, տոմարագետ, աստղագետ, ճարտարապետ։ Թալեսը համարվում է հունական յոթ իմաստուններից մեկը։ Արիստոտելը նրան համարում է հույն առաջին փիլիսոփան[5][6]։ Ընդունված է Թալեսին պատմականորեն համարել առաջին անհատը, ով զբաղվել է գիտական փիլիսոփայությամբ[7][8]։ Հաճախ նրան անվանում են գիտության հայր[9][10]։ Թալեսը՝ որպես ժամանակակից գիտության նախակարապետ, բեկումնային քայլ է կատարել, երբ բնության առարկաներն ու երևույթները բացատրելիս առասպելաբանությանը դիմելու փոխարեն օգտագործել է բնագիտական տեսություններ ու վարկածներ։ Նա մատերիայի նախասկիզբ համարել է ջուրը
[11]:
Ծնվել է Միլեթոս քաղաքում։ Թալեսը Միլեթյան դպրոցի առաջին փիլիսոփա-գիտնականն է, առաջին մաթեմատիկոսն ու բնագետը։ Նա եղել է իր ժամանակի ամենախոշոր մարդը, միաժամանակ զբաղվել է առևտրով, եղել է հայտնի վաճառական, քաղաքական խոշոր գործիչ, ճարտարապետ, աստղաբաշխ, ճանապարհորդել է զանազան քաղաքներ, դեպի Եգիպտոս, որտեղ զբաղվել է Նեղոսի հեղեղումների ուսումնասիրությամբ։ Վերադառնալով Միլեթոս իրեն նվիրում է գիտական զբաղմունքի մինչև խոր ծերություն։
Իր ճանապարհորդության ժամանակ նա քաղդեական ու եգիպտական գիտնականներից վերցնում է աստղաբաշխական ու երկրաչափական գիտելիքներ, որը հետագայում զարգացնում է։ Նա աստղաբաշխության մեջ կատարում է մի շարք հայտնագործություններ, որոնք օգտագործում են առևտրականները ծովագնացության ժամանակ։ Նա գուշակում է 585 թվի մայիսի 28-ի արևի խավարումը։ Նա առաջինն է սահմանում տարին 365 օր, առաջինը «գտավ» Փոքր Արջիհամաստեղությունը։ Նա կանխատեսում էր կլիմայական փոփոխությունները[12]։
Մաթեմատիկայում Թալեսը կիրառել է երկրաչափությունը բուրգերի բարձրությունը, ափից նավերի հեռավորությունը հաշվարկելու համար։ Նա համարվում է առաջին մարդը, ով գործադրել է դեդուկտիվ դատողությունը երկրաչափության մեջ, դուրս բերել այսպես կոչված՝ Թալեսի թեորեմի չորս հետևությունները։ Նա առաջին մարդն է, ում մաթեմատկական հայտնագործություն է վերագրվում[13]։
Pliny the Elder, The Natural History (eds. John Bostock, M.D., F.R.S. H.T. Riley, Esq., B.A.) London. Taylor and Francis. (1855). Online version at the Perseus Digital Library.
Couprie Dirk L. (2011)։ Heaven and Earth in Ancient Greek Cosmology: from Thales to Heraclides Ponticus։ Springer։ ISBN9781441981158
Luchte James (2011)։ Early Greek Thought: Before the Dawn։ London: Bloomsbury Publishing։ ISBN978-0567353313
O'Grady Patricia F. (2002)։ Thales of Miletus: The Beginnings of Western Science and Philosophy։ Western Philosophy Series 58։ Ashgate։ ISBN9780754605331
Mazzeo Pietro (2010)։ Talete, il primo filosofo։ Bari: Editrice Tipografica
Wöhrle Georg., ed. (2014)։ The Milesians: Thales. Translation and additional material by Richard McKirahan։ Traditio Praesocratica 1։ Walter de Gruyter։ ISBN978-3-11-031525-7
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 124)։