Գեոմորֆոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրի ռելիեֆը

Գեոմորֆոլոգիա (հունարեն՝ γῆ—Երկիր, հունարեն՝ μορφή—ձև, հունարեն՝ λόγος—ուսմունք), գիտություն Երկրի մակերևույթի ռելիեֆի մասին։ Ուսումնասիրում է ցամաքի, օվկիանոսների և ծովերի հատակի ռելիեֆի ձևերը, ծագումը, հասակը, զարգացման օրինաչափությունները, ժամանակակից դինամիկան, ներքին և արտաքին ուժերի հակազդեցությունը։ Ներքին և արտաքին ուժերի միաժամանակյա ներգործությունը պայմանավորում է ռելիեֆագոյացման պրոցեսները։ Երկրի ռելիեֆի փոփոխման կարևոր գործոն է նաև մարդկային հասարակության գործունեությունը։ Ռելիեֆի տիպերը կոչվում են նրանց ստեղծող գործոններից առաջատարի անունով, օրինակ՝ տեկտոնական, հրաբխային, սառցադաշտային։ Իր զարգացման ընթացքում ռելիեֆը ծագումնային մի տիպից կարող է վերածվել մյուսին, նայած գործոնի ազդեցության ինտենսիվությանը (օրինակ, հրաբխայիևը՝ սառցադաշտայինի, տեկտոնականը՝ կարստայինի)։ Գեոմորֆոլոգիայի տեղը Երկրի մասին գիտությունների համակարգում որոշվում է երկրակեղևի, հիդրոսֆերայի, մթնոլորտի, բիոսֆերայի միջև կատարվող պրոցեսների փոխհարաբերությամբ, որով և նա դառնում է մի սահմանային գիտություն երկրաբանության և ֆիզիկական աշխարհագրության միջև։ Գեոմորֆոլոգիայում առանձնացվում են մի շարք ճյուղեր։

Ռելիեֆի ձև, Սալտա, Արգենտինա
Մեծ կանյոն, Արիզոնա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեոմորֆոլոգիան որպես ինքնուրույն գիտություն հիմնադրվել է XIX դարի վերջին և XX դարի սկզբին, երբ ձևավորվել են գեոմորֆոլոգիական ամերիկյան (Ու․ Մ․ Դևիս) և եվրոպական (Ա․ Պենկ, Ֆ. Ռիխտհոֆեն, Վ․ Պենկ) դպրոցները։ Ամերիկյան դպրոցի տեսական կոնցեպցիա ն առավել լրիվ արտահայտվել է Դևիսի աշխարհագրական ցիկլերի մասին ուսմունքում, իսկ եվրոպական դպրոցինը՝ Վ․ Պենկի ռելիեֆի վերընթաց և վայրընթաց զարգացման տեսությամբ։ Վերջին տասնամյակներում արտասահմանյան գիտնականները մեծ ուշադրություն են դարձնում դինամիկ գեոմորֆոլոգիայի և մորֆոմետրիայի հարցերին։ Ռուսաստանում գեոմորֆոլոգիայի հիմունքները մշակվել են Պ․ Պ․ Սեմյոնով-Տյան-Շանսկու, Պ․ Ա․ Կրոպուտկինի, Վ․ Վ․ Դոկուչաևի, Ի․ Վ․ Մուշկետովի, Դ․ Ն․ Անուչինի և այլոց կողմից։ Խորհրդային շրջանում ԽՍՀՄ տարածքի գեոմորֆոլոգիական ուսումնասիրության, գեոմորֆոլոգիայի տեսական հիմունքների և այլ բնագավառներում ձեռք են բերված մեծ նվաճումներ (Յա․ Ս․ Էդելշտեյն, Ի․ Ս․ Շչուկին, Կ․ Կ․ Մարկով, Ի․ Պ․ Գերասիմով, Ն․ Վ․ Դումիտրաշկո և ուրիշներ)։ ԽՍՀՄ-ում գեոմորֆոլոգիան զարգացել է 1950-ական թվականներից, Մոսկվայի և տեղի (ԽՍՀՄ ԳԱ, Երևանի պետական համալսարան, ԽՍՀՄ Մինիստրների սովետի երկրաբանական վարչություն) գիտնականնևրի կողմից հատկապես ուսումնասիրվել են հանրապետության և հարակից շրջանների ռելիեֆի ընդհանուր առանձնահատկությունները, մորֆոստրուկտուրան, արտածին պրոցեսները և այլն, որոնց արդյունքներն ամփոփված են մենագրություններում և տարբեր մասշտաբի գեմորֆոլոգիական քարտեզներում։

Օվկիանոսի հատակի տարիքը, կարմիր գույն-ամենաերիտասարդ

Գեոմորֆոլոգիայի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր գեոմորֆոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր գեոմորֆոլոգիան ուսումնասիրում է ռելիեֆի ծագման և ձևավորման բոլոր, իսկ մասնավոր գեոմորֆոլոգիան՝ մեկ կամ մի քանի կողմերը։

Պլանետար գեոմորֆոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլանետար գեոմորֆոլոգիան ուսումնասիրում է ռելիեֆի խոշորագույն ձևերը։

Ռեգիոնալ գեոմորֆոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձին շրջանների մորֆոլոգիան հետազոտում է ռեգիոնալ գեոմորֆոլոգիան։

Կիրառական գեոմորֆոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեգիոնալ գեոմորֆոլոգիայի հետազոտման արդյունքները ժողովրդական տնտեսության մեջ կիրառելու տեսական հիմունքնևրը մշակում է կիրառական գեոմորֆոլոգիան։

Պալեոգեոմորֆոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալեոգեոմորֆոլոգիան լուսաբանում է ռելիեֆի էվոլյուցիան անցյալ երկրաբանական դարաշրջաններում։

Գեոմորֆոլոգիայի հետազոտման մեթոդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեոմորֆոլոգիայի հիմնական մեթոդը դաշտային հետազոտություններն են և գեոմորֆոլոգիական հանույթը, որոնց հիման վրա կազմվում են ընդհանուր և հատուկ գեոմորֆոլոգիական քարտեզներ։ Գեոմորֆոլոգիայի տվյալները օգտագործվում են օգտակար հանածոների (հատկապես՝ ցրոնային) հանքավայրերի որոնման համար, արդյունաբերական, հիդրոտեխնիկական կառույցների, ճանապարհների շինարարության ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 14 CC-BY-SA-icon-80x15.png