Ռելիեֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռելիեֆ, քանդակապատկեր հարթության վրա։ Պատկերի և նրա ֆիզիկական հիմքն ու ֆոնը հանդիսացող հարթության անխզելի կապը ռելիեֆի յուրօրինակ առանձնահատկությունն է։ Ռելիեֆի կարևորագույն արտահայտչամիջոցները՝ հարթության վրա կոմպոզիցիայի ծավալումը, տարածական պլանները հեռանկարչորեն կառուցելու հնարավորությունն ու ծավալների բոլորաձևության պատրանքի ստեղծումը, ձևերի նուրբ կերպավորումը հնարավորություն են ընձեռում երևակել բարդ, բազմաֆիգուր տեսարաններ, ինչպես և ճարտարապետական ու բնապատկերային մոտիվներ։

Ռելիեֆը կարող է ներառվել պատի, թաղի, քանդակագործական հուշարձանի և կոմպոզիցիայում կամ լինել հաստոցային ինքնուրույն ստեղծագործություն։ Ֆոնի հարթության հետ ունեցած հարաբերությամբ տարբերակում են ուռուցիկ և խոր ռելիեֆներ։

Խոր ռելիեֆ՝ խորաքանդակը, կիրառվել է հիմնականում Հին Եգիպտոսի ճարտարապետական, ինչպես նաև հին արևելյան և անտիկ գլիպտիկայում։ Ուռուցիկ ռելիեֆ, որ իր հերթին ստորաբաժանվում է ցածրի՝ հարթաքանդակ, և բարձրի՝ բարձրաքանդակ, ավելի մեծ տարածում ունի, հայտնի է դեռևս պալեոլիթի դարաշրջանից, ավելի ուշ կիրառվել է Հին Եգիպտոսում, Հնդկաստանում, Ասորեստանում, Չինաստանում և մեծ զարգացում է գտել անտիկ արվեստում, Հայաստանում, Վերածննդի և հետագա շրջանների քանդակագործությունում։

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «ռելիեֆ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png