Քարտեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարտեզ (այլ կիրառումներ)
Աշխարհի ֆիզիկական քարտեզ
Աշխարհի պետությունների դրոշների քարտեզ, 2012 թ.

Քարտեզ, երկրային մակերևույթի՝ քարտեզագրական պրոյեկցիայով կառուցված փոքրացված ընդհանրացված պատկերը հարթության վրա, որը պարունակում է կոորդինատային ցանց և ներկայացնում է նրա վրա տեղակայված օբյեկտներն ու երևույթները պայմանական նշանների որոշակի համակարգով։

Շատ քարտեզներ ստատիկ են, հիմնականում երկչափ, սակայն գոյություն ունեն նաև դինամիկ, եռաչափ քարտեզեր։ Դրանք ցույց են տալիս բնական և հասարակական օբյեկտների և երևույթների տեղադիրքը, վիճակը և փոխադարձ կապը տարածության ու ժամանակի մեջ։

Ընդհանուր ձևավորում ունեցող քարտեզները կարող են ընդգրկվել ատլասի մեջ։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղագրական քարտեզի օրինակ
Աֆրիկայի քարտեզ

Աշխարհագրական քարտեզները դասակարգվում են ըստ բովանդակության, մասշտաբի, նշանակության, տարածքի ընդգրկման։

Ըստ բովանդակության[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ բովանդակության՝ քարտեզները լինում են ընդհանուր աշխարհագրական և թեմատիկ։

  • Ընդհանուր աշխարհագրական (ֆիզիկական) քարտեզներում ներկայացվում են բոլոր աշխարհագրական երևույթները, այդ թվում՝ ռելիեֆը, ջրագրությունը, բուսական-հողային ծածկույթը, բնակավայրերը, տնտեսական կառույցները, հաղորդակցումը, սահմանները և այլն։ Ընդհանուր աշխարհագրական խոշորամասշտաբ քատեզները, որոնցում պատկերված են տեղանքի բոլոր օբյեկտները, կոչվում են տեղագրական քարտեզներ։
  • Թեմատիկ քարտեզները ներկայացնում են բնական երևույթները, բնակչության, տնտեսության տեղակայվածությունը, փոխադարձ կապերն ու դինամիկան, սոցիալական ոլորտը։ Դրանք կարելի է բաժանել երկու խմբի՝ բնական երևույթների քարտեզներ և հասարակական երևույթների քարտեզներ։
    • Բնության երևույթների քարտեզները ներառում են բնական միջավայրի բոլոր բաղադրիչներն ու նրանց համադրությունները։ Այդ խմբում ներառված են երկրաբանական, գեոֆիզիկական, Երկրի մակերևույթի և Համաշխարհային օվկիանոսի հատակի ռելիեֆների, օդերևութաբանական և կլիմայական, օվկիանոսագիտական, բուսաբանական, ջրաբանական, հողային, օգտակար հանածոների, ֆիզիկա-աշխարհագրական լանդշաֆտների ու ֆիզիկա-աշխարհագրական շրջանացման և այլ քարտեզներ։
    • Հասարակական-քաղաքական քարտեզների թվին են պատկանում բնակչության, տնտեսագիտական, քաղաքական, պատմական, սոցիալ-աշխարհագրական քարտեզները, ընդ որում՝ այդ ենթակատեգորիաներից յուրաքանչյուրն իր հերթին կարող է ունենալ իր ենթատեսակները։ Այսպես, տնտեսագիտական քարտեզների թվին են պատկանում արդյունաբերության (ինչպես ընդհանուր, այնպես էլ ճյուղային), գյուղատնտեսության, ձկնարդյունաբերության, տրանսպորտի ու կապի քարտեզները։

Ըստ տարածքի ընդգրկման[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ տարածքի ընդգրկման՝ լինում են.

  • տիեզերքի քարտեզներ
  • աշխարհի քարտեզներ,
  • մայրցամաքների քարտեզներ,
  • երկրների և տարածաշրջանների քարտեզներ։

Ըստ տարածքի ընդգրկման` առանձնացնում են տիեզերքի քարտեզները։ Դրանք պատկերում են աստղային երկնակամարի տարբեր մասեր, երկնային մարմինների, հատկապես մոլորակների մակերևույթներ։ Ամենաբազմաազանը մեր մոլորակի` Երկրի մակերևույթի , նրա առանձին մասերի` մայրցամաքների, տարածաշրջանների և տարածքային փոքր միավորների քարտեզներն են։ Վերջիններից են վարչատարածքային միավորների(պետությունների, վարչական շրջանների,քաղաքների, գյուղերի) քարտեզները։

Ըստ մասշտաբի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ մասշտաբի՝

  • խոշորամասշտաբ (1:10 000 - 1:200 000 ու ավելի մեծ)
  • միջին մասշտաբի (1:200 000 - 1:1 000 000)
  • փոքր մասշտաբի (1:1 000 000-ից ավելի փոքր)

Տարբեր մասշտաբի քարտեզներն ունեն պատկերի տարբեր ճշգրտություն և մանրամասնություն, ընդհանրացման տարբեր աստիճաններ և տարբեր նշանակություններ։

Ըստ նշանակության[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ նշանակության՝

  • գիտատեղեկատվական, որ նախատեսված են գիտական հետազոտությունների իրականացման և առավել ամբողջական տեղեկատվություն ստանալու համար,
  • մշակութային-կրթական, նախատեսված է գիտելիքների, գաղափարների ժողովրդականացման համար,
  • ուսումնական, օգտագործվում է որպես տեսողական ուղեցույցներ աշխարհագրության, պատմության, երկրաբանության և այլ առարկաների ուսումնասիրության ժամանակ, դրանց թվին է պատկանում եզրագծային քարտեզը,
  • տեխնիկական, արտացոլում է օբյեկտները և պայմանները, որոնք անհրաժեշտ են տեխնիկական այս կամ այն խնդիրները լուծելու համար,
  • զբոսաշրջային, կարող են պարունակել բնակավայրեր, ուղենիշներ, տեսարժան վայրեր, տեղաշարժման երթուղիներ, հանգստի, գիշերակացի և այլ ծառայությունների վայրեր՝ կախված զբոսաշրջության տեսակներից,
  • նավիգացիոն (ճանապարհային) և այլն։

Իրավական կարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ երկրներ պահանջում են, որ հրատարակված բոլոր քարտեզներում արտացոլվեն վիճելի տարածքների պատկանելության վերաբերյալ իրենց տեսակետները, օրինակ.

  • Ռուսաստանում Google քարտեզը Ղրիմը ներկայացնում է որպես Ռուսաստանի մաս[1]։
  • Ինչպես Հնդկաստանի Հանրապետությունը, այնպես էլ Չինական Ժողիվրդական Հանրապետությունը պահանջում են, որ հնդկա-չինական սահմանային վեճի առարկա հանդիսացող տարածքները բոլոր քարտեզներում ներկայացվեն իրենց օգտին[2]։

2010 թվականին Չինական Ժողովրդական Հանրապետությունը պահանջել է, որ Չինաստանից սպասարկվող բոլոր օնլայն քարտեզները տեղակայվեն երկրի տարածքում, ինչը նրանց ենթակա կդարձներ չինաստանյան օրենքներին[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bill Chappell (2014 թ․ ապրիլի 12). «Google Maps Displays Crimean Border Differently In Russia, U.S.». NPR.org.
  2. «Google charts a careful course through Asia's maps». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. Guanqun, Wang. «China issues new rules on Internet map publishing». news.xinhuanet.com. Xinhua News Agency. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • David Buisseret, ed., Monarchs, Ministers and Maps: The Emergence of Cartography as a Tool of Government in Early Modern Europe. Chicago: University of Chicago Press, 1992, 0-226-07987-2
  • Denis E. Cosgrove (ed.) Mappings. Reaktion Books, 1999 1-86189-021-4
  • Freeman, Herbert, Automated Cartographic Text Placement. Արխիվացված 2007-10-29 Wayback Machine White paper.
  • Ahn, J. and Freeman, H., “A program for automatic name placement,” Proc. AUTO-CARTO 6, Ottawa, 1983. 444–455.
  • Freeman, H., “Computer Name Placement,” ch. 29, in Geographical Information Systems, 1, D.J. Maguire, M.F. Goodchild, and D.W. Rhind, John Wiley, New York, 1991, 449–460.
  • Mark Monmonier, How to Lie with Maps, 0-226-53421-9
  • O'Connor, J.J. and E.F. Robertson, The History of Cartography. Scotland : St. Andrews University, 2002.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]