Ատլաս (աշխարհագրություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիտան Ատլասը, որի անունով կոչվել են ժամանակակից քարտեզների ժողովածուները
Աշխարհի քարտեզը Աբրահամ Օրտելիի Theatrum Orbis Terrarum ատլասից (1570 թվական)

Ատլաս, աշխարհագրական քարտեզների համակարգված ժողովածուն՝ հրատարակված ալբոմի, գրքի ձևով կամ էլեկտրոնային տարբերակով։ Ժամանակակից աշխարհագրական ատլասներին բնորոշ են քարտեզների ներքին միասնությունը, համաձայնեցվածությունը և փոխլրացումը. դրանք ոչ թե ուղղակի տարբեր աշխարհագրական քարտեզների հավաքածուներ են կամ նրանց մեխանիկական համադրությունը գրքի կամ ալբոմների տեսքով, այլ իրենց մեջ միավորում են միմյանց հետ կապված և միմյանց լրացնող քարտեզներ, որոնք կազմում են մի համակարգ, որը պայմանավորված է ատլասի նշանակությամբ և նրա օգտագործման առանձնահատկություններով։ Աշխարհագրական ատլասները սովորաբար կազմվում են Երկիր մոլորակի համար, սակայն այդպիսի ատլասներ կան նաև Արեգակնային համակարգի այլ մոլորակների և դրանց արբանյակների համար։ Աշխարհագրական ատլասները տարբերվում են տարածքի ընդգրկմամբ (աշխարհի, առանձին պետությունների և մարզերի), բովանդակությամբ (ընդհանուր աշխարհագրական, տնտեսական, քաղաքական, հատուկ և համալիր), նպատակով (ուսումնական, տեղեկատու, տուրիստական, ռազմական)։

«Ատլաս» անվանումը մտցրել է ֆլամանդական քարտեզագիր Գերհարդ Մերկատորը (1595), ի պատիվ Լիբիայի առասպելական արքա Ատլասի, որն իբր առաջինն է պատրաստել երկնային գլոբուսը[1][2]։ Առաջին ձեռագիր քարտեզների ժողովածուն կազմել է Պտղոմեոսը (2-րդ դար)։ Հայերեն առաջին ատլասը, որ կոչվել է «Աշխարհագրական ատլաս ըստ աշխարհագրական զենութեանց», հրատարակվել է 1786 թվականին Վենետիկում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանրապես ատլասները իրենցից ներկայացնում են գիրք, բայց որոշ ժամանակակից ատլասներ ներկայանում են էլեկտրոնային ձևով։ Երկիր մոլորակի կամ նրա շրջանների մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար հաճախ ատլասի մեջ ֆիզիկական և ռելիեֆային քարտեզներից բացի ներառվում են նաև քաղաքական, կլիմայական, կրոնական (կրոնների տարածվածությունն աշխարհի տարբեր երկրներում), ժամային գոտիների քարտեզներ, տարբեր տեսակի սոցիալական քարտեզներ (բնակչության խտությունը, միջին եկամուտը, ծնելիությունը, մահացությունը), կլիմայական և տնտեսական (արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացումը) քարտեզներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1595 թվականին Մերկատորի հրատարակած ատլասի առաջին էջը

Առաջին ատլասներն այդ անունը չեն կրել մինչև 1595 թվականին Մերկատորի ստեղծած ատլասը։ Առաջին գիրքը, որը կարող է կոչվել ատլաս, ալեքսանդրիացի աշխարհագրագետ Կլավդիոս Պտղոմեոսի կողմից մեր թվարկության 150 թվականին կազմվածն է։ Առաջին հրատարակությունը լույս է տեսել 1477 թվականին Բոլոնիայում և պարունակել 27 քարտեզ։ 1544 թվականից սկսած՝ տպագրվել են բազմաթիվ քարտեզներ հատկապես առևտրի խոշոր կենտրոններում, օրինակ՝ Հռոմում և Վենետիկում։ Քարտեզների յուրաքանչյուր հրատարակիչ դրանք թողարկում էր իր գաղափարներին և պահանջներին համապատասխան, հետևաբար այդ ժամանակի քարտեզները շատ են տարբերվել միմյանց, այդ թվում նաև իրենց չափերով։ Ժամանակ է պահանջվել, որ դրանք համապատասխանեցվեն միմյանց հետ։ Չնայած «ատլաս» տերմինը դեռևս գործածական չի եղել 1544 թվականին, այդ քարտեզները կոչվել են «ատլաս IATO» (Italian, Assembled to Order — քարտեզների իտալական ժողովածու) կամ «Լաֆրերիի ատլասներ» այդ ժամանակների քարտեզների հիմնական հրատարակիչ Անտոնիո Լաֆրերիի անունով։

Աբրահամ Օրտելիոսն իր ատլասը հրատարակել է 1570 թվականի մայիսի 20-ին։ Այս ատլասի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն առավելագույնս նման է ժամանակակից ատլասներին, ի տարբերություն նախորդների։ «Theatrum Orbis Terrarum» ատլասը պարունակել է 53 քարտեզ-էջ, որ ներկայացրել են աշխարհի տարբեր երկրներ։ Դա եղել է առաջին գիրքը, որ պարունակել է միատեսակ չափի լավագույն քարտեզներ, ինչը շատ կարևոր էր առևտուր կատարալու համար։

Այնուամենայնիվ, «ատլաս» տերմինն սկսել է օգտագործվել մի փոքր ավելի ուշ՝ Գերհարդ Մերկատորի ատլասի հետ, որը կոչվել է «Atlas, Sive Cosmographicae Meditationes De Fabrica Mundi et Fabricati Figura»: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի էջերում «ատլաս» տերմինի ծագումը բացատրվել է հետևյալ կերպ.

«Նման ժողովածուի շապիկին սովորաբար պատկերվել է երկրագունդն իր ուսերին պահող Ատլաս տիտանը։ Հետագայում այդ անվանումը փոխանցվել է նաև այլ տիպի պատկերների ժողովածուների»[3]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլասները տարբերվում են ըստ տարածքային ընդգրկման , թեմատիկայի, նշանակության և ծավալի։ Նրանց դասակարգումը կատարվում է աշխարհագրական քարտեզների դասակարգմանը համապատասխան:

Ըստ տարածքի՝ ատլասները լինում են՝

  • աշխարհի ատլասներ (կամ համաշխարհային ատլասներ), որ ներառում են ամբողջ երկրագնդին վերաբերող քարտեզներ (օրինակ՝ աշխարհի ատլաս),
  • առանձին մայրցամաքների կամ նրանց խոշոր տարածաշրջանների ատլասներ (օրինակ՝ Արկտիկայի ատլաս),
  • առանձին պետությունների ատլասներ (Ուկրաինայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի),
  • տարածաշրջանային ատլասներ (պետության շրջանների, առանձին մարզերի, գավառների ատլասներ),
  • քաղաքների ատլասներ (օրինակ՝ Կիևի ատլաս, Երևանի ատլաս),

Նմանատիպ բաժանում է գործում նաև ջրային մարմինների ատլասների դեպքում, օրինակ՝ օվկիանոսների ու նրանց խոշոր հատվածների, ծովերի, նեղուցների, խոշոր լճերի և այլն։

Ըստ թեմատիկայի առանձնացվում են՝

  • Ընդհանուր աշխարհագրական ատլասներ, որ կազմված են հիմնականում ընդհանուր աշխարհագրական քարտեզներից (օրինակ՝ Աշխարհի ատլաս, 1967)։ Հաճախ այդ ատլասները համալրվում են ոչ մեծ թվով թեմատիկ քարտեզներով, ինչն ընդհանուր առմամբ չի փոխում քարտեզի տիպը, իսկ ոչ մեծ երկրների դեպքում դրանք ստանում են տեղագրական ատլասի բնույթ,
  • Ֆիզիկա-աշխարհագրական, որ արտացոլում են բնական երևույթները. նեղ մասնագիտական, որ պարունակում են միանման քարտեզներ (օրինակ՝ ԽՍՀՄ բուժական բուսատեսակների տարածվածության և ռեսուրսների ատլաս (1976), ԱՄՆ-ի առանձին շրջանների հողային ատլաս):
  • Համակցված ճյուղային, որոնք պարունակում են տարբեր, բայց միմյանց լրացնող քարտեզներ բնության որոշակի երևույթի մասին (օրինակ՝ ԽՍՀՄ կլիմայական ատլաս, 1960, 1 հ. և 1963, 2 հ., տարբեր կլիմայագիտական տարրերի քարտեզներով):
  • Համակցված, որոնք ներկայացնում են միմյանց հետո փոխկապակցված մի շարք բնական երևույթներ (օրինակ՝ Սովետական ծովային ատլաս, որը ներկայացնում է Համաշխարհային օվկիանոսի կլիման ու օվկիանոսագրությունը) կամ տալիս է բնության բազմակողմանի բնութագիրը (օրինակ՝ Սովետական ֆիզիկա-աշխարհագրական ատլաս, 1964):
  • Սոցիալ-տնտեսական ատլասներ ենթաբաժիններով, որ նման են ֆիզիկա-աշխարհագրական ատլասների ենթատեսակներին (օրինակ՝ նեղ մասնագիտական՝ ԽՍՀՄ տրանսպորտային ուղիների ատլաս, համակցված մասնագիտական՝ ԽՍՀՄ գյուղատնտեսական ատլաս, համակցված՝ ԽՍՀՄ տնտեսության և մշակույթի ատլաս):
  • Ընդհանուր համակցված, որը պարունակում են ֆիզիկական, տնտեսական և քաղաքական աշխարհագրական քարտեզներ և տալիս են քարտեզագրված տարածքների բազմակողմանի բնութագիրը (օրինակ՝ տարբեր երկրների (Ուկրաինայի (2008), Ռուսաստանի (2004-2008) և Բելառուսի) ազգային ատլասներ):

Հաճախ օգտագործվում է «թեմատիկ ատլաս» տերմինը, որը վերաբերում է բնության մասնաճյուղային և սոցիալ-տնտեսական ատլասներին: Տեղանքային և թեմատիկ դասակարգումների երկաստիճան համադրման արդյունքում ստացվում են ատլասների ենթատեսակներն ըստ բովանդակության:

Ատլասները դասակարգում են նաև ըստ դրանց օգտվողների՝ գիտական, երկրաբանական, զբոսաշրջային, ճանապարհային, պրոպագանդիստական և այլն: Ըստ այս դասակարգման մյուս ձևի՝ ատլասները լինում են գիտատեղեկատվական, որոնք պարունակում են քարտեզագրվող երևույթի ամբողջական բնութագիրը, և հանրամատչելի, որը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար: Ատլասները տարբերվում են նաև ըստ չափերի՝ մեծ կամ սեղանի, միջին, փոքր, իսկ վերջինների շարքում՝ նաև գրպանի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1975։
  2. Mercator's own account of the reasons for choosing King Atlas are given in the preface of the 1595 atlas. A translation by David Sullivan is available in a digital version of the atlas published by Octavo. The text is freely available at the New York Society Library Archived March 10, 2016, at the Wayback Machine., pdf page 104 (corresponding to p34 of Sullivan's text).
  3. «Атлас, собрание карт»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Салищев К.А. Картоведение / Салищев К.А. – Москва։ издательство московского университета, 1990. – 400 с.
  • Виноградов Н. В.Карты и атласы / Под ред. проф. М. С. Боднарского и инж. М. П. Мурашова. — М.; Л.։ 1941. — 192 с., ил., карт.
  • Сваткова Т. Г. Атласная картография.Учеб. пособие. — М.։ Аспект Пресс, 2002. — 208 с.
  • Кусов В. С. Памятники отечественной картографии.— М.։ 2003. — 146 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 656 CC-BY-SA-icon-80x15.png