Ծովային քարտեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ծովային քարտեզներ

Ծովերը գրավում են երկրագնդի մակերևույթի 71%-ը, որը հենց խոսում է այն մասին, թե ինչպիսի նշանակություն կարող է ունենալ ծովային քարտեզների կազմումը։ Ծովային քարտեզները կազմվում են տարբեր նպատակների համար, սակայն ամենակարևորը նավարկության քարտեզների կազմումն է, որոնք ծառայում են ծովում նավարկելու նպատակին։ Նավարկության քարտեզները պատկերում են բոլոր այն տարրերը, որոնք կարևոր են ժամանակին և անվթար նավարկություն կատարելու համար։

Նավարկության քարտեզները պատկերում են ծովի հատակի ռելիեֆը խորության նիշերով և իզոբատերով, գրունտը, ստորջրյա և վերջրյա վտանգավոր օբյեկտները, ծովային հոսանքները, մագնիսական խոտորումները, նավարկությանն օժանդակող կառուցվածքները /փարոսներ, ձայնային ազդանշաններ, խորաչափեր, ջրանցքներ, խարսխակայաններ և այլն/, ափի բնույթը և մատչելիությունը, ափամերձ հատվածի ռելիեֆը և այլն։

Ծովային քարտեզները բացառապես կազմում են Մերկատորի պրոյեկցիայով։

Ծովային նավարկության քարտեզներն ըստ մասշտաբի բաժանվում են 4 հիմնական խմբի.

  1. ծովային պլաններ 1:25000 և ավելի խոշոր մասշտաբի քարտեզներ։ Օգտագործում են բացառապես նավերը նավահանգիստ և նավամատույց մտցնելու համար,
  2. ծովային մասնավոր քարտեզներ կազմվում են 1:25000 – 1:100000 մասշտաբի։ Օգտագործում են ափին մոտիկ նավարկելու համար. նավի ընթացքը որոշվում է տեսանելի օբյեկտներով,
  3. ուղևորության քարտեզներ կազմվում են 1:100000 – 1:500000 մասշտաբով. նույնպես նախատեսվում են ափին մոտիկ նավարկություն կատարելու համար, սակայն երբեմն նավը կարող է այնքան հեռանալ, որ ափերը տեսանելի չլինեն,
  4. ընդհանուր /գեներալնի/ քարտեզներ կազմվում են 1:500000 –ից փոքր մասշտաբով. օգտագործվում են գերազանցապես բաց ծովում նավարկելու համար՝ օգտվելով երկնային լուսատուներից։

Նշված այս խմբերից առանձնահատուկ տեղ են գրավում ուղևորության քարտեզները, որոնք սովորաբար պատկերում են ծովային ամբողջական ավազանները։ Ուղևորության քարտեզներ կազմելիս կախված ջրային ավազանից օգտագործում են ընդունված մասշտաբներից տարբեր մասշտաբներ, սակայն ամեն մի ավազանի համար պարտադիր է միևնույն մասշտաբի պահպանումը։ Ուղևորոււթյան քարտեզների առանձին թերթերի բաժանումը և մեծությունը տարբեր է լինում, կախված պատկերվող ավազանի քարտեզների թերթերի ընդգրկման հարմարություններից։ Նավարկության բոլոր քարտեզների շրջանակները և համարները տվյալ ավազանի համար ցույց են տրվում նույն ավազանի համար կազմած առանձին փոքր մասշտաբի քարտեզով, որը կոչվում է հավաքական թերթ։ Վերջինները հեշտացնում են ամեն մի ավազանի սահմաններում պահանջվող թերթերը գտնելը և օգտագործելը։ Ծովային քարտեզների վրա ընդունված է իզոբատեր անցկացնել այն դեպքում, երբ հատակի ռելիեֆն ուսումնասիրված է շատ մանրամասն և հաստատ տվյալներ կան հարևան նիշերի միջև ընկած տարածությունում ռելիեֆի ձևերի մասին, հակառակ դեպքում չի թույլատրվում իզոբատեր անցկացնել, որովհետև անհայտ է մնում հարևան խորության նիշերի միջև ռելիեֆի ձևերի առկայությունը։ Քարտեզագրություն