Jump to content

Տեղագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեղագրություն
գիտական բնագավառ, հիմնական առարկա Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաֆիզիկական աշխարհագրություն Խմբագրել Wikidata
Մասն էphysical geography and environmental geoscience
 • ֆիզիկական աշխարհագրություն Խմբագրել Wikidata
Հետազոտվում էtopographic cartography Խմբագրել Wikidata
Ով է կիրառումtopographer Խմբագրել Wikidata
Եվրոպայի տեղագրությունը
Իռլանդիայի տեղագրությունը

Տեղագրություն կամ երկրագրություն, աշխարհագրության ճյուղ, որն զբաղվում է կոնկրետ տերիտորիաների (մայրցամաքների, երկրների, խոշոր շրջանների) ուսումնասիրությամբ, ստացված արդյունքների վերլուծմամբ և օրինաչափությունների հայտնաբերմամբ։ Տվյալներ է հաղորդում տարբեր երկրների բնության, տնտեսության և ժողովրդի կյանքի տարբեր կողմերի վերաբերյալ։ Ընդունված է Երկրագրության երկու ուղղություն՝ ֆիզիկա-աշխարհագրական և տնտեսա-աշխարհագրական։ Երկրագրության մեջ մեծ տեղ է հատկացվում պատճառական կապերին, ինչպես նաև բնական և տնտեսական համալիրների փոխներգործությաևը, որը հանգեցնում է ընդհանուր երկրագրական ուսումնասիրությունների։

Գիտատեխնիկական դիսցիպլինը զբաղվում է տեղանքի աշխարհագրական և երկրաչափական ուսումնասիրությամբ՝ հանույթային աշխատանքների հիման վրա տեղագրական քարտեզներ կազմելով։ Տեղագրության ոլորտի մեջ են մտնում տեղագրական քարտեզների դասակարգման, դրանց բովանդակության մշակման և ճշտման, կազմման մեթոդիկայի, ինչպես նաև տեղանքի բազմակողմանի ուսումնասիրման հարցերը, որոնց ընթացքում բացահայտվում են տեղանքի մակերևույթի ձևերը, չափերը, տարածման օրինաչափությունները և այլն։ Առաջին տեղագրական հանույթային աշխատանքները կատարվել են դեռևս XVI դարում։ Ավելի ճշգրիտ տեղագրական քարտեզներ կազմվել են XVIII դարում, երբ հանույթային աշխատանքներն իրականացվեցին ճշգրիտ գեոդեզիական գործիքներով և սարքավորումներով։

Տեղագրական հանույթի եղանակներն ու ձևերը էլ ավելի կատարելագործվեցին XX դարում, երբ մշակվեցին հանույթի օդային, տիեզերական, աերոնկարների և տիեզերական նկարների վերծանման եղանակները, օգտագործվեցին ռադիոհեռաչափերն ու էլեկտրոնային հաշվիչ մեքենաները։ Ընդհանուր զարգացմանը համընթաց տեղագրություն տրոհվել է առանձին ճյուղերի, ակնաչափական կամ բուսոլային, տախիոմետրիական, մենզուլային, աերոլուսանկարահանման, ֆոտոթեոդոլիտային, համակցված, տիեզերական, տարբեր կարգի նիվելիրացման։ Տեղագրական սովորական քարտեզների փոխարեն ստեղծվում են իրենց ճշտությամբ ավելի հուսալի ֆոտոքարտեզներ, ֆոտոպլաններ և այլն։ Տեղագրական հանույթային աշխատանքների ժամանակ կիրառվող ժամանակակից մեթոդները հնարավորություն են տալիս քարտեզագրելու ոչ միայն Երկրի, այլև Լուսնի, Մարսի, Վեներայի և այլ մոլորակների տեսանելի և անտեսանելի մակերևույթները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 621