Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ԽՍՀՄից)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Союз Советских Социалистических Республик
ԽՍՀՄ դրոշը ԽՍՀՄ զինանշանը
ԽՍՀՄ դրոշը ԽՍՀՄ զինանշանը
Union of Soviet Socialist Republics (orthographic projection).svg
Մայրաքաղաք Մոսկվա
Փաստացի կառավարում Վլադիմիր Լենին
(1922-1924)

Իոսիֆ Ստալին
(1924-1953)
Գեորգի Մալենկով
(1953-1955)
Նիկիտա Խրուշչով
1955-1964)
Լեոնիդ Բրեժնև
(1964-1982)
Յուրի Անդրոպով
(1982-1984)
Կոնստանտին Չերնենկո
(1984-1985)
Միխայիլ Գորբաչով
(1985-1991)

Երկրներ Հայկական ԽՍՀ

Ադրբեջանական ԽՍՀ
Բելառուսական ԽՍՀ
Էստոնական ԽՍՀ
Թուրքմենական ԽՍՀ
Լատվիական ԽՍՀ
Լիտվական ԽՍՀ
Մոլդովական ԽՍՀ
Ղազախական ԽՍՀ
Ղրղզական ԽՍՀ
Ուզբեկական ԽՍՀ
Ռուսաստանի ԽՍՖՀ
Վրացական ԽՍՀ
Տաջիկական ԽՍՀ
Ուկրաինական ԽՍՀ

Պետական լեզու Ռուսերեն և այլն
Պաշտոնական լեզու Ռուսերեն
Օրհներգ ԽՍՀՄ օրհներգ
Տարածք 22 402 200 կմ²
Բնակչություն
– մարդ./կմ²;
293 047 571
13,08
Անկախություն Դեկտեմբեր 30, 1922
Դրամական միավոր ԽՍՀՄ Ռուբլի
Ժամային գոտի UTC +2 … +12
Ինտերնետ .su

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն, Խորհրդային Միություն, ԽՍՀՄ (մինչ օրս օգտագործում են նաև Սովետական Միություն, ՍՍՀՄ, Սովետ և այլ անվանումներ, ռուս.՝ Союз Советских Социалистических Республик, СССР, Советский Союз), նախկին պետություն Եվրասիայում, կազմավորվել է 1922 թվականի դեկտեմբերի 30-ին, փլուզվել 1991 թվականի դեկտեմբերի 26-ին։ Այն փաստացի ինքնիշխան խորհրդային պետությունների միություն էր։ Մայրաքաղաքը Մոսկվան էր։

ԽՍՀՄ-ի կազմավորման հռչակագրի մեջ նշվում է, որ միությունը կառուցված է ազգերի ինքնորոշման սկզբունքով։ Շեշտվում էր նաև, որ նրանցից յուրաքանչյուրն ունի իրավունք դուրս գալու ԽՍՀՄ-ի կազմից։ Իրականում որոշումները կայացնում էին իշխանության կենտրոնական մարմինները։

Աշխարհագրական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ը տարածությամբ աշխարհի խոշորագույն պետությունն էր[1], գրավում էր բնակեցված ցամաքի գրեթե 1/6-ը[1]` 22402,2 հազար կմ²[2]: ԽՍՀՄ պետական սահմանի ընդհանուր երկարությունը ավելի քան 60 հազար կմ էր (1,5 անգամ ավելի հասարակածի երկարությունից), որից 20 հազարը` ցամաքային: Ցամաքում ԽՍՀՄ-ը սահմանակից էր 12 պետությունների, արևմուտքում ` Նորվեգիային, Ֆինլանդիային, Լեհաստանին, նախկին Չեխոսլովակիային, Հունգարիային, Ռումինիային, հարավում ` Թուրքիային, Իրանին, Աֆղանստանին, Չինաստանին, Մոնղոլիային, ԿԺԴՀ-ին, իսկ ծովով սահմանակից էր ԱՄՆ-ին, Շվեդիային և Ճապոնիային: ԽՍՀՄ-ի ափերը ողողում էին Ատլանտյան ( Բալթիկ, Սև և Ազովի), Հյուսիսային Սառուցյալ ( Բարենցի, Սպիտակ, Կարայի, Լապտևների, Արևելասիբիրական և Չուկոտի) և Խաղաղ ( Բերինգի, Օխոտի և Ճապոնական) օվկիանոսների 12 ծովեր: Երկրի տարածքի ավելի քան 75%-ը գտնվում էր Ասիայում և մոտ 25%-ը` Եվրոպայում:

ԽՍՀՄ-ի հյուսիսային ծայրակետը մայրցամաքում Չելյուսկին հրվանդանն էր Թայմիր թերակղզում, կղզիներում ` Ֆլիգելի հրվանդանը Ֆրանց Իոսիֆի երկիր արշիպելագի Ռուդոլֆի կղզում, ամենահարավային կետը Չիլդուխտեր աուլն էր Թուրքմենստանում ` Կուշկա քաղաքի մոտ: Ձգվածությունը հյուսիսից հարավ մոտ 7200 կմ էր[3], արևմուտքից արևելք` Բալթիկ ծովի Գդանսկի ծոցի Բալթիական ցամաքալեզվակից մինչև Դեժնևի հրվանդանը Չուկոտկայում ` մոտ 10 հազար կմ: Երկրի ծայր արևելյան կետը Ռատմանովի կղզին էր Դիոմիդ կղզիներում ` Բերինգի նեղուցում: ԽՍՀՄ տարածքը բաժանվում էր 11 ժամային գոտիների:

Բնակչության թվով (293 047 571 մարդ, 1989) ԽՍՀՄ-ը գրավում էր երրորդ տեղը աշխարհում (Չինաստանից և Հնդկաստանից հետո): Բնակչության 63%-ը բնակվում էր քաղաքներում: ԽՍՀՄ-ը բազմազգ պետություն էր: Միավորում էր 15 միութենական հանրապետություն, որոնց կազմում ` 20 ինքնավար հանրապետություն, 8 ինքնավար մարզ, 10 ինքնավար օկրուգ, 128 երկրամաս և մարզ:

ԽՍՀՄ կազմավորումը (1922-1923)[խմբագրել | խմբագրել կոդը]

(տես նաև` Հոկտեմբերյան հեղափոխություն)

1922 թվականի դեկտեմբերի 22-ին, Մոսկվայում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ, ՌԽՖՍՀ-ի, Ուկրաինական ԽՍՀ-ի, Բելառուսական ԽՍՀ-ի և ԱԽՖՍՀ-ի պատվիրակությունների միջև ստորագրվեց պայմանագիր` ԽՍՀՄ կազմավորման վերաբերյալ (տես ԽՍՀՄ կազմավորում): Այդ փաստաթուղթը հաստատվեց 1922 թվականի դեկտեմբերի 30-ին, խորհուրդների 1-ին համամիութենական համագումարի ժամանակ և ստորագրվեց պատվիրակությունների առաջնորդների կողմից: Նշված ամսաթիվն էլ հանդիսանում է ԽՍՀՄ կազմավորման ամսաթիվը, չնայած այն հանգամանքին, որ ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհուրդը (կառավարությունը) և նարկոմատները (նախարարությունները) ստեղծվել են միայն 1923 թվականի հուլիսի 6-ին:

Սկզբնապես ԽՍՀՄ կազմի մեջ մտան միայն չորս միութենական հանրապետություն, սակայն այլ հանրապետություններ նույնպես արդեն ունեին պայմանագրային հարաբերություններ միմյանց հետ: Այդ իսկ պատճառով ԽՍՀՄ կազմավորման պահին միջպետական հարաբերությունների իրական պատկերն ուներ այսպիսի տեսք.

Հետագա տարիներին այս համակարգը ենթարկվեց կարգավորման: Միջին Ասիայի ժողովուրդների ազգագրական տարածքների սահմանազատումների ընթացքում լիկվիդացվեցին Բուխարայի Ժողովրդական Խորհրդային Հանրապետությունը և Խորեզմի Ժողովրդական Խորհրդային Հանրապետությունը, որոնք կազմավորվել էին խորհրդային իշխանության հաստատումից հետո, Ռուսական կայսրության նախկին վասալներ Բուխարայի էմիրությունում և Խիվայի խանությունում: Նրանց տեղում կազմավորվեցին նոր միութենական հանրապետություններ:

Նախիջևանի Խորհրդային Հանրապետությունը վերածվեց Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության` մտնելով Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ: Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը լուծարվեց, իսկ Հայկական, Ադրբեջանական և Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունները ստացան միութենական հանրապետությունների կարգավիճակ: Աբխազիայի կարգավիճակն իջեցվեց ինքնավար հանրապետության մակարդակի` Վրացական ԽՍՀ-ի կազմում:

Մինչպատերազմական շրջան (1923-1941)[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականի աշնանը, հատկապես Վլադիմիր Լենինի մահից հետո, երկրի ղեկավար շրջանակներում սկսվեց իշխանության հասնելու համար` խիստ քաղաքական պայքար: Հաստատվեց ավտորիտարիզմ, որն Իոսիֆ Ստալինի կողմից օգտագործվում էր միահեծան իշխանություն ստեղծելու նպատակով: 1920-ական թվականների կեսերին ծավալվեց նոր տնտեսական քաղաքականությունը (НЭП), իսկ հետո անցկացվեց արագացված ինդուստրալացում և կոլեկտիվացում: 1932-1933 թվականներին երկրում բռնկվեց համատարած զանգվածային սով, որին զոհ գնացին ավելի քան յոթ միլիոն քաղաքացի:

Ներքաղաքական դաժան պայքարից հետո, 1930-ական թվականների վերջում, Ստալինի համախոհները ամբողջովին իրենց ենթարկեցին ղեկավարող կուսակցության բոլոր ենթակառուցվածքները: Երկրում ստեղծվեց ամբողջատիրական, խիստ կենտրոնացած հասարակական համակարգ: Այդ պահից սկսած գործի դրվեց ստալինյան բռնաճնշումների համակարգը, որն սկզբնապես նպատակ ուներ արտաքսելու և հետագայում նաև ոչնչացնելու` իշխանության համար պայքարում իր նախկին մրցակիցներին: Դա պետք էր նաև իր միահեծան իշխանությունը ամրապնդելու, կառավարող առաջնորդի իր կերպարը բարձրացնելու, ցանկացած անջատողական տրամադրություն արմատախիլ անելու և իր բռնապետական նկրտումները ամենուր հաստատելու նպատակով:

Ի հայտ եկավ Ճամբարների գլխավոր վարչության (ГУЛаг) համակարգը[4], խստացվեց և ներքին, և արտաքին քաղաքականությունը, գրավյալ տարածքներում անսահմանափակ լիազորություններ տրվեցին անվտանգության աշխատակիցներին, որոնց գործողությունները ուղեկցվում էին ռազմական հանցագործություններով[5] (Կատինյան գնդակահարությունները և այլն): Հետխորհրդային որոշ պատմաբանների կարծիքով[6], այդ գործողությունները նպաստում էին խորհրդային միասնական հասարակության վերջնական ձևավորմանը, խորհրդային պետականությունը գերտերության վերածելուն, խոչընդոտում էին արևմտաեվրոպական քաղաքական գործիչներին` հակախորհրդային կոալիցիա կազմավորել, ուժեղացնում էին ներքին համախմբվածությունն ու հայրենասիրությունը, որի արդյունքում դա օգնում էր ԽՍՀՄ-ին` ճիշտ ռազմավարական դիրք բռնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում:

1939 թվականին կնքվեցին խորհրդա-գերմանական պայմանագրեր, որոնց համաձայն կիսվում էին ազդեցության ոլորտները Եվրոպայում: Արևելյան Եվրոպայի մի շարք տարածքներ առանձնանում էին, որպես ԽՍՀՄ-ի ազդեցության գոտի: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին, 1939 թվականին, ԽՍՀՄ-ին միացվեցին այն ժամանակ Լեհաստանի կազմի մեջ գտնվող Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բելառուսիայի տարածքները: Այդ տարածքային փոփոխությունները գնահատվում են տարբեր կերպ` և որպես հողերի վերադարձ[7], և որպես անեքսիա[8], այսինքն բռնազավթում: Նույն 1939 թվականին Վիլնյուս քաղաքն իր մարզով տրվեց Լիտվային[9]:

1940 թվականին ԽՍՀՄ կազմի մեջ մտան Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Հյուսիսային Բուկովինան և Բեսարաբիան (վերջինը 1918թ-ին բռնազավթվել էր Ռումինիայի կողմից): Ստեղծվեցին Մոլդովական, Լատվիական, Լիտվական և Էստոնական ԽՍՀ-ները: Մերձբալթիկայի միավորումը ԽՍՀՄ-ին (տես` Մերձբալթիկայի միացումը ԽՍՀՄ-ին), տարբեր աղբյուրներում մեկնաբանվում է տարբեր կերպ` և որպես կամավոր հիմունքներով միացում, և որպես բռնազավթում[10][11][12][13]:

1939 թվականին ԽՍՀՄ-ը վերջնագիր ներկայացրեց Ֆինլանդիային` իր քաղաքականությունը փոխելու վերաբերյալ, սակայն Ֆինլանդիան հրաժարվեց: Վերջնագիր ներկայացնելուց հետո, ԽՍՀՄ-ի կողմից սկսված խորհրդա-ֆիննական պատերազմը (1939-1940թթ.), մեծ հարված հասցրեց ԽՍՀՄ-ի միջազգային հեղինակությանը, որի արդյունքում ԽՍՀՄ-ը հեռացվեց Ազգերի լիգայից: Կարմիր բանակի անպատրաստ լինելու և համեմատաբար մեծ կորուստների գնով, այդ ձգձգված պատերազմը ավարտվեց Ֆինլանդիայի ջախջախումով: Դրա արդյունքում Ֆինլանդիայից ԽՍՀՄ-ին անցան Կարելական պարանոցը, Սալլա համայնքը, Մերձլադոգյան տարածքը և Ձկնորսական թերակղզու արևմտյան մասը: 1940 թվականին կազմավորվեց Կարելո-Ֆիննական ԽՍՀ-ն` Պետրոզավոդսկ մայրաքաղաքով:

ԽՍՀՄ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմում (1941-1945)[խմբագրել | խմբագրել կոդը]

(տես` Հայրենական մեծ պատերազմ և Հակահիտլերյան խմբավորում)

1941 թվականի հունիսի 22-ին, խախտելով ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև ստորագրված պայմանագիրը` չհարձակվելու վերաբերյալ, Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա: Միայն 1941 թվականի աշնան վերջին խորհրդային զորքերին հաջողվեց կասեցնել Գերմանիայի ներխուժումը և դեկտեմբերից անցնել հակագրոհի, որի որոշիչ իրադարձությունը Մոսկվայի ճակատամարտն էր: Սակայն 1942 թվականի ամռանը և աշնանը հակառակորդին հաջողվեց շարժվել դեպի Վոլգա գետը, նվաճելով երկրի հսկայական տարածքները: 1942 թվականի դեկտեմբերից սկսած և 1943 թվականի ընթացքում, ռազմաճակատում տեղի ունեցավ արմատական բեկում, որոշիչ դարձան Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերը:

1944 թվականից մինչև 1945 թվականի մայիս ամիսը, խորհրդային զորքերը ազատագրեցին Գերմանիայի կողմից ողջ օկուպացված տարածքները, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի երկրները, ունենալով որոշիչ ներդրում Նացիստական Գերմանիայի ջախջախման գործում, ավարտելով այն հաղթանակած և ստորագրելով Գերմանիային անվերապահորեն կապիտուլյացիայի ենթարկելու մասին արձանագրությունը:

Պատերազմը Խորհրդային Միության ժողովրդին պատճառեց հսկայական վնաս, որի արդյունքում զոհվեց 26,6 միլիոն մարդ: Գերմանիայի կողմից նվաճված տարածքներում զանգվածային ոչնչացման էր ենթարկվել խաղաղ բնակչության մեծ մասը, խեղաթյուրվել էին բազում մարդկային ճակատագրեր, ավերվել էին քաղաքներ և գյուղեր: Մյուս կողմից պատերազմը նպաստեց ռազմական արդյունաբերության ներուժի կուտակմանը` երկրի արևելյան շրջաններում, եկեղեցական և կրոնական կյանքի վերածննդին, նշանակալի տարածքների ձեռքբերմանը, ֆաշիզմի դեմ հաղթնակ տանելուն, աշխարհում ԽՍՀՄ-ի ազդեցության մեծացմանը, կազմավորվեց այսպես կոչված «սոցիալիստական ճամբար»-ը, ԽՍՀՄ-ը դարձավ ՄԱԿ-ի հիմնադիրներից մեկը, Անվտանգության խորհրդի մշտական անդամ ` վետոյի իրավունքով:

1941-1945 թվականներին մի շարք ազգեր տեղահանվեցին իրենց ավանդական բնակության վայրերից: Այդպիսի ազգերից էին կորեացիները, գերմանացիները, ինգերմանլանդյան ֆինները, կարաչայները, կալմիկները, չեչենները, ինգուշները, բալկարցիները, Ղրիմի թաթարները և թուրք մեսխեթցիները: Նրանցից շատերը զրկվեցին իրենց ազգային ինքնավարությունից: Տեղահանության ենթարկվեցին նաև այլ փոքր էթնիկ խմբեր:

1944-1947 թվականներին ԽՍՀՄ կազմի մեջ մտան Տուվայի Ժողովրդական Հանրապետությունը (այժմ Տիվայի Հանրապետությունը Ռուսաստանի կազմում), Արևելյան Պրուսիայի հյուսիսային մասը (Կալինինգրադի մարզ), Անդրկարպատը (Անդրկարպատյան մարզ), Պեչենգան, Հարավային Սախալինը և Կուրիլյան կղզիները: Այդ թվում Բելառուսիայից Բելոստոկի մարզը, Գրոդնոյի և Բրեստի մարզերի մի մասը, Ուկրաինայից Լվովի և Դրոգոբիչի մարզերի մի մասը անցան Լեհաստանին:

Հետպատերազմյան շրջան (1945-1953)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակից հետո իրականացվեց ԽՍՀՄ տնտեսության ապառազմականացում և նրա վերականգնում ` օկուպացիայից տուժած տարածքներում: Մինչև 1950 թվականը, արդյունաբերական արտադրությունը համեմատած մինչպատերազմական ժամանակաշրջանի հետ, ավելացավ 73%-ով: Գյուղատնտեսությունը վերականգնվում էր ավելի դանդաղորեն, բավականին մեծ դժվարությամբ, սխալներով ու վրիպումներով: Ամեն դեպքում, արդեն 1947 թվականին, պարենի առումով իրավիճակը կարգավորվեց, սննդամթերքի և արդյունաբերական ապրանքների քարտային համակարգը փոխվեց, իրականացվեց դրամական բարենորոգում, որը թույլ էր տալիս կարգավորել ֆինանսական դրությունը:

Հաղթանակից հետո, Խորհրդային Միության մի շարք տարածաշրջաններում առավել ակտիվորեն վերականգնվեց ազգայնամոլական կազմակերպությունների գործունեությունը, որոնք պատերազմի տարիներին կապ էին պահպանում նացիստական ընդհատակի կամ անմիջապես զավթիչների հետ, իսկ պատերազմից հետո ամեն կերպ ընդդիմանում էին խորհրդային իշխանությանը և գործում հիմնականում իրենց տարածքների անկախության և ինքնավարության համար: Առավել ցայտուն օրինակ էր համարվում մերձբալթյան ճգնաժամը, որտեղ տեղի ունեցող միջադեպերը վերածվել էին պարտիզանական պատերազմի: Այդ շարժումը հիմնականում հրահրում էին «Անտառային եղբայրներ» ազգային-ազատագրական զինված ուժերը: Հակախորհրդային գործողությունների արդյունք էր նաև ուկրաինական ճգնաժամը, որը հրահրվում էր Ուկրաինական ապստամբական բանակի կողմից: Նմանատիպ ճգնաժամերը վերացվեցին, հիմնականում Ստալինի մահից հետո և «Խրուշչովյան ձնհալ»-ի սկզբում:

Յալթայի և Պոտսդամի կոնֆերանսների որոշումների համաձայն, ԽՍՀՄ-ը 1945-1949 թվականներին, Գերմանիայի և Ավստրիայի համապատասխան օկուպացիոն գոտիներում իրավիճակի հսկողություն սահմանեց: Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում սկսվեց կոմունիստական վարչակարգի ամրապնդումը, որի արդյունքում ստեղծվեց ԽՍՀՄ-ի հետ ռազմա-քաղաքական համագործակցության միությունը (Վարշավյան դաշինք):

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո սկսվեց քաղաքական և գաղափարական առճակատումների ժամանակաշրջանը` մի կողմից ԽՍՀՄ-ի և մյուս սոցիալիստական երկրների, իսկ մյուս կողմից Արևմուտքի երկրների միջև, որը 1947 թվականին ստացավ «Սառը պատերազմ» անվանումը: Այն ուղեկցվում էր սպառազինությունների մրցավազքով և երկրագնդի տարբեր հատվածներում տեղային բախումներով:

Խրուշչովյան ձնհալը (1953-1964)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելույթ ունենալով ԽՄԿԿ XX համագումարի (1956թ.) ժամանակ, Նիկիտա Խրուշչովը քննադատեց Իոսիֆ Ստալինի անձի պաշտամունքը: Սկսվեց բռնաճնշումներին զոհ գնացած մարդկանց անվան և պատվի վերականգնումը: Մեծ ուշադրության արժանացան ժողովրդի կյանքի մակարդակի բարձրացման, գյուղատնտեսության զարգացման, բնակարանային շինարարության և թեթև արդյունաբերության հետ կապված խնդիրներն ու հարցերը:

Քաղաքական դրությունը երկրի ներսում որոշ չափով մեղմացավ: Մտավորականության որոշ ներկայացուցիչներ Խրուշչովի ելույթը ընկալեցին որպես հրապարակայնության և ձայնի իրավունքի թույլտվություն, ի հայտ եկավ ոչ պաշտոնական և գրաքննության չենթարկվող` որոշակի գրականության, հոդվածների, կրոնական տեքստերի, երգերի և այլ ստեղծագործությունների հրապարակումը, որոնցում թույլ էր տրվում մերկացնել անձի պաշտամունքը, սակայն ԽՄԿԿ-ի և գոյություն ունեցող հասարակարգի քննադատությունը կրկին խստորեն արգելվում էր:

Գիտական և արդյունաբերական ուժերի, գիտության և տեխնիկայի առանձին ուղղությունների վրա նյութական միջոցների կենտրոնացումը, թույլ տվեցին իրագործել և հասնել նշանակալի ձեռքբերումների: Ստեղծվեց աշխարհում առաջին ատոմային էլեկտրակայանը (1954թ.), Երկրի ուղեծիր հանվեցին Երկրի առաջին արհեստական արբանյակը (1957թ.) և առաջին տիեզերանավը` առաջին տիեզերագնացով (1961թ.):

Արտաքին քաղաքականության մեջ ԽՍՀՄ-ը այդ ժամանակաընթացքում, իր համար հետաքրքրություն ներկայացնող տարբեր երկրների քաղաքական հասարակարգերի հետ պահպանում էր ձեռնտու սերտ կապեր: 1956 թվականին ԽՍՀՄ զորքերը մասնակցեցին Հունգարիայում ապստամբության ճնշմանը: 1962 թվականին ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև եղած տարաձայնությունները քիչ մնաց հանգեցնեին միջուկային պատերազմի (տես` Կարիբյան ճգնաժամ): 1960 թվականին ԽՍՀՄ-ի և Չինաստանի միջև սկիզբ առած դիվանագիտական բախումը, պառակտում առաջացրեց միջազգային կոմունիստական շարժման մեջ:

Բրեժնևյան լճացումը (1964-1985)[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին Նիկիտա Խրուշչովը հեռացվեց իշխանությունից: ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար դարձավ Լեոնիդ Բրեժնևը: 1970-1980-ական թվականները` այն ժամանակների աղբյուրներում, անվանում էին «զարգացած սոցիալիզմի» ժամանակաշրջան:

Բրեժնևի կառավարման տարիներին նավթի միջազգային գները եռապատկվեցին նաև Արևմտյան Սիբիրում նոր հանքերի շահագործման պատճառով: Կոպիտ ասած, ԽՍՀՄ-ը նստեց այսպես կոչված «նավթային ասեղի» վրա, որի պատճառով դանդաղեց բարեփոխումների ընթացքը, վատթարացավ տնտեսության վիճակը, գնալով աստիճանաբար` դեպի անկում: Այդ տարիներին երկրում ստեղծվել էր էլեկտրաէներգետիկական միացյալ համակարգ, որը միավորում էր 78 էներգոհամակարգ և էլեկտրաէներգիայով ապահովում էր ինչպես ԽՍՀՄ-ի, այնպես էլ Բուլղարիայի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի, Լեհաստանի, ԳԴՀ-ի և Ֆինլանդիայի տարածքները: Լճացումն արտահայտվում էր նաև բնակարանային շինարարության ռեկորդային թափով` մոտավորապես 60 միլիոն քառ.մ. տարեկան, որը 1964-1985 թվականներին կազմել է մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն քառ.մ. բնակմակերես (չնայած ոչ բարձր որակի, սակայն խորհրդային չափանիշներով բարեկարգ): Դա խորհրդային ժամանակաշրջանի համար իսկական ռեկորդ էր և հանդիսանում է հետխորհրդային տարածքի ժամանակակից բնակֆոնդի հիմքը: Տնտեսական դրությունը բնութագրվում էր օրըստօրե մեծացող հերթերով` դեֆիցիտ ապրանքների համար: Այնուամենայնիվ, համեմատած անցած ժամանակների հետ, «լճացման» տարիները համարվում էին ավելի բարենպաստ:

Ութերորդ հնգամյակը (1966-1970թթ.) խորհրդային պատմության մեջ ամենահաջողն էր և ստացել էր «ոսկե» անվանումը: Այդ տարիներին նկատվեց խորհրդային արդյունաբերության լուրջ աճ, որը այդ ժամանակ գերազանցեց ԱՄՆ-ի արդյունաբերության զարգացման տեմպերին: Եթե 1960 թվականին արդյունաբերական ապրանքների արտադրության ծավալները կազմում էին մոտ 55%, ապա 1980 թվականին կազմում էին ավելի քան 80%:

1968 թվականին ԽՍՀՄ-ն իր բանակը մտցրեց Չեխոսլովակիա` նպատակ ունենալով ճնշել քաղաքական բարեփոխումների նկրտումները (տես` Պրահայի գարուն): Բրեժնևի իշխանության գալուն զուգընթաց, Պետանվտանգության կոմիտեն ուժեղացրեց պայքարը այլախոհության դեմ: Դրա առաջին նախանշանը գրողներ Անդրեյ Սինյավսկու և Յուլի Դանիելի դատավարությունն էր: 1970-ական թվականների սկզբին ԽՍՀՄ-ում սկսվեց հրեաների արտագաղթ: Արտագաղթեցին մեծ թվով հայտնի գրողներ, դերասաններ, երաժիշտներ, մարզիկներ և գիտնականներ: Այդ տարիներին ի հայտ եկավ այլախոհական շարժումը: Հայտնի դարձան այնպիսի անուններ, ինչպիսիք էին Անդրեյ Սախարովը և Ալեքսանդր Սոլժենիցինը:

1970-ական թվականներին Բրեժնևը արտաքին քաղաքականության շրջանակներում բազմիցս փորձեր արեց քաղաքական լիցքաթափման հասնելու համար: Կնքվեցին խորհրդա-ամերիկյան մի շարք պայմանագրեր` ռազմավարական հարձակողական զինատեսակների սահմանափակման վերաբերյալ, որոնք սակայն չէին ամրապնդվում ` փոխադարձ վստահության բացակայության պատճառով և հսկողություն չէր սահմանվում դրանց իրագործման ուղղությամբ: Նույնիսկ 1967 թվականից սկսեցին արագացնել միջմայրցամաքային հրթիռների տեղադրումը ստորերկրյա հանքերում:

1965 թվականին ԽՍՀՄ-ը ռազմական օգնություն էր ցուցաբերում Հյուսիսային Վիետնամին` ԱՄՆ-ի և Հարավային Վիետնամի դեմ պայքարելու համար: Դա շարունակվեց մինչև 1973 թվականը և ավարտվեց Հարավային Վիետնամի և նրան աջակցող ամերիկյան զինվորական խմբավորումների պարտությամբ: Ամերիկյան զորամիավորումները դուրս բերվեցին Վիետնամից, իսկ արդյունքում Վիետնամի Հարավային և Հյուսիսային տարածքները միավորվեցին (տես` Վիետնամի պատերազմ): 1979 թվականին ԽՍՀՄ-ը աֆղանական կառավարության խնդրանքով սահմանափակ զորաքանակ մտցրեց Աֆղանստան, որը բերեց քաղաքական լիցքաթափման ավարտի և «սառը պատերազմ»-ի վերականգնմանը (տես` Աֆղանական պատերազմ):

1980 թվականին Մոսկվայում անցկացվեց XXII ամառային օլիմպիադան:

Վերակառուցում (1985-1991)[խմբագրել | խմբագրել կոդը]

(տես` Վերակառուցում (ԽՍՀՄ))

1985 թվականի մարտին, Կոնստանտին Չերնենկոյի մահվանից հետո, երկրի իշխանության գլուխ կանգնեց Միխայիլ Գորբաչովը: 1985-1986 թվականներին Գորբաչովի ու կառավարությունում նրա համախոհների կողմից իրականացվեց սոցիալ-տնտեսական զարգացման արագացման քաղաքականություն, որը հանգում էր գոյություն ունեցող սոցիալիստական համակարգի առանձին վերցրած թերությունների խոստովանությանը և դրանք փորձելով վերացնել որոշ վարչական բնույթի խոշոր գործընթացներով (անաշխատ եկամուտների դեմ պայքար, հակաալկոհոլային արշավ և այլն):

1987 թվականի հունվարին տեղի ունեցած լիակազմ ժողովից հետո, երկրի ղեկավարության կողմից սկսվեցին առավել արմատական բարեփոխումներ: Փաստացի, նոր պետական գաղափարախոսություն հայտարարվեց վերակառուցումը` տնտեսական և քաղաքական բարենորոգումների միագումարը, որի արդյունքում երկրի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքը կտրականապես դարձավ անկայուն, քայքայվեց խորհրդային կարգը, անցում կատարվեց կապիտալիզմի, որն էլ հանգեցրեց ԽՍՀՄ-ի փլուզմանը:

1989 թվականի երկրորդ կեսին, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարից հետո, վերակառուցման շրջանակներում կտրուկ սրվեց քաղաքական ուժերի դիմակայությունը: Նրանց մի մասը ելույթներ էր ունենում սոցիալիստական զարգացման ուղին բռնելու համար, իսկ մյուս մասը երկրի ապագան տեսնում էր կապիտալիզմի սկզբունքներով կյանքը կարգավորելու մեջ: Տարբեր կարծիքներ կային նաև ԽՍՀՄ-ի ապագա դիմագծի, միութենական և հանրապետական, ինչպես նաև պետական իշխանության և կառավարության փոխհարաբերությունների վերաբերյալ:

ԽՍՀՄ-ի փլուզումը (1990-1991)[խմբագրել | խմբագրել կոդը]

(տես` Համամիութենական հանրաքվե)

Միխայիլ Գորբաչովի կողմից իրականացվող վերակառուցման քաղաքականությունը բերեց քաղաքական և տնտեսական ոլորտներում երկրի կառավարումը կորցնելուն, ներքաղաքական դրության կտրուկ սրմանը, մի շարք ազգամիջյան բախումների, Վարշավյան դաշինքի և Տնտեսական փոխօգնության խորհրդի (ՏՓԽ, СЭВ) փլուզման, խորհրդային հանրապետությունների անկախության ձգտումների, Բելովեժյան համաձայնագրի ստորագրման` Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ) ստեղծելու վերաբերյալ և վերջնական արդյունքում ` ԽՍՀՄ-ի գործունեության դադարեցման:

1987 թվականին ԽՍՀՄ տարածքում բռնկվեցին մի շարք ազգամիջյան բախումներ, որոնցից առավել սուր կերպով արտահայտվեցին Ղարաբաղյան բախումները: 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը, Ադրբեջանական ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում, տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ (տես` Սումգայիթի ջարդեր): Նույն թվականի նոյեմբերին ջարդեր կազմակերպվեցին Կիրովաբադում (տես` Գանձակի ջարդեր և Գանձակի ինքնապաշտպանություն (1988)) և այլ քաղաքներում: Այդ նույն` 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայկական ԽՍՀ-ում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, խլեց ավելի քան 25000 մարդու կյանք (տես` Սպիտակի երկրաշարժ): 1989 թվականին Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհուրդը հայտարարեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու մասին: Ադրբեջանական ԽՍՀ-ն սկսեց շրջափակման ենթարկել Հայաստանին: 1991 թվականին, երկու միութենական հանրապետությունների միջև սկսվեց պատերազմ (տես` Արցախյան ազատամարտ):

1989 թվականին փլուզվեցին Վարշավյան դաշինքն ու ՏՓԽ-ն: 1990 թվականի ապրիլի 3-ին ԽՍՀՄ գերագույն խորհուրդը ընդունեց հատուկ օրենք, որը վերահսկում էր ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալը: Նույն թվականի դեկտեմբերի 3-ին, ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը բարձրացրեց ԽՍՀՄ-ը Ինքնիշխան Պետությունների Միության վերակազմավորելու հարցը, որն իր կածիքով միութենական հանրապետություններին լայն հնարավորություններ և իրավունքներ կտար:

1991 թվականի մարտի 17-ին տեղի ունեցավ ԽՍՀՄ-ը պահպանելու վերաբերյալ համամիութենական հանրաքվե, որին մասնակցած միութենական հանրապետությունների քաղաքացիների 77,85%-ը կողմ էին արտահայտվել` պահպանել ԽՍՀՄ-ը, որպես իրավահավասար ինքնիշխան հանրապետությունների թարմացված միություն` սոցիալիստական կարգերի պահպանմամբ:

1991 թվականի օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը, խորհրդային կառավարության պահպանողական տրամադրություններ ունեցող մի շարք անդամներ, որոնք ելույթներ էին ունենում ԽՍՀՄ փլուզման և կապիտալիզմին անցնելու դեմ, Պետանվտանգության ուժերի օգնությամբ շրջափակեցին Գորբաչովին` Ֆորոսում գտնվող կառավարական նստավայրում, որտեղ նա ընտանիքով հանգստանում էր և կազմավորեցին Արտակարգ դրության պետական կոմիտե (ԱԴՊԿ, ГКЧП): Այդ կոմիտեի կազմի մեջ մտան ԽՍՀՄ փոխնախագահը, ԽՍՀՄ պաշտպանության նախարարը, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարը, ԽՍՀՄ վարչապետը, ԽՍՀՄ պետանվտանգության նախագահը և այլոք: Զորք մտցվեց Մոսկվա, Կենտրոնական հեռուստատեսության «Ժամանակ» լրատվական հաղորդման ընթացքում ընթերցվեց ԱԴՊԿ-ի որոշումը` ԽՍՀՄ գործող Սահմանադրության պահպանման և հակասահմանադրական տրամադրությունների բոլոր ձևաչափերի հատման մասին: Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը, ով գլխավորում էր ընդդիմությունը, ԱԴՊԿ-ի անդամների գործողությունը որակեց որպես պետական հեղաշրջման փորձ (путч): Երկու քաղաքական ուժերի դիմակայությունը հանգեցրեց Մոսկվայում զանգվածային ցույցի` ի աջակցություն Ելցինին: ԱԴՊԿ-ի ղեկավարության ընդհանուր անվճռականությունը հանդիսացավ նրանց պարտության և ինքնալուծարման պատճառ, որի արդյունքում նրանք ձերբակալվեցին, սակայն 1994 թվականին, ԽՍՀՄ փլուզումից հետո արժանացան համաներման:

ԱԴՊԿ-ի պարտությունից հետո, 1991 թվականի օգոստոսի 24-ին, Ուկրաինական ԽՍՀ-ի գերագույն խորհուրդը հայտարարեց Ուկրաինայի անկախությունը, որը հաստատվեց համաուկրաինական հանրաքվեով` 1991 թվականի դեկտեմբերի 1-ին: Նույն թվականին ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու մասին հերթականությամբ հայտարարեցին նաև մյուս միութենական հանրապետությունները:

1991 թվականի դեկտեմբերի 8-ին, ԽՍՀՄ երեք հանրապետությունների (Ռուսաստան, Ուկրաինա և Բելառուս) ղեկավարներ Բորիս Ելցինը, Լեոնիդ Կրավչուկը և Ստանիսլավ Շուշկևիչը, ստորագրեցին համաձայնագիր, որում հայտարարությամբ հանդես եկան ԽՍՀՄ գործունեության դադարեցման և ԱՊՀ-ի ստեղծման վերաբերյալ: 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, Ալմա-Աթայում կայացավ նախագահների հանդիպում, որտեղ ԱՊՀ-ին միացան ևս ութ հանրապետություն` Ադրբեջանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:

1991 թվականի դեկտեմբերի 25-ին Գորբաչովը հայտարարեց ԽՍՀՄ նախագահի պաշտոնում իր լիազորությունների դադարեցման մասին: Դեկտեմբերի 26-ին, ԽՍՀՄ գերագույն խորհրդի հանրապետությունների խորհուրդը ընդունեց որոշում ` ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին, այդպիսով պաշտոնապես լուծարելով ԽՍՀՄ-ը:

ԽՍՀՄ փլուզման հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ փլուզումից հետո, նրա տարածքում կազմավորվեցին մի շարք անկախ պետություններ: Ներկայումս դրանցից մնացել են թվով 19, որոնցից 15-ը ՄԱԿ-ի անդամ են, 2-ը ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից ճանաչվել են մասնակի, իսկ 2-ը` ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից չեն ճանաչվել ընդհանրապես: Փլուզվեցին ռուբլու գոտին և միացյալ ԽՍՀՄ զինված ուժերը (նրա փոխարեն ստեղծվեց Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ОДКБ), բացի երեք մերձբալթյան հանրապետություններից և արդյունքում նաև Վրաստանից, Ուզբեկստանից և Ադրբեջանից):

1992 թվականի ապրիլին, Ռուսաստանի ժողովրդական պատգամավորների VI համագումարը հրաժարվեց վավերացնել Բելովեժյան համաձայնագիրը և բացառել ռուսական սահմանադրությունից ԽՍՀՄ սահմանադրության և օրենքների մասին հիշատակումները, որն էլ հանդիսացավ նախագահ Ելցինի և Ժողովրդական պատգամավորների համագումարի` դիմակայության հիմնական պատճառներից մեկը: 1993 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, այդ դիմակայությունը հանգեցրեց` Մոսկվայում զանգվածային զինված անկարգությունների, որն ավարտվեց Ելցինի հրամանով` Ռուսաստանի գերագույն խորհրդի շենքի գնդակոծմամբ և բազմաթիվ մարդկային զոհերով:

1994 թվականին, Չեչնիայի հանրապետության և Հյուսիսային Կովկասի սահմանամերձ տարածքներում սկսվեց քաղաքացիական պատերազմ Ռուսաստանի և չճանաչված Իչկերիայի Չեչենական Հանրապետության միջև, որը հայտնի դարձավ Առաջին չեչենական պատերազմ անվանումով: Այդ պատերազմը և դրան հաջորդող իրադարձությունները բնութագրվում են բնակչության, զինվորական և իրավապահ համակարգի անձնակազմի մեծաքանակ զոհերով, Չեչնիայում ոչ չեչեն ազգաբնակչության էթնիկ մաքրումներով և այլն: Այն իր շարունակությունն ստացավ 1999 թվականին սկիզբ առած` Երկրորդ չեչենական պատերազմով, որոնք ուղեկցվում էին բազմաթիվ ահաբեկչական գործողություններով և չէին դադարում նաև հետագայում (2002թ-ին` մոսկովյան Դուբրովկայում, 2004թ-ին` Բեսլանում և այլն):

1991-1992 թվականներին սկիզբ առան Վրաստանի զինված բախումները Հարավային Օսիայի և Աբխազիայի դեմ, որը փաստացի ավարտվեց 2008 թվականին` Ռուս-վրացական պատերազմով: Դրա արդյունքում Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

Լեռնային Ղարաբաղում դեռևս շարունակվում էր պատերազմը Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև:

1992 թվականին սկսվեցին զինված բախումներ նաև Մոլդովայի և ինքնահռչակ Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության միջև: Բացի այդ, 1990-1994 թվականներին Գագաուզիայի տարածքը փաստացի չէր վերահսկվում Մոլդովայի կողմից և զինված առճակատումը հաջողվեց դադարեցնել միայն հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերելով:

Նույն 1992 թվականին քաղաքացիական պատերազմ սկսվեց նաև Տաջիկստանում, որի արդյունքում Տաջիկստանի տնտեսությունը մատնվեց լիակատար կործանման:

Պետական խորհրդանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխությունների, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի[14] ժամանակ ի հայտ եկած և ներկայացուցչական դերակատարում ունեցած տարբերանշանները և պատկերները համապատասխանաբար օգտագործվում էին բոլշևիկների, ձախ հայացքների տեր քաղաքական ուժերի, հետագայում նաև Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի կողմից` զինվորական ելույթներ, ցույցեր և այլ միջոցառումներ իրականացնելու ժամանակ: Այդ տարբերանշանները և պատկերները հետագայում քաղաքացիական զանգվածներին և համաշխարհային հանրությանը ներկայացվում էին որպես խորհրդային պետականության խորհրդանիշներ:

Խորհրդային պետականության առաջնահերթ խորհրդանիշներ էին համարվում բանվորա-գյուղացիական համերաշխությունը խորհրդանշող մուրճն ու մանգաղը և հնգաթև կարմիր աստղը, որոնք ամենաճանաչված սոցիալիստական խորհրդանիշներն էին աշխարհում:

Հետագայում, սպիտակգվարդիականներին դուրս մղելուց և պետական կարգը սահմանելուց հետո, հարց առաջացավ ԽՍՀՄ շրջանակներում զանազան պետական կազմավորումներ միավորելու, ինչպես նաև համաշխարհային աշխատավորական շարժում, այդ թվում նաև ընդհանուր կոմունիստական տարբերանշաններ ստեղծելու վերաբերյալ: Այդպես, 1923 թվականին ի հայտ եկավ ԽՍՀՄ դրոշը` կարմիր պաստառի վերևի ձախ անկյունում ոսկեգույն մուրճի և մանգաղի, ինչպես նաև հնգաթև աստղի պատկերով: Նույն թվականին հաստատվեց նաև ԽՍՀՄ զինանշանը (գերբ), որի վրա պատկերված էր գլոբուսը` եզրազարդված ոսկեգույն հասկերով և «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» կոմունիստական նշանաբանով, որը գրված էր միութենական հանրապետությունների 6-ից 16 լեզուներով (նայած ժամանակահատվածի): 1943 թվականին ստեղծվեց ԽՍՀՄ օրհներգը, որը փոխարինեց Ինտերնացիոնալին: Այն խմբագրվել էր երկու տարբերակով, որոնցից վերջինը գործածվել է մինչև 1991 թվականը: Ի դեպ, Ռուսաստանի ներկայիս օրհներգի երաժշտությունը վերցված է ԽՍՀՄ օրհներգից:

ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո, ԽՍՀՄ խորհրդանիշները կորցրել են իրենց իրավաբանական ուժը և պաշտոնապես չեն օգտագործվում ոչ մի նախկին միութենական հանրապետության կողմից: ԱՊՀ երկրների մեծամասնության կողմից դրանք օրենքով արգելված չեն և հաճախ գործածվում են միայն կոմունիստական կամ ազգային-սոցիալիստական կուսակցությունների կողմից: Ներկայումս, խորհրդային և նրա հետ միասին նաև նացիստական խորհրդանիշները[14] հասարակական վայրերում և հրապարակայնորեն օրենքով արգելված են Հունգարիայում[14], Չեխիայում[14], Լեհաստանում[14], Լատվիայում[14], Լիտվայում[14], Մոլդովայում[14], Վրաստանում[15] և Ուկրաինայում (2015)[16]: Այդ որոշումները դեռևս վիճարկելի են[17]:

Եվրոպական դատարանը արգելել է ԽՍՀՄ զինանշանի պատկերով ապրանքանիշերի գրանցումը[18]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 СССР в Рунет-энциклопедии «Кругосвет»
  2. Географическая карта СССР и её краткая характеристика
  3. География СССР. Общие данные
  4. Именем Сталина: Гулаг на «Великих стройках коммунизма»
  5. (անգլ.) Sanford, George. «Katyn And The Soviet Massacre Of 1940: Truth, Justice And Memory». Routledge, 2005.
  6. Итоги правления Сталина
  7. Илья Крамник. Пакт во имя победы
  8. Павел Полян. Выборочные депортации с аннексированных территорий Польши, Прибалтики и Румынии в 1939—1941 гг.
  9. Договор о передаче Литовской Республике города Вильно и Виленской области и о взаимопомощи между Советским Союзом и Литвой
  10. Комментарий Департамента информации и печати МИД России в связи с высказываниями ряда европейских политиков относительно «оккупации» стран Балтии Советским Союзом и необходимости осуждения этого со стороны России, 04.05.2005.
  11. (անգլ.) European Parliament (1983-01-13)։ «Resolution on the situation in Estonia, Latvia, Lithuania»։ Official Journal of the European Communities։ C 42/78 
  12. (անգլ.) European Parliament resolution on the sixtieth anniversary of the end of the Second World War in Europe on 8 May 1945
  13. (անգլ.) European Parliament resolution of 24 May 2007 on Estonia
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 Советская символика. Как серпом по Западу
  15. Грузия вводит штрафы за использование символики коммунизма и фашизма // Новости-Грузия, 29 ноября 2013
  16. Лавров призвал Запад заставить Украину не героизировать фашизм // nation-news.ru, 16.04.2015
  17. Венецианская комиссия реабилитировала серп и молот // baltijalv.lv
  18. Европейский суд запретил делать герб СССР торговой маркой // РБК.ru
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png