Ֆաշիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտալական ֆաշիզմի դրոշը 1930-1940 թթ.

Ֆաշիզմը (իտալերեն` fascismo) 1919 թ. առաջացած իտալական ծագմամբ քաղաքական շարժում է։ Նեղ իմաստով, տերմինը բնութագրում է Բենիտո Մուսոլինիի հիմնադրած շարժումը, ինչպես նաև իտալական միապետության ներքո 1922-1945 թթ. գոյություն ունեցող ռեժիմը` Մուսսոլինին ղեկավարությամբ։ Լինելով հակառակորդ ժողովրդավարությանը, պառլամենտարիզմին, սոցիալիզմին և մարքսիզմին, մուսոլինյան ֆաշիզմը ավտորիտար է և ազգայնական[1][2]։ Նացիզմը մասամբ ներշնչվել է ֆաշիզմից։ Շատ հաճախ «ֆաշիստ» բառը օգտագործվում է քաղաքական հակառակորդին վարկաբեկելու համար։ Այսօր նույնպես այն համարվում է հայհոյանք։ Չնայած դրան՝ որոշ ծայրահեղ աջ շարժումներ, որոնք անվանվում են նեոֆաշիստական, օգտագործում են ֆաշիստական գաղափարները։

Գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառը ծագում է իտալերեն «fascio» բառից, որը հռոմեական իշխանության խորհրդանիշներից էր և որը 1919 թ.-ից սկսեց օգտագործվել Մուսոլինիի զինյալների կողմից։ Շարժումը որկվում է որպես տոտալիտար և կարելի է ամփոփել Մուսոլինիի հետևյալ նախադասության մեջ.

Aquote1.png Ամեն ինչ պետության միջոցով, ոչինչ առանց պետության, ոչինչ ընդդեմ պետության: Aquote2.png

Իր լայն իմաստով ֆաշիզմը որակվում է որպես Լուսավորիչների դարաշրջանի դեմոկրատական հումանիզմի արժեքներին ռեակցիոն գաղափարախոսություն։ Առաջանալով դեմոկրատական արժեքների ֆրյուստրացիայից ֆաշիզմը ժխտում է մարդու իրավունքները, կոմունիզմը, անարխիզմը, անհատական ազատությունները և լիբերալիզմը։ Իր «Ֆաշիզմի քաղաքական և սոցիալական ուսմունք»-ի մեջ Մուսոլինին 1933-ին հաստատում է.

Aquote1.png Փաստ է, որ 19-րդ դարը եղել է սոցիալիզմի, լիբերալիզմի և ժողովրդավարության դար, ինչը չի նշանակում, որ 20-րդ դարը նույնպես պիտի լինի սոցիալիզմի, լիբերալիզմի և ժողովրդավարության դար։ Քաղաքական ուսմունքներն անցնում են, ազգերը` մնում։ Մենք ազատ ենք հավատալու, որ սա իշխանության, հեղինակության դար է` ֆաշիզմի դարը։ Եթե 19-րդ դարը ինդիվիդուալիզմի դար էր, մենք ազատ ենք հավատալու, որ սա կոլեկտիվի դար է և նաև Պետության դարն է: Aquote2.png


Ֆաշիզմի զարգացման փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարելի է ֆաշիզմի զարգացումը բաժանել 5 փուլերի։ Առաջին փուլում այլախոհ հրապարակախոսները, ծայրահեղ աջերը, որոնք մերժում են պահպանողականների չափավորությունը և նախկին ձախ ծայրահեղականները, որոնք մերժում են ժողովրդավարությունը, կազմում են քաղաքական լիբերալիզմի քննադատությունը՝ լայնորեն օգտագործելով ազգային և սոցիալական զգացմունքները։ Երկրորդ փուլում, այս շարժումները, որոնք միչև այդ մարգինալ էին, կարևորություն են ձեռք բերում, քանզի խոշոր արդյունաբերողների և հողատերերի աչքին սկսում են համարվել միակ ուժը, որ կարող է կարգ հաստատել ընդդեմ կոմունիստական գործունեության։ Այս պահից սկսած ֆաշիզմը հրաժարվում է իր սոցիալական պահանջներից և հանդես գալիս ի օգուտ նեղ տնտեսական լիբերալիզմի։ 3-րդ փուլում ֆաշիստական կուսակցությունը գալիս է իշխանության։ Չորրորդում՝ ֆաշիստական իշխանությունը կոնսոլիդցվում է, համախմբվում է։ Հինգերորդ փուլը ռադիկալացման փուլն է, որը հիմնականում իրականացվել է նացիստական ռեժիմի ժամանակ՝ համակենտրոնացման և ոչնչացման ճամբարների տեսքով։ Ֆաշիզմի սոցիալական մոդելը առավելապես կենտրոնացած է ազգի վրա, քան ազգը կազմող անհատների։ Նա ձգտում է ստեղծել միավորված և համերաշխ մի խումբ, որն ունենա ամուր ինքնություն։ Դրա համար հարկավոր է, որ այդ խումբը, հանրույթը ունենա ընդհանուր պատմություն և ճակատագիր և որ այն կառուցվի սեփական մշակութային ամրությունը հավերժացնելու կամքի վրա։ Արդ, ֆաշիստների համար առաջնահերթ է հասնել այդ ազգային հանրույթի հոմոգենացմանը, միատարր դարձնելուն /էթնիկական, կրոնական կամ դասակարգային իմաստներով/։ Ֆաշիզմի հաջորդ հատկանշական կետը սոցիալական հիերարխիայի ամրությունն է։ Խումբը պետք է առաջնորդվի շեֆի կողմից, որ Իտալիայում կոչվում էր Duce (Դուչե- Գիդ, առաջնորդող), որի հեղինակությունը հարցականի տակ չէր դրվում։ Ֆաշիզմը տոտալիտար համակարգ է, այն բացառում է բոլոր տիպի ընդդիմությունները,։ Այն հենվում է շոկային խմբերի վրա, Սև վերնաշապիկների վրա, որոնք իշխանությունը վերցնելուց հետո ամբողջովին զինվեցին։ Ի տարբերություն այլ տոտալիտար ռեժիմների, ֆաշիզմը ավելի շատ ձգտել է ձեռք բերել ժողովրդի համակրանքը, քան դիմել հարկադրական մեթոդների։ Օգտագործելով դեմագոգիայի և պոպուլիզմի տեխնիկան, նրան հաջողվել է ձեռք բերել ժողովրդական լայն աջակցություն և նույնիսկ պահպանել որոշ դեմոկրատական ձևեր, ինչպես համընդհանուր ընտրությունները /երկու տարի/։ Ինչպես Ֆյուրերը, Մուսոլինին նույնպես «հրավիրվել» է կառավարության ղեկավարի պաշտոնին իշխանությունների համաձայնությամբ իր հայտնի արշավանքով դեպի Հռոմ։ Ֆաշիզմի համար կարևոր է մոբիլիզացնել այնպիսի արժեքներ, ինչպիսինն են հայրենասիրությունը, ազգային «վերանորոգման» և մաքրության գաղափարները։ Հավատալը, ենթարկելը և կռվելը դառնում են արժեքներ, վերլուծելը և քննադատելը որակվում են որպես անհնազանդություն։ Դրա համար էլ հարկավոր է ստեղծել մի կարևոր զգացմունք, գտնել մի ընդհանուր թշնամի, որը ձգտում է ոչնչացնել կոլեկտիվը և որի դեմ էլ ամբողջ խումբը պետք է մոբիլիզացվի։ Այս մոբիլիզացիան թույլ է տալիս խստորեն ոչնչացնել ամեն մի բողոք՝ առանց կորցնելու ժողովրդական աջակցությունը։ Հարկավոր է միայն ոչնչացման ենթակա մարդուն որակել որպես թշնամի, դավաճան, երկրորդ կարգի մարդ։ Սակայն իտալական ֆաշիզմը չի իրագործել հիտլերյան մասսայական կոտորածները։ Ֆաշիզմը, ի տարբերություն նացիզմի, սկզբում ռասիստական չէր։ Այն միայն 1935 թ.-ից է ընդունում ռասիստական օրենսդրություն /արգելվում էր գաղութարարների ամուսնությունը աֆրիկացիների հետ/ և 1938-ից հակասեմիթական օրենսդրություն, ինչը պայմանավորված էր Հիտլերյան Գերմանիայի հետ դաշնակցությամբ։ Ավելին, այս օրենքներն ավելի մեղմ էին և ավելի շատ բացառություններ էին արվում քան Հիտլերի կամ Պետենի հակասեմիթական օրենքները։ Ֆաշիստական գաղափարախոսությունը հիմնվում է՝

  • Նացիոնալիզմի և իմպերիալիզմի(վերականգնել Հռոմեական կայսրությունը) վրա։ Վարչակարգը ամենուր կառուցում է անտիկ ոճի մարզադաշտեր, հսկայական հուշարձաններ, հռոմեական դարաշրջանի խորհրդանիշներով։ Իտալիան, աբցի իր գաղութից /Լիբիա/ պետք է հսկի Միջերկրականը։ Նա պահանջում է Կորսիկան, Ալբանիան, Դալմաթիան, Սավուան, Նիցցան, պատերազմում է Իսպանիայում, Հունաստանում, Եգիպտոսում։
  • Ղեկավարի պաշտամունքի վրա։ Մուսոլինին Դուչե է (Duce). Ֆաշիստների համար մարդը չպետք է երկար մտածի, նա պետք է կայանա պատերազմի միջոցով։ Il Duce ha sempre ragione՝Դուչեն միշտ ճիշտ է։
  • Պետության բարձր կենտրոնացման վրա։ Պառլամենտը 1928 թ.-ից հետո ունի միայն փոքր դեր, որովհետև ընտրվում է Ֆաշիզմի մեծ խորհրդի՝ իրական իշխանության կողմից։
  • Զանգվածների հավաքագրման վրա։ Սկսած մանկապարտեզից Balilla-ները /էգ գայլի որդիները/ շքերթներ են անում սև համազգեստով, ողջունում իրար հռոմեացու պես, մասնակցում, օժանդակում ռեժիմի միջոցառումներին, մարզվում փայտե զենքերով։ Ուժի և բռնության դերը մեծանում է։ Արհմիությունները փոխարինվում են պետության կողմից հսկվող կորպորացիաներով։ Գործադուլի իրավունքը վերացվում է։
  • Պրոպագանդայի վրա։ Ֆաշիստական խորհրդանիշները և կարգախոսները, քայլերգերը, նեո-հռոմեկան հուշարձաններն ամենուր են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Turner, Henry Ashby, Reappraisals of Fascism. New Viewpoints, 1975. p. 162. States fascism's "goals of radical and authoritarian nationalism".
  2. Larsen, Stein Ugelvik, Bernt Hagtvet and Jan Petter Myklebust, Who were the Fascists: Social Roots of European Fascism, p. 424, "organized form of integrative radical nationalist authoritarianism"
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «ֆաշիզմ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։