Անարխիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անարխիզմը քաղաքական փիլիսոփայություն է, որն առաջարկում է կամավոր համագործակցության վրա հիմնվող ինքնավար հասարակություն։ Վերջինս օգտագործվում է առանց պետականության հասարակություն իմաստով, սակայն որոշ հեղինակներ բացատրում են եզրը ավելի հստակ, որպես ազատ, ոչ հիերարխիկ միությունների վրա հիմնվող ինստիտուցիա։ Անարխիզմը համարում է պետությունը ոչ ցանկալի, ոչ անհրաժեշտ և վնասակար։ Անարխիզմը հակադրվում է ոչ միայն պետական համակարգում մարդու հանդեպ իշխանությանը և հիերարխիկ կազմակերպմանը, այլ մարդկային հարաբերություններում ցանկացած իշխանական դրսևորումներին։

Անարխիզմը, որպես փիլիսոփայություն, ճկուն և բազմատարր է, և չի առաջարկում եզակի աշխարհայացքով պայմանավորված կոնկրետ համակարգ։ Գոյություն ունեն անարխիզմի բազմաթիվ ուղություններ և ավանդույթներ, որոնց մի մասը իրարամերժ են։ Անարխիստական մտքի տարբեր դպրոցները կարող են հիմնորեն տարբերվել․ ծայրահեղ ինդիվիդուալիզմից մինչև բացարձակ կոլլեկտիվիզմ։ Անարխիզմի ուղղությունները հիմնականում բաժանվում են երկու խմբերի՝ սոցիալական և ինդիվիդուալ։ Սովորաբար, անարխիզմը համարվում է արմատական ձախ գաղափարախոսություն։ Դրա տնտեսական և իրավական փիլիսոփայությունը հիմնականում հանդիսանում է կոմունիզմի, կոլլեկտիվիզմի, սինդիկալիզմի, մուտուալիզմի և մասնակցային տնտեսության հակավտորիտար ըմբռնումը։

Ստուգաբանություն և Տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անարխիզմ եզրը ածանցավոր բառ է՝ բաղկացած անարխիա բառից և -իզմ ածանցից[1]։ Դրանք իրենց հերթին փոխառություններ են հունարեն ἀναρχία,[2] այսինքն անարխիա[3][4][5] (բաղկացած՝ ἄναρχος, անարխոս, նշանակությունը՝ “կառավարիչ չունեցող”,[6] իր հերթին բաղկացած ժխտական ἀν- նախածանցից(ան-, այսինքն “առանց”), ἀρχός, արխոս, այսինքն “ղեկավար”, “կառավարիչ”,[7](արխոն կամ ἀρχή, arkhē, այսինքն “իշխանություն”, “սուվերենություն”, “մագիստրություն”)[8]) և -ισμός or -ισμα վերջածանցից (-իզմոս, -իզմա):[9] Ֆրանսիական Հեղափոխության ընթացքում տարբեր խմբակցություններ «անարխիստ» են կոչել իրենց հակառակորդներին (ինչպես Ռոբեսպյերի կողմնակիցները Էբերտիստներին)[10] մինչդեռ նրանցից քչերն էին կրում ավելի ուշ շրջանի անարխիստների գաղափարները։ 19-րդ դարի սկզբի հեղափոխականներից շատերը ազդեցություն են ունեցել հաջորդ սերնդի անարխիստական տեսությունների վրա, (օրինակ․ Վիլյամ Գոդվին և Վիլհելմ Ուեյթլինգ), սակայն չեն օգտագործել անարխիզմ և անարխիստ բառերը իրենց կամ իրենց համոզմունքները սահմանելու համար։

Առաջին քաղաքական փիլիսոփան, ով իրեն անարխիստ անվանեց՝ Պյեր֊Ժոզեֆ Պրուդոնն էր, այդպիսով 19֊րդ դարի կեսերին ֆորմալ առումով դնելով անարխիզմի սկիզբը։ Սկսելով 1890֊ականներից, սկզբից Ֆրանսիայում[11]լիբերտարիանիզմ եզրը հաճախ օգտագործվել է որպես անարխիզմի հոմանիշ[12] և օգտագործվում է գրեթե միայն այս իմաստով։[13] Մյուս կողմից, լիբերտարիանիզմ է անվանվում նաև ինդիվիդուալիստական ազատ֊շուկայական փիլիսոփայությունը՝ լիբերտարիանական անարխիզմը։

Շատերի կողմից առաջին անարխիստը համարվող Վիլիամ Գոդվինը (1756-1836)

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական Հեղափոխության ընթացքում տարբեր խմբակցություններ «անարխիստ» են կոչել իրենց հակառակորդներին (ինչպես Ռոբեսպյերի կողմնակիցները Էբերտիստներին), մինչդեռ նրանցից քչերն էին կրում ավելի ուշ շրջանի անարխիստների գաղափարները։ 19-րդ դարի սկզբի հեղափոխականներից շատերը ազդեցություն են ունեցել հաջորդ սերնդի անարխիստական տեսությունների վրա, (օրինակ․ Վիլյամ Գոդվին և Վիլհելմ Ուեյթլինգ), սակայն չեն օգտագործել անարխիզմ և անարխիստ բառերը իրենց կամ իրենց համոզմունքները սահմանելու համար։ Առաջին քաղաքական փիլիսոփան, ով իրեն անարխիստ անվանեց՝ Պյեր֊Ժոզեֆ Պրուդոնն էր, այդպիսով 19֊րդ դարի կեսերին ֆորմալ առումով դնելով անարխիզմի սկիզբը։ Սկսելով 1890֊ականներից, սկզբից Ֆրանսիայում, լիբերտարիանիզմ եզրը հաճախ օգտագործվել է որպես անարխիզմի հոմանիշ և օգտագործվում է գրեթե միայն այս իմաստով։ Մյուս կողմից, լիբերտարիանիզմ է անվանվում նաև ինդիվիդուալիստական ազատ֊շուկայական փիլիսոփայությունը, լիբերտարիանական անարխիզմը։ Անարխիստական թեմատիկայով ամենավաղ գրառումները կարելի է գտնել մ․թ․ա․ 6֊րդ դարում, դաոսական փիլիսոփա Լաո Ցզիի աշխատություններում, և հաջորդ դարերում Ժուանգ Ցզիի և Բաո Ջինգյանի մոտ։ Տարբեր աղբյուրներ Ժուանգ Ցզիի փիլիսոփայությունը մեկնաբանում են որպես անարխիստական։ Նա գրում է․  «Փոքր գողը նստած է բանտում։ Մեծ ավազակը դարձել է տիրակալ»։ Դիոգենես Սինոպացին և կինիկները, իրենց ժամանակակից Զենոն Կիտացին՝ ստոիկության հիմնադիրը, նույնպես նմանատիմ թեմաներ էին առաջ բերում։ Քրիստոնեական անարխիզմի ավանդույթում Հիսուսը երբեմն համարվում է առաջին անարխիստ։ Ջորջ Լեչարտյեն գրում է․ «Անարխիզմի իրական հիմնադիրը Հիսուս Քրիստոսն է և ․․․առաջին անարխիստական հասարակությունը առաքյալներինն էր։» Իսլամի վաղ պատմության մեջ  անարխիստական մտքի դրսևորումներ նկատվում են հանուն Խալիֆաթի Իսլամական քաղաքացիական պատերազմի ընթացքում, երբ Խարիջիթները ամրագրեցին իմամատը իսլամական հասարակության բոլոր անհատների համար։ Ավելի ուշ որոշ մահմեդական սքոլաստներ, ինչպես օրինակ Ամեր ալ֊Բասրին և Աբու Հանիֆան, առաջնորդեցին իշխանավորներին բոյկոտելու շարժումները, որոնք ճանապարհ հարթեցին վաքֆերի ավանդույթի համար, ինչը այլընտրանք էր էմիրների կենտրոնամետ իշխանությանը։ Սակայն, վերոնշյալ, գրեթե անարխիստական դաոիստական ուսմունքի և այլ հակա֊ավտորիտար կրոնական ավանդույթների այսպիսի մեկնաբանումից առաջանում է բարդ հարց․ արդյոք անարխիզմը համատեղելի է կրոնի հետ, թե ոչ։ Օրինակ, երբ պետության փառաբանումը դիտարկվում է որպես մեղսական կռապաշտություն։

Վերածննդի ֆրանսիացի փիլիսոփա Էթիեն դե լա Բոեսի ամենահայտնի՝ “Խոհեր կամավոր ստրկության մասին” աշխատությունը որոշ պատմաբաններ համարում են նախադեպ՝ անարխիզմի պատմության համար: Արմատական բողոքական Ջերարդ ՈՒինստենլին և նրա դիգգերների խումբը որոշ հեղինակների կողմից հիշատակվում են որպես 17-րդ դարի՝ Անգլիայում սոցիալական փոփոխություններ առաջարկող անարխիստներ։ “Անարխիստ” եզրը առաջին անգամ անգլերեն օգտագոգրծվել է 1642 թվականին՝ Անգլիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում, որպես վիրավորանք։ Այն օգտագործվել է Ռոյալիստների կողմից՝ վերջիններիս հակառակորդների՝ Ռաունդհեդերի դեմ։ Ֆրանսիական հեղափոխության ընթացքում, ոմանք, օրինակ՝ Կատաղածները(Enragés) սկսեցին օգտագործել եզրը դրական իմաստով, ի հակադրություն Յակոբինների ուժերի կենտրոնացմանը, “հեղափոխական կառավարությունը” դիտարկելով որպես օքսյումորոնային։ 19-րդ դարասկզբին անգլերեն “անարխիզմ” բառը կորցրեց իր բացասական երանգը։

Ժամանակակից անարխիզմը ծագում է լուսավորչության շրջանի աշխարհիկ և կրոնական մտքից, մասնավորապես՝ Ժան֊Ժակ Ռուսոյի փաստարկներից, ըստ որոնց բարոյականությունը ազատության գաղափարում կենտրոնական դեր է զբաղեցնում։

1790֊ականներին, երբ Ֆրանսիական Հեղափոխությունը վերելք էր ապրում, Վիլիամ Գոդվինը ձևակերպեց ժամանակակից անարխիստական մտքի առաջին արտահայտումները։ Ըստ Պյոտր Կրոպոտկինի, Գոդվինը «առաջինը ձևկերպեց անարխիզմի քաղաքական և տնտեսական կոնցեպտները, չնայած, իր աշխատության մեջ այդ գաղափարները չէին անվանվում անարխիստական»։ Միաժամանակ Գոդվինի անարխիստական գաղափարները բխում են Էդմունդ Բրուկի վաղ շրջանի մտքերից։

Ընդհանրապես Գոդվինը համարվում է “փիլիսոփայական անարխիզմի” դպրոցի հիմնադիրը։ “Քաղաքական արդարություն” (1793) աշխատությունում նա պնդում է, որ կառավարությունը իր բնույթից ելնելով վնասակար ազդեցություն ունի հասարակության վրա և հավերժացնում է կախվածությունն ու տգիտությունը։ Նա կարծում էր, որ քննադատական մտածողության զանգվածային տարածումը վերջ ի վերջո կհանգեցնի կառավարության վերացմանը, որովհետև վերջինս կկորցնի իր անհրաժեշտությունը։ Չնայած որ նա չէր օժտում պետությունը բարոյական լեգիտիմությամբ,  կառավարությունը իշխանազրկելու՝ հեղափոխական մարտավարությունների կիրառմանը։ Ավելին, նա խաղաղ էվոլյուցիայի ճանապարհով կառավարության հեռացման կոմնակից էր։

Պարտադրված կանոնների վրա հիմնված հասարակության հանդեպ հակակրանքից ելնելով նա քննադատում էր օրենքի հիմքերը, սեփականության իրավունքը և ամուսնության ինստիտուտը, համարելով դրանք ժողովրդի “մտավոր ստրկացման” արտահայտում։ Նա համարում էր, որ տվյալ հասարակության բազային հիմքերը զսպում են անհատների բնական զարգացումը, թույլ չտալով օգտագործել իրենց տրամաբանելու ունակությունը հասնելու փոխշահավետ սոցիալական կարգի ստեղծմանը։ Ըստ Գոդվինի, ցանկացած հարցում, կառավարությունն ու իր ինստիտուտները սահմանափակում են մեր՝ ամբողջական և ազատ, անհատական դատողությունների հիման վրա լիարժեք  ապրելու ունակությունների զարգացումը։

Պիեր-Ժոզեֆ Պրուդոնը առաջինն է՝ ով ինքն իրեն անարխիստ է անվանել իր՝ 1840 թվականին հրատարակված «Ի՞նչ է սեփականությունը» աշխատության մեջ։ Դրա պատճառով է որ շատերը Պրուդոնին համարում են ժամանակակից անարխիստական տեսության հիմնադիրը։ Նա զարգացրեց հասարակության ինքնակազմակերպման տեսությունը, ըստ որի հանրային կառույցները ձևավորվում են առանց հասարակական կառուցվածքի մասին սեփական պատկերացումները առաջ տանող կենտրոնական համակարգողի։ Ըստ Պրուդոնի, կենտրոնական համակարգողը իր պատկերացումները հակադրում է իրենց սեփական շահի համար գործող անհատների կամքին։ Դրա մասին Պրուդոնն ասել է հետևյալը․ «Ազատությունը հասարակական կառուցվածքի մայրն է, և ոչ թե դուստրը»:  «Ի՞նչ է սեփականությունը» աշխատության մեջ նա պնդում է՝ «Սեփականությունը՝ գողություն է»։ Վերոնշյալ աշխատության մեջ նա հակադրվում է մասնավոր սեփականության (propriété) ինստիտուտին, որտեղ սեփականատերը ունի բացարձակ իրավունք “օգտագործելու ու չարաշահելու” իր սեփականությունը ինչպես ցանկանա։ «Մանավոր սեփականության»-ը նա հակադրում է այսպես կոչված «տնoրինում»֊ը, ինչը իրենից ենթադրում է բարիքների և միջոցների սահմանափակ սեփականություն՝ շարունակական օգտագործման պայմանով։ Ինչևէ, ավելի ուշ Պրուդոնը հավելում է՝ «Սեփականությունը՝ ազատություն է» և պնդում, որ այն պարիսպ է պետական իշխանության դեմ։ Պետությանը, կրոնին և որոշակի կապիտալիստական պրակտիկաներին նրա հակառակվելը ոգևորեց հաջորդ սերունդների անարխիստներին, և դարձրեց իրեն իր ժամանակի առաջատար հասարակական գործիչներից մեկը։

Անարխո-կոմունիստ Ժոզեֆ Դեժաքը առաջինն էր, ով ինքն իրեն անվանեց «լիբերտարիանական»: Ի տարբերություն Պիեր-Ժոզեֆ Պրուդոնի, նա պնդում էր, որ «սա [սեփականությունը] նրանց աշխատանքի արդյունքը չէ, որի իրավունքը աշխատավորներն ունեն, այլ միջոց է նրանց կարիքների բավարարման համար` անկախ դրանց բնույթից»: 1844 թվականին Գերմանիայում հետհեգելյան փիլիսոփա Մաքս Շտիրները հրատարակեց  «Միակը և իր սեփականությունը» (The Ego and Its Own) գիրքը, որը հետագայում համարվեց անարխո-ինդիվիդուալիզմի առաջին ազդեցիկ տեքստը: 1848 թվականի Հեղափոխությանը ակտիվ մասնակցություն են ունեցել ֆրանսիացի անարխիստներ Անսելմ Բելժարին, Էռնեստ Կեռդերոյը, Ժոզեֆ Դեժաքը և Պիեր-Ժոզեֆ Պրուդոնը:

Ռուս տեսաբան Պյոտր Կրոպոտկինը (1842–1921) մեծ ազդեցություն է թողել անարխո-կոմունիզմի զարգացման վրա

Ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անարխո-ինդիվիդուալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անարխիզմի ինդիվիդուալիստական տեսությունը սկսվում է անհատից, որը աշխարհը կառուցող հիմնաքարն է։ Ինդիվիդուալիստները հավատում են այն բանին, որ ամեն մարդ ունի իրավունքներ։ Ոմանք դա անվանում են «բնական իրավունքներ»: Ոչ ոք չի կարող խախտել այդ իրավունքները, ոչ առանձին մարդը և ոչ էլ մարդկանց խումբը։ Այդ իրավունքների մեջ սովորաբար ներառում են անհատի ապրելու, իր մարմինը վերահսկելու և իր մտքերն ազատ արտահայտելու իրավունքները։ Բացի դա, մարդիկ ունեն որոշակի գործունեության, այդ թվում ստեղծագործելու իրավունք և իրենց արտադրածի վրա տիրելու իրավունք։ Այս պարագայում անհատների միջև սոցիալական համագործակցության ձևերն են դառնում փոխանակումը (գնում, վաճառք, առևտուր) կամ պայմանավորվածությունը։ Ամերիկյան տեսաբան Ջոշուա Ուորենի ստեղծած անարխո-ինդիվիդուալիզմի կերպարը այդ տեսության առաջին մտածված և ձևակերպված տարբերակն է, որը հետևություն է արել, թե հասարակությունը այնպես պետք է վերակառուցվի, որ պաշտպանի ամեն մի անհատի ինքնիշխանության անձեռնմխելիությունը։ Այնտեղ պետք է լինի շահերի, պատասխանատվության, ուժ կիրառելու, գործողության անհատականությունը։ Ըստ նրա, սեփականությունը ամհատի սեփական աշխատանքի արդյունքը պետք է լինի։ Այս մոտեցման տեսաբանները քննադատում էին նաև մոնոպոլիաները, հատկապես պետական մոնոպոլիաները, քանի որ նրանք պարտադրանք էին կիրառում անհատի նկատմամբ և սահմանափակում էին որոշում կայացնելու նրանց իրավունքները։ Չնայած այն բանին, որ սկզբնական շրջանում շատ անարխիստներ համակրում էին սոցիալիզմին, ժամանակի հետ նրանք առավելությունը տվեցին ազատ շուկային, ուստի, զարմանալի չէ, որ անցան լիբերալիստների շարքերը։

Փոխօգնության անարխիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխօգնության անարխիզմը միջին դիրք է գրավում մի կողմից ինդիվիդուալիստական անարխիզմի, մյուս կողմից անարխո-սոցիալիզմի և անարխո-կոմունիզմի միջև։ Այս մոտեցման հիմքում ընկած է Պյեր-Ժոզեֆ Պրուդոնի ստեղծած իդեալական հասարակության կերպարը։ Նա մասնավոր սեփականության հակառակորդ չէր և նրա տեսությունում անհատները կարող էին ունենալ գործիքներ և արտադրական այլ միջոցներ։ Սակայն, մարդիկ պարգևատրվում են միայն իրենց սեփական աշխատանքի համար։ Նա հանդես էր գալիս բոլոր մարդկանց հավասարության օգտին, սնկախ նրանց ունեցվածքից։ Պրուդոնը կարծում էր, որ հասարակության մեջ չի կարող լինել համաձայնություն, քանի որ գոյություն ունի մսանավոր սեփականությունը։ Նա կարծում էր, որ պետք է փոխել մասնավոր սեփականության բնույթը և բոլոր ապրանքներին տիրապետել միասին։ Այնուամենայնիվ, Պրուդոբը ավանդական իմաստով կոմունիստ չէր։ Կոմունիստական հավասարությունը խառնելով անարխիստական ինդիվիդուալիզմի հետ՝ նա ստացավ փոխօգնության անարխիզմը։ Նրա հայացքները որոշ ժամանակ տեղ գտան Ֆրանսիայում, սակայն անարխիզմի այս տիպը ամենակարճ կյանքն ունեցավ։

Անարխո-սոցիալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ուղղության համար բնութագրական է հետաքրքրությունը կամավոր համագործակցության նկատմամբ, որը չկա սոցիալիզմի այլ հոսանքների մոտ, որոնք սոցիալիստական պետության պարտադրման ձևերի կողմնակից են։ Միխայիլ Բակունինի (1814-1876) կարծիքով, իր ժամանակներում անարխո-սոցիալիզմը անարխիստական քաղաքական մտքի գերակայող ձևն էր։ «Աստվածը և պետությունը» աշխատության մեջ Բակունինը կոլեկտիվիստական գաղափարների կողմնակից է և գտնում է, որ ունիվերսալ հեղինակությունները, սկսած կառավարությունից, եկեղեցուց կամ մեկ այլ ինստիտուտից, արժանի չեն ենթակայության։ Մարդը պետք է իր բանականությամբ որոշի, թե ում ենթարկվի և ինչ պայմաններով։ Պետության, եկեղեցու և անգամ ընտանեկան աստիճանակարգի մերժման գաղափարը մեծ հետաքրքրություն առաջացրեց Եվրոպայում և ապահովեց Բակունինի հայացքների երկարաժամկետ ժողովրդականությունը։ Նրա գաղափարների հիմնական տարրը պետության առաջացման օրինաչափությունների և նրա «ոչնչացման» ու հասարակությունը առանց պետության ինքնակառավարման հաստատման կոնցեպցիան է։

Անարխո-կոմունիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Կրոպոտկինը (1842-1921) անարխո-կոմունիզմի ամենաճանաչված տեսաբանն է համարվում։ Նա փորձեց մշակել անարխո-կոմունիզմին անցնելու գիտական ծրագիր։ Նա գտնում էր, որ բոլոր ռեսուրսները պետք է լինեն կոմունայի անդամների հասարակական սեփականությունը և նրա ամեն մի անդամ կարող է իր պահանջների չափով օգտվել այդ ռեսուրսներից։ Այդ համակարգում մարդիկ չեն աշխատի եկամուտ ստանալու ակնկալիքով։ Եթե վերանա կարիքն ու նախանձը, ապա հանցագործություն կատարելու հիմքեր չեն լինի։ Հանցագործության բացակայության պայմաններում կվերանա այնպիսի կենտրոնացված ինստիտուտների անհրաժեշտությունը, ինչպիսին են իրավապահ մարմինները։ Բանվորները կարող են բարի կամքով միավորվել, որպեսզի կատարեն անհրաժեշտ աշխատանքը։ Չնայած գաղափարների տարբերությանը և շատ դրույթների հակասականությանը, անարխիզմը մեծ դեր խաղաց սոցիալական ու քաղաքական կարևոր նշանակություն ունեցող բռնությունից հրաժարվելու և պարտադրանքի մերժման թեմաների քննարկման գործում։ Հնարավոր է, որ անարխիզմը կպաշտպանի իր նշանակությունը նաև 21-րդ դարում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Anarchism, Online etymology dictionary.
  2.  Chisholm Hugh, ed. (1911)։ «Anarchism»։ Encyclopædia Britannica 1 (11th ed.)։ Cambridge University Press։ էջ 914 
  3. Կաղապար:LSJ.
  4. Anarchy, Merriam-Webster online.
  5. Anarchy, Online etymology dictionary.
  6. Կաղապար:LSJ.
  7. Կաղապար:LSJ
  8. Կաղապար:LSJ.
  9. -ism, Online etymology dictionary.
  10. Deleplace, Marc (1990). «Anarchie–Anarchiste; Germinal–Fructidor An III (21 mars – 16 septembre 1795)». in Annie Geffroy (french). Dictionnaire des usages socio-politiques (1770–1815). ENS Editions. էջեր 9–34. ISBN 9782252026946. https://books.google.com/books?id=GOkSKE57mdYC&pg=PA9. 
  11. Nettlau, Max (1996). A Short History of Anarchism. Freedom Press. էջ 162. ISBN 0-900384-89-1. 
  12. "At the end of the century in France, Sebastien Faure took up a word used in 1858 by one Joseph Dejacque to make it the title of a journal, Le Libertaire. Today the terms "anarchist" and "libertarian" have become interchangeable." Anarchism: From Theory to Practice Daniel Guérin
  13. Russell, Dean. Who is a Libertarian?, Foundation for Economic Education, "Ideas on Liberty," May 1955.