Հայրիշխանություն
Հայրիշխանություն, նախնադարյան հասարակական հարաբերությունների առավել տարածված ձև, որին բնորոշ է տղամարդու առաջատար դերը տնտեսության, հասարակության մեջ և ընտանիքում։ Առաջացել է նախնադարյան համայնական հասարակարգի անկման շըրջանում։ Պայմանավորված էր արտադրողական ուժերի զգալի զարգացմամբ և աշխատանքի արտադրողականության բարձրացմամբ՝ բոլոր տնտեսաձևերում (հողագործություն, անասնապահություն, որսորդություն և ձկնորսություն), որոնց հետևանքով աճում էր ապրանքափոխանակությունը, և առաջանում մասնավոր սեփականություն։ Արտադրության գրեթե բոլոր բնագավառներում նսեմանում էր կնոջ դերը՝ աստիճանաբար սահմանափակվելով տնային աշխատանքով, և բարձրանում տղամարդու դերը։ Հայրիշխանությանը բնորոշ էին նաև սերունդը հոր գծով հաշվելը, տոհմի տնտ. միասնության քայքայումը, անցումը զուգամուսնությունից մենամուսնության, հայրատեղային ամուսնությունը և մեծ նահապետական ընտանիքների (գերդաստան) առաջացումը։ Հետագայում, կապված գույքային անհավասարության խորացման, նահապետական ստրկության առաջացման և հասարակության՝ դասակարգերի բաժանման հետ, Հայրիշխանությունն ավելի ամրապնդվեց։
Հայկական լեռնաշխարհում Հայրիշխանությունը ձևավորվել է Էնեոլիթի վերջում, վաղ բրոնզի դարի սկզբին (մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակի վերջ, 3-րդի սկիզբ)։ Հասարակության պատմության մեջ Հայրիշխանության տեղի հարցը դարեր շարունակ բանավեճի առարկա է եղել։ Շատ տարածված էր մարդկային հասարակության նախասկզբնական նահապետականության վերաբերյալ տեսակետը, որին անտիկ ժամանակաշրջանում կողմնակից էին Պլատոնն ու Արիստոտելը։ Հիշյալ տեսակետը տիրապետող էր միջնադարում, 19-րդ դարում պաշտպանում էր Գ. Մենը։ 1860-1870-ական թվականներին, սկզբում Բախոֆենը, ապա՝ Լ. Մորգանը մերժեցին այն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 213)։ |