Սկեպտիցիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սկեպտիցիզմ, սկեպտիկականություն (հուն․՝ σκεπτικός, - հետազոտող), փիլիսոփայական դիրքորոշում, որն ընդգծում է գիտելիքի հարաբերական բնույթը և մերժում ճշմարտության որևէ հավաստի չափանիշի գոյությունը։

Սկեպտիցիզմի զարգացման փուլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևավորվել է հին հունական փիլիսոփայության մեջ և անցել զարգացման երեք փուլ, վաղ սկեպտիցիզմ (հիմնադիրն է Պիհռոնը), Պլատոնյան ակադեմիայում զարգացվող սկեպտիցիզմ (երբ այն ղեկավարում էին Արկեսիլայոսն ու Կառնեադեսը) և ուշ սկեպտիցիզմ (էնեսիդեմոս, Սեքստոս Էմպիրիկ)։

Սկեպտիցիզմի տեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ սկեպտիցիզմի՝ ցանկացած դրույթի կարելի է հակադրել մեկ այլ դրույթ, որը ճշմարտության նկատմամբ իր հարաբերությամբ հավասարազոր է առաջինին, և դրանցից մեկին նախապատվություն տալու ոչ մի հիմք չկա։ Ուստի անհրաժեշտ է «ապրել ըստ փորձի» և չզբաղվել կենսական պահանջներից զատ տեսական ու փիլիսոփայական խնդիրներով։ Սկեպտիկների համոզմամբ այս ճանապարհով կարելի է հասնել հոգու անխռով վիճակի (ատարաքսիա), որը համարվում էր ամեն մի սկեպտիկական հետազոտության նպատակը։ Ըստ սկեպտիցիզմի՝ իմացության ձևերը, մասնավորապես տրամաբանական և զգայական միջոցները, իրականության ճանաչման հուսալի եղանակներ չեն և չեն կարող արտացոլել իրերի բուն էությունը։ Հակադրվելով թե՛ ռացիոնալիստական, թե՛ էմպիրիկական կողմնորոշումներին, սկեպտիկները այնուամենայնիվ գերադասում են առաջնորդվել զգայականության սկզբունքով, հարելով էմպիրիզմին։ Հանդես գալով իշխող մետաֆիզիկական դոգմատիկական ուսմունքների դեմ, սկեպտիկները բացահայտել են ճանաչողության դիալեկտիկայի որոշ տարրեր, որի պատճառով Վլադիմիր Իլյիչ Լենինը սկեպտիկական փաստարկներում տեսնում էր դիալեկտիկայի սաղմեր։ Փիլիսոփայական մտքի պատմության ընթացքում առանձնանում է Վերածննդի դարաշրջանի սկեպտիցիզմ, ինչպես նաև 16-17-րդ դարերի սկեպտիցիզմ, որը միջնադարյան սխոլաստիկայի դեմ պայքարի և մատերիալիստական ու աթեիստական աշխարհայեցողության սկզբունքները հիմնավորելու հզոր զենք էր։

Դավիթ Անհաղթ

Սկեպտիցիզմը հայ իրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ փիլիսոփայության մեջ սկեպտիցիզմի խոր քննադատությամբ հանդես է եկել Դավիթ Անհաղթը, որը հանգամանորեն վերլուծել է իմացաբանության և տրամաբանության դեմ սկեպտիկների առաջադրած փաստարկները, բացահայտել դրանց արատները, մշակել հակափաստարկներ, որոնք հետագայում հայ փիլիսոփաները օգտագործել են ագնոստիկական տարբեր հոսանքների դեմ և դրանով արտահայտել հայ փիլիսոփայական մտածողության հակասկեպտիկական ուղղվածությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 438