Ճապոնական փիլիսոփայություն
Ճապոնական փիլիսոփայություն, առաջին փիլիսոփայական ուսմունքները Ճապոնիայում ձևավորվել են ֆեոդալիզմի դարաշրջանում։ Այն զարգացել է հին չինական բնափիլիսոփայական պատկերացումների, կոնֆուցիականության բարոյագիտական-քաղաքագիտական ուսմունքի, բուդդայականության, այնուհետև նաև կոնֆուցիականության ազդեցությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնիայում նեոկոնֆուցիական իդեալիզմի հիմնադիրներն էին Ֆուձիուվարա Սեյկան (1561-1619 թթ.) և Հայասի Ռաձանը (1583-1657 թթ.)։ Նրանց դպրոցը (Սյուսի հակուա) պրոպագանդում էր չինական փիլիսոփա Չժու Սիի ուսմունքը։
Ճապոնական նեոկոնֆուցիականները սովորեցնում էին, որ տիեզերքի վրա իշխում է «տայեկյոկուն» կամ «մուկյոկուն»՝«մեծ սահմանը» կամ «անսահմանը»՝ մի համընդհանուր գերբնական ուժ, որը զուրկ է հատկություններից և ձևերից և անմատչելի մարդկային ընկալմանը։ Միստիկական տայեկյոկուն կազմում էր «ռի» (լի) իդեալական սկզբնապատճառի հիմքը, «ռին» կապված է «կի» (ցի) մատերիալիստական սկզբնապատճառի հետ և ընդունակ է ստեղծելու ֆիզիկական բնությունն ու մարդուն
Նեոկոնֆուցիականները հիմնավորում էին կլասիկ կոնֆուցիականության դոգմաները ի սկզբանե գոյություն ունեցող ենթարկման (որդին՝ հորը, հպատակը՝ կայսրին, կինը՝ ամուսնուն և այլն) հարաբերությունների մասին։ Այս շրջանում գործում էին նաև կլասիկ կոնֆուցիականության դպրոցները Յամահա Սոկոյի (1622-1685 թթ.) և Բուցու (Օհիյու) Սորայի (1666-1728 թթ.) գլխավորությամբ և Չինական փիլիսոփա Վան Շոու-Ժենի (Վան Յանի-Մինի) սուբյեկտիվ իդեալիզմի կողմնակիցների դպրոցը՝ «Օյոմեյհակուհան» Նական Տոձյուի (1608-1648 թթ.) գլխավորությամբ։
Ի հակադրություն Ճապոնիայի փիլիսոփայության մեջ տիրապետող իդեալիստական հոսանքների՝ ձևավորվում էին մատերիալիստական հայացքներ։ Ճապոնիայում մատերիալիստական փիլիսոփայության զարգացման համար և կոնֆուցիական ու նեոկոնֆուցիական իդեալիզմի, բուդդայական միստիկայի խարխլման համար կարևոր նշանակություն է ունեցել արևմտաեվրոպական մտածողների ուսմունքներին (Ֆրենսիս Բեկոնի, Գասենդիի, Հոբսի, Կոպեռնիկոսի, Գալիլեո Գալիլեյի, Նյուտոնի] և ուրիշների)։ Հակաֆեոդալական հասարակական մտքի, մատերիալիստական և աթեիստական գաղափարների զարգացման գործում աչքի ընկնող դեր են խաղացել Կայբարա (Էկիկեն) Էկկենի (1630-1714 թթ.), Մուրո Կյուսոյի (1658-1734 թթ.), Իտո Զինսայի (1627-1705 թթ.), Յահամատա Սյունանի (1687-1752 թթ.) երկերը։
Ֆեոդալիզմի դարաշրջանին է վերաբերում (XVII դարի վերջ և XVIII դարի սկիզբ) Անդո Սյոեկիի գործունեությունը։ Փիլիսոփան, մերժելով անսահման իդեալական սկզբնապատճառի նեոկոնֆուցիական գաղափարը, պաշտպանում էր այն դրույթը, որ բնության իսկական օրենքը անընդհատ լինելիությունն է։ Բնության և նրա օրենքների վերաբերյալ Անդո Սյոեկիի ասույթները պարունակում են դիալեկտիկայի տարրեր։ Տիեզերքը, ըստ Անդո Սյոեկիի, բաղկացած է հինգ մատերիական անվերջ տարրերից, որոնք գործում են ինքնակամորեն։
Անդո Սյոկին ֆեոդալական ռեժիմի վճռական հակառակորդ էր, լուսավորական հայացքների պրոպագանդիստ։ Մերժելով մարդկային բնական անհավասարության գաղափարը` նա սոցիալական չարիքի աղբյուրը համարում էր մասնավոր սեփականությունը։ Սակայն մտածողի սոցիալական պահանջներն ուտոպիական էին Հավասարություն հաստատելու համար մարդիկ պետք է անցնեն հողի կոլեկտիվ մշակման, որը կհանգեցնի հասարակության հարստացման, արհեստների ու արվեստների ծաղկման։ Կոնֆուցիական սխոլաստիկայից վճռական հրաժարման վկայությունն էին բնափիլիսոփա Միուրա Բալենի (1723-1789 թթ.) երկերում եղած մատերիալիստական տարրերը։
Ճապոնական փիլիսոփայության մեջ իբրև մատերիալիստական և աթեիստական մտքի կողմնակիցներ հանդես եկան Մինահավա Կիենը (1716-1804 թթ.), Հիրագա Գենսայը (1726-1779 թթ.), Յամահատա Բանտոն (1761-1801 թթ.)։
1867-1868 թվականների անավարտ բուրժուական հեղափոխությունն ազդել է ճապոնական փիլիսոփայության զարգացման վրա։ Այդ շրջանում փիլիսոփայական գաղափարների զարգացումը տեղի էր ունենում «կանրյո հակուսյայի» (բյուրոկրատիայի գիտնականների) և «մինկան հակուսյայի» (ժողովրդի գիտնականների ) պայքարի պրոցեսում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Փիլիսոփայական բառարան, Երևան, Հայաստան հրատ., 1975
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Japanese philosophy: Routledge Encyclopedia of Philosophy Online
- Japanese Aesthetics by Graham Parkes in the Stanford Encyclopedia of Philosophy
|