Բյուրոկրատիա
Շարքի մաս |
Քաղաքականություն |
---|
![]() |
Ակադեմիական առարկաներ |
Կառավարության օրգաններ |
Բյուրոկրատիա (ֆր.՝ bureau գրասենյակ և հունարեն՝ kratos իշխանություն, տիրապետություն), կառավարչական իրավասություններով օժտված, իշխանության բարձրագույն մարմինների որոշումների իրականացման գործում մասնագիտացած մարդկանց խումբ։ Բյուրոկրատիայի գործունեությունը հիմնվում է դերերի և գործառույթների հստակ տարանջատման սկզբունքի վրա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած նրան, որ «բյուրոկրատիա» տերմինը գործածության մեջ է մտել միայն 18-րդ դարի սկզբին, բյուրոկրատական կառավարման ձևը գոյություն է ունեցել դեռևս հնագույն ժամանակներից։ Բյուրոկրատիայի առաջացման ժամանակաշրջանը համարվում է ձեռագրի գյուտը, այսպիսով, բյուրոկրատներ են եղել դեռևս Հին Շումերում ու Հին Եգիպտոսում։ Հին Չինաստանում բարդ բյուկրատական համակարգ է ստեղծել Կոնֆուցիոսը։ Հռոմեական կայսրությունը ևս ունեցել է բյուրոկրատական համակարգ։ Կայսրության անկումից հետո ավելի բարդ բյուրոկրատական համակարգ կառուցեց Բյուզանդական կայսրությունը։
Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բյուրոկրատիա ֆրանսերեն բառ է, շրջանառության մեջ է մտել 1745 թվականին ֆրանսիացի տնտեսագետ Մարկիզ դե Գուրնեի (ֆր.՝ Vincent de Gournay) կողմից: Նա բյուրո (bureau) գոյականին, որը նշանակում է և՛ հիմնարկ, և՛ գրասեղան, ավելացրել է հունարեն կրատոս (κράτος) բայը, որը նշանակում է ղեկավարել, իշխել: Ստացվել է բյուրոկրատիա, որը նշանակում է պաշտոնյաների իշխանություն: Սկզբում այն կրում էր երգիծական նվաստացուցիչ իմաստ[1]:
Մեկնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոլոր ժամանակակից կազմակերպություններն իրենց բնույթով բավականաչափ բյուրոկրատական են: Սկզբնական շրջանում այս բառը կիրառվում էր միայն իշխանական հիմնարկների վերաբերյալ, բայց աստիճանաբար բառի նշանակությունը ընդլայնվեց և այժմ վերագրվում է բոլոր խոշոր կազմակերպություններին:
Դե Գուրնեն խոսում էր պաշտոնյաների աճող ուժի մասին, անվանելով «բյուրոկրատիա անվամբ հիվանդություն»[2][3]:
Անգլերենում բյուրոկրատիա բառը առաջին անգամ, դարձյալ բացասական երանգով, կիրառվել է 1815 թվականին Լոդոնի Թայմս օրաթերթում.
![]() |
Հատկապես այս բյուրոկրատիայում, պարոնայք, դուք կգտնեք այն անտեսանելի և չար ուժերը, որոնք ամենաազնվական հայացքները խոչընդոտում են և կանխում կամ թուլացնում են Ֆրանսիայի բոլոր ողջունելի բարեփոխումների ազդեցությունը[4]: | ![]() |
Իռլանդական վիպասան Լեդի Մորգանը 1818 թվականին բյուրոկրատիայի մասին գրել է. «Բյուրոկրատիա կամ բռնակալական հիմնարկ, որը երկար ժամանակ իշխում էր Իռլանդիայում»[5]:
Ֆրանսիական գրող Բալզակը բյուրոկրատիան անվանել է «պիգմեյների ղեկավարած հսկայական իշխանություն»: Այս տեսակետը պահպանվում է նաև մեր օրերում: Բյուրոկրատիան հաճախ ասոցացվում է քաշքշուկի, անարդյունավետության և շռայլության հետ:
19 - րդ դարի կեսերին օգտագործվել է չեզոք իմաստով նկատի ունենալով կառավարման համակարգի ոչ ընտրովի պաշտոնյաներին, որոնք միապետության կամակատարն էին միայն[6]:
Անգլիական երգիծաբան Սիրիլ Նորքոթ Պարկինսոնը կատարել է բյուրոկրատիայի փայլուն վերլուծություն, որը հիմնված է այն մտքի վրա, որ պաշտոնյաներն անսահմանորեն ընդլայնում են իրենց գործունեության սահմանները, որպեսզի զբաղեցնեն իրենց ունեցած ազատ ժամանակն ամբողջությամբ[7]: Ըստ «Պարկինսոնի օրենքի» աշխատանքը ձգվում է այնպես, որպեսզի լրանա դրա իրականացման համար հատկացված ամբողջ ժամանակը: Բյուրոկրատիան աճում է ոչ այն պատճառով, որ պաշտոնատար անձինք իրենց վրա են վերցնում նոր պարտականություններ, որոնք նախկինում չունեին, այլ որովհետև նրանք միշտ զբաղված տեսք պետք է ունենան: Նրանք խնդիրներ են տեսնում անգամ այնտեղ, որտեղ իրականում որևէ խնդիր չկա, իսկ հետո հսկում են իրենց ենթականերին, որոնք էլ իրենց հերթին հսկայական ժամանակ են վատնում հաշվետվություններ և զեկուցագրեր գրելու և իրենց վերադասին ներկայացնելու վրա: Այս գործընթացը շարունակական բնույթ է կրում, ընդ որում ձևաթղթերի լրացնելը, հաշվետվություններ գրելը և անձնական գործերը վարելը բոլորովին էլ չեն լուծում բյուրոկրատիայի առջև դրված խնդիրները[1]:
Սակայն շատերը բյուրոկրատիան բոլորովին այլ լույսի ներքո են ներկայացնում՝ որպես մանրակրիտ, ճշգրիտ և արդյունավետ կառավարման մոդել: Նրանք ասում են, բյուրոկրատիան իրականում մարդկության հորինած կառավարման ձևերից ամենաարդյունավետն է, քանի որ բոլոր խնդիրները կարգավորվում են խիստ կանոնակարգով: 1920-ական թվականներին գերմանական սոցիոլոգ Մաքս Վեբերը տվել է բյուրոկրատիայի սահմանումը, որը համընդհանուր դարձած վերը նշված երկու ծայրահեղ գնահատականների միջև միջանկյալ դիրք է գրավում: Ըստ Վեբերի, մեր հասարակության մեջ բյուրոկրատիայի ընդարձակումը անխուսափելի է: Բյուրոկրատական իշխանության զարգացումը լայնածավալ սոցիալական համակարգի վարչական պահանջներն իրականացնելու միակ միջոցն է: Սակայն Վեբերը համարում է, որ բյուրոկրատիային հատուկ են որոշ մեծ թերություններ, որոնք լուրջ ազդեցություն են ունեցել ներկայիս հասարակական կյանքի բնույթի վրա[1][6]:
Ավստրիացի տնտեսագետ Լյուդվիգ ֆոն Միզեսը 1944 թվականին նշել է, որ բյուրոկրատիա տերմինը միշտ վիրավորական իմաստով է գործածվել[8]: 1957 թվականին ամերիկյան սոցիոլոգ Ռոբերտ Մերթոնը նշել է, որ «բյուրոկրատ» տերմինը դարձել է մակդիր[9]:
Բյուրոկրատիան ըստ Վեբերի[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ քանակությամբ բյուրոկրատական կազմակերպություններ գոյություն են ունեցել նաև ավանդական դարձած հասարակարգերում: Օրինակ, կայսերական Չինաստանում կային բյուրոկրատական պաշտոնյաներ, որոնք պատասխանատվություն էին կրում իշխանության բոլոր գործողությունների համար: Բյուրոկրատիայի հիմնական ձևերից մեկը բանակն է եղել: Մեր ժամանակներում բյուրոկրատիան ամբողջությամբ ծավալվելով առկա է հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Բյուրոկրատական կազմակերպությունների ծագումն ու աճման բնույթը պարզաբանելու համար Վեբերը ստեղծել է բյուրոկրատիայի իդեալական պատկեր[10]: Վեբերը թվարկում է իդեալական բյուրոկրատիայի մի քանի բնութագրեր[1][11]:
Բյուրոկրատիայի հիմնական պահանջները[խմբագրել | խմբագրել կոդը]
Բյուրոկրատներին ներկայացվող հիմնական պահանջները ձևակերպել է Մ. Վեբերը։ Դրանք են.
- անձնապես ազատ են և ենթարկվում են միայն ծառայողական պարտականություններին
- ունեն կայուն ծառայողական աստիճանակարգություն
- ունեն լիազորությունների որոշակի շրջանակ
- աշխատում են ըստ մասնագիտական որակավորման
- աշխատում են պայմանագրային հիմունքներով
- ստանում են կայուն աշխատավարձ
- իրենց ծառայությունները համարում են միակ կամ գլխավոր մասնագիտությունը
- օտարված են արտադրության միջոցներից և չեն կարող «յուրացնել» աշխատանքային տեղը
- ենթարկվում են խիստ ծառայողական կարգապահության և վերահսկողության
- ակնկալում են ծառայողական առաջընթաց։
Ավատատիրական և ամբողջատիրական համակարգերում բյուրոկրատիան վեր է ածվում իր շահերը հետապնդող փակ կաստայի։ Ժողովրդավարական համակարգերում հասարակական կյանքի բյուրոկրատացումը կանխում են ռոտացիայի սահմանված ժամկետներում կազմի համամասնական նորացման, համապատասխան մարմինների կողմից իրականացվող վերահսկողության և այլ միջոցներով։
Արդյունավետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Վեբերի բյուրոկրատիան մեծաթիվ մարդկանց կազմակերպելու բարձր արդյունավետություն ունեցող միջոց է, քանի որ
- բյուրոկրատական գործընթացները կարող են ինչ-որ կերպ սահամանափակել անհատին, բայց միաժամանակ ապահովում են որոշումներ կայացնել ընդհանուր չափանիշներով, այլ ոչ թե անձնական կամայականություններից կամ քմահաճույքից ելնելով
- պատրաստում է պաշտոնյաներ, որպեսզի նրանք մասնագիտանան այն ոլորտում, որը ներառում է իրենց պաշտոնական պարտականությունները, կրճատելով «սիրողական տաղանդների» հնարավորությունները, ապահովում է բանիմացության ընդհանուր պատշաճ մակարդակ
- այն փաստը, որ ի պաշտոնե պահանջվում է լրիվ դրույքով աշխատանքային օրվա զբաղվածություն և միանվագ աշխատավարձ է հատկացվում, նվազեցնում է, չնայած լիովին չի վերացնում կոռուպցիայի հնարավորությունը: Իշխանության ավանդական համակարգերը էականորեն հիմնվում էին այն բանի վրա, որը մենք այսօր անվանում ենք «կորուպցիոն գործարք»: Պաշտոնյաները օգտվում էին իրենց պաշտոնական դիրքից, օրինակ, իրենց ենթականերից տուրք գանձելով և դրա մեծ մասը յուրացնելով:
- աշխատանքը ստուգումների կամ այլ միջոցներով գնահատելը նվազեցնում է, թեև ամբողջությամբ չի վերացնում անձնական և ազգակցական կապերի միջոցով պաշտոններ ստանալու հավանականությունը:
Վեբերը կարծում էր, որ որքան հիմնարկը մոտ է իդեալական բյուրոկրատիայի տեսակին, այնքան առավել արդյունավետ է լուծում իր վրա դրված խնդիրները: Նա հաճախ բյուրոկրատիան համեմատում էր բարդ մեխանիզմի հետ: Այնուամենայնիվ նա ընդունում էր, որ բյուրոկրատիան գրասենյակայնության խնդիր է առաջացնում, որ բազմաթիվ բյուրոկրատական գործընթացները ձանձրալի են և ստեղծագործական ընդունակությունները դրսևորելու համար նպաստավոր չեն[1]:
Բյուրոկրատիա և օլիգարխիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեբերի ստեղծած բյուրոկրատիայի մոդելից հետևում է, որ իշխանությունը որպես կանոն վերևում է կենտրոնանում: Մեծ հիմնարկը բուրգի նման է, որի հիմքում աննշան իշխանություն ունեցող մեծամասնությունն է: Վեբերի աշակերտ և գործընկեր Ռոբերտ Միխելսը այդ դիտարկումը կիրառելով սահմանել է «օլիգարխիայի ոսկե օրենքը»[12]: Օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն և որքան բարձր է բյուրոկրատացման աստիճանը, այնքան ավելի է այն կենտրոնանցած բարձր պաշտոններ զբաղեցնող քիչ թվով մարդկանց ձեռքերում: Միխելը իր թեզիսը կազմել էր Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության զարգացման վերլուծության հիման վրա, որը կողմնորոշվում էր քաղաքական որոշումների կայացման գործընթացում զանգվածների լայն մասնակցության վրա: 20-րդ դարի առաջին տասնամյակի ընթացքում կուսակցությունը գերմանական քաղաքականության հիմնական շարժիչ ուժ հանդիսացավ: Կուսակցության շարքերի աճին զուգընթաց նրա հաջողությունները հանգեցրին նրա ներքին բյուրոկրատիայի աճին[1]:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էդվարդ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թվական, Երևան
- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Էնթոնի Գիդենս Социология. ЧАСТЬ III. СТРУКТУРЫ ВЛАСТИ. ГЛАВА 9. ГРУППЫ И ОРГАНИЗАЦИИ. Бюрократия. էջ 269 (ռուս.)
- ↑ Alhrow M. Bureaucracy. London, 1970.
- ↑ J.C.N. Raadschelders (1998).Handbook of Administrative History. Transaction Publishers. p. 142. (անգլ.)
- ↑ The Roots of bureaucracy. Merriam-Webster Dictionary (definition) (անգլ.)
- ↑ Լեդի Մորգան, Sydney (1818).Florence Macarthy. էջ 35. (անգլ.)
- ↑ 6,0 6,1 David Beetham. Bureaucracy. University of Minnesota Press, 1996 - Business & Economics - 120 pages (անգլ.)
- ↑ Parkinson С. N. Parkinson Law. Boston, 1957.
- ↑ Ludwig von Mises (1944). Bureaucracy. MISES INSTITUTE. (անգլ.)
- ↑ Robert K. Merton (1957). Social Theory and Social Structure. Bureaucratic Structure and Personality. Archived 2012-12-27 at the Wayback Machine. Glencoe, IL: Free Press, 1957, pp. 195-206. (անգլ.)
- ↑ իդեալական ոչ թե ցանկալի իմաստով, այլ աբստրակտ, որտեղ որոշ բնութագրերը ընդգծվում են առավել էական բնութագրերը առանձնացնելու համար
- ↑ Weber M. Economy and Society: An Outline of Interpretive Sociology (2 vols). Berkeley, 1978.
- ↑ Michels R. Political Panics. New York, 1967.
|