Պատմության փիլիսոփայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պատմության Փիլիսոփայություն, փիլիսոփայական գիտակարգ, որն ընդգրկում է մարդկային մշակույթի պատմության քննությունը և պատմական պրոցեսի մեկնաբանությունը։ «Պատմության Փիլիսոփայություն» տերմինն առաջինն օգտագործել է Ֆ․ Վոլտերը, սակայն այդ գիտակարգի արմատները հասնում են միջնադար (Օգոստինոս, Յոախիմ դե Ֆլորիս); Պատմության Փիլիսոփայության ծաղկումը կապվում է Վերածնության դարաշրջանի հետ (Պետրարկա), երբ անցյալի իմաստավորման անհրաժեշտությունը դառնում է եվրոպական հոգու հանապազօրյա պաթոսը։ Այս անհրաժեշտությունը գագաթնակետին է հասել Զ․ Վիկոյի ուսմունքում, որը համարվում է արդի Պատմության Փիլիսոփայության հիմնադիրը։ Վիկոյից հետո առաջ են եկել մի շարք ինքնատիպ տեսություններ, և այդ ժամանակից ի վեր Պատմության Փիլիսոփայությունը կենտրոնական նշանակություն է ձեռք բերել հումանիտար գիտությունների համակարգում։ Ժ․ Ա․ Կոնդորսեն զարգացրել է առաջնթացի տեսությունը, Շ․ Մոնտեսքյոն և Ժան Ժակ Ռուսոն ընդգծել են աշխարհագրական և հասարակական միջավայրի դերը, Յո․ Հերդերը հաստատել է պատմական զարգացման միասնականությունը և այդ զարգացման օրենքների բացահայտման անհրաժեշտությունը, պատմության ներքին ռիթմերի հզոր դիալեկտիկա է առաջարկել Գ․ Հեգելը, երևան է եկել պատմահամեմատական մեթոդը։ XIX դարի 2-րդ կեսից հայեցողական ըմբռնումները իրենց տեղը զիջել են էմպիրիկ մոտեցմանը, որին դուրս է մղել քննադատական մեթոդը։ XX դարի բնորոշ է բոլոր նշված ուղղությունների միաժամանակյա վերածնունդը։ Այսպես, Օգոստինոսի աստվածաբանական տեսակետը, անցնելով գերմանիայի հայեցողական մտքի պրիզմայով, վերակենդանացել է քրիստոնեական մետաֆիզիկական Պատմության Փիլիսոփայության մեջ (Ն․ Ա․ Բերդյաե, ժ․ Մարիտեն, Կ․ Լյովիթ և ուրիշներ)։ Վիկոյի շրջապտույտի գաղափարը խեղաթյուրված մեկնաբանվել է Օ․ Շպենգլերի և Ա․ Թոյնբիի գործերում։ Այս շարքում կարելի է նշել նաև նեոկանտականության Բադենյան դպրոցի առաջ քաշած պատմական նյութի մշակման իդիոգրաֆիկական մեթոդը, Վ․ Դիլթեյի «պատմական բանականության քննադատությունը», Հեգելի դիալեկտիկայի հարությունը Բ. Կրոչեի համակարգում, առաջընթացի գաղափարի բացարձակացումից ելնող (Հ․ Սպենսեր, Օ․ Կոնտ) և հետագայում այդ գաղափարը պատմաբանների բացատրողական հնարքին հանգեցնող (Կ․ Պոպեր) պոզիտիվիզմը են։ Պատմական մատերիա֊ էիդմը, որը որոշ իմաստով կարելի է համարել մարքսիստական պատմության փիլիսոփայություն, արմատապես հաղթահարել է պատմության փիլիսոփայության մտահայեցողական մոտեցումը, պատմությունից դուրս մղել գերբնականը և արտապատմականը։ Այն պատմության փիլիսոփայության ըմբռնումներին հակադրում է մարդկանց ստեղծագործական ինքնագործունեությունը, գտնելով, սակայն, որ պատմության հիմքում ընկած են օբյեկտիվ օրինաչափություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 170 CC-BY-SA-icon-80x15.png