Տերմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տերմին ( լատին․՝ terminus — սահման, եզր), եզր,

  1. բառ կամ բառակապակցություն, որ արտահայտում է գիտության, տեխնիկայի, մշակույթի, հասարակական կյանքի որևէ բնագավառի մեկ հասկացություն։ Կատարելատիպ տերմին իմաստով եզրավորված է, այսինքն՝ մենիմաստ է (ոչ բազմիմաստ) և տվյալ հասկացությունն արտահայտում է ճշգրտորեն, որոշակի կերպով, առանց ոճազգացմունքային տարրի (թթվածին, ողնուղեղ, ձևույթ)։ Որևէ լեզվի տերմինները նրա բառապաշարի մի մասն են, ենթարկվում են այդ լեզվի բառակազմական ու քերականական կանոններին։ Միաժամանակ՝ տերմինային ամեն մի համակարգ կապված է զարգացող գիտության, մշակույթի և հասարակական կյանքի տվյալ բնագավառի հասկացությունների համակարգի հետ․ օրինակ, թոքաբորբ բժշկական տերմին մտնում է հայոց լեզվի բառապաշարի կազմի մեջ և միաժամանակ բժշկության մեջ հիվանդություններից մեկի անվանումն է։ Տերմինների և սովորական բառերի միջև անջրպետ չկա․ սովորական բառը կարող է իմաստով եզրավորվել, դառնալ տերմին» և՝ ընդհակառակը։ Այսպես, ջուր սովորական բառը քիմիայում տերմին է և նշանակում է H2O։ Որևէ բնագավառի տերմինն իր հերթին կարող է գործածվել իբրև սովորական բառ, օրինակ, ուղեղ, մոլեկուլ։ Տարբեր լեզուներում գիտատեխնիկական առաջադիմությանը համընթաց ստեղծվում են նոր տերմիններ․ այդ երևույթը կոչվում է տերմինաշինություն (եզրաշինություն)։ Հայերեն տերմիններ սկսել են ստեղծվել 5-րդ դարից, երբ սկզբնավորվեց օտար բոլոր բառերն ու բառակապակցությունները հայերեն համարժեքով արտահայտելու ավանդույթը։ Նոր տերմինները կազմվում են հայերենի բառակազմական օրենքներով՝ բառաբարդումով (բազմամարտ, կիսահաղորդիչ) և ածանցումով (լցոն, իջույթ), այլև հին, «մեռած» բառերին նոր իմաստ հաղորդելով (հաստոց, խոտան), բարբառային բառերի իմաստային եզրավոր մամբ (աղաթթու, արաժան), նոր բառակապակցություններ կազմելով (գերնոր աստղեր, տեսակարար ջերմունակություն)․ կատարվում են նաև տերմինների փոխառություններ (լագեր, նեյտրոն
  1. Սիլլոգիստիկայում և ավանդական տրամաբանության մեջ տերմինը սիլլոգիզմի եզրակացության և նախադրյալների սուբյեկտն ու պրեդիկատն է։ Եզրակացության սուբյեկտը կոչվում է փոքր տերմին, պրեդիկատը՝ մեծ տերմին, իսկ նախադրյալների ընդհանուր տերմինը՝ միջին տերմին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 676