Քիմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Fullerene-C60.png

Քիմիան ճշգրիտ գիտություն է, որն ուսումնասիրում է նյութերի հատկությունների, կառուցվածքի, բաղադրության, դրանց փոխարկումների, ուղեկից երևույթների, փոխարկումների ժամանակ առաջացած նյութերի հատկությունների մասին։ Այն ժամանակակից բնագիտության կարևորագույն և ընդարձակ բաժիններից մեկն է, որն ընդգրկում է օրենքների, սկզբունքների, ինչպես նաև տեսական պատկերացումների մի համակարգ, որը նկարագրում է նյութերի փոխարկումները և տալիս դրանց բացատրությունը։ Եվ վերջապես քիմիան գիտություն է քիմիական տարրերի, դրանց միացությունների, ինչպես նաև այն օրինաչափությունների մասին, որոնց ենթարկվում են քիմիական ռեակցիաները։

Քիմիան կազմված է երեք հիմնական ենթաբաժիններից՝ ընդհանուր, անօրգանական և օրգանական։ Օրգանական քիմիան հիմնականում ընդգրկում է ածխածնի միացությունների, իսկ անօրգանական քիմիան՝ մյուս բոլոր տարրերի միացությունների ուսումնասիրությունը։ Ընդհանուր քիմիայի ուսումնասիրման ոլորտը քիմիական բոլոր փոխարկումներին վերաբերվող օրինաչափություններն է։
Քիմիական երևույթների գիտակցված օգտագործման մասին առաջին տեղեկությունները վերաբերում են Հայաստանի, Միջագետքի, Եգիպտոսի և Չինաստանի տարածքներին։ Հայաստանի տարածքում մետաղներ ու համաձուլվածքներ ստացվել և Միջագետք, Ասորեստան ու այլուր արտահանվել են դեռևս մ.թ.ա. IV հազարամյակում։ Ենթադրվում է, որ հանքային երկաթն առաջինն օգտագործվել է Հայաստանում մ.թ.ա. XV դարում։ Խաղողահյութի սպիրտային ու կաթնաթթվային խմորումները, քացախի, գինու և գարեջրի ստացումը հայերին հայտնի են եղել դեռևս մ.թ.ա. VIII դարից։ Միջնադարյան Հայաստանում քիմիական գիտելիքների բարձր մակարդակի մասին է վկայում ոչ միայն ոսկի, արծաթ, պղինձ, այլև մալաքիտ, անուշադր, պաղլեղներ, որդան կարմիր, աղաղանյութեր, օծանելիք արտահանելու փաստը։ Նյութերի հետ միաժամանակ Արևելքի և Արևմուտքի երկրներ են փոխանցվել նաև ալքիմիական գիտելիքներ։ Ալքիմիական այլալեզու ձեռագրերում հաճախ հանդիպում են հայկական կավ, հայկական աղ, հայկական ձու և այլ արտահայտություններ։ Ըստ ռուս ակադեմիկոս Ն. Ֆիգուրովսկու՝ քիմիական գիտելիքները Ռուսաստան են անցել մասամբ Հայաստանից։ Հայ ալքիմիկոսները զբաղվել են ներկերի, թանաքների, ջնարակների, սոսինձների, դեղանյութերի պատրաստմամբ։ Ալքիմիան նախագիտական քիմիան էր, որը ձևավորվել էր III–IV դարերում Եգիպտոսում։ Այն միջնադարյան մշակույթի յուրահատուկ շերտ է։ Երբ քիմիան դրվեց գիտական հիմքերի վրա, ալքիմիան սկսեցին անվանել հասարակ մետաղներից ազնիվ մետաղներ (ոսկի, արծաթ) ստանալու կեղծ արհեստ, որովհետև ալքիմիկոսները բոլոր մետաղները դիտում էին որպես ծծմբի ու սնդիկի միացություն։ Ալքիմիկոսներն ունեին հատուկ ծածկագրեր, որոնցից շատերը մինչև այսօր էլ վերծանված չեն։ Ոսկին ծածկագրված էր արևի, արծաթը՝ լուսնի, իսկ մյուս հայտնի հինգ մետաղները՝ այն ժամանակ հայտնի մոլորակների նշաններով։ Ալքիմիկոսների ուսումնասիրությունները նպաստեցին քիմիայի՝ որպես գիտության ձևավորմանն ու զարգացմանը. ստացվեցին բազմաթիվ նոր նյութեր, զարգացան մետաղաձուլությունը, ապակեգործությունը, խեցեգործությունը, ներկերի, թղթի, օճառի, ոգելից խմիչքների արտադրությունները։ Քաղաքների աճը և վարակիչ հիվանդությունների տարածումը հանգեցրին բժշկական քիմիայի՝ յատրոքիմիայի ստեղծմանը։ Գիտական քիմիայի ձևավորման սկիզբը համարվում է XVII դարի 2-րդ կեսը, երբ անգլիացի գիտնական Ռ. Բոյլը տվեց քիմիական տարր հասկացության առաջին գիտական սահմանումը։ XVIII դարի կեսերին ռուս գիտնական Մ. Լոմոնոսովը մշակեց նյութի կառույցի ատոմամոլեկուլային ուսմունքը, իսկ XVIII դարի 2-րդ կեսին ֆրանսիացի քիմիկոս Ա. Լավուազիեի կողմից քիմիական ռեակցիաներում նյութի զանգվածի պահպանման օրենքի ձևակերպումով ավարտվեց քիմիան իսկական գիտության վերափոխվելու շրջանը։ XIX դարի սկզբին անգլիացի գիտնական Ջ. Դալթոնը ստեղծեց քիմիական ատոմիստիկայի հիմունքները, իսկ իտալացի գիտնական Ա. Ավոգադրոն ներմուծեց մոլեկուլ հասկացությունը։ Նյութի կառույցի ատոմամոլեկուլային պատկերացումները հաստատվեցին 1860-ական թվականներին, երբ ռուս քիմիկոս Ա. Բուտլերովը մշակեց օրգանական միացությունների կառուցվածքի տեսությունը, իսկ Դ. Մենդելեևը բացահայտեց պարբերական օրենքն ու կազմեց տարրերի պարբերական համակարգը։ Ժամանակակից քիմիայի առանձին ուղղությունները՝ անօրգանական քիմիան, ֆիզիկական քիմիան, օրգանական քիմիան, էլեկտրաքիմիան, վերլուծական քիմիան, դեղագործական քիմիան, պոլիմերների քիմիան և այլն, վերածվել են ինքնուրույն գիտությունների։ XIX դարի վերջից քիմիայի կարևոր ուղղություն է քիմիական ռեակցիաների ընթացքի օրինաչափությունների ուսումնասիրությունը։ Քիմիայի հետ սերտ շփման պայմաններում են զարգանում կենսաքիմիան, ագրոքիմիան, երկրաքիմիան և այլ քիմիական գիտություններ։ Քիմիական տեխնոլոգիան զբաղվում է արտադրական մասշտաբներով քիմիական նյութերի ստացման գիտական ու տեխնոլոգիական հարցերի մշակումով և իրականացմամբ։ Քիմիան, ինչպես բժշկագիտությունն ու կենսաբանությունը, ունի առանձնահատուկ լեզու, որով նշանակվում և անվանվում են քիմիական միացությունները։ Այդ լեզվի կանոնները համակարգող ուղղությունը կոչվում է քիմիական անվանակարգություն (նոմենկլատուրա)։ Ազգային (հայերեն) քիմիական անվանակարգություն մշակել ու XIX դարում օգտագործել են Մխիթարյան միաբանության բնագետները, ինչը ներկայումս գործածվում է մասամբ։ Քիմիական ռեակցիաները պատկերում են քիմիական հավասարումներով։ Մեր շուրջն ամենուր ընթանում են բազմաթիվ ու բազմատեսակ ռեակցիաներ, որոնցով բնությունը նորանում ու վերականգնվում է, թափոնները նեխում ու վերանում են, քիմիական գործարաններում սինթեզվում են բազմազան նյութեր։ Այսպիսով, մարդն ամենուր և ամեն պահի առնչվում է քիմիական ռեակցիաների հետ, որոնց խելամիտ ու նպատակային օգտագործման համար անհրաժեշտ է սովորել այս զարմանահրաշ ու շատ պիտանի գիտությունը։ Հայաստանում քիմիական առաջին գիտական օջախն ստեղծվել է 1921 թ-ին Երևանի պետական համալսարանում, որտեղ Ս. Ղամբարյանի, Ա. Հակոբյանի, Լ. Ռոտինյանի, Պ. Քալանթարյանի, Հ. Ակունյանի և այլոց ջանքերով ձևավորվել է հայկական քիմիական դպրոցը։ Նրանք ուսումնասիրել են այդ շրջանում տնտեսության համար կարևոր հարցեր, հետազոտել Արարատյան դաշտի կրաքարերը, կավահողերը, մերձարաքսյան ճահիճները, բազալտներն ու դրանց հալման արգասիքները։ Ներկայումս քիմիական գիտությունը Հայաստանում գիտության զարգացած ճյուղերից է. գործում են մի շարք քիմիական ինստիտուտներ ու լաբորատորիաներ։ Հայ հայտնի քիմիկոսներից են Ա. Մնջոյանը, Ա. Նալբանդյանը, Մ. Մանվելյանը և ուրիշներ։

  • Ենթադրվում է, որ քիմիա անվանումն առաջացել է հին հունարեն «քեմիա»՝ մետաղներ ձուլելու, ոսկի և արծաթ ստանալու արվեստ բառից, որն, իր հերթին ծագում է Հին Եգիպտոսի՝ «սև հողի երկրի»՝ «քամ» կամ «քեմի» անվանումից, որտեղ այդ արվեստը, թերևս, առաջիններից մեկն է զարգացել։
  • Սահակ Ծաղկարարը կարևոր ուսումնասիրություններ է կատարել գործնական քիմիայի բնագավառում։ 1815–30 թթ-ին նա զբաղվել է արարատյան որդան կարմիրից ներկանյութ ստանալու հարցերով։

Քիմիայի մասին ձեռագրեր Մատենադարանում[խմբագրել]

Մատենադարանի ձեռագրերում առանձնանում են նաև քիմիա գիտությանը վերաբերող աշխատությունները, որոնք ներկայանում են Հովհաննես Երզնկացու (1283թ.) «Վասն նյութի ու տեսակի», ինչպես նաև անանուն հեղինակների «Խրատք ոսկվո հալելու» (16-րդ դ.) և «Դեղաբուսակ» խորագրերը կրող երկերով, հետաքրքրական է, որ վերջին աշխատանքում տրված են նաև դեղաբույսերի նկարները և դրանց պարսկերեն անունները, որպեսզի օգտվողները դեղեր պատրաստելիս չշփոթեն բույսերը։

Հովհաննես Երզնկացին զանազան տեղեկություններ է հայտնում աղերի, հանքերի, թթուների, գազերի միացման կամ տարազատման ժամանակ առաջացող նոր նյութերի վերաբերյալ։ Նա գտնում է, որ բնության հիմքում ընկած նյութը հավիտենական է, այն կարող է փոխել իր որակը, վերածվել այլ նյութի, բայց երբեք չի ոչնչանում։

Մատենադարանում պահվող մատյաններն իրենց թերթերի վրա փայլփլող ընդմիշտ թարմ ներկերով ու թանաքներով, կազմերի կաշվով, արծաթով և բազմաստիճան մշակում ստացած մագաղաթով և զանազան այլ մանրամասներով անառարկելիորեն վկայում են միջնադարյան Հայաստանում գոյություն ունեցած համապատասխան քիմիական գիտելիքների, սարքավորումների ու միջոցների մասին, որոնց առկայությամբ միայն հնարավոր է արտադրել նշված նյութերը։ Գրիչներն ու նկարիչները երբեմն հայտնում են ներկերի ու թանաքների ստացման եղանակներն ու դեղատոմսերը, որոնց ուսումնսիրությունը կարող է նպաստել բարձրորակ ներկեր ստանալու գործին։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Հայկական Հանրագիտարան