Ֆեռոմագնիսականություն
Նյութ | K |
---|---|
Co | 1388 |
Fe | 1043 |
Fe2O3 | 948 |
FeOFe2O3 | 858 |
NiOFe2O3* | 858 |
CuOFe2O3 | 728 |
MgOFe2O3 | 713 |
MnBi | 630 |
Ni | 627 |
MnSb | 587 |
MnOFe2O3 | 573 |
Y3Fe5O12 | 560 |
CrO2 | 386 |
MnAs | 318 |
Gd | 292 |
Dy | 88 |
EuO | 69 |
Ֆեռոմագնիսականություն, մագնիսակարգավորված վիճակ, որի դեպքում նյութը կազմող մասնիկների մագնիսական մոմենտները միմյանց զուգահեռ են, և նյութն օժտված է ինքնաբերական մագնիսացմամբ։ Վերջինս ի հայտ է գալիս միայն որոշակի ջերմաստիճանից (Կյուրիի կետ) ցածր ջերմաստիճաններում։ Այն նյութերը, որոնցում հաստատվել է ատոմային մագնիսական մոմենտների ֆեռոմագնիսական կարգավորվածություն, անվանում են ֆեռոմագնիսական նյութեր կամ ֆեռոմագնիսներ։ Դրանց մագնիսական ընկալունակությունը դրական է (104÷105)։
Ֆեռոմագնիսական նյութերի ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մագնիսացումը և մագնիսական ինդուկցիան ոչ գծայնորեն փոխված են արտաքին դաշտի լարվածության մեծացման հետ՝ հասնելով հագեցման մինչև Н~100 է դաշտերում։ Մագնիսացման արժեքը կախված է նյութի մագնիսական «նախապատմությունից», որի հետևանքով Էլ դիտվում է մագնիսական հիստերեզիս։ Ֆեռոմագնիսական նյութերի ֆիզիկական հատկություններն Էապես կախված են ջերմաստիճանից։ Հագեցման մագնիսացումն առավելագույնն է Т=0 К դեպքում և ջերմաստիճանի աճի հետ մոնոտոն նվազում Է՝ դառնալով զրո Կյուրիի կետում։ Երբ Т >0, ֆեռոմագնիսական նյութն անցնում է պարամագնիսական, իսկ որոշ դեպքերում՝ հակաֆեռոմագնիսական։ Н=0 դաշտում այդ անցումը, որպես կանոն, երկրորդ կարգի ֆազային անցում Է։ Т=0 տիրույթում ֆեռոմագնիսական նյութի մագնիսական ընկալունակության ջերմաստիճանային կախումը տրվում է Կյուրի-Վեյսի օրենքով։ Նյութը ֆեռոմագնիսական է, եթե դրա ատոմներն ունեն սեփական հաստատուն (H-ից անկախ) մագնիսական մոմենտներ։ Նշված պայմանն իրականանում է անցումային տարրերի՝ չլրացված ներքին էլեկտրոնային թաղանթներ ունեցող ատոմներից բաղկացած նյութերում։
Ֆեռոմագնիսական նյութերն ըստ դասի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեռոմագնիսական բոլոր նյութերը կարելի է բաժանել 4 հիմնական դասի․
- Չլրացված d-Էլեկտրոնային թաղանթներով մետաղական բյուրեղներ․ Fe, Co, Ni, որոնց 3d-թաղանթը լրացված չէ։
- Չլրացված f-թաղանթներով մետաղական բյուրեղներ [հազվագյուտ հողային տարրեր, որոնց 4f-թաղանթները լրացված չեն]։
- Ոչ մետաղական բյուրեղական միացություններ, որոնցում առկա է d- կամ f-անցումային տարրը։
- Դիամագնիսական մետաղական նյութում d- կամ f- անցումային տարրերի խիստ նոսրացված պինդ լուծույթներ։
Վերջին դեպքում մագնիսական կարգավորվածությունը կապված չէ բյուրեղական կարգավորվածության հետ, և ֆեռոմագնիսական նյութը մագնիսական տեսակետից ամորֆ համակարգ է մագնիսական մոմենտների չկարգավորված բաշխումով։ Մագնիսական կարգավորվածության առաջացումը պայմանավորված է փոխանակային փոխազդեցությամբ։ Ֆենոմենոլոգիական ձևով այն հաշվի է առնվում արդյունարար մոլեկուլային դաշտի միջոցով, որն ըստ Վեյսի տեսության պետք է համեմատական լինի նյութի մագնիսացմանը։ Վեյսի տեսությունը լավ է համընկնում փորձի հետ բարձր ջերմաստիճանների տիրույթում։
Մագնիսական դոմեններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին մագնիսական դաշտի բացակայության դեպքում թերմոդինամիկական հավասարակշռության վիճակում գտնվող ֆեռոմագնիսական նմուշը տրոհված է համասեռ մագնիսացում ունեցող առանձին տիրույթների՝ դոմենների, որոնց մագնիսացման վեկտորներն ունեն պատահական ուղղություններ, այնպես որ նմուշն ամբողջությամբ վերցրած զուրկ է մագնիսացումից։ Դոմենների առաջացումը պայմանավորված է փոխանակային և մ՚ագնիսական մոմենտների դիպոլային փոխազդեցությունների մրցակցությամբ։ Հարևան դոմենների միջև կա վերջավոր (10−5 սմ հաստությամբ) անցումային շերտ (այսպես կոչված «Բլոխի պատ»), որտեղ մագնիսացման վեկտորն անընդհատորեն փոխում է ուղղությունը։ Արտաքին մագնիսական դաշտում տեղի է ունենում դոմենների մագնիսացման փոփոխություն ինչպես ծավալի փոփոսության (թույլ դաշտերում), այնպես էլ մագնիսացման վեկտորի կոդմնորոշման փոփոխության (ուժեղ դաշտերում) հետևանքով։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Kittel Charles (1986)։ Introduction to Solid State Physics (sixth ed.)։ John Wiley and Sons։ ISBN 0-471-87474-4
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |