Ավարտել է Հայդելբերգի համալսարանի բժշկական ֆակակուլտետը (1823)։ Աշակերտել է Լ․ Գմելինին և Ի․ Բերցելիուսին։ Կասելի տեխնիկական դպրոցի (1831) և Գյոտինգենի համալսարանի (1836) պրոֆեսոր։ Հայտնաբերել է ցիանական թթուն (1822 թ.), սինթեզել ցիանի յոդիդը և սնդիկի թիոցիանատը (1823)։ Վյոլերը առաջինը (1824) անօրգանական նյութերից ստացավ անգույն բյուրեղական օրգանական նյութ։ Ավելի ուշ (1828 թ.) պարզվեց, որ այդ ստացվածը միզանյութն էր։ Լիրիխի հետ պարզեց բենզոյական թթվի բաղադրությունը, հայտնաբերեց բենզոիլ ռադիկալը, ստացավ երկեթիլտելուրը (1840 թ.) և հիդրոքինոնը (1844 թ.), հետազոտեց միզաթթուն, նրա ածանցյալները (1838) և օպիումի ալկալոիդները (1844)։ Վյոլերի աշխատանքները նպաստեցին օրգանական քիմիայի, որպես գիտության, ստեղծմանը և զարգացմանը։ Կարևոր են նաև անօրգանական քիմիայի բնագավառում Վյոլերի կատարած աշխատանքները, ալյումինի (նրա քլորիդից և կալիումից, 1827), բերիլիումի և իտրիումի (նման ճանապարհով, 1828), ֆոսֆորի (կալցիումի ֆոսֆատի, ածխի և կավահողի փոխազդեցությամբ, 1829 թ.), սիլիցիումի և տիտանի նիտրիդների (1856-1858), կալցիումի կարբիդի և նրանից ացետիլենի (1862) ստացումը։ Վյոլերը ստեղծեց խոշոր գիտական դպրոց։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 480)։