Հայդելբերգի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայդելբերգի համալսարան
գերմ.՝ Ruprecht-Karls-Universität Heidelberg
Logo University of Heidelberg.png
Heidelberg - Universitätsbibliothek.jpg
Տեսակ համալսարան և շենք
Միջազգային անվանում University of Heidelberg
Կարգախոս Semper Apertus Immer offen Գիտելիքների գիրքը միշտ բաց է։
Հիմնադրված է 1386
Հիմնադրիր Rupert I, Elector Palatine
Անվանված է Rupert I, Elector Palatine և Charles Frederick, Grand Duke of Baden
Տիպ պետական
Ռեկտոր Բեռնհարդ Այտել
Ուսանողներ 27.602
Անդակակցություն Կոիմբրայի խումբ և Deutsches Forschungsnetz[1]
Երկիր Գերմանիա Գերմանիա
Տեղագրություն Հայդելբերգ
Կայք uni-heidelberg.de
Կոորդինատներ: 49°24′37.000000100797″ հս․ լ. 8°42′23.000000100043″ ավ. ե. / 49.41027777780577424° հս․. լ. 8.70638888891667939° ավ. ե. / 49.41027777780577424; 8.70638888891667939
Universität Heidelberg Վիքիպահեստում

Հայդելբերգի` Ռուպրեխտի և Կառլի անվան համալսարան (գերմ.՝ Ruprecht-Karls-Universität Heidelberg), ժամանականկից Գերմանիայի ամենահին համալսարանը, ամենահեղինակավորներ ուսումնական հաստատություններից մեկը, Կենտրոնական Եվրոպայի` հնությամբ հինգերորդ համալսարանը[2]։ Հիմնադրվել է 1386 թվականին։ Ուսուցման հիմնական լեզուն գերմաներենն է[3]։

Համալսարանը ունեցել է ազդեցություն և կապված է եղել Նոբելյան մրցանակի 56 դափնեկիրների աշխատանքի հետ[4]։ Այն դասվում է եվրոպական լավագույն համալսարանների շարքում և հանդիսանում է միջազգային կրթօջախ դոկտորական ուսանողների համար. մոտ 1,000 դոկտորական աշխատություններ հաջողությամբ պաշտպանվում են այստեղ ամեն տարի, որոնցից մոտ մեկ երրորդը արտասահմանյան ուսանողների աշխատություններ են[5][6]։ 130 երկրներից եկած ուսանողները կազմում են համալսարանի ամբողջ ուսանողական կազմի ավելին քան 20 տոկոսը[7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը հիմնել է կուրֆյուրստ Ռուպրեխտ 1-ինը Հռոմի պապ Ուրբանոս 6-րդի թույլտվությամբ 1386 թվականին, որպեսզի այն հանձնի Կուրպֆալցի (գերմ.՝ Kurpfalz) ենթակայությանը, ուր կենտրոնացած էր հոգևոր կյանքը։ Համալսարանի հիմնադրումը նպատակ ուներ գրավելու օտարերկրացիներին, պատրաստելու եկեղեցական և պետական գործիչների, քանի որ Սորբոնի համալսարանը, որ ենթարկվում էր Ավինյոնի պապ Կլիմենտ 7-րդին, չէր տրամադրում շրջանավարտներ Պֆալցի եկեղեցիներին, որոնք ղեկավարվում էին Հռոմի պապի կողմից։ Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտություն առաջացավ աստվածաբանական սեփական կրթության։ Առաջին պրոֆեսորները Հայդելբերգ են եկել Փարիզից և Պրահայից։ Համալսարանի հիմնադիր ռեկտորը դարձավ Մարսիլի Ինգենսկին, ով նոմինալիզմի կողմնակից էր։

Հիմնադրման պահին Հայդելբերգի համալսարանը չորրորդն էր Սրբազան Հռոմեական կայսրությունում Բոլոնիայի, Փարիզի և Վիեննայի համալսարաններից հետո և առաջինը ժամանակակից Գերմանիայի տարածքում։

Հիմնադրման առաջին վկայագրերը թվագրվում են 1386 թվականի հոկտեմբերի 1-ին։ Նույն թվականի հոկտեմբերի 18-ին կատարվել է եկեղեցական օծումը, իսկ հաջորդ օրվանից սկսվել են դասերը, ինչն էլ Հայդելբերգը Գերմանիայի ամենահին համալսարան ճանաչելու հիմք է հանդիսացել[8]։

Սկզբնական շրջանում համալսարանը տարածքի խիստ պակասություն էր զգում։ Պարապմունքներն անցկացվում էին ավգուստինյանների և ֆրանցիսկյանների վանական համալիրներում։ Համալսարանի տարածքային անբավարարության խնդիրները զգալիորեն բարելավվում են, երբ կուրֆյուրստ Ռուպրեխտ 2-րդը, Հայդելբերգից վտարելով հրեաներին, ազատված շինությունները հանձնում է համալսարանին։

Կուրֆյուրստները հոգ էին տանում համալսարանի համար, չնայած երբեմն խախտում էին նրա ինքնավարությունը։ Նրանք զարգացնում էին հոգևոր նոր ուղղություններ, օրինակ` հումանիզմը։ Այսպես` Պֆալցի կուրֆյուրստ Ֆրիդրիխ 1-ինը անցկացրեց համալսարանական նոր բարեփոխում. աստվածաբանական ֆակուլտետը ռեալիզմ դասավանդելու թույլտվություն ստացավ, ինչը ենթադրում էր դասավանդման որոշակի ազատություն։ Միաժամանակ իրավաբանական ֆակուլտետում ուսումնասիրվում էր ոչ միայն եկեղեցական, այլև քաղաքացիական իրավունք։ Ֆրիդրիխ 1-ինի խորհրդական Անդրեաս Գարտմանին առաջին անգամ համալսարանի ողջ պատմության ընթացքում երկար ժամանակ եղել է համալսարանի ռեկտորը` 1463-1495։ 1510 թվականին համալսարանում սահմանվել է հնագույն կրթաթոշակ, որը գործել է մինչև 1949 թվականը։

Ռեֆորմացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդելբերգի համալսարան

Չնայած 1518 թվականին Մարտին Լյութերի Հայդելբերգյան բանավեճին` համալսարանը երկար ժամանակ անտարբեր էր ռեֆորմացիայի նկատմամբ։ Կուրֆալցի կանցլեր Գարտման Գարտմանինի Ավագը` նախկին ռեկտորի որդին, փորձում էր ուղղորդել կուրֆյուրստ Ֆրիդրիխ 2-րդին ռեկտոր ընտրելու ավետարանական ուղղության ներկայացուցչին` ի հակադրություն հին հավատը քարոզող պրոֆեսորների։ Ռեֆորմացիան մուտք գործեց միայն ազատ արվեստների ֆակուլտետ։ Միայն կուրֆյուրստ Օտհայնրիխը 1556 թվականին ամբողջ համալսարանը վերափոխեց ավետարանական բարձրագույն դպրոցի։ Դրա հետ կապված` նա անցկացրեց մի շարք կարևոր բարեփոխումներ. ուսանողները արդեն դասերի պետք է հաճախեին քաղաքացիական հագուստով։ Աստվածաբանական ֆակուլտետում պարտադիր դարձավ հին հունարենի և հին հրեերենի ուսուցումը։ Բժշկական ֆակուլտետում մեծ ուշադրություն հատկացվեց ուսուցման գործնական կողմին։

Շնորհիվ կուրֆյուրստ Ֆրիդրիխ 3-րդի` 16-րդ դարի երկրորդ կեսին Հայդելբերգը դարձավ եվրոպական մշակույթի և գիտության կենտրոն` ձեռք բերելով հատուկ նշանակություն որպես կալվիականության բարձրագույն դպրոց։ Հայդելբերգը դարձավ գերմանական «Ժնև», այսինքն` կալվինականության կենտրոն, ինչով դեպի իրեն գրավեց պրոֆեսորների և ուսանողների ողջ Եվրոպայից։ Աստվածաբանական ֆակուլտետի մասնակցությամբ 1563 թվականին ծագեց նշանավոր հայդելբերգյան կատեխիզիսը։ Կալվինիզմին զուգընթաց 16-րդ դարի վերջին գոյություն ուներ այսպես կոչված «ուշ հումանիզմը»։ Այդ շրջանում այստեղ աշխատում էին այնպիսի նշանավոր անհատականություններ, ինչպիսիք են Պաուլ Շեդեն, Յան Գրուտերը, Մարտին Օպիցը, Հուլիոս Վիլհելմ Ցինկգրեֆը և Մատեուս Մերիանը։

Երեսնամյա պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի ծաղկման շրջանը ձգվել է մինչև 1618 թվականը։ Երեսնամյա պատերազմը ծանր հետևանքներ է թողնում համալսարանի վրա. դասերը բազմիցս ընդհատվում են։ 1622 թվականին համաշխարհային հռչակ վայելող հայդելբերգյան գրադարանը տեղափոխվում է Հռոմ։ Պատերազմից հետո Լյուդովիկոս 16-րդի զորքերի կողմից Հայդելբերգի ավերումը 1639 թվականին խոչընդոտում է համալսարանի վերաբացումը։ Համալսարանը այդ ընթացքում կրկին մի քանի տարով փակվում է։

18-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարում Հայդելբերգում իշխում էր ինտելեկտուալ միջավայրը։ Համալսարանի պրոֆեսորների մեծ մասը ճիզվիտ էր, ովքեր հաստատվել էին Հայդելբերգում կարճ ժամանակով։ Պրոֆեսորական մյուս տեղերը փոխանցվում էին ժառանգաբար, ինչը չէր համապատասխանում գիտական մակարդակին։ Ուսուցման ավետարանական բնույթը ոչնչացվում է ուշ հակառեֆորմացիայով։ Ֆինանսական միջոցների վատնումը և 18-րդ դարավերջի հեղափոխական շարժումները համալսարանին զրկել էին միջոցներից և անկախ եկամուտներից։

1735 թվականին համալսարանական հրապարակում (ներկայումս` «Alte Universität») ի հայտ է գալիս համալսարանական գլխավոր նոր շենքը։

19-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեկար գետի հին կամուրջը 19-րդ դարի կեսին

Հայդելբերգի` Բադենի իշխանությանն անցնելուց հետո (1802) համալսարանը վերստեղծվում է։ Համալսարանը դառնում է պետության կողմից ֆինանսավորվող հաստատություն։ Համալսարանի հիմնադրի կողքին ավելանում է մեծ հերցոգ Կառլ Ֆրիդրիխ Բադենսկու անունը։ Այդ ժամանակներից էլ համալսարանը կոչվում է Կառլի և Ռուպերտի անվան համալսարան։ Համալսարանում սկսում է իշխել նոր հումանիզմը, չնայած ուսանողների և պրոֆեսորների շրջանում քիչ չէին նաև ռոմանտիզմի գաղափարակիրները։ Համալսարանում երկու տարի դասավանդում է Հեգելը։ Ֆրիդրիխ Շլոսսերը այստեղ հիմնում է քաղաքական պատմական գիտությունների սեփական դպրոց, իսկ բժիշկ Մաքսիմիլիան Յոզեֆ ֆոն Կելիուսը այցելուներ է գրավում ողջ Եվրոպայից։ Այն ժամանակ, երբ բնական գիտությունները իրենց աստեղային ժամն էին ապրում ի դեմս Ռոբերտ Բունզենի, Գուստավ Կիրխհոֆի, Հերման Հելմհոլցի, 19-րդ դարում Հայդելբերգը առավել մեծ հռչակ է ձեռք բերում որպես իրավաբանական համալսարան։

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդելբերգ. ուսանողական մենամարտ

Դարասկզբին համալսարանում դասավանդում էին բադենյան դպրոցի երկու կարկառուն ներկայացուցիչներ` Վիլհելմ Վինդելբանդը և Հայնրիխ Ռիկկերտը։ Հայդելբերգը համաշխարհային լիբերալ համալսարան էր։ Դա երևում էր ոչ միայն օտարերկրյա ուսանողների մեծ հոսքից, այլև հայդելբերգյան յուրահատուկ ոգուց, բանավեճերից, որ կազմակերպում էին Մաքս Վեբերը և նրա ընկերները։

1886 թվականին համալսարանը նշել է իր հիմնադրվելու 500-ամյակը։

1893 թվականին համալսարանի պատվին է կոչվել (353) աստերոիդը, որը հայտնաբերել է գերմանացի աստղագետ Մաքս Վոլֆը Հայդելբերգի համալսարանի աստղադիտարանում։

Վայմարյան հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայմարյան հանրապետության տարիներին Հայդելբերգը դեմոկրատական ոգու խորհրդանիշ էր։ Այդ ոգու քարոզողներն էին պրոֆեսորներ Կառլ Յասպերսը, Գուստավ Ռադբրուխը, Մարտին Դիբելիուսը, Ալֆրեդ Վեբերը։ Ամերիկյան նվիրատվություններով կառուցված համալսարանական նոր շենքին հայտնվեց գրություն` ի հիշատակ Ֆրիդրիխ Հունդոլֆի. «անմահ հոգուն»։ Այստեղ է դասախոսություններ լսել և դոկտորական թեզ պաշտպանել նացիոնալ-սոցիալիստ Յոզեֆ Գեբելսը։ Ուսանողությունը դարձել էր ավելի ռադիկալ, մասնավորապես հայտնի է 1930 թվականի ուսանողական ընդվզումը, երբ ուսանող ազգայնամոլները գրավեցին շենքը` պահանջելով պրոֆեսոր Էմիլ Հումբելի պաշտոնաթողությունը։ Կարգ ու կանոն հաստատելու համար հարկ եղավ դիմելու ոստիկանությանը։

Այստեղ է երկար տարիներ աշխատել նաև «արիական ֆիզիկայի» գաղափարախոս Ֆիլիպ Լենարդը։

Երրորդ ռեյխ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդելբերգի համալսարանը առաջինն էր նացիստական Գերմանիայում, որ ողջունեց նացիոնալ-սոցիալիզմը։ Դա հանգեցրեց նրան, որ համալսարանից վտարվեցին հրեական ծագումով շատ դասախոսներ, հետագայում` նաև ուսանողներ։ Շատերը ստիպված արտագաղթում էին։ Դասախոսներից երկուսը դարձան ահաբեկչության զոհեր։ Համալսարանական հրապարակում գրքերի այրմանը ակտիվ մասնակցություն են ունեցել համալսարանի աշխատակիցները և երիտասարդները։ Ժամանակի ընթացքում համալսարանը դարձավ ֆաշիստական գաղափարների բացահայտ քարոզողը։ Համալսարանի շենքին արված «անմահ հոգուն» մակագրությունը փոխարինվեց «գերմանական հոգուն» գրությամբ, և շատերը, այդ թվում` պրոֆեսորներ, առաջնորդվում էին այդ նշանաբանով։

Արևմտյան Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ համալսարանը չի տուժել, սակայն կարիք ուներ գաղափարական նորացման։ Փիլիսոփա Կառլ Յասպերսի ղեկավարությամբ մշակվում է նոր կարգ, որով համալսարանը պարտավորվում էր ծառայել «ճշմարտության, արդարության, մարդասիրության անմահ հոգուն»։ Հետպատերազմյան շրջանի առաջին ռեկտոր է նշանակվում բժիշկ Կառլ Հենրի Բաուերը։ Համալսարանը բաժանվում է նաև տարածքային առումով. բնական գիտությունների և բժշկական ֆակուլտետի մի մասը տեղափոխվում է Նոյենհեյմեր Ֆելդի նոր մասնաշենք, հումանիտար գիտությունների ֆակուլտետը մնում է հին շենքում։ Ընդարձակվում է Բերգհայմի հին կլինիկան։

Բարեփոխումները ազդում են նաև համալսարանի կառուցվածքի վրա. եթե իր հիմնադրման օրվանից համալսարանը բաղկացած էր չորս ֆակուլտետներից (աստվածաբանություն, իրավաբանություն, բժշկություն, փիլիսոփայություն), որոնց 1890 թվականին միացել էր հինգերորդ` բնական գիտությունների ֆակուլտետը, ապա 1969 թվականից սկսած` համալսարանը բաժանվում է 16 ֆակուլտետների։ 1968 թվականին համալսարանում կազմակերպվում է այցելուների սոցիալական խումբը։ Անընդհատ սկսում է աճել ուսանողների թիվը։ Հոբելյանական 1986 թվականին Հայդելբերգում սովորում էր 27.000 ուսանող։ Հենց նրանք էլ կազմում են Հայդելբերգի բնակչության ճնշող մասը։ Հետպատերազմյան տարիներից սկսած` աճում է նաև օտարերկրյա ուսանողների ավանդաբար մեծ քանակը։

Ժամանակակից Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի նիստերի դահլիճը

Վերջին տարիներին, շնորհիվ բազմաթիվ կլինիկաների և գիտահետազոտական տարբեր հիմնարկությունների հետ համագործակցության, համալսարանը ճանաչում է ձեռք բերել բժշկության, նեյրոկենսաբանության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, իրավաբանական և տնտեսագիտական գիտությունների ոլորտում։ Հայդելբերգը դարձել է առաջին համալսարանը, որ մասնաճյուղեր է հիմնել արտասահմանում, օրինակ` Եգիպտոսում, Չիլիում, Մասսաչուսեթսում (ԱՄՆ2007 թվականի հոկտեմբերին համալսարանը համալրել է այն համալսարանների ցանկը, որոնք «Ապագայի տեսլական» ծրագրի անդամ են։

Համալսարանը համագործակցել է Նոբելյան մրցանակի 56 մրցանակակիրների հետ[9]։

Հայդելբերգի համալսարանը, լինելով եվրոպական առաջատար համալսարանների ցանկում, հանդիսանում է դոկտորներ պատրաստելու կենտրոն. յուրաքանչյուր տարի մոտ 1.000 մարդ հաջողությամբ պաշտպանում է դոկտորական ատենախոսություններ[10][11]։ Նրանց մեկ երրորդը համալսարան են գալիս արտասահմանից։ 130 երկիր ներկայացնող արտասահմանյան ուսանողները կազմում են ուսանողների ընդհանուր թվի 20%-ը[12][13]։

Համալսարանական տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս համալսարանի ֆակուլտետները տեղակայված են հետևյալ կարգով. բնական, մարզական և բժշկական գիտությունների ֆակուլտետների մեծ մասը գտմվում է Նոյենհայմեր Ֆելդում, իսկ հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետները, ռեկտորոտը, վարչական կազմը գտնվում են Հայդելբերգի հին շենքերում։ Բացի վերոնշյալներից` համալսարանի քաղաքայիմ մասում և նրա շրջակայքում կան այլ շենքեր ևս, օրինակ` ֆիզիկայի և աստղագիտության ֆակուլտետի տասը մասնաշենքեր գտնվում են Ֆիլոսոֆենվեգում։ Ռեկտորատը և համալսարանի թանգարանը գործում են Հայդելբերգի հին համալսարանում։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդելբերգի համալսարանի շենքը
  • Աստվածաբանության ֆակուլտետ
  • Իրավագիտության ֆակուլտետ
  • Փիլիսոփայության ֆակուլտետ
  • Արևելագիտության և հնագիտության ֆակուլտետ
  • Նոր բանասիրության ֆակուլտետ
  • Նեյրոկենսաբանության ֆակուլտետ
  • Տնտեսագիտական և հասարակական գիտությունների ֆակուլտետ
  • Մշակութաբանության ֆակուլտետ
  • Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ
  • Ֆիզիկայի և աստղագիտության ֆակուլտետ
  • Քիմիայի և Երկրի մասին գիտությունների ֆակուլտետ
  • Կենսաբանական գիտությունների ֆակուլտետ
  • Հայդելբերգի բժշկության ֆակուլտետ
  • Մանհայմի բժշկության ֆակուլտետ

Համալսարանի գիտական հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բիոքիմիայի կենտրոն
  • Նեյրոլոգիայի կենտրոն
  • Բնապահպանական ֆիզիկայի ինստիտուտ
  • Հարավային Ասիայի ինստիտուտ
  • Հայդելբերգի համալսարանի` մոլեկուլյար կենսաբանության կենտրոն
  • Հայդելբերգի համալսարանի` աստղագիտության կենտրոն
  • Ամերիկայի ուսումնասիրության հայդելբերգյան կենտրոն
  • Սոցիալական ներդրումների կենտրոն
  • Գիտական կենսաբանության «Բիոքվանտ» կենտրոն
  • Տեխնիկական ինֆորմատիկայի կենտրոնական ինստիտուտ
  • «Ասիան և Եվրոպան գլոբալ համակարգում» հետազոտական կենտրոն
  • Հոգեբանական առողջության կենտրոնական ինստիտուտ
  • Առողջապահության, սոցիալական և պրոֆիլակտիկ բժշկության ինստիտուտ

Այլ հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաքս Պլանկի ընկերության աստղագիտական ընկերություն
  • Մաքս Պլանկի ընկերության միջուկային ֆիզիկայի ինստիտուտ
  • Մաքս Պլանկի ընկերության բժշկական հետազոտությունների ինստիտուտ
  • Մաքս Պլանկի ընկերության միջազգային իրավունքի ինստիտուտ
  • Կոնֆլիկտային իրավիճակների միջազգային հետազոտության հայդելբերգյան ինստիտուտ
  • Եվրոպական մոլեկուլյար-կենսաբանական լաբորատորիա
  • Քաղցկեղի ուսումնասիրման գերմանական կենտրոն
  • Հայդելբերգի գիտությունների ակադեմիա

Գերմանիայից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Հայդելբերգի համալսարանը հիմնել է Լատինական Ամերիկայի կենտրոնը Սանտյագոյում (Չիլի)։ Կենտրոնի խնդիրն է վարպետության դասեր անցկացնել լատինաամերիկյան համալսարանների համար։ Համալսարանը սերտորեն համագործակցում է չիլիական առաջատար երկու համալսարանների հետ։ Հայդելբերգի համալսարանը համագործակցում է լատինաամերիկյան այլ երկրների հետ ևս` Մեքսիկա, Պարագվայ, Բրազիլիա, Կոլումբիա։

Բացի այդ` Հայդելբերգի համալսարանի` Հարավային Ասիայի ինստիտուտը մասնաճյուղեր ունի Նյու Դելիում (Հնդկաստան), Իսլամաբադում (Պակիստան), Կոլոմբոյում (Շրի Լանկա)[14]։

Հայդելբերգի համալսարանի գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդելբերգի համալսարանի գրադարանը

Հայդելբերգի համալսարանական գրադարանը ամենաշատ օգտվողներ ունեցող գրադարանն է Գերմանիայում և ներկայումս երկրի լավագույն գրադարանների ցանկում առաջինն է[15]։

Համալսարանի գրադարանը հիմնվել է համալսարանի հիմնադրման հետ` 1386 թվականին։

Սկզբնական շրջանում այն ընդամենը մի պահարան էր` հին ձեռագրերով, որոնք ձեռք էր բերել համալսարանի առաջին ռեկտոր Մարսիլիոս Ինգենսկին։ Այդ պահարանը գտնվում էր Սուրբ հոգու եկեղեցում։ 16-րդ դարում գրքերի տարբեր հավաքածուներ, այդ թվում` Հայդելբերգի կուրֆյուրստների գրադարանը կցում են իրար` ձևավորելով Պալատինյան գրադարանը, որը գտնվում էր Սուրբ հոգու եկեղեցում և բաց էր բոլորի համար։ Հատկապես արժեքավոր էր Ֆուգերների բանկիրական տան գրադարանը, որի գրքերի մեծ մասը 1622 թվականին նվիրում են Վատիկանին։ Դրա հետևանքով սկզբնական շրջանում գժվարանում է գիտական հետազոտությունների կազմակերպումը։

Սալեմ և Պետերսհաուզեն եկեղեցիների գրադարանները 1804 թվականին կազմում են նոր գրադարանի հիմքը։ 1816 թվականին գրադարանին են վերադարձվում 847 գերմաներեն ձեռագրեր Պալատինյան գրադարանից։ 1888 թվականին գրադարանին է հանձնվում Մանեսի օրենսգիրքը, որը միջնադարյան կարևորագույն ձեռագիր է։

1901-1905 թվականներին Յոզեֆ Դուրմի նախագծով Սուրբ հոգու եկեղեցու դիմաց կառուցվում է համալսարանական գրադարանի նոր շենքը` բազմաթիվ թևերով։

1978 թվականին գրադարանի մասնաճյուղ է բացվում Նոյենհայմեր Ֆելդում` սպասարկելով բնական և բժշկական գիտությունների ֆակուլտետները։

Համալսարանական ժամանակակակից գրադարանի խնդիրն է ուսանողներին բազմակողմանի գրքերով ապահովելը։ Բացի մասնագիտական գրականությունից` գրադարանն ունի նաև հատուկ հավաքածուներ` Կուրպֆալցի և Բադենի մասին գրականություն, եգիպտագիտության հատուկ հավաքածու, դասական հնագիտության, միջնադարյան արվեստի պատմության, նորագույն շրջանի պատմության և մի շարք այլ հատուկ հավաքածուներ։

1934 թվականին գրադարանի ֆոնդերը անցել են միլիոն օրինակից և այժմ կազմում են շուրջ 3 միլիոն գիրք և ամսագիր, 480 հազար այլ նյութեր` միկրոֆիլմեր, տեսագրություններ, ինչպես նաև 6.600 ձեռագիր։ Ոչ կենտրոնացված գրադարաններում կա ևս 3 միլիոն գիրք։ Հայդելբերգի համալսարանի ընդհանուր ֆոնդը այսպիսով կազմում է շուրջ 6 միլիոն գիրք և տեղեկատու տարբեր նյութեր։

Ամեն տարի գրադարանից օգտվում է մոտ 38 հազար ակտիվ այցելու։

Գործում են նաև ժամանակակից էլեկտրոնային ծառայություններ. ընթերցողների տրամադրության տակ է մոտ 44 հազար էլեկտրոնային ամսագիր և 1.700 տեղեկատու։

Հայդելբերգի համալսարանի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.dfn.de/verein/mv/mitglieder/
  2. Prague (1348), Kraków (1364), Vienna (1365), Pécs (1367), Heidelberg (1386), Cologne (1388)
  3. "Language skills required to study at Heidelberg University". Heidelberg University. Retrieved 2012-10-12.
  4. «Heidleberg Nobel Laureates» 
  5. «Graduate Academy of the University of Heidelberg»։ Heidelberg University Homepage։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-12-15-ին։ Վերցված է 2008-05-16 
  6. «Interview with Rector Bernhard Eitel - Vorstoss in die internationale Dimension»։ Rhein Neckar Zeitung online։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-04-11-ին։ Վերցված է 2008-05-16 
  7. «Heidelberg Research Magazine Ruperto Carola 1/2004»։ Heidelberg University Homepage։ Վերցված է 2008-05-16 
  8. Wolgast 1986, p. 1
  9. "Heidleberg Nobel Laureates"
  10. Its latest overall ranking positions range from 5th to 18th in Europe; the peer review scores, reflecting academic esteem, are usually higher. It was never ranked outside Europe's top 20 by any major university ranking. See rankings
  11. "Graduate Academy of the University of Heidelberg". Heidelberg University Homepage. Archived from the original on 2007-12-15. Retrieved 2008-05-16
  12. "Interview with Rector Bernhard Eitel - Vorstoss in die internationale Dimension". Rhein Neckar Zeitung online. Archived from the original on 2008-04-11. Retrieved 2008-05-16.
  13. "Heidelberg Research Magazine Ruperto Carola 1/2004". Heidelberg University Homepage. Retrieved 2008-05-16.
  14. "Heidelberg South Asia Institute". Heidelberg University website. Retrieved 2012-05-28.
  15. "Library ranking - Heidelberg finishes first". Heidelberg University Homepage. Retrieved 2010-09-16

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]