Բրազիլիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բրազիլիա (այլ կիրառումներ)
Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն
República Federativa do Brasil
Բրազիլիայի դրոշ
Դրոշ
Բրազիլիայի զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
Ordem e Progresso
Կարգ ու կանոն և առաջադիմություն
Ազգային օրհներգ՝
Hino Nacional Brasileiro
Բրազիլիայի Ազգային Հիմն

Բրազիլիայի դիրքը
Մայրաքաղաք Բրազիլիա
15°45′S, 47°57′W
Ամենամեծ քաղաք Սան Պաուլու
Պետական լեզուներ պորտուգալերեն
Կառավարում Նախագահական դաշնային հանրապետություն
 -  Նախագահ Միշել Թեմեր
 -  Փոխնախագահ Միշել Թեմեր
Անկախություն Պորտուգալիայից 
 -  Հայտարարում սեպտեմբերի 7 1822 
 -  Ճանաչում օգոստոսի 29 1825 
 -  Հանրապետություն նոյեմբերի 15 1889 
Տարածք
 -  Ընդհանուր 8,514,877 կմ²  (5-րդ)
 -  Ջրային (%) 0.65
Բնակչություն
 -  2007 նախահաշիվը 190,010,647  (5-րդ)
 -  2000 մարդահամարը 169,799,170 
 -  Խտություն 22 /կմ² (182-րդ)
57 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2005 գնահատում
 -  Ընդհանուր $1.803 տրիլիոն (9-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $9,108 (68-րդ)
ՀՆԱ (անվանական) 2006 գնահատում
 -  Ընդհանուր $1.067 տրիլիոն (10-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $5,717 (64-րդ)
Ջինի (2004) 54 
ՄԶՀ (2009) 0.813 (միջին) (69-րդ)
Դրամական միավոր Ռեալ (BRL or R$)
Ժամային գոտի BRT (UTC−2 to −5 (officially −3))
 -  Ամռանը (DST) BRST (UTC−2 to −5)
Վերին մակարդակի ազգային դոմենն .br
Հեռախոսային կոդ +55

Բրազիլիա (պաշտոնապես՝ Բրազիլիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, պորտ.՝ República Federativa do Brasil), պետություն Հարավային Ամերիկայում։ Մայրաքաղաքն է համանուն Բրազիլիան։ Բրազիլիան իր տարածքով և բնակչության թվով աշխարհում հինգերորդն է[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայի տարածքում հնուց ի վեր բնակվել են հնդկացի ցեղեր։ 1500-ին Բրազիլիայի ափերը հասավ պորտուգալացի ծովագնաց Կաբրալը, իսկ 1530-ին Բրազիլիա եկան առաջին պորտուգալացի գաղութաբնակները։ Սկսեցին արտահանել արժեքավոր պաուբրազիլ կարմիր փայտը։ Գաղութացման ընթացքում Բրազիլիայում տարածվեց խոշոր ֆեոդալական հողատիրությունը։ Սակայն որպես աշխատող ուժ հնդկացիներին ստրկացնելու բոլոր փորձերը ապարդյուն անցան։ XVI դ․ 70-ական թթ․ պորտուգալացիները սկսեցին Բրազիլիա ներմուծել աֆրիկյան ստրուկներ։ Բայց սրանք նույնպես համառ դիմադրություն ցույց տվեցին գաղութարարներին։ 1630-ին փախստական ստրուկները Պեռնամբուկու նահանգի տարածքում ստեղծեցին Պալմարիս հանրապետությունը, որը գոյատևեց մինչև 1697։ XVIII դ․ մեծ նշանակություն ստացավ ոսկու և ալմաստի արդյունահանումը։ Բրազիլիան դարձավ Պորտուգալիայի ամենահարուստ գաղութը։ Այսպես կոչված ոսկու տենդը Բրազիլիայում խթանեց նոր քաղաքների հիմնադրմանը, ճանապարհաշինությանը։ Ազատագրական շարժման ծավալումը հանգեցրեց Բրազիլիայի գաղութային ստատուտի վերացմանը (18151822-ին Բրազիլիան դարձավ անկախ կայսրություն (1822—1831-ին՝ Պեդրու I, 1831—1889-ին՝ Պեդրու II)։ 1825-ին Պորտուգալիան ճանաչեց Բրազիլիայի անկախությունը։ 1825—1828-ին Բրազիլիայի և Արգենտինայի միջև պատերազմ տեղի ունեցավ Ուրուգվայի համար։ Ռիո դե Ժանեյրոյի պայմանագրով (1828) Ուրուգվայը ճանաչվեց անկախ հանրապետություն։ Բրազիլիայի քաղաքական զարգացումը աչքի էր ընկնում միապետական վարչակարգի դեմ ստրկատիրության վերացման համար ժողովրդական զանգվածների համառ պայքարով։ 1824—1830-ին նեգր ստրուկների ապստամբություններ տեղի ունեցան Բահիա նահանգում։ 1833—1849-ին նահանգների մեծ մասում բռնկվեցին ժողովրդական զինված ապստամբություններ՝ դեմոկրատական հանրապետություն հաստատելու պահանջով։ Ստրկավաճառության վերացմամբ (1888) Բրազիլիայում ստրկական աշխատանքը աստիճանաբար փոխարինվեց ազատ աշխատանքով, որն իր հերթին զարկ տվեց արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացմանը։ Կապիտալիստական հարաբերությունների ձևավորմանը նպաստեց եվրոպացիների ներգաղթը, որն առանձնապես լայն չափեր ընդունեց 1880—1890-ական թթ․։ Օտարերկրյա կապիտալը ավելի ու ավելի էր թափանցում տնտեսության մեջ։ Տեղի էր ունենում բրազիլական ազգի ձևավորումը։ 1889նոյեմբերի 15-ին Բրազիլիան հռչակվեց ֆեդերատիվ հանրապետություն։ 1917-ից Բրազիլիան մասնակցեց առաջին համաշխարհային պատերազմին՝ Անտանտի կողմում։ 1930-ին պետական հեղաշրջման հետևանքով իշխանության գլուխ անցավ Ժ․ Վարգասը։ Նրա օրոք ուժեղացավ գերմանական մոնոպոլիաների թափանցումը Բրազիլիայի տնտեսության մեջ։ «Հարավային Ամերիկայի գերմանական բանկը» Բրազիլիայում հիմնեց մոտ 300 մասնաճյուղ։ 1939—1945-ի համաշխարհային պատերազմի տարիներին ուժեղացավ ԱՄՆ-ի իմպերիալիզմի թափանցումը Բրազիլիա։ 1942օգոստոսին Բրազիլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային և Իտալիային։ Ֆաշիստական տերությունների ջախջախումը խթանեց դեմոկրատական շարժման զարգացումը Բրազիլիայում։ 1954օգոստոսին իշխանության գլուխ անցավ Ժ․ Կաֆե Ֆիլիոյի պրոամերիկյան կառավարությունը։ 1950-ական թթ․ Բրազիլիան ագրարային երկրից վերածվեց ագրարային-արդյունաբերական երկրի։ Նոր մայրաքաղաք Բրազիլիայի հռչակումը (1961ապրիլի 21) նշանավորեց բուրժուազիայի տնտեսության ուժեղացումը։ Սակայն տնտեսության շատ կարևոր ճյուղեր շարունակում էին մնալ օտարերկրյա, հիմնականում՝ ամերիկյան կապիտալի ձեռքում։ Բրազիլիան առաջ քաշեց ագրարային, ֆինանսական, բանկային, կրթական բարենորոգումների ծրագիր, սահմանափակեց օտարերկրյա կապիտալի և մոնոպոլիաների գործունեությունը։ Արտաքին քաղաքականության ասպարեզում Բրազիլիան հանդես եկավ հօգուտ սոցիալ-տնտեսական տարբեր կարգ ունեցող երկրների խաղաղ գոյակցության։ Զինվորական խռովության հետևանքով իշխանության գլուխ կանգնած գեներալ Լ․ Կ․ Բրանկուի կառավարությունը (1964—1967) արձակեց քաղաքական կուսակցությունները՝ թույլատրելով միայն երկու քաղաքական խմբավորումների՝ Ազգային բարեշրջման դաշինքի և Բրազիլիայի դեմոկրատական շարժման լեգալ գործունեությունը։ 1967մարտին նախագահ դարձավ Ա․ դա Կոստա Է-Սիլվան, որի կառավարությունը (1967—1969) ներկայացնում էր հիմնականում միևնույն ռազմա-քաղաքական և սոցիալական ուժերը, ինչ նախորդ կառավարությունը։ 1968դեկտեմբերին խորհրդարանը ցրվեց։ 1969հոկտեմբերին նախագահ ընտրվեց գեներալ Է․ Գարաստազու Մեդիսին, որը էական ոչինչ չձեռնարկեց դեմոկրատական ազատությունների վերականգնման ուղղությամբ։ 1974մարտին իշխանության գլուխ անցավ նախագահ Է․ Գլեյզելի կառավարությունը, որում նույնպես գերակշռում են զինվորականները։ Դեմոկրատների ճնշումը շարունակվում է, որը հատկապես ուժեղացավ 1974նոյեմբերի պառլամենտական ընտրություններից հետո։ Արտաքին քաղաքականության ասպարեզում Բրազիլիայի ներկա կառավարությունը հանդես է գալիս հօգուտ Լատինական Ամերիկայի երկրների հետ փոխշահավետ համագործակցության։

Պետական կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիան նախագահական հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1969հոկտեմբերի 17-ին։ Պետության, կառավարության ղեկավարը և զինված ուժերի գլխավոր հրամանատարը նախագահն է՝ օժտված մեծ լիազորություններով։ Ընտրվում է խորհրդարանի (Ազգային կոնգրես) անդամների բացարձակ մեծամասնությամբ՝ 5 տարով։ Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը երկպալատ (սենատ և դեպուտատների պալատ) խորհրդարանն է։ Յուրաքանչյուր նահանգ ունի իր սահմանադրությունը։ Նահանգը գլխավորում է ընտրովի նահանգապետը։ Մունիցիպալ խորհուրդների անդամները և պրեֆեկտները ընտրվում են ուղղակի քվեարկությամբ։ Դատական համակարգն ընդգրկում է ֆեդերալ (գերագույն ֆեդերալ դատարան, ֆեդերալ ապելյացիոն դատարաններ, զինվորական տրիբունալներ, ընտրական գործերով դատարաններ, աշխատանքային դատարաններ) և նահանգների դատարանները։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիան գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Գրավում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասը։ Սահմանակից է Գվիանային, Սուրինամին, Գայանային, Վենեսուելային, Կոլումբիային, Պերուին, Բոլիվիային, Պարագվային, Արգենտինային, Ուրուգվային։ Տարածությունը 8512 հազար քառ. կմ։ Երկրի հյուսիսում Ամազոնի դաշտավայրն է, որը դեպի հյուսիս աստիճանաբար ձուլվում է Գվիանական սարահարթի հարավային մասի բլրավետ հարթավայրերին։ Երկրի մնացած տարածքի գերակշռող մասը գրավում է Բրազիլական սարահարթը (բարձրությունը մինչև 2890 մ, Բունդերյա լեռը)։ Ծայր հարավում Լապլատայի դաշտավայրն է։[3]

Երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիան տեղադրված է մինչքեմբրյան Բրազիլական պլատֆորմի վրա, որը մերկանում է Գվիանական վահանի, Գուապորե և Աան Ֆրանսիսկու բարձրությունների շրջանում։ Ամազոնի, Պառնաիբայի, Պարանայի տեկտոնական ընդարձակ իջվածքները (սինեկլիզներ) ծածկված են փխրուն ապարների հզոր շերտերով։ Պլատֆորմի հիմքի հետ են կապված բազմամետաղների, ոսկու, երկաթի, մանգանի հանքերը և հազվագյուտ մետաղները, հողմահարման կեղևի հետ՝ բոքսիտները, նստվածքային ծածկույթի հետ՝ նավթը, քարածուխը, աղը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման շոգ է, հունվարի (ամռանը) միջին ջերմաստիճանը 23 °C-ից 29 °C է, հուլիսինը (ձմռանը)՝ 16 °C-ից 24 °C, բարձր լեռնազանգվածներում հուլիսին 12 °C-ից 14 °C է (հնարավոր են ցրտահարություններ)։ Կլիման փոխվում է հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, խոնավ հասարակածայինից՝ սեզոնային խոնավ մերձհասարակածայինի։ Ամազոնի դաշտավայրի արևմուտքում կլիման հասարակածային է, խոնավ (տարեկան՝ 2000—3000 մմ տեղումներով և միջին ամսական ջերմաստիճանի 2 °C-ից 3 °C տատանումներով), արևելքում և մերձակա Գվիանական ու Բրազիլական սարահարթերի մեղմաթեք լանջերին՝ 3—4 ամիս տևողությամբ չորային, մերձհասարակածային (տարեկան՝ 1500—2000 մմ, ծովափնյա մասում՝ մոտ 3000 մմ տեղումներ), Բրազիլական սարահարթի կենտրոնական շրջանում և Պանտանալում՝ մերձհասարակածային (տարեկան՝ 1400—2000 մմ տեղումներ) և ջերմաստիճանի մեծ տատանումներով (45 °C-ից 50 °C)։ Արևելյան ծայրամասի կլիման արևադարձային պասսատային է՝ շոգ և խոնավ, լեռնային ուղղաձիգ գոաիականության արտահայտությամբ։ Սարահարթի հարավի կլիման մշտական խոնավ է, Պարանայի սարավանդում՝ արևադարձային, արևելյան բարձրադիր շրջաններում՝ մերձարևադարձային։

Ներքին ջրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայով հոսում է աշխարհի ամենաջրառատ գետը՝ Ամազոնը, որն ունի հինգհարյուրից ավելի վտակներ։ Մյուս խոշոր գետերից են Պարանան, Սան Ֆրանցիսկուն, Պարաիբան։ Գետերը ջրառատ են, հարուստ՝ սահանքներով ու ջրվեժներով, ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ։

Գետային ցանցը խիտ է։ Գետերը ջրառատ են, հարուստ սահանքներով ու ջրվեժներով, ունեն էլեկտրաէներգիայի մեծ պաշարներ։ Խոշոր գետերից են՝ Ամազոնը, Ուրուգվայը, Պարանան (Պարագվայ վտակով), Սան Ֆրանսիսկուն, Պարաիբան, Տոկանտինսը։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղկացած է 28 նահանգից և մայրաքաղաքի օկրուգից։

Բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայի անտառները՝ սելվասները, շատ հարուստ են. այստեղ աճում են արմավենիներ, ֆիկուսներ, ադամաթզենիներ, հեվեա, որոնց փաթաթվում են ճկուն լիանները։ Տարաշխարհիկ ծաղիկները փունջ-փունջ կախված են գետի ջրերի վրա, որտեղ վխտում են խոշոր, գունագեղ բզեզներ, ճանճեր, սարդեր ու մոծակներ։ Այնքան թթվածին է գոյանում Ամազոնի անտառներում, որ դրանց կոչում են մոլորակի թոքեր։ Այժմ մարդը ներխուժել է անտառների այս թագավորությունը. հզոր մեքենաները տապալում են դարավոր ծառերը, դրանց տեղերում։

Մի քանի գիտահետազոտական կենտրոնների գիտնականներից բաղկացած խումբը Բրազիլիայի Սերադո շրջանում հայտնաբերել է մինչ այժմ գիտությանն անհայտ կենդանիների 14 նոր տեսակ։ Այս մասին տեղեկացնում է շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող Conservation International (CI) ընկերությունը։

Սերադոն հանդիսանում է յուրահատուկ տիպի էկոհամակարգ, որտեղ, սավաննան միահյուսվում է անտառային խիտ բուսականության հետ։ CI կենտրոնի 26 գիտնականներից և բրազիլական մի քանի համալսարանների ներկայացուցիչներից բաղկացած արշավախումբը կենդանիներին նոր տեսակները հայտնաբերել է Սերադոյի 716 հազար հա տարածք ունեցող Սերա Գերալ դը Տոկանտինիս կոչվող բնապահպանական կենտրոնի մոտակայքում։ Մասնագետները մասնավորապես հայտնաբերել են 8 ձուկ, 3 սողուն, 1 երկկենցաղ, 1 կաթնասուն և 1 թռչուն։ Նշենք, որ նոր հայտնաբերված կենդանիներից են՝ Bachia տեսակի անոտանի մողեսը, Picumnus տեսակի գաճաճ փայտփորիկը և Proceratophrys տեսակի կոտոշավոր դոդոշը։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանական աշխարհը պատկանում է Նեոտրոպիկական մարզի Բրազիլական ենթամարզին։ Բնորոշ կենդանիներից են՝ մրջնակերը, զրահակիրը, եղջերումազամը, երկարառունգը, բաշավոր գայլը, զանազան կրծողներ։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիական ազգը ձևավորվել է անցյալ դարում, եվրոպացի վերաբնակիչների, աֆրիկյան նեգրերի և տեղաբնիկ հնդկացիների միախառնումից։ Այդ պատճառով էլ մարդաբանական տեսակետից շափազանց խայտաբղետ են։ Բնիկների՝ հնդկացիների պահպանված ցեղախմբերը հիմնականում բնակվում են Ամազոնիայի խորքերում։ Մինչև այժմ կան ցեղեր, որոնք գտնվում են զարգացման նախնադարյան մակարդակի վրա։ Բրազիլիայում մարդկանց զարգացման մակարդակի և կյանքի որակի տարբերությունները հիրավի ապշեցուցիչ են։ Եթե, օրինակ, Սան Պաուլոյում շատերն ապրում են ժամանակակից մինչև 80 հարկանի երկնաքերներում, ապա Ամազոնիայի ջունգլիներում կարելի է հանդիպել ծառերի վրա բնակվողների։ Բնակչության 95 տոկոսը բրազիլացիներ են։ Մնացածը ազգային փոքրամասնունթյուններն են, որոնք ներգաղթել են 19-20-րդ դարերի ընթացքում Եվրոպայից՝ իտալացիներ, իսպանացիներ, գերմանացիներ, և Ասիայից՝ ճապոնացիներ, արաբներ, հայեր։ Բրազիլիայի ազգաբնակչությունը 2015 թվականին կազմում է մոտավորապես 212,346,064[4] (25 բնակիչ յուրաքանչյուր քառ. կմ վրա), տղամարդկանց և կանանց թվաքանակների հարաբերակցությունը կազմում էր 0.951։ Բնակչությունը շատ խիտ կենտրոնացված է հարավ–արևելյան և հյուսիս–արևելյան շրջաններում, սակայն ամենածավալուն տարածաշրջաններն են համարվում կենտրոնական–արևմտյան և հյուսիսային շրջանները, որոնք միասին կազմում են Բրազիլիայի ընդհանուր տարածքի 64.12%–ը, ունենալով ընդամենը 29.1 միլիոն բնակչություն։ Ներկայումս Բրազիլիայի բնակչության թիվը ավելանում է հիմնականում բնական աճի հաշվին՝ տարեկան 0.77%[5]։ Բնակչության տեղաբաշխումը խիստ անհավասար է։ Բնակչության մոտ կեսն ապրում է մերձատլանտյան առափնյա նեղ գոտում, մինչդեռ Ամազոնի դաշտավայրի հսկայական տարածքներ անմարդաբնակ են։

Բազիլիայի ամենամեծ տուրիստական կենտրոն Ռիո դե Ժանեյրոն

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն դավանում է կաթոլիկություն, և հավատացյալների 90-ից ավելին կաթոլիկներ են։

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատինամերիկյան միակ երկիրն է, որի պետական լեզուն պորտուգալերենն է։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիան Լատինական Ամերիկայի ամենամեծ տնտեսական պոտենցիալ ունեցող երկրներից է։ Բրազիլիայի տնտեսությունը զարգանում է բարձր տեմպերով, Համախառն Ներքին Արդյունքը 2014-ին գնահատվել է 3,264 տրիլիոն դոլար[6]։ Տնտեսության նման աճը բացատրվում է կապիտալ ներդրումների բարձր մակարդակով։ Մեծացել է նավթի, երկաթի, մանգանի հանքանյութի և այլ օգտակար հանածոների արդյունահանությունը։

Արդյունաբերությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիան ունի բազմաճյուղ արդյունաբերություն, որտեղ առաջատար են մետալուգիան, մեքենաշինությունը և էներգետիկան։ Ավանդական ճյուղերում են նաև տեքստիլ և սննդի արդյունաբերությունը, զարգացած է բամբակյա գործիքների և կաշվի-կոշիկի արտադրությունը։ Երկրի արդյունաբերությունը խիստ անհամաչափ է տեղաբաշխված։ Արդյունաբերական արտադրանքի մեծ մասը տալիս են Սան Պաուլու, Ռիո դե Ժանեյրո, Պորտու Ալեգրի, Ռեսիֆի և ծովափնյա մի քանի այլ խոշոր արդյունաբերական կենտրոններ։

Էլեկտրաէներգետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

90%-ից ավելին արտադրում են ՋրԷԿ-ները, դրանց թվում՝ Իտայպուն։ Հաջողությամբ զարգանում է նաև ատոմային էներգետիկան։

Հանքաարդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիան արդյունահանում է երկաթի և մանգանի հանքանյութեր, գունավոր մետաղներ (վոլֆրամ, պղինձ և այլն), տանտալանիոբատներ, նավթ, քարածուխ, բոքսիտներ, ինչպես նաև ցիրկոնիում, փայլար, ռադիոակտիվ միներալներ։ Երկաթի և մանգանի հանույթով Բրազիլիան աշխարհում առաջիններից է։ Երկաթի հանույթի մեծ մասը տալիս է Իտաբիրա հանքավայրը։ Բրազիլիայում են կառուցված տարածաշրջանի խոշորագույն մետալուրգիական կոմբինատները։ Մեծ է Բրազիլիայի տեղը ռազմավարական նշանակության այնպիսի հանքանյութերի համաշխարհային արտադրության մեջ, ինչպիսիք են ուրանը և բերլիումը։

Մեքենաշինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի արդյունաբերության առավել արագ զարգացող ճյուղը մեքենաշինությունը է (հատկապես ավտոմոբիլաշինությունը), մետաղամշակումը, քիմիական, նավթամերամշակման և տեքստիլ արդյունաբերությունը։[7]

Սննդի արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացած են մի քանի ճյուղեր՝ շաքարի, մսի, կենդանական և բուսական յուղի, ծխախոտի, աշխատում են նաև արտահանության համար։

Գյուղատնտեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնորոշ է խոշոր կապիտալիստական հողատիրությունը։ Ճյուղում զբաղվածների 80%-ից ավելին հողազուրկ վարձու աշխատողներ են, մինչդեռ սեփականատերների 2%-ը իր ձեռքում է կենտրոնացրել հողատարածությունների կեսից ավելին։

Բուսաբուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահանման գլխավոր կուլտուրաներն են սուրճը, կակաոն, բամբակենին, շաքարեղեգը, սիսալը, բանանը։ Պարենային մշակաբույսերից աճեցնում են եգիպտացորեն, բրինձ, ցորեն, հացարմատ, լոբի։ Աշխարհում առաջին տեղն է գրավում սուրճի բերքով և արտադրությամբ, ինչպես նաև բանանի բերքով (1984), 2-րդ տեղը կակաոյի ունդերի բերքով։

Անասնապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմացնում են առավելապես խոշոր եղջերավոր անասուններ և ոչխար։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ։ Անտառներում հավաքում են հևեայի հյութ (կաուչուկ), կատարում բնափայտի (գլխավորապես արաուկարիայի) մթերում։[8]

Արտաքին առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահանում է սուրճ, երկաթի հանքանյութ, բամբակ, շաքար, կակաո, կիսաֆաբրիկատներ և այլն։ Ներմուծում է նավթ, նավթամթերքներ, մեքենաներ, սարքավորումներ, քիմիական և դեղագործական ապրանքներ և այլն։ Առևտրական հիմնական գործնկերներն են ԱՄՆ, Եվրամիության անդամ երկրները, Կանադան, Ճապոնիան։ Դրամական միավորը Ռեալն է։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթուղային և ավտոմոբիլային ցանցի գծագրությունը վառ կերպով արտացոլում է երկրի կախվածությունը արտաքին շուկայից։ Մեծ չէ գետային տրանսպորտի դերը, քանի որ առավել հարմար ջրային ուղիները՝ Ամազոնն ու նրա վտակները, հոսում են թույլ յուրացված ու նոսր բնակչություն ունեցող շրջաններով և հեռու են հիմնական տնտեսական կենտրոննից։ Արտաքին տնտեսական կապերի մեջ կարևորագույն դեր է խաղում ծովային տրանսպորտը։ Առավել խոշոր նավահանգիստններ են Ռիո դե Ժանեյրոն, Տուբանը, Սանտուսը։

Զինված ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազիլացի զինվորը Հայիթիում

Բրազիլիայի զինված ուժերը կազմված են ցամաքային զորքերից (բանակ), ռազմաօդային և ռազմածովային ուժերից։ Գլխավոր հրամանատարը նախագահն է։ Զինված ուժերի տեսակները համապատասխանաբար ղեկավարում են բանակի, ռազմաօդային և ռազմածովային ուժերի նախարարները։ Զինված ուժերը (մոտ 318 հզ․ մարդ, 2014) հավաքագրվում են ընդհանուր զինապարտության օրենքով։ Հիմնական ռազմածովային բազաներն են Ռիո դե Ժանեյրոն, Բելենը, Նատալը, Ռեսիֆին, Սալվադորը։

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014-ին Բրազիլիայում ծնունդը 1000 բնակչին կազմել է 14,6[9] ընդհանուր մահացությունը՝ 6,58[9]: Կյանքի միջին տևողությունը՝ 73.5 տարի[9] է։ Հիվանդություններից գերակշռում են վարակիչ ախտերը՝ դեղին տենդը, մալարիան, բորը, լեյշմանիոզը, ստամոքս-աղիքային հիվանդությունները։ Բժիշկներ են պատրաստում երկրի 38 համալսարանների բժշկական ֆակուլտետները։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայում առաջին դպրոցները բացվել են XVI դ․ կեսին։ 1827-ից հիմնվեցին պետական տարրական դպրոցներ։ Կան նաև մասնավոր, հիմնականում եկեղեցական դպրոցներ։ Սահմանադրության համաձայն 1946-ից մտցված է անվճար պարտադիր տարրական կրթություն։ Կրթական համակարգի մեջ են մտնում նախադպրոցական հիմնարկները (մայրական դպրոցներ՝ 3—5 տարեկան և մանկապարտեզներ՝ 5—7 տարեկան երեխաների համար)։ Միջնակարգ դպրոցները 7-ամյա են։ Բրազիլիան ունի 45 համալսարան, 3 տեխնիկական բուհ, 2 բարձրագույն երաժշտական ուսումնարան։ Բուհերի կեսից ավելին մասնավոր է։ Խոշորագույն համալսարաններն են․ մայրաքաղաք Բրազիլիայի (հիմնադրվել է 1961-ին), Ռիո դե Ժանեյրոյի (հիմնադրվել է 1920-ին) և Սան Պաուլոյի (հիմնադրվել է 1934-ին) համալսարանները։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայի գրականությունը պորտուգալերեն է։ Առաջին հուշարձանները ստեղծվել են գաղութակալության շրջանում։ Երգային, հեքիաթային բանահյուսության մեջ միաձուլվել է պորտուգալական, նեգրական և հնդկացիական ոգին։ Ժ․ Բ․ դա Դամայի «Ուրուգվայ» (1769) և Ժ․ դի Սանտա-Ռիտա Դուրանի «Կարամուրու» (1781) էպիկական պոեմներում զգալի են անցյալի հերոսականացումը, համակրանքը բնիկների հանդեպ։ Բնության պաշտամունքը արտահայտվել է հովվերգական քնարերգության մեջ, որը հաճախ պահպանել է ժողովրդական երգային երանգը։ Ազգային անկախությունը (1822) նպաստեց մշակույթի զարգացմանը։ XIX դ․ 30—70-ին Բրազիլիայում տիրապետող դարձավ ռոմանտիզմը։ Ստրկության վերացման համար պայքարի հետ կապված հասարակական վերելքը կյանքի կոչեց Ա․ Կսլստրու Ալվիսի քաղաքական պաթոսով տոգորված պոեզիան։ Ռեալիզմի հետագա ուղին անցնում է գյուղացիական զանգվածների կյանքի գեղարվեստական արտացոլման միջով։ Հակաֆեոդալական, հակաիմպերիալիստկան պայքարի շրջանի արձակում առանձնացավ ռեալիստական դպրոցը, որը բարձրացնում էր ազգային կյանքի սուր խնդիրներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ռեգիոնալիստական ավանդույթը խորացվեց Ժ․ Գիմարաինս Ռոզայի ստեղծագործության մեջ։ Գրողների միասնական կազմակերպություն չկա երկրում, գործում է միայն Սան Պաուլու քաղաքի գրողների և դրամատուրգների միությունը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XVI դ․ երկրի առափնյա մասերում պորտուգալացիները հիմնադրել են Ռեսիֆի, Սալվադոր, Ռիո դե Ժանեյրո քաղաքները։ XVIII դ․ Օրու Պրետու, Կոնգոնյաս դու Կամպու, Սան ժուան դել Ռեյ քաղաքներում ձևավորվել է բրազիլական բարոկկոյի ինքնատիպ ճարտարապետությունը։ XIX դ․ սկզբին, հատկապես անկախության հռչակումից (1822) հետո, ֆրանսիական ազդեցությամբ ճարտարապետության մեջ հաստատվել են կլասիցիզմի սկզբունքները՝ միահյուսվելով բարոկկոյի ավանդույթներին։ XIX դ․ 2-րդ կեսին և XXդ․ սկզբին քաղաքները կառուցապատվել են եվրոպական էկլեկտիկայի ոգով, ավելի ուշ՝ «մոդեռն» ոճով։ 1930-ական թթ․ վերջին կազմավորվել է ժամանակակից ճարտարապետական բրազիլական ինքնատիպ դպրոցը։ Հին քաղաքների վերակառուցմանը զուգընթաց ստեղծվել են նոր քաղաքներ, վարչական կենտրոններ՝ Բելու Հորիզոնտի, Գոյանիա, Բրազիլիա։ Կլիմայական պայմանների հաշվառմամբ ազատ, ռացիոնալ հատակագծումը, ճարտարապետական սրամիտ լուծումը, շենքերի և համալիրների վարպետ միահյուսումը բնությանը, կառույցների բարձր գեղարվեստա-պլաստիկական արտահայտչականությունը Բրազիլիայի արդի ճարտարապետության բնորոշ գծերն են։

Կերպարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկացիների հնագույն մշակույթից պահպանվել են քարե արձաններ, զարդանախշ խեցեղեն և ժայռապատկերներ։ XVIII դ․ զարգացել են դեկորատիվ գեղանկարչությունն ու քանդակագործությունը, քարերի և փայտի փորագրությունը։ Անկախության հռչակումից հետո (1822) գեղանկարչությունը ձևավորվել է ֆրանսիական կլասիցիզմի ու ռոմանտիզմի ազդեցությամբ։ Բրազիլիայի նոր արվեստը կազմավորվել է 1920-ական թթ․։ Արտահայտչականությամբ առանձնանում է դեմոկրատական գրաֆիկան։ Քանդակագործությանը բնորոշ է տատանումը ազգային իրական կերպարների և վերացական ֆանտաստիկ հորինվածքների միջև։ Բազմազան են ժողովրդական արվեստի տեսակները։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայի երաժշտության մեջ յուրօրինակ կերպով միաձուլված են եվրոպական, աֆրիկյան և հնդկացիների երաժշտության տարրերը։ Ժողովրդական երաժշտությունը ունի իմպրովիզացիոն լայն հնարավորություններ։ Երգերն ու պարերը, ամենամյա դիմակահանդեսները ժող․ կենցաղի անքակտելի մասն են։ Ժողովրդական երաժշտությունը յուրացրել է նաև եվրոպական վալսը, քայլերգը, պոլկան ևն։ Ժողովրդական գործիքներից են՝ վիոլանան, վիոլան, կավակինիոն (լարային), ատաբե-կեն, կուիկան, գաբումբան, պանդեյրոն, ռեկո-ռեկոն (հարվածային)։ XVIII դ․ 1-ին կեսին զարգացել է պրոֆեսիոնալ երաժշտությունը։ Բրազ․ առաջին խոշոր կոմպոզիտորն է Ժ․ Ն․ Գարսիան․ նրա աշակերտ Ֆ․ Մ․ դա Սիլվան ազգային հիմնի (1831) հեղինակն է։ XX դ․ կոմպոզիտորները ավելի հաճախ են դիմում երաժշտական բանահյուսությանը, միաժամանակ դրսևորվում են եվրոպական երաժշտական նոր հոսանքների ազդեցությունները։ Երաժշտության զարգացմանը մեծապես նպաստել են Է․ Վիլա Լոբոսը, Ֆ․ Մինիոնեն, Օ․ Լ․ Ֆեռնանդիսը, Մ․ Կ․ Գուառնիերին, Ժ․ Սիկեյրան։ Երաժշտական հիմնական կենտրոններն են Ռիո դե Ժանեյրոն և Սան Պաուլոն։ 1857-ից Ռիո դե Ժանեյրոյում գործում է Ազգային օպերային թատրոնը, 1841-ից՝ կոնսերվատորիան, 1909-ից՝ Դրամայի ն երաժշտության կոնսերվատորիան (Սան Պաուլո), 1942-ից՝ Խմբերգեցողության ազգային կոնսերվատորիան, 1945-ից՝ Երաժշտական ակադեմիան (Ռիո դե Ժանեյրո

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

1903-ից Բրազիլիայում սկսվել է ազգային ֆիլմերի թողարկումը։ Առաջին հնչուն կինոնկարներում նկարահանվել են հայտնի երգիչներ, լայնորեն օգտագործվել են ազգային մեղեդիներ։ 1941-ին և 1949-ին հիմնադրվել են «Ատլանտիկա» (Ռիո դե Ժանեյրո) և «Վերա-Կրուս» (Սան Պաուլո) կինոստուդիաները, ուր 1950—1953-ին աշխատել է ռեժիսոր Ա․ Կավալկանտին։ 50—60-ական թթ․ բրազիլական կինոյի վրա ազդել է իտալական նեոռեալիզմը։ 1962-ին ստեղծվել է առաջադեմ կինոգործիչներին միավորող «նոր կինոյի» խումբը։

Հայերը Բրազիլիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջերից Բրազիլիայում սկսել է կազմավորվել հայկական գաղթավայր, որտեղ տարիներ շարունակ ապաստան են գտել թուրքական բռնություններից փրկված հայեր, որոնք Սան Պաուլո, Ռիո դե Ժանեյրո, Պորտու Ալեգրի և մի քանի շարք այլ քաղաքներում հիմնել են իրենց հայրենակցական միությունները, մշակութային, բարեգործական կազմակերպությունները, երգչախմբերն ու թերթերը։ Սան Պաուլոյում գործում են Սուրբ Գևորգ (առաքելական), Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (կաթոլիկ) և ավետարանական եկեղեցիներ, «Արարատ» անունով է կոչվել հրապարակ, մետրոյի կայարան և կամուրջներից մեկը։ «Արմենիա» հրապարակում կանգնեցված է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը։ 1964 թվականից Սան Պաուլոյի համալսարանում գործում է հայագիտական ամբիոն, իսկ քաղաքի ռադիոկայանը հեռարձակում է նաև հայերեն հաղորդումներ, հայկական երգ ու երաժտություն։ Ներկայումս Բրազիլիայում բնակվում է շուրջ 40 հազար հայ։ Ժամանակի ընթացքում բրազիլահայերի սերունդները սկսել են աչքի ընկնել արդյունաբերության, շինարարության, գիտության, կրթության, բժշկության, արվեստի, քաղաքականության բնագավառներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Country Comparison: Area» (անգլերեն)։ CIA։ Վերցված է 2013-11-10 
  2. Census.gov (2013)։ «Country Rank. Countries and Areas Ranked by Population: 2013»։ U.S. Department of Commerce։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-09-ին։ Վերցված է 2013-05-09 
  3. Հ.Ղ.Գրգեարյան, Ն.Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան (Ա-Կ). Երևան: «Լույս». էջ էջ 87. 
  4. Բրազիլիայի Բնակչություն
  5. Բրազիլիայի Բնակչությունը
  6. Բրազիլիայի Տնտեսություն
  7. Հ.Ղ.Գրգեարյան, Ն.Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան (Ա-Կ). Երևան: «Լույս». էջ էջ 87-88. 
  8. Հ.Ղ.Գրգեարյան, Ն.Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան (Ա-Կ). Երևան: «Լույս». էջ էջ 88. 
  9. 9,0 9,1 9,2 Բրազիլիայի Առողջապահություն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]